Ս. թ. հոկտեմբերի 30-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոց-հետազոտական վարժարանի անգլերենի դասավանդող Նունե Այդինյանի համակարգմամբ, «Թեմատիկ հանդիպումներ» նախագծի շրջանակում, տեղի ունեցավ հանդիպում Նորթվեստերն համալսարանի Քաթարի մասնաճյուղի ընդունելության և ռազմավարական հավաքագրման տնօրենի օգնական Քերոլ Քեթչիջյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին ավագ դպրոցի տարատարիք սովորողներ, խորացված անգլերենի խմբեր, դասավանդողներ, ապագա դիմորդներ։
Նախագծին կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ համակարգողի բլոգում.
Քննարկումը մեկնարկեց Նունե Այդինյանի կողմից բանախոսի հակիրճ ներկայացմամբ։ Այնուհետև խոսքը փոխանցվեց Քերոլ Քեթչիջյանին, ով ներկայացրեց Նորթվեստերն համալսարանի երկու մասնաճյուղերի գործունեությունը՝ առավել մանրամասն կենտրոնանալով Քաթարի մասնաճյուղի վրա։
Լսարանին սկզբից ներկայացվեց Նորթվեստերն համալսարանի Քաթարի մասնաճյուղի ընդունելության կարգը, շեշտադրվեց ակտիվ, նախաձեռնող, աշխատասեր ու ստեղծագործ ուսանողների ինտեգրման կարևորությունը կրթական միջավայր՝ միջմշակութային կապն ու միջազգային հարաբերությունները զարգացնելու, ամրապնդելու, փոխըմբռնումները խթանելու, համատեղ նախաձեռնություններով ու ծրագրերով հանդես գալու տեսանկյունից։ Ապագա ուսանողներին, որոնք ուսանում են Քաթարի համալսարանական մասնաճյուղում, հնարավորություն է ընձեռվում առավել մոտիկից ճանաչելու աշխարհն ու նրա բազմազանությունը, խորանալ հումանիտար բնագավառի առարկաների ու գիտությունների մեջ, զբաղվել ինքնազարգացմամբ, խորացնել մասնագիտական պրակտիկ գիտելիքները։


Ընդունելության կարգը ներկայացնելիս մասնավորապես ընդգծվեց միջազգային ստանդարտացված քննությունների արդյունքները, անձնական յուրահատկությունները, մարդկային որակները, միջին որակական գնահատականները, ինչպես նաև դասավանդողների առաջարկությունները։ Ընդունելության գործընթացի հետ զուգահեռ բոլոր ուսանողները, օգտվելով «Քաթար» հիմնադրամից, դիմում են կրթաթոշակային ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, որոնք տատանվում են ըստ բնույթների. ուսանողները կարող են դիմել 15-ամյա վճարման, աշխատանքային-պայմանագրային փոխհատուցման կամ այլ ծրագրերի՝ կախված ցուցաբերած առաջադիմությունից և համալսարանի պահանջներից։
Հանդիպման մասնակիցներն ուշադիր լսում էին Քերոլ Քեթչիջյանին՝ պարբերաբար հնչեցնելով հետաքրքրող հարցեր։ Հյուրը պարզաբանեց ակադեմիական-կրթական քաղաքում գտնվող, բոլոր անհրաժեշտ պայմաններն ունեցող, աշխարհի մասշտաբով լավագույն համալսարաններից մեկի դասավանդվող առարկաների, գիտությունների շրջանակը՝ շեշտադրելով դրանց բազմազանության կարևորությունը։ Արձանագրենք, որ համալսարանի շրջանավարտներն աշխատանքային հնարավորություններ են ստանում աշխարհի տարբեր ծայրերում ու կազմակերպություններում (ուսումնական հաստատության համար էական է հաղորդակցությունը (communication) մասնակիցների միջև)։ Առանցքային է նշել, որ ակադեմիական քաղաքում, համալսարանից բացի, գործում են նաև հետազոտության կենտրոններ, դպրոցներ, ազգային գրադարան, զբոսայգիներ և սպորտային համալիրներ, ստեղծված է ուսանողի համար բազմակողմանի զարգացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները։
Նորթվեստերն համալսարանի Քաթարի մասնաճյուղը մի հոյակապ հանգրվան է այն ուսանողների համար, որոնք ցանկանում են զարգացնել ու զարգանալ, սովորել ու սովորեցնել, առաջնորդվել ու առաջնորդել, ոգեշնչել ու ոգեշնչվել, առնչվել արտաքին աշխարհի հետ, ճանաչել իրենց և մյուսների մշակույթները, լեզվամտածողություններն ու ազգությունները, դառնալ ավելի խորաթափանց, խելացի, վերլուծող ու մտածող, աջակից ու կարեկցող, կերտել ուրույն մի պատմություն։
Ընդգծելու համար սեբաստացի սովորողների՝ արտերկրում ուսանելու և ապագա մասնագետներ դառնալու ձգտումն ու համառ պայքարի ուղին, նշենք, որ Նորթվեստերն համալսարանի Քաթարի մասնաճյուղում է սովորում 2024/2025 թթ. շրջանավարտ Արի Ագոփը, իսկ Ջորջթաունի համալսարանի Քաթարի մասնաճյուղում են սովորում 2023/2024թթ. և 2024/2025թթ. շրջանավարտներ Անգելինա Հակոբյանը և Լաուրա Թորոսյանը:


Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաև այլ կարևոր մանրամասներ՝ կապված կացարանների տրամադրման, ֆինանսավորման ծրագրերի, այլ երկրներում (մասնավորապես՝ Միացյալ Նահանգներում) կրթությունը շարունակելու հնարավորությունների, հաստատության ռազմավարությունների, ներառական միջավայրը՝ որպես փոխհասկացվածության, միջազգային հարաբերությունների, համագործակցության զարգացման խթան ընդունելու և իրագործելու հետ։
Քննարկման ավարտին տիկին Քեթչիջյանը նաև սովորողներին և իրենց ծնողներին հրավիրեց մասնակցելու «Միջազգային ընդունելության ուղեցույց» միջոցառմանը, որը կազմակերպվում է EducationUSA Հայաստանի և Նորթվեստերն համալսարանի Քաթարի մասնաճյուղի կողմից, ինչպես նաև ակտիվ երկխոսություն վարեց համալսարան ընդունվելու ցանկություն ունեցող ապագա դիմորդների հետ՝ պատասխանելով նրանց հուզող հարցերին և տալով խորհուրդներ։

Խորին շնորհակալությունս եմ հայտնում անգլերենի դասավանդող, ավագ ընկեր Նունե Այդինյանին՝ հանդիպման բարձր մակարդակի համակարգման ու անցկացման, շնորհակալ եմ Քերոլ Քեթչիջյանին՝ կարևոր, ուսուցողական, բովանդակալից ու մոտիվացնող հանդիպման համար։
© Դավիթ Մուրադյան 31.10.2025