Գրականության դասընթացի շրջանակներում 12-րդ դասարանի սովորողներն աշխատում են անհատական նախագծային ուղղություններով։ Հոկտեմբերի համար նախընտրեցի ներկայացնել թերևս ամենաթերագնահատված գրողներից մեկին՝ Միքայել Նալբանդյանին, և նրա գործունեության նպատակը։ Նախօրոք շեշտեմ, որ հրապարակում-վերլուծությունը կրում է սուբյեկտիվ բնույթ, հետևաբար յուրաքանչյուր անհատ յուրովի կարող է մոտենալ այս թեմային։
Շարունակելով հայ ազգի ու ժողովրդի՝ իր պետության, նրա ապագայի, հասարակության զարգացման, ինստիտուցիոնալացման իրատեսական մոտեցումների որոնումները՝ այս անգամ ներկայացնում ենք ժողովրդի շրջանում մեծ հայտնիություն ձեռք բերած, բայցև ծայրահեղականության փակագծերում դրված, լիարժեք չհասկացված գործչին, մեծ հայրենասերին, ազատության ձգտողին ու նպատակասլացին՝ Միքայել Նալբանդյանին։
Համառոտ ակնարկ
Ընդհանրապես, Նալբանդյանի անունը տալով, շատերը միանգամից հիշում են «Մեր հայրենիք» (ավելի կոնկրետ՝ «Իտալացի աղջկա երգը») ստեղծագործությունը, որն այժմյան Հայաստանի Հանրապետության պետական օրհներգն է։ Անշուշտ, այստեղ թյուրըմբռնումներ չկան, և Նալբանդյանն իրոք ստեղծագործել է այս ոճով՝ ձգտում ունենալով տեսնել թե՛ իր պետությունը, և թե՛ իր հասարակությանը բոլոր առումներով ազատ ապագայում։ Հետաքրքրական է, բայց ժողովրդի շրջանում կա մի այսպիսի, ես կանվանեմ, թեր-մոտեցում, երբ գովաբանվում և փառաբանվում են մի գործչի հանճարեղությունը, տաղանդն ու յուրօրինակությունը, որոշ եզրույթներ և մտքեր օգտագործվում են որպես «տարբերակիչներ», սակայն իրականում հանրությունն այնքան էլ ծանոթ չէ նրա իսկական գործունեությանն ու հնչող մտքերի ենթատեքստերին (եթե իհարկե վերլուծություններ չեն իրականացվում)։ Այս համատեքստում, առանցքային է հեղինակին իր ամբողջ պատկերում դիտարկելը, օբյեկտիվությունը գերադասելը, այլ ոչ թե սոսկ մտքերը գնահատելը, քանզի միայն մտքերին ինչ-ինչ գնահատականներ հնչեցնելով, պատեհ-անպատեհ հիշատակելով և ծավալուն շարադրություններ գրելով նրա իրական արժեքը, որպես այդպիսին, կորում է, նվազում, ստվերվում։ Գրողին ուսումնասիրելիս և արդիական ժամանակների հետ համեմատելիս, զուգահեռներ տանելիս, ըստ իս, չափազանց կարևոր է նրա ապրած դարաշրջանի, իրադարձությունների ու եղելությունների քննությունը, ուսումնասիրումը, համադրումը՝ ամբողջ պատկերի դիտարկման համատեքստում։ Համենայն դեպս, նմանատիպ աշխատանքները պահանջում են ժամանակ, խորաթափանցություն, ոչ ստանդարտ մոտեցումներ, վերլուծական միտք, իսկ այդ ռեսուրսները դպրոցական միջավայրի համար ամբողջությամբ հասանելի չեն։ Չնայած՝ հասարակության խավերը, հանճարների երկերն ընթերցելիս, պետք է ունակ լինեն վերոնշյալ գործողությունները կատարելու՝ սուբյեկտիվությունից և «կոնտեքստից դուրս» թյուրիմացական նրբություններից խուսափելու համար՝ վերջին հաշվով սուր քննադատության չենթարկվելու համար, ինչպես որ յուրովի անում էր Միքայել Նալբանդյանը։
