Ապագայի վերագտման, կերտման ուղերձներ
Ամեն հայ, եթե միմիայն իր համար ապրելու մասին չմտածեր, մեր աղետների մեծ մասը պակաս կլիներ:
Մարդ կարող է հարյուր տուն ունենալ, բայց միայն մի Օջախ:
Անդրանիկ Օզանյան
Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում՝ մշուշ:
Մենք ընտիր-ընտիր հպատակ ենք, մենք խելոք-խելոք կատարող ենք, մենք հայտնագործություն ենք ուրիշի ձեռքի տակ: Հայ մարդ, հիմա ուրիշը դու ես: Քո ուրիշը դու ես:
Դարերի մեռած պատմությունը թափ տվեք ձեր հոգուց, մի մեռեք ձեր տան մեջ: Ձեր հոգու մեռելներին թաղեք: Էս երկիրը ձերը չէ, դուք գալիս-անցնում եք, ձերը էս երկրի սիրտը պահելն է: Սիրտը:
Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից:
Վազգեն Սարգսյան
Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես:
Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով:
Նա, ով ընդունում է Աստծոյ գոյութիւնը, ընդունում է նաեւ իր պարտականութիւնը հանդէպ գերագոյն իրականութեանց` ԱԶԳ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՊԵՏՈՒԹԻՒՆ:
Գարեգին Նժդեհ
Մեր Հայրենիքի ցավը մեզ այնպես է մաշում, ջլատում, կեղեքում, որ մենք դառնում ենք անընդունակ ուրիշ բան հասկանալու կամ անելու: Դա հիվանդագին մի սեր է, դա մի անհաղթելի մոլություն է – դրա պրիզմայով է բացվում մեր առջև աշխարհը:
Վահան Տերյան
Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել նրան:
Րաֆֆի
Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.
Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ
Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ տի ասես աշխարհքին
Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին
Հույսի՜ հայրենիք, Լույսի՜ հայրենիք։
Հովհաննես Թումանյան
20-րդ դարի առաջին կեսին աշխարհում առաջին անգամ զանգվածային ոճիրի՝ Հայոց ցեղասպանության, նրա ընթացքի մասին տեղեկանալը կարևոր է ժողովրդի հիշողության և մշակույթի մեջ թողած հետքի բացահայտման, առօրյայում դրա արտահայտման և դրսևորման ձևերն հասկանալու, նախկին փորձի վերլուծման և ըմբռնան հիման վրա պետության ապագայի կառուցումը, հետագայում նմանատիպ իրողությունների թույլ չտալը սահմանելու, անընդհատ ու անդադար դատապարտելու համար։
Հայոց ցեղասպանությունը կամ Մեծ Եղեռնը, որն իրագործվեց Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, գիտնականների հավաստմամբ, իրագործված առաջին զանգվածային կոտորածն էր, որն հետագայում Ռ. Լեմկինի կողմից անվանակոչվեց ցեղասպանություն, այսինքն՝ ստացավ իրավական բնույթ. մի եզրույթ, որը բավական ծայրահեղ է՝ իրողությունն իր ամբողջ տեսքով պատկերացնելու, հետագա «նստվածքը» հայտնաբերելու, լրջությունն հասկանալու, դատապարտվող պետության պատասխանատվությունը գիտակցելու տեսանկյունից։ Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Այս ամենով հանդերձ, Հայոց ցեղասպանությունը մնում է հայոց պատմության և հայ ժողովրդի պատմության արյունալի, ցավալի, ողբերգական էջերից մեկը։
