«Գիտության շաբաթ. 2025» փառատոնի և մասնագիտական կողմնորոշման շրջանակներում ս. թ. հոկտեմբերի 2-ին հետազոտական վարժարանի ընթերցասրահում, պատմության և հասարակագիտության դասավանդողներ Արմեն Ոսկանյանի և Վարդան Կարապետյանի համակարգմամբ, տեղի ունեցավ հանդիպում ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու Սիրանուշ Մելիքյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին ավագ դպրոց-հետազոտական վարժարանի տարատարիք, պատմության ընտրությամբ խմբերի սովորողներ, քոլեջի ուսանողներ, հասարակագետներ և այլ հետաքրքրված անձինք։
Հանդիպման նախագծին ավելի մանրամասն ծանոթացե՛ք համակարգողի բլոգում.
Հանդիպման սկզբում հասարակագետ Վարդան Կարապետյանը ներկայացրեց հյուրընկալվող մասնագետին, նրա աշխատանքային գործունեության շրջանակը, ակադեմիական հետաքրքրությունները, որից հետո խոսքը տրվեց Սիրանուշ Մելիքյանին։
Բանախոսություն-քննարկման հենց մեկնարկին մասնագետը մատնանշեց ընթերցասեր, և հատկապես՝ գրքային իմաստներ ըմբռնելու ունակ լինելու և կյանքում կիրառելու կարևորությունը։ Կարծիքների փոխանակման ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց ամենասիրելի գրքերով, պատմեցին նրանց նշանակության, բովանդակության մասին։ Խոսակցության առանցքը կազմեցին հումանիտար գրականության, ինչպես նաև գեղարվեստականի ու դասականների հատորները։ Տիկին Մելիքյանը կարևորեց բազմապիսի և տարատեսակ գրքերի ընթերցանությունն՝ իբրև օբյեկտիվ լեզվամտածողության, աշխարհայացքի ձևավորման հիմք։ Հատուկ ընդգծվեց հուսալի, փաստարկված, «ֆիլտրված» տեղեկության ստացումը՝ քողարկված քարոզչությունից ու տարազեկումից խուսափելու համար։
Հանդիպման ընթացքում շոշափվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են արտերկրում ուսանելը, առավելություններն ու հնարավորությունները, դիվանագիտությունը, դիվանագիտական մեխանիզմներն ու գործիքակազմերը, միջպետական հարաբերություններն ու պետական արարողակարգը, միջազգային համագործակցության ուղիները բարձրամակարդակ հարթակների միջոցով, բանակցային հմտությունները, հոգեբանական շարժուձևերի, մարմնի լեզվի ճիշտ ու տեղին կիրառումը՝ որպես բանակցություններում հաջողության հասնելու գործիք (միևնույն ժամանակ մշակութային թերհասկացվածությունից, թյուրիմացությունից խուսափելու համար), մշակույթի ազդեցությունը դիվանագիտական ոլորտի վերաբերյալ պատկերացման ձևավորման վրա, ինչպես նաև քաղաքական գիտության մշակութային ըմբռնումները, հայկական և համաշխարհային դիվանագիտության ստեղծման ու զարգացման պատմական փուլերը, տարածաշրջանային և ոչ միայն երկրների հետ հարաբերվելու մոտեցումները, քաղաքական հայեցակարգը, վարվելակերպը (դիվանագիտական էթիկան), դիմելաձևերը և այլն։ Քննարկվող թեմաները գլխավորապես հիմնվում և բխում էին պետական արարողակարգից, վարվելակերպից։
Այս համատեքստում, նշեմ, որ թեմաներին համեմատաբար քաջածանոթ լինելս պայմանավորված էր նրանով, որ հետազոտական վարժարանում ուսանելու պարտադիր բաղադրիչ համարվող հետազոտական աշխատանքը երկու տարի անընդմեջ կատարել եմ հումանիտար բնագավառներից, մասնավորապես ուսումնասիրելով և գործնականում ցույց տալով, պատմելով քաղաքական վարքագծերի, պետական արարողակարգերի, մշակութային ըմբռնումների, աշխարհայացքների ձևավորման, քաղաքական երկխոսության հոգեբանական ենթատեքստերի, տեխնիկաների մասին։
Առաջարկում եմ ծանոթանալ.
- «Մշակութային տարբերություններն հուզական դրսևորումներում․ հայեր» հետազոտական աշխատանք 2024-25
- «Ոչ վերբալ հաղորդակցությունը քաղաքականության մեջ». հետազոտական աշխատանք 2023-24
Քննարկման երկրորդ հատվածում սովորողներն հանդես եկան հարցադրումներով, ներկայացրին իրենց կարծիքները կոնֆլիկտների առաջացման, կոնֆլիկտային տրամաբանության մասին, տարբեր պետությունների կողմից քաղաքականությունների ձախողման դրդապատճառները՝ հղում անելով արդիական իրողություններին։



Սիրանուշ Մելիքյանն առանձնակի անդրադարձավ էմոցիոնալ ինտելեկտի (emotional intelligence) խթանման անհրաժեշտությանը՝ բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում հոգեբանական ճնշումները նվազեցնելու, հույզերը կառավարելու, բացեր չունենալու, պատշաճ կերպով ներկայանալու և ներկայացնելու տեսանկյունից։ Ներկայացրեց իր փորձառությունն այս ոլորտում։
Հանդիպման վերջում սովորողներն հետաքրքրվեցին ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ուսանելու առավելությունների, դիմելու վերջնաժամկետների վերաբերյալ, շնորհակալություն հայտնեցին հետաքրքիր, անշուշտ կարևոր, իմաստալից ու չափազանց արդիական բանախոսության համար։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն շարունակելու համագործակցությունն հաստատությունների միջև՝ սովորողների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելու, կապերն ամրապնդելու նպատակով։
Լուսանկարները՝ Վարդան Կարապետյանի
© Դավիթ Մուրադյան 06.10.2025