Քննադատությունը՝ մահվան գրավական
Հաշվի առնելով նալբանդյանական ժամանակաշրջանի ընդգրկունությունը, համաշխարհային սոցիալ-տնտեսական-քաղաքական-պատերազմական վիճակը, պետությունների բռնապետական վարչակարգերը, գրողի անհատական մոտեցումներն ու դիրքորոշումները, ինչպես նաև ընդհատակյա քաղաքական գործունեությունը՝ կարող ենք արձանագրել, որ այն ժամանակներում քննադատություն արտահայտելը, այն էլ պետական մասշտաբով (այսինքն՝ պետության ներքին գործերին վերաբերող), մեղմ ասած, անթույլատրելի էր ու սահմանափակ։ Բայց Նալբանդյանն այստեղ էլ «հեղափոխական» գտնվեց՝ սնուցելով ու արտահայտելով գաղափարներ ու մտքեր, որոնք արմատականորեն դեմ էին օրվա իշխանություններին, տիրող վարչակարգի վարած քաղաքականություն-ռազմավարություններին։ Նշենք, որ հրապարակախոսը բավականին ուսում առած և ճամփորդած է եղել մայրացամաքներով, ըստ այդմ՝ տեղեկացված է եղել ներքին հոսքերին և իր երկերը կառուցել է օբյեկտիվության շրջանակներում։ Պատահական չէ, որ Նալբանդյանն իր ակտիվ գործունեության տարիներին բազմիցս հետապնդվել է, դատապարտվել, աքսորվել, սակայն համառորեն շարունակել է ջանքեր ներդնել՝ հասարակությանը «վերադաստիարակելու», քննադատական մտածողությունը զարգացնելու ուղղությամբ։
Եվ այսուհանդերձ, ինչո՞ւ է ժողովուրդը հայության լուսավորիչներից մեկին վերաբերվում տարակուսորեն։ Վերջին հաշվով՝ հասարակության մեջ Նալբանդյանի և նրա գործունեության վերաբերյալ կարծիքները կիսվում են երկու ճամբարի՝ կա՛մ ծայրահեղ դրական և գովելի, կա՛մ էլ ծայրահեղ անհանդուրժելի ու պախարակելի։ Միգուցե նրա պատճառով, որ հասարակությունը կարևոր հարցերին ճիշտ քննադատորեն մոտենալու ունակություն չունի, այսինքն՝ հարցերի լուծումները դիտարկում է զուտ իմացական մակարդակում՝ առանց դրա ենթատեքստերն ու համատեքստերն ուսումնասիրելու։ Իմ սուբյեկտիվ կարծիքով, Նալբանդյանի՝ որպես նորագույն շրջանի հայկական քննադատության հիմնադրի գերագույն առաքելությունը եղել է հայությանը՝ իր փառահեղ հաղթանակների հետ մեկտեղ կրած տառապանքների, կտտանքների, բնաջնջումների, անդուլ-անդադար դաշնակիցների որոնման, արդյունքում՝ նրանցից դաժանորեն պատժված, լքված դրությունը ճշգրիտ, օբյեկտիվ, ասել է թե, անկեղծ քննելը, լուծման հնարավոր ուղիների որոնումը։ Միքայել Նալբանդյանը ցանկացել է ցույց տալ, որ ամեն մի ներհասարակական, ներպետական կամ արտաքին բնույթի խնդիր, որն ուղղակի ազդեցություն է ունենում մեր՝ իբրև աշխարհում եզակի քաղաքակրթություն ստեղծած, բայց միաժամանակ այդ եզակի քաղաքակրթությունը