Այս ամենն հաշվի առնելով՝ ընդունենք, որ Հայոց ցեղասպանությունը, մեր պատմության մեծագույն ողբերգությունը լինելուց բացի, նաև ամենակարևոր դասն է, որից պետք է հետևություններ անել, հասկանալ, թե ինչպես սկսվեցին կոտորածները, ինչ դրդապատճառներ ունեցան, հանրությունն ինչպիսի վերաբերմունք որդեգրեց իշխանության դժնդակ գործողությունների նկատմամբ, հերոսամարտներն ու ապստամբություններն (Մուսա լեռան, Վանի, Սասունի, Զեյթունի) ինչպիսի ընթացք ու ավարտ ունեցան, ինչպես նաև ինչ արդյունքներ ունեցան, այսօր ինչպես պետք է ընկալվի ժողովրդական ողբերգությունը, ինչ վերաբերմունք պետք է դրսևորվի հայ հանրությունը ցեղասպանության հանդեպ (որոշ դեպքերում հետևելով այլ պետությունների օրինակին)՝ հետագայում այն վերստին թույլ չտալու, առավել անվտանգ, ապահով ու կայուն պետություն կառուցելու համար։
Հանրության մեջ շրջանառվող «ցեղասպանությունից դասեր քաղելու» բանավոր ու պետության կայացման, հասարակության «վերադաստիարակման» դիտակյունից մեծամասամբ ոչ ճշգրիտ նպատակ հետապնդող սկզբունք-խորհուրդ-ուղեցույցը պետք է փոխարինվի ու այլևս կրի գործնական բնույթ՝ առջևում ունենալով վերոշարադրյալ նպատակ-մոտիվները։ Ինչպես պնդում են ականավոր պատմաբանները, գիտությամբ զբաղվող և թեմայով հետաքրքրվող անձինք՝ պետք է դուրս գալ «զոհի» կարգավիճակից, հրաժարվել «պարտվածի», մշտնջենապես օգնություն ու աջակցություն խնդրողի և խամաճիկային դրսևորման հոգեբանությունից, դառնալ ավելի անկախ, ինքնուրույն ու ինքնիշխան, վերջին հաշվով հարգելով անմեղ նահատակվածների հիշատակը, ողբերգությունը չդարձնել պետության ամրապնդման, հասարակության կրթման ու համաշխարհային հարթակներում ներկայանալու հիմնասյուն, քանզի սա է միակ իրատեսական ճանապարհը ցեղասպանությունից հիրավի դասեր քաղելու, դրանք սերտելու համար։
Արձանագրենք, որ վերևում ոչ մի փորձ չի արվում ցեղասպանությունից հրաժարվելու, ընդհակառակը՝ առավելապես խրախուսվում է դրա մասին իրազեկվածությունն ու դատապարտումը։
Ցեղասպանության փուլերը
Ստորև ներկայացվում են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ուսումնասիրության որոշ հատվածներ, որտեղ ամփոփված են Մեծ Եղեռնի անցկացված փուլերը, վիճակագրական տվյալներ, ուշադրության արժանի այլ տեղեկություններ։ Սա կարևոր է իմանալ, որպեսզի հետագա վերլուծություն-եզրակացություններն հիմնվեն իրական փաստերի, արձանագրությունների վրա։
Հայոց ցեղասպանության իրագործման առաջին փուլը մոտ 60.000-100.000 հայ տղամարդկանց զորակոչն էր օսմանյան բանակ, նրանց զինաթափումն ու սպանությունը թուրք զինակիցների կողմից: 1915թ. ապրիլի 24-ին սկսված ձերբակալությունը (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) և դրան հետևած գավառային հարյուրավոր հայ մտավորականների ու ազգային ընտրանու ոչնչացումը հայ բնակչության բնաջնջման երկրորդ փուլն էր: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի տեղահանությամբ ու ջարդերով, դեպի սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուրհազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ավազակախմբերի ու տեղի բնակչության կողմից, մյուսները մեռան սովից, համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր մարդիկ բռնի կերպով հավատափոխ եղան` դառնալով մուսուլման:
