Սույն հետազոտական նախագիծն իրականացվում է գրականության դասընթացի շրջանակներում՝ հետապնդելով հասարակության տարբեր խավերի միջև սոցիալ-հոգեբանական մակարդակով ընթացող փոխհարաբերությունների, տղամարդ-կին կապի վերհանումը, արդիական ժամանակների հետ համեմատությունը։ Նշենք, որ աշխատանքում կներկայացվեն «Մեր թաղը» ժողովածուի որոշ պատմվածքներ, որոնք հնարավորինս կարտացոլեն վերոշարադրյալ սկզբունքները։

Նախաբան. ինչո՞ւ է կարևոր ճիշտ վերնագրի ընտրությունը

Նախ և առաջ, հստակեցնենք թե՛ հետազոտության, և թե՛ հեղինակային ստեղծագործության վերնագրերը. ինչպե՞ս ստացվեց, որ «մեր թաղը» հասկացողությունը դարձավ բուն սյուժեի նկարագիր, նրանում տեղ գտած գործողությունների ընդհանրացված անվանում։ Ընդհանրապես, նման ստեղծագործությունները հայտնի են նրանով, որ կապ են ստեղծում ժամանակների միջև՝ փորձելով ցույց տալ հասարակության՝ դարերի ու տարիների ընթացքում որևէ էական կամ սկզբունքային փոփոխության չենթարկված մտածելակերպի, վարվելակերպի, աշխարհայացքի, աշխարհի հետ և ներհասարակական միջավայրում առնչվելու մոտեցումները: «Մեր թաղը» լավագույն կերպով նկարագրում է թե՛ նրանում տեղի ունեցող գործողությունները, և թե՛ մեր այսօրվա իրականությունը, երբ ամեն հարցում հասարակության