պահել, զարգացնել ու ամրապնդել կարող չեղած ժողովրդի վրա, ծագել է և կշարունակի ծագել մեր, կոպիտ ասած, «քառակուսի» մտածողության, տառապյալի ու աշխարհից արտաքսվածի սոցիալ-հոգեբանության, աշխարհի հետ հարաբերվելու, ինքդ քեզ ներկայացնելու ճշգրիտ բանաձև չկիրառելու պատճառով։ Պարզ ասած՝ Նալբանդյանը ցույց է տվել, որ խնդիրների պատճառը հասարակության վերաբերմունքն է, անտարբերությունը, դժբախտաբար նաև միամտությունը, օտարի նկատմամբ արագ վստահություն ձեռք բերելու առանձնահատկությունը, իրողություններն իրենց ժամանակագրական, փաստավավերագրական կոնտեքստում չդիտարկելը, ինքդ քո վարկանիշը գցելը («Հայ մարդու հայրենիքը» երկը)։
Իսկ ինչո՞ւ էր Նալբանդյանը խիզախորեն պայքարում անտարբերության, ազատության նվազման ու իրավունքների հանդեպ ոտնձգությունների, ժողովրդի ստերված կարգավիճակը կործանելու դեմ, ինչո՞ւ էր սեփական կյանքը վտանգում իր իսկ բառերով «թշվառ» որակված ժողովրդի փրկության համար։ Այդքան կարևո՞ր էր նրա համար հայրենիքը, ժողովուրդը, հասարակական կոնսենսուսը, թե նա դա անում էր «մեկ անգամ ենք ապրում, հիշված անուն թողնելու» (Խաչատուր Աբովյանի մտքերից) բանաձևի համաձայն։ Նկատի ունենալով նրա երկերի բովանդակությունը, արտահայտված մտքերի խորությունը, մեսիջների տրամաբանությունը՝ ըստ իս, Միքայել Նալբանդյանը ձգտում էր ի կատար ածելու իր ժողովրդի դարավոր իղձերն ու երազանքները։
Գաղտնիք չէ, որ ժողովուրդներն ու ազգերը միմյանցից տարբերվում են ավանդույթներով, աշխարհը տեսնելու և նրա հանդեպ վերաբերմունք որդեգրելու մշակույթով, պատմամշակութային առանձնահատկություններով։ Այստեղ կարևոր է հիշատակել նաև սոցիալ-էմոցիոնալ մակարդակում ծագող ազգային գաղափարն ու մտածելակերպը, այլ կերպ ասած՝ լեզվամտածողությունը, որն ինքնըստինքյան դրդում է մարդկանց աշխարհը տեսնելու իր ժողովրդի կողմից ընդունված բանաձևի շրջանակներում։ Եվ այդ բանաձևի շնորհիվ է, որ այսօր մենք մեր գրողներին շատ դեպքերում դիտարկում ենք ոչ թե իրենց գործունեության սահմաններում, այլ արտահայտած մտքերի, իրենց հետ փոխկապակցված պատահական իրադարձությունների համատեքստում։ Շատ վերլուծաբաններ, ոլորտը հետազոտող անձինք վկայում են, որ մի շարք ժողովուրդներ, իրենց ծանր պատմությամբ պայմանավորված, ապրում և առաջնորդվում են «գնա մեռիր, արի սիրեմ» ժողովրդական բանահյուսության խելամիտ ու խորիմաստ տողով։