Հայոց ցեղասպանության վերջին փուլը իր իսկ հայրենիքում կատարված հայ ժողովրդի ցեղասպանության համընդհանուր և բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման շարունակվող գործընթացին` Թուրքիան շարունա¬կում է ամեն կերպ պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, պատմության նենգափոխման, հակահայ քարոզչության, քաղաքական և տնտեսական, լոբբինգի և այլ միջոցներով:
Այլ աղբյուրներում հիշատակվում են գլխավորապես երկու փուլեր՝ 1894-96թթ. և 1915-23թթ., որոնք տեղի են ունեցել տարբեր վարչակարգերի օրոք, ունենալով միևնույն քողարկված դավադիր նպատակը, կրել են տարբեր բնույթներ, ստացել տարբեր ընթացքներ։
Նահատակների թվի մասին ստույգության խնդիրը
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր երկու միլիոնից ավելի հայ: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:
Համաշխարհային հեղինակավոր պարբերականներում, տեղական ամսագրերում, գիտական հոդվածներում, աշխատություններում, պատմության գրքերում և ակադեմիական ուսումնասիրություններում հիմնականում և գերազանցապես հիշատակվում է 1.5 միլիոն անմեղ նահատակված հայերի թիվը։ Այսուհանդերձ, նահատակված մարդկանց ստույգ թիվը որոշելը, ակնհայտորեն բարդ է, թերևս՝ անհնար։
Ցեղասպանության միջազգային հնչեղությունը
Պակաս չեն ամբողջ աշխարհում այն պետությունները, որոնք պաշտոնական-պետական մակարդակում ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, կանխարգելման սկզբունքը պահպանելով, աջակցություն հայտնել Հայաստանի Հանրապետությանը, միջազգային հարթակներում բարձրաձայնել դրա մասին՝ կոչ անելով ոճիր նախաձեռնած պետությանն հաշտվել, ընդունել ու հաշվի նստել այդ իրողության հետ։
Ավելի քան երեք տասնյակ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Պետականորեն Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը Ուրուգվայն է (1965)։ Ցեղասպանությունը ճանաչել են նաև հետևյալ միջազգային կազմակերպությունները՝ Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողով, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ Խորհրդային Հայաստանում ցեղասպանության զոհերի հիշատակի օրն առաջին անգամ պետական մակարդակով նշվել է 1965-ի ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցին։
Կարևոր է նշել, որ ցեղասպանության մասին նկարահանվել են բազմաթիվ վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր, որոնցից նշանավորներն են՝ «Հոգիների աճուրդ», «Մայրիկ», «Արարատ», «Արտույտների ագարակը», «Արամ», «Ճչացողներ», «Խոստումը»։
«Նեմեսիս» օպերացիայի ընթացքն ու արդյունքները
Հայոց ցեղասպանության մասին խոսելիս՝ պարզապես անկարելի է չհիշատակել նաև «Նեմեսիս» գործողության մեկնարկը, մշակումն ու անցկացումը՝ որպես Մեծ Եղեռնի իրագործման մեջ ամենաառանցքային դերակատարների, օսմանյան խարխլվող պետականությունը փլուզումից, վայրիվերումներից, կրակի ճիրաններից դուրս բերել ցանկացող ու դրա համար այլազգիների ոչնչացումն իբրև առաջնային խնդիր դասող և իրականացնող պետական մակարդակի պարագլուխների, պետություն ներկայացնողների պատժում։ Թույլ տվեք նաև նշել, որ գործողության ընթացքում սպանվել են նաև մի շարք հայեր, որոնք նենգաբար դավաճանել էին իրենց ժողովրդին ու ազգին։
