Ներկայացրե՛ք «ՀԽՍՀ տնտեսությունը, հասարակական-քաղաքական կյանքը» հետևյալ տեսակետներով.

1. ՀԽՍՀ տնտեսության ճյուղերը և զարգացման ճանապարհը

Հետպատերազմյան առաջին տարիներին խիստ բարձր էր պետական մթերումների չափաբաժինը։ Պետությունը հաճախ վերցնում էր կոլտնտեսությունների բերքի մեծ մասը, երբեմն էլ՝ ամբողջը։ 1949թ. Հայաստանում հացահատիկի հեկտարի միջին բերքատվությունը կազմեց 10,8 ցենտներ։ Նույն թվականին Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում հացահատիկի հեկտարի միջին բերքատվությունը կազմել էր 18-30 ցենտներ։

Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում դրական տեղաշարժեր կատարվում էին մեքենայացման, էլեկտրաֆիկացման, ջրաշինարարական աշխատանքների, ճահճակալած հողերի յուրացման և այլ բնագավառներում։ Ստալինի մահից հետո ԽՍՀՄ նոր ղեկավարությունը որոշում ընդունեց բարձրացնել կոլտնտեսություններից կատարվող մթերումների պետական գները՝ 5,5 անգամ՝ մսի, 2 անգամ՝ կաթի և յուղի, 50 տոկոսով՝ հացահատիկի։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ գյուղատնտեսության տնտեսական անկումը հաջողվեց որոշ չափով դադարեցնել։

Անասնագլխաքանակի անկմանը հետևեց 1950-ականների վերջին գյուղատնտեսական արտադրության նվազումը։

2. Սոցիալական վիճակը

1947-ի ԽՍՀՄ կառավարությունը դրամային ռեֆորմ իրականացրեց։

Ապրանքների բաշխման քարտային համակարգը, որը մտցվել էր պատերազմի սկզբին, վերացվեց։ Ապրանքների ազատ վաճառք էր կատարվում։ 1950-ական թթ. սկզբին կոլտնտեսականի ամսական ստացվածքը միջին հաշվով կազմում էր 164 ռուբլի՝ համարյա չորս անգամ պակաս, քան բանվոր-ծառայողներինը։

Ստալինի մահից հետո՝ 1950-ական թթ. կեսերին, ԽՍՀՄ-ում իրականացվեց մեծածավալ սոցիալական քաղաքականություն. բարձրացվեցին աշխատավարձերը, ավելացվեցին հաշմանդամության և ծերության թոշակները։ Մեծ թափով ընթացավ բնակարանային շինարարությունը։

Հայաստանի բնակչության մեխանիկական աճի համար կարևոր գործոն էր սփյուռքից և ԽՍՀՄ հանրապետություններից բնակչության ներհոսքը Հայկական ԽՍՀ։ 1945-1965 թթ. Խորհրդային Հայաստան ներգաղթածների ընդհանուր թիվը կազմեց 804 հազար, իսկ արտագաղթածներինը՝ 398 հազար մարդ։ Մեխանիկական աճը կազմեց 406 հազար, որը այդ տարիներին հանրապետության բնակչության բնական աճի 40 %-ից ավելին էր։

3. ԽՍՀՄ առաջնորդների իրականացրած քայլերը և ՀԽՍՀ-ն

Ստալինի ղեկավարության վերջին տարիներին ամբողջատիրական համակարգը հասել էր դրսևորման բարձրակետին։ 1953թ. մարտի 5-ին մահացավ Ի. Վ. Ստալինը։ Ավարտվեց մի ամբողջ պատմական ժամանակաշրջան։

Հունիսի 26-ին ձերբակալվեց Ներքին գործերի նախարար Լ. Բերիան։ Հունիսի 2-ին ԽՄԿԿ Կենտկոմի պլենումը փակ նիստում քննարկեց «Բերիայի հակակուսակցական և հակապետական հանցավոր գործունեության մասին» հարցը։ Այս նիստը շրջադարձային եղավ հասարակության կյանքում։ Երկրի ղեկավար դարձավ Նիկիտա Խրուշչովը։ ՀԽՍՀ կառավարության կազմում ևս փոփոխություններ եղան. Գ. Հարությունյանին փոխարինելու եկավ Սուրեն Թովմասյանը։ 1960-ի դեկտեմբերին ՀԽՍՀ առաջին կենտկոմի քարտուղար ընտրվեց Յակով Զարոբյանը։

1965թ. Մեծ Եղեռնի 50-ամյա տարելիցն էր։ Յ. Զարոբյանը 1964թ. հանձնարարեց մշակել այդ տարելիցը նշելու միջոցառումների նախագիծ։ Մշակված առաջարկությունների հիման վրա ՀԿԿ Կենտկոմը ԽՍՀՄ Կենտկոմ ուղարկեց «1915 թվականին հայերի զանգվածային ջարդերի 50-ամյակի հետ կապված միջոցառումների մասին» ծածկագիր նամակ, որտեղ ասվում էր, որ 1915 թ. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայի 3 միլիոն հայ բնակչությունը տեղահանվել, հետապնդվել և ոչնչացվել է։ Նամակում նշված առաջարկությունները՝ Երևանում Եղեռնի զոհերի հուշահամալիրի կառուցումը, Մեծ Եղեռնին նվիրված պատմական և գեղարվեստական գրականության հրատարակումը և այլն, ժամանակի ընթացքում իրականացվեցին։

4. Այլախոհություն

Ստալինի մահից հետո համակարգի ամբողջատիրական էությունը մնաց անփոփոխ: Սակայն այդ պայմաններում էլ երևան եկան մարդիկ, ովքեր բացահայտ չէին պահպանում խորհրդային երկրի պարտադրած կանոնները։ Նրանցից ոչ բոլորն էին իրենց համար քաղաքական ընդդիմություն, պարզապես իրենց անձնական, մասնագիտական և քաղաքացիական անկախությունը ավելի բարձր էին գնահատում և պատրաստ էին ամեն ինչ զոհելու այդ անկախության համար։

1960-ական թթ. հայտնվեց նոր հասկացություն՝ բնութագրելու համար նրանց, ովքեր ընտրել էին խորհրդային իրականությունը փոփոխելու պայքարի ուղին։ Նրանց սկսեցին կոչել այլախոհներ։ Այլախոհները ուժային միջոցներով չէին պայքարում խորհրդային իշխանության և մարքս-լենինյան գաղափարախոսության դեմ, այլ գաղափարական պայքար էին մղում՝ անընդունելի համարելով խորհրդային օրենքներին և պաշտոնականացված արժեքները։

Անկախ մտածող մարդիկ հայտնվեցին նաև այն մարդկանց շրջանում, ովքեր պահանջում էին Խորհրդային իշխանություններից պահպանել օրենքները և ԽՍՀՄ Սահմանադրությունը, միաժամանակ պայքարում էին մարդու իրավունքների պաշտպանության համար։ Նրանց կոչում էին իրավապաշտպաններ։

Հայաստանում այլախոհությունը հիմնականում կրում էր ազգային բնույթ։ 1960-ական թթ. սկզբին ազգային զարթոնքի և կորցրած պատմական տարածքները վերադարձնելու գաղափարի շուրջ համախմբված այլախոհները Հայաստանում ստեղծեցին առաջին այլախոհական կազմակերպությունները։