Եվ այստեղ պետք է հասկանալ, թե ինչպե՞ս պետք է գործի գրողը, որպեսզի նրա աշխատանքն արտահայտի և արտացոլի իր ժամանակների խնդիրները, այլ ոչ թե դառնա դարերի ճառաբանության աղբյուր։ Գրողներն իրենք պետք է հասկանան՝ ինչպիսի գործելակերպ ընդունել, որպեսզի ժողովուրդն իրենց հիշի իրենց արժանիքներով, այլ ոչ թե թերի մեկնաբանություն ստացող, բայց բոլորովին այլ միտք արտահայտող երկերով։ Այստեղ բավականին աշխատանք պետք է տարվի։ Եվ իմ դիրքորոշումն այն է, որ մեր նորագույն գրականության հայտնի ներկայացուցիչները (տարբեր դարաշրջանների) ցանկացել են հենց այս, որպեսզի լինեն հասկացված, այլ ոչ թե տարբեր կողմերից ու տեսանկյուններից մեկնաբանված։ Նույնն էլ Նալբանդյանի դեպքում, նա նպատակ է ունեցել թողնել երկեր, որոնք կծառայեն որպես վերլուծության ու խորհրդածության աղբյուր, այլ ոչ թե հղումների ու անթիվ-անհամար պարզաբանումների շարան։
Նալբանդյանական մտքի արդիականությունը
Նալբանդյանը, չնայած որ ապրել է բավականին կարճ (վախճանվել է 36 տարեկանում), կարողացել է թողնել վերլուծությունների ու հիմնավորված, փաստարկված հետազոտության ահռելի բազա։ Հաշվի առնելով գրողի ոճի առանձնահատկություններն ու արժանիքները՝ կարծում եմ՝ նրան կարելի է դասել նաև իբրև հայկական վերլուծական (քննադատական) մտքի ու հետազոտության հիմնադիր, քանզի նրա երկերում բազմաթիվ են ծանոթագրություններ-հղումները, պարզաբանումներն ու սկզբնաղբյուրները, որոնք ևս վկայում հեղինակի՝ բավականին կրթված ու լայն աշխարհայացք ունենալու մասին։ Գրողը նաև սովորեցնում է լրագրողական էթիկայի ու նրա նրբությունների մասին՝ ելնելով իր մասնագիտությունից։
Անշուշտ, ոչ բոլորը կհամաձայնեն Նալբանդյանի մտքերին, շատերն էլ կմեղադրեն նրան որևէ դիլեմայում կամ հասարակության կողմից խորաքնին վերլուծության արժանի առանցքային հարցում (դիցուք՝ «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» երկում) ծայրահեղ դիրք զբաղեցնելու, ժամանակավրեպ կարծիքներ ու համոզմունքներ հայտնելու համար։ Բայց պետք է արձանագրել, որ այսուհանդերձ, Նալբանդյանը ստիպում է թեկուզ հետազոտությունը չսիրող ու չզբաղվող մարդուն կարծիք կազմել նրա ապրած ժամանակների ու իրողությունների ընթացքի մասին. Նալբանդյանն ունակ է միտքը հիմնավորելու, պաշտպանելու։ Նալբանդյանը կարող է բացեիբաց քննադատորեն խոսել նաև հասարակության մեծ մասի կողմից մի դիրքորոշում որդեգրած, «արգելված» թեմաների մասին (Չամուռճյանին ուղղված նամակը, «Երկու տող»)։
Ընդունենք, որ շատ դեպքերում այո՛, նա ևս ընկնում է ծայրահեղության հետևից, երբեմնի իրատեսական դիրքորոշումներ տարածող գրողը, ազատության մասին շարադրելիս, օգտագործում է պաթոսային ու հուզական նկարագրություններ (ինչի համար էլ մեղադրում էր Սոսին ու Վարդիթերին Պ. Պռոշյանի համանուն վեպը քննադատելիս)։ Այդուհանդերձ, այդ նկարագրությունները նա ևս անում է վարպետորեն՝ տարատարիք ընթերցողի համար դյուրըմբռնելի։ Նալբանդյանի երկերն ընթերցելը դժվար է, եթե բացակայում են սոցիոլոգիայի, պատմագիտության, քաղաքականության, ինչպես նաև հանրությունների ու երկրների միջև մշակութային փոխհարաբերությունների մասին բազային գիտելիքները, իմացությունը, ուստի ստեղծագործություններն ընթերցելիս, այսպես ասած, հնարավոր չէ լիովին կենտրոնանալ բուն մտքի վրա, նրա հետ զուգահեռ պետք է ուսումնասիրել և այլ դրվագներ, միջադեպեր, տեղեկություններ։