«Նեմեսիսը» հստակ, մանրազնին մշակված գործողություն էր, որը ժամանակի ընթացքում արդարացի վրեժխնդրության նպատակով արդյունավետ իրականացվեց հայ վրիժառուների կողմից: Ստեղծվել էր նաև հատուկ հանձնախումբ, որը պետք է հայտնաբերեր փախստական դարձած և աշխարհի տարբեր անկյուններում ծպտված եղեռնագործներին: Հունիսին սկսվեց Թեհլերյանի դատավարությունը, որը փաստորեն վերածվեց ցեղասպանության կազմակերպիչների դեմ դատավարության: Եվրոպայի հանրության ճնշման շնորհիվ Թեհլերյանն արդարացվեց: Դեկտեմբերի 6-ին Հռոմում մեկ այլ հայ վրիժառուի Արշավիր Շիրակյանի արձակած գնդակից սպանվեց երիտթուքերի առաջին կառավարության ղեկավար Սաիդ Հալիմը: 1922թ. ապրիլի 7-ին Բեռլինում հայ վրիժառուներ Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը իրականացրին Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազըմիի և «Թեշքիլաթը մահսուսե» հանցավոր կազմակերպության հիմնադիր Բեհաէդդին Շաքիրի մահապատիժը: Հուլիսի 25-ին հայ վրիժառուներ Ստեփան Ծաղիկյանի, Արտաշես Գևորգյանի և Պետրոս Տեր-Պողոսյանի կողմից Թիֆլիսում մահապատժի ենթարկվեց հայոց եղեռնի դահիճներից մեկը Ջեմալ փաշան:
«Նեմեսիս» գործողությունն ինքն իրենով զարթոնք էր, մի շարժում, որն ապացուցում էր հայերի՝ հակամարդկային ու մարդկության դեմ ուղղված հանցաքների հանդեպ անհանդուրժողականությունը, ազգային միասնության, համաժողովրդական համախմբվածության կարիքը՝ չափից ավելի օրհասական, ճգնաժամային փուլում (եթե Արևմտյան Հայաստանում տեղի ունեցող տեղահանումներից, կոտորածներից, անմարդկային բարքերից բացի, հաշվի առնենք նաև տարիներ անց, վեց հարյուր տարվա կտրվածքով, առաջին հայկական պետականություն ծնող ժողովրդի տառապանքները, երկրում տիրող ցավալի, իրապես հոգեբանորեն ու ֆիզիկապես ճնշող, բարդ իրավիճակը)։
Հայոց ցեղասպանությունը, իր ողջ ծավալներով, ընդգրկմամբ, մեծ դեր ունի հայության սոցիալ-հոգեբանության կերտման, զարգացման, աշխարհայացքների ձևավորման գործում։ Հաշվի առնելով հասարակության գերակշռող մասի՝ Հայոց ցեղասպանության մասին թերևս միասնական կարծիքը, հարկ է նշել, որ ոճիրն ինքն իրենով բավականին նուրբ թեմա է, որի մասին, անկախ գտնվելու վայրից, դիրքորոշումից, ազգային պատկանելությունից, հարկավոր է խոսել ծայրահեղ հարգանքով, քանզի ցեղասպանության մասին հիշատակելիս, մենք նաև դրա տակ հասկանում ենք միլիոնավոր մարդկային խեղաթյուրված ճակատագրեր, օտարության մեջ թափառող, աշխարհի տարբեր ծայրերում սփյուռք ձևավորող բազմաբյուր տարագիրներ, մարդկային ամենախոշոր հանցագործություններից մեկից մազապուրծ եղած, բայց և իրենց երկրում նոր կյանք սկսել ունակ չեղած շարքային հայեր, որոնք ամբողջացնում են պատկերն համայն ոճրի: Այս ամենը դրդում է մեզ՝ այսօրվա ապրողներիս, նրանց ժառանգներին՝ հասկանալու, ըմբռնելու, հաշտվելու և դատապարտելու, ինչպես նաև հանձնառություն ստանձնելու՝ հետագայում նմանաբնույթ հանցանքներ թույլ չտալու, աստվածապարգև պետության հարատևությունն ապահովելու, նրա հզորացման ու ամրապնդման համար տքնաջան աշխատելու, կողակիցներին, հարազատներին հանդուրժելու, սիրելու և աջակցելու…
