Ս. թ. սեպտեմբերի մեկին՝ գիտության և դպրության տոնի առթիվ, մի խումբ ավագ դպրոցականներ՝ կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանի, հայոց լեզվի դասավանդող Անուշ Ներսիսյանի, իտալերենի դասավանդող Մարիամ Սարդարյանի և Հովհաննես սարկավագի ուղեկցությամբ, ուղևորվեցին սուրբ քաղաք Վաղարշապատ։

Ուխտագնացության նախագծին ավելի մանրամասն ծանոթացե՛ք համակարգողի բլոգում.

Ընդհանուր պարապմունքից հետո, մոտ ժամը 10:00-ին ավագ դպրոցականների խումբը շարժվեց Էջմիածին։ Ճանապարհին հետաքրքիր նախագծերի մշակման և կազմակերպման շուրջ զրույցներ ունեցանք տիար Բլեյանի և դասավանդողների հետ։ Անդրադարձանք նաև Հայաստանի արևմտյան հատվածի պատմական զարգացման փուլերին, խոսեցինք կարևորագույն ճարտարապետական կոթողների մասին։

Վաղարշապատում մեր առաջին կանգառը Սբ. Հռիփսիմե եկեղեցին էր, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։ Հովհաննես սարկավագը մեզ մանրամասնորեն ներկայացրեց Հռիփսիմյան կույսերի արտագաղթն ու փախուստը Հռոմեական կայսրությունից՝ Դիոկղետիանոս կայսեր անողորմ հետապնդումների հետևանքով և հայկական թագավորությունում նրանց հաստատումը։ Հաջորդիվ ներկայացվեցին Տրդատ Գ Մեծ արքայի օրոք տեղի ունեցած հալածանքներն ու վերջ ի վերջո կույսերի (թվով՝ 37) սպանությունը։

Սբ. Հռիփսիմեի տաճարում հնարավորություն ունեցանք այցելելու նաև նրա դամբարանը։

Քանի որ մեր ուխտագնացությունն արշավային էր, հետևաբար մեր ամբողջ ուղին մենք անցանք ոտքով՝ Սբ. Հռիփսիմե եկեղեցուց մինչև Սբ. Գայանե և Մայր Աթոռ։ Ճանապարհին այցելում էինք տարբեր բնակիչների տներ, այգիներ, պատկերացում կազմում հին քաղաքի ճարտարապետական արվեստի, մշակույթի և պատմության վերաբերյալ։

Երկրորդ կանգառը Սբ. Շողակաթ եկեղեցին էր։ Արքունի հնձանների տեղում կառուցված եկեղեցի է՝ ըստ ավանդության, Հռիփսիմյանց կույսերից սուրբ Մարիանեի նահատակության վայրում, Աղամալ Սորոտեցի արքայազնի կողմից, կաթողիկոս Նահապետ Ա Եդեսացի ժամանակներում։ Այն ևս ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։

Եկեղեցիներում մենք պարբերաբար շոշափում էինք կրոնական արարողակարգի, ծիսակարգի նրբություններն ու սուրբ պատարագների (հեթանոս ժամանակաշրջաններում նաև՝ զոհաբերությունների) գործընթացները։ Հովհաննես սարկավագը մեզ բացատրեց, թե եկեղեցու յուրաքանչյուր հատված ինչպես է կոչվում և ինչ իմաստ է կրում։ Խոսեցինք վանքի նավի, խորանի, սուրբ սեղանի, չորս սյուների խորհրդանշականության, սրբապատկերների, եկեղեցու, վանքի և վանական համալիրի, այնուհետև՝ բազիլիկ և կամարապատ եկեղեցիների միջև տարբերությունների մասին, համեմատություններ տարանք հունական, հռոմեական (կաթոլիկ) եկեղեցիների ճարտարապետության և ուսմունքային մանրամասնությունների միջև։ Քայլքի ընթացքում անձամբ ես չափազանց հետաքրքիր և ուսուցողական զրույց ունեցա սարկավագի հետ. խոսեցինք Հռոմի պապի ընտրությունից մինչև հայկական եկեղեցու արմատները, քրիստոնեական ուսմունքից մինչև ժողովրդական վարքուբարքերը։

Սբ. Գայանե եկեղեցու ճանապարհին գտնվում է Էօրնեկեան Հանրակրթական Ուսումնական Հաստատությունը (հոգևոր ուղղվածությամբ), որտեղ մենք մոտ մեկ ժամ անցկացրինք մեր սեբաստացի կրտսեր դպրոցականների հետ՝ համախմբելով կրթօջախի աշակերտներին հայկական ավանդական երգուպարի ձայների ներքո։

Նախավերջին կանգառը Սբ. Գայանե եկեղեցին էր՝ հայկական ճարտարապետական փայլուն հուշարձաններից մեկը։ Սուրբ Գայանե եկեղեցին կառուցել է Եզր կաթողիկոսը 630 թվականին: Գայանե եկեղեցին 7-րդ դարի 1-ին կեսի գմբեթավոր բազիլիկ տիպի օրինակ է: Գմբեթակիր չորս մույթերը ներքին տարածությունը բաժանում են երեք նավերի: Կոնստրուկտիվ տարրերը՝ տրոմպներ, թաղեր, կամարներ, կիրառված են մեծ վարպետությամբ: Ավագ խորանի երկու կողմերում խաչաձև թաղածածկ ավանդատներն են: Սուրբ Գայանե եկեղեցին աչքի է ընկնում պարզությամբ, ճարտարապետական-գեղարվեստական միջոցներով, համոզիչ տարածական ձևերով։

Եվ մեր վերջին կանգառը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն էր՝ իր ողջ հրաշափառությամբ ու վեհությամբ։

Հովհաննես սարկավագը մեզ պատմեց Մայր Տաճարի նախագծման, կառուցապատման աշխատանքների պատմությունը։ Անդրադարձ եղավ նաև ականավոր հայ կաթողիկոսներին և նրանց պետականանվեր, հայրենանվեր գործունեությանը։

Կարևոր է արձանագրել, որ բոլոր եկեղեցիների այցելության անբաժան մասն են կազմել միասնական աղոթքները, որոնք մենք հնչեցրել ենք սարկավագի առաջնորդությամբ՝ հանուն խաղաղության, համերաշխության, զարգացման, բարօրության և բարեկեցության։

Հետդարձի ճանապարհին մի շարք կարևոր նախաձեռնություններ քննարկեցինք տիար Բլեյանի հետ, որոնք հույս ունենք, որ ապագայում բոլորիս ջանքերով կյանքի կկոչվեն։

Այսպիսով, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում կազմակերպիչներ Անուշ Ներսիսյանին և Մարիամ Սարդարյանին՝ դպրության և գիտելիքի օրով այս հրաշալի ճամփորդություն-ուխտագնացությունը կազմակերպելու և անցկացնելու համար։ Կարծում եմ՝ մենք իսկական լավ ու գիտելիքառատ ուսումնական տարվա մեկնարկ տվեցինք։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Հովհաննես սարկավագին հետաքրքիր ու խորիմաստ թեմաների քննարկման համար, և իհարկե կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանին՝ մեզ ուղեկցելու և առաջնորդելու, հետաքրքիր պատմություններ պատմելու, խորհուրդներ տալու համար։