Կարծում եմ՝ վերոնշյալում բավականին տեղեկություններ տրվեցին Միքայել Նալբանդյանի՝ առաջին հերթին իբրև մեծ հայրենասիրի, լուսավորչի, հետո արդեն հրապարակախոսի կյանքի, գործունեության, երկրային առաքելության մասին։ Անտարակույս, մենք դեռ բազում խորհուրդներ ունենք Նալբանդյանից վերցնելու՝ մեր առօրյան ամուր սկզբունքների վրա կառուցելու համար։ Այս համատեքստում, հարկ է նշել, որ հրապարակախոսը բազմիցս անդրադարձել է նաև հասարակական կառուցվածքին, հոսանքներին, փոխհարաբերություններին, կարողացել է եթե ոչ ճշգրտորեն, ապա յուրաքանչյուրի համար պարզ լեզվով բացատրել ներհասարակական վիճակը՝ կախված արտաքին գործոններից, կարողացել է լուսաբանել աստիճանակարգությունը և սահմանել ամեն մեկի տեղն ու դիրքն այս սանդղակում։ Նշել է մի շարք երկրների յուրահատկությունները՝ աշխարհի հետ հարաբերվելու կոնտեքստում, կարողացել է դրանք բերել ու կապել հայաստանյան իրավիճակի հետ։ Բայց, այսուհանդերձ, իմ համոզմունքն այն է, որ Միքայել Նալբանդյանի՝ ուրիշ երկրների փորձն ուսումնասիրելը կապված է եղել հայրենիքի փնտրտուքի հետ, թշվառ, անտեր հայրենիքի ազատագրման, վերականգնման հետ, և պատահական չէ, որ մերօրյա Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի բնօրինակում առաջին տողերը ոչ թե «Մեր հայրենիք, ազատ անկախ» է, այլ՝ «Մեր հայրենիք, թշվառ, անտեր», և իմ սուբյեկտիվ կարծիքով, սեփական տողերի փոխարեն փոփոխված տողերը տեսնելու, որոնք նաև կարտացոլեին բաղձալի իրականությունը, այն է՝ իրական պետությունն ու պետականությունը, մեծապես կգնահատվեին Նալբանդյանի կողմից։
Քննադատությունը՝ առաջընթացի հիմնաքար
Չի կարելի չանդրադառնալ Նալբանդյանի կողմից թերևս մանրուք համարվող իրերի ու երևույթների հասցեագրմանը։ Գրողն ամեն առաջին հայացքից թվացող չնչին երևույթներում տեսնում էր հասարակության բարոյական անկումը։ Ասվածի վառ ապացույցը մեջբերում ենք ստորև.
Օշական,
Վեհ հայերի գերեզման.
Ավերակ տաճարիդ մեջ
Մեսրոպի վայր հանգստյան,
Որ ազգին գիր պարգևեց,
Կյանք տվեց հայոց լեզվին,
Ազգը նորա զլացավ
Գիր ընծայել անշուք շիրմին:
Խարխալյալ տաճարի մեջ,
Քրիստոսյան սեղանի տակ,
Ննջում է այն մեծ հայրը.
Օշակա՛ն, քեզ փառք պարծանք:
Բայց ազգին, որ նա սիրեց,
Որի համար շատ քրտնեցավ,
Այդ ազգին ես չեմ ներում,
Որ Մեսրոպին այդպես մոռցավ:
Գետնափոր այն բեմի տակ
Սողալո՞վ պետք էր մտնել.
Կամ անթափանց խավարում
Քարը մոմո՞վ տեսանել։
Ո՛հ, Մեսրոպ, ների՛ր դու ինձ,
Իբրև որդու քո ազգի.
Ապերախտ եմ առաջիդ,
Որպես անգամ ամբողջի։
Մ. Նալբանդյան «Օշական»
Այս երկում Նալբանդյանը խոսում է հասարակության կողմից իր մեծերի ու նրանց ժառանգության նկատմամբ անտարբերության մասին։ Մի շարք պետություններ իրենց մեծագույն զավակներին հիշելու, արժևորելու ու մեծարելու նպատակով կառուցում են ոսկեզօծ տաճարներ, հանգստարաններ՝ աշխարհին իրենց վեհությունը ցույց տալու, ժողովրդի մեջ հայրենասիրական-ազգային-մշակութային ոգին պահպանելու համար, մինչդեռ մենք՝ իբրև համեստ ազգ, ինչպես կնկատեն բանաստեղծները, մեր համեստությունը դրսևորում ենք նաև մեծերին հիշելու և գնահատելու մեջ։ Սակայն շատ դեպքերում սիրում ենք նաև ստվերել մեր իրական արժեքը՝ մյուսներին ներկայանալով իբրև հասարակ մի ժողովուրդ։ Պետք է նախևառաջ սիրել քեզ, քո մեծերին, այնուհետև նայել աշխարհին, չէ որ այդ մեծերն են փորձել քեզ ու քո երկիրը տեսանելի դարձնել աշխարհի համար։ Այս հարցում կարևոր է ձևավորել հայ մեծերի հանդեպ հարգանքի, արժևորման ինքնատիպ մշակույթ, այլ ոչ թե մատնել նրանց արհամարհանքի՝ ամենաթողություն տարածելով։
Հայ մարդ, հայ ազգ, ասա՛, արդյոք
Ո՛րտեղ է քո հայրենիքդ․
Կամ ունի՞ս դու որևիցե,
Ո՛վ են արդյոք ազգակիցքդ։
Հայ մարդ, ասա՛, ո՞ւր է տունդ,
Հայ մարդ, ո՛րտեղ քո կենտրոնդ,
Ունի՞ս մի բան քեզ սեփական․
Ցույց տուր ինձ դու քո պարծանքդ։
«Ի՞նչ հայրենիք, հիմար զքեզ,
Հարցանում ես դու ինձանից․
Ուր եմ ծնած, ա՞յդ ես քննում․
Այստեղ եկած եմ Թիֆլիզից։
Ես տուն ունիմ և այն քարյա
Երկու հարկով շենք փառավոր․
Ծառաներիս թիվը չը կա,
Իմ հյուրերը հարյուրավոր։
Դու ի՞նչ կենտրոն ես հարցանում,
Իմ կենտրոնը է իմ փորը․
Ոսկի, արծաթ, հարստություն,
Ահա կյանքիս լոկ խորհուրդը։
Բան եք ուսել, հիմար զքեզ,
Թե հայրենիք պիտի սիրել․
Բայց թե ի՞նչպես հարկավոր էր,
Ամենևին չկամիք լսել։
Ես սիրում եմ հայրենիքը,
Նորան միշտ ու միշտ գովում եմ․
Օտար ազգի առաջևը
Պակասությունքը ծածկում եմ։
Ամենայն օր դուք մեր ազգը
Բամբասում եք անխղճմտանք,
Ազգի գլխից ձերպեսներով
Եկավ անցավ այնքան փորձանք․․․
Ողորմելի՜, դու կարծում ես,
Թե հայրենիքդ սիրելով
Բան կը շինես․ սխալվում ես,
Այդպես հիմար մտածելով։
Մ. Նալբանդյան «Հայ մարդու հայրենիքը»
Այո՛, հայրենիքը սիրելով է կարելի կառուցել հզոր պետություն։ Սույն երկում արտացոլված տողերը ևս մի շատ առանցքային, ֆունդամենտալ խնդրի մասին են վկայում՝ հայրենասիրության բանաձևի, հայրենասիրության արտահայտման ու դրսևորման տարատեսակների։ Պետության հզորացման, բարգավաճման, զարգացման մասին խոսելիս, շատ դեպքերում նաև երազելիս՝ պետք է համառ գտնվել ու կատարել առաջին քայլը՝ առաջիկա քննադատությունները կանխատեսելով։ Ինչպես կվկայեր հայ մեծերից մեկը՝ այս երկիրը խոսքերով սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ։ Բայց քանզի այս բանաձևն է երկար տարիներ գերիշխել (ի դեպ, խոսքը միայն մեր երկրի մասին չէ), հրապարակախոսի համոզմամբ, «այդպեսների պատճառով է այսքան փորձանք եղել»։
Հիմի է՞լ խոսենք, եղբարք, հիմի՞ էլ,
Երբ ընտանեկան երկպառակությամբ
Ուրիշ բան չունինք, բայց իրար դավել,
Եվ սարսափելի ազգուրացությամբ
Մեր նախնյաց ուխտը ոտքով կոխել ենք․
Հիմի է՞լ խոսենք։
Հիմի է՞լ խոսենք, երբ Լուսավորչի
Բնիկ ժառանգի թևերը կտրած,
Անարգ պարսիկը՝ այս ու այն թեմի՝
Կարգում է տեսուչ ըստ յուր չար մտաց
Եվ մենք դեռ «կեցցե՛ արին» գոռում ենք։
Հիմի է՞լ խոսենք։
Էլ մեր երեսին մնա՞ց մի կաթիլ
Ամոթի սուրբ ջուր, որ բերան բանանք։
Ո՛չ, թե չենք ուզում հողից հող կորչիլ,
Թշնամու արյունով մեր թրին ջուր տանք։
Ազգ, եկեղեցի փրկենք ազատենք,
Ապա թե խոսենք։
Մ. Նալբանդյան «Մամիկոնյան Մեծ Վահանի պատասխանը»
Շատերը կկարծեն, որ այս ինքնաբուխ տողերը զայրույթի, ընկճվածության արդյունք են, բայց չմոռանանք, որ Նալբանդյանի յուրահատկությունը նրանում է, որ նա կոպիտ, տեղ-տեղ չափից դուրս, բայց աչք զարնող խոսքերով բնութագրում է ժամանակի կործանարար բարքերը՝ պահպանելով իրատեսական մոտեցումները։ Նա բարձրացնում է սոցիալ-հոգեբանության էական խնդիրները՝ ենթատեքստային մակարդակով, այսինքն՝ ակնարկների, շտկման ու կատարելագործման խորհուրդներով տալով։ Միգուցե այս քննադատությունն է այն հիմնապատճառը, որ Նալբանդյանին հասարակության մի հատվածը չի սիրում, համարելով հոռետես ու սադրիչ, իսկ մյուս մասի համար նրա ստեղծագործությունները մնում են զուտ իմացական, ոչ ավելի։
Սահմանափակվելով նման ծավալուն վերլուծությամբ և հույս հայտնելով ժողովրդի ու պետության «վերադաստիարակման», «նորոգման», ի վերջո նշեմ, որ այս հիմնահարցերը միանշանակա տեղիք են տալիս խորհելու՝ վերհանելու այն բոլոր գործոնները, որոնք նպաստել են նման վերաբերմունքի ձևավորմանը։ Վերջապես, պատահական չէ, որ այնպիսի հզոր ու հռչակավոր գործիչներ, ինչպիսիք են սպարապետներ Գարեգին Նժդեհը, Վազգեն Սարգսյանը, անվանի գրողներ Րաֆֆին, Պարոնյանը, Թումանյանը, Աբովյանն ու այլք բարձրաձայնել են այս խնդիրների մասին, չեն վախեցել խոսելու այս խնդիրներից, աշխատել են հնարավորինս նվազեցնել այս խնդիրների պետության ու հասարակության ամրապնդման ու զարգացման դիտակյունից վնասակար հետևանքները։ Ամենևին էլ պատահական չի, միգուցե ժամանակն է այլ հայացքից նայելու մեզ և աշխարհին… Հետաքրքիր է, որ այս վերլուծության մեջ «Նալբանդյան» ազգանունը հիշատակվում է 36 անգամ՝ գրողի ապրած տարիներին համապատասխան։
Շնորհակալություն ուշադրության համար։