Եւ այս ամենն ի կատար ածելու ճանապարհին՝ միանշանակ ու անհերքելի է այն, որ պետք է հրաժարվել «զոհի», «պարտվածի» հոգեբանությունից, պետք է ձերբազատվել, քանզի դրանք գործոն են, որոնք խաթարում են ազգային միասնականությունը, պետությունը, և հնարավորություն են ընձեռում համաշխարհային դերակատարներին թելադրելու մեզ մեր ապագայի անելիքը, պարտադրելու մեզ իրենց «կրոնը», ասելիքը, պատմությունը և այլն։ «Զոհի» հոգեբանությունն է թերևս, որ սահմանափակում է մեր կարողությունները, թույլ չի տալիս տեսնելու մեզ ու մեր պետությանն իր ամբողջ հմայքով, իր ամբողջության մեջ։ Թույլ չի տալիս օգուտներ քաղելու նրանից, ուղիղ հաղորդակցության մեջ մտնելու պետության և աշխարհի միջև։ Թույլ չի տալիս նալբանդյանական ճշգրիտ պատկերացումներով ազատության և անկախության ձգտելու, աբովյանական մտորումներով ժողովրդի հարատևման երկու առանցքային առհավատչյաները՝ լեզուն ու կրոնը պահպանելու, ամրապնդելու ու զարգացնելու, Հայոց ցեղասպանության, բազմաթիվ ճակատամարտ-պատերազմների ընթացքում նահատակվածների, անմեղ մարդկանց առաջ ստանձնած մեր ուխտն ու հանձնառությունը կատարելու։ «Զոհի» հոգեբանությունը ստիպում է մեզ ապրել միշտ ընկճված, դատապարտված, բոլորից նվազ կարգավիճակում, մինչդեռ աշխարհը, նրա հետ ճիշտ հաղորդակցման մեր երկար տարիների փորձի շնորհիվ, մեզ պետք է ճանաչի այլ կերպ՝ հաղթանակած, զարգացած, նժդեհյան «վերադաստիարակում» ապրած ժողովուրդ, հայ մեծերի երազած ու աշխարհի երեսին մի ուրույն անկյունում բազմադարյա հինավուրց մշակույթ ու պատմություն, եզակի քաղաքակրթություն ստեղծած պետություն։ Ինչքան էլ որ զարմանալի կթվա՝ այդ հոգեբանությունը խաթարում է հավատը մեր նկատմամբ, մեր ուժերի, մտքի, գործունեության նկատմամբ։
Այն պետությունները, որոնք ապրել/վերապրել են դժվարին ժամանակներ, տեսել են սով, պատերազմ, արյունահեղություն, բայց կարողացել են գտնել իրենց մեջ ուժ՝ դիմակայելու վերահաս վտանգներին, վերափոխելու և վերաձևակերպելու իրենց կյանքն ու դրա տրամաբանությունից բխող արժեհամակարգը, հրաժարվելու հայրենիքն ու պետությունն հեռվից սիրելու սովորույթից, այսօր աշխարհին ներկայանում են որպես հզոր, կամք թելադրող պետություններ, որոնք ունեն հզոր ինստիտուտներ, դիվանագիտական ճկուն հմտություններ, ազգային անվտանգության համար պրոֆեսիոնալ չափանիշներով զինված ուժեր և բանակ։
Այս ամբողջ ուսումնասիրության նպատակը սահմանելը բարդ է, ուստի, սահմանափակվելով, ելնելով ուսումնասիրության տրամաբանությունից և ոգուց, վերջում կհիշատակեմ ևս մի քանի ականավոր ռազմական, պետական, մշակութային, հասարակական գործիչների խոսքերը, որոնք համապատասխան դասեր պետք է տան մեզ, ինչպես նաև հանդիսանան պատգամ-ուղեցույց մեզ համար՝ ապագան ավելի հզոր կառուցելու, Հայաստանի Հանրապետությունն ամրապնդելու նպատակով։
Օգտակար նյութեր և հղումներ