Ս. թ. հոկտեմբերի 3-ին հետազոտական վարժարանի ընթերցասրահում, Մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Մարգարիտ Սարգսյանի համակարգմամբ, տեղի ունեցավ հանդիպում-սեմինար տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, կրթահամալիրի կառավարման խորհրդի անդամ Արեգ Գրիգորյանի հետ։ Սեմինարին մասնակցում էին ավագ դպրոց-հետազոտական վարժարանի տարատարիք սովորողներ, քոլեջի ուսանողներ, հասարակագետներ և այլ հետաքրքրված անձինք։
Հանդիպման նախագծին ավելի մանրամասն ծանոթացե՛ք համակարգողի բլոգում.
Օրակարգում էին՝
- Գիտական գիտելիք
- Հետազոտությունների մեթոդները և տրամաբանական օրենքները
- Գիտական հետազոտության հիմնական փուլերը
- Գիտական հետազոտության արդյունքների ամփոփումը, ձևակերպումը և ներկայացումը, գիտաչափություն
- Գիտական բարեվարքությունը
Հանդիպմանը մեկնարկեց նախագծի, հյուրի ներկայացմամբ։ Արեգ Գրիգորյանն հակիրճ ներկայացրեց իր աշխատանքային գործունեությունը, համալսարաններում դասավանդող առարկաները, ակադեմիական հետաքրքրությունները և այլն։ Հանդիպման առաջին մասում մասնակիցներն ունկնդրեցին հյուրի բանախոսությունը, որը նվիրված էր գիտական հետազոտություն կատարելու հմտություններին։




Անդրադարձ եղավ նաև ակադեմիական տերմինաբանությանը. բանախոսը ներկայացրեց «գիտական գիտելիք», «գիտական հետազոտություն» և փոխկապակցված այլ եզրույթների բացատրություններ։ Պարոն Գրիգորյանը բանախոսությունն ավելի ինտերակտիվ և դյուրըմբռնելի դարձնելու նպատակով ժամանակ առ ժամանակ բերում էր կենցաղային պարզ օրինակներ, որոնք նպաստում էին ավելի ճշգրիտ պատկերացման ձևավորմանը։ Նախօրոք պատրաստված սահիկաշարով բանախոսը ցույց էր տալիս հայտնի հրապարակախոսների, փիլիսոփաների տեսակետեր, հանրահայտ պատմական նշանակության տեղավայրեր (տարբեր դարերում մարդկանց մոտ գիտության հանդեպ հետաքրքրությունը մատնանշելու համար), ինչպես նաև տարատեսակ պատկերներ (շատ դեպքերում ուսուցողական բնույթով), որոնք բխում էին ժամանակի պահանջմունքներից, և հակադրվում թերի կարծիքներին ու երևույթներին՝ առաջարկելով ճիշտ լուծումներ։
Գիտական հետազոտությունը գիտական գիտելիքի ձեռքբերման գործընթացն է։
Արեգ Գրիգորյանի բանախոսությունն ունկնդրելն իսկապես հետաքրքիր էր, քանզի հասարակության՝ թերևս պարզ հետազոտական հմտություններին տիրապետելն հանրապետության մասշտաբով, և մասնավորապես՝ ուսումնական հաստատություններում առանցքային է՝ իմացականությունը, գործածականությունն ու քննադատական մտածողությունը զարգացնելու տեսանկյունից։
Հանդիպման երկրորդ հատվածում մասնակիցներն անցան գործնական փուլին. բանախոսն հանգամանորեն բացատրեց հետազոտության մեջ կիրառվող չորս գլխավոր օրենքներն ու իրենց արտացոլումները՝ նշելով նրանց անխախտելիության անհրաժեշտությունը։ Կետ առ կետ ներկայացվեց հետազոտական աշխատանք գրելու ընթացակարգը՝ հետազոտության արդիականության հստակեցումից մինչև թեմային համապատասխան նյութերի ընտրությունը, գիտական մակարդակն ապահովելուց մինչև աշխատանքի լուսաբանումն ու հրապարակումը։
Բանախոսը մի շարք նշանակալի խորհուրդներ տվեց երիտասարդ հետազոտողներին, որոնք կնպաստեն աշխատանքի ճիշտ կառուցմանը, շարադրմանը, հրապարակմանը։




Անդրադարձ եղավ մեր ժամանակներում թերևս ամենաէական խնդիրներից մեկին՝ գրագողությանը (հեղինակային իրավունքի պահպանման կանոնի խախտում)։ Ներկայացվեցին դրանց վնասները, խոսվեց գրագողության հետևանքով առաջացող բազմաթիվ վտանգների մասին։ Սահիկաշարով ցուցադրվեցին հայտնի պետական-քաղաքական-հասարակական գործիչների նկարներ, որոնք գրագողության պատճառով ստիպված են եղել թողնել հանրության առաջ ստանձնած իրենց բարձրամակարդակ պաշտոնը։
Հանդիպման ավարտին տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, սովորողներն ու հասարակագետներն իրենց հարցերն ուղղեցին հյուրին, որին հաջորդեց հետագա համագործակցության վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերումը։
Շնորհակալություն եմ հայտնում պարոն Գրիգորյանին՝ իմաստալից, հետաքրքիր, ուսուցողական բանախոսության համար։ Շնորհակալություն եմ հայտնում Մարգարիտ Սարգսյանին՝ հանդիպումը կազմակերպելու, համակարգելու, բարձր մակարդակով անցկացնելու համար։
Կառաջարկեմ նաև ընթերցել Մարգարիտ Սարգսյանի հրապարակումը՝ սովորելու և սովորեցնելու մասին՝ հետազոտական վարժարանի պատմության դասավանդող Աշոտ Տիգրանյանի օրինակով։
Հանդիպման տեսանյութը՝ ինստագրամյան սոցիալական ցանցում
Լուսանկարները՝ Անդրանիկ Փարադյանի, Արմինե Թոփչյանի
© Դավիթ Մուրադյան 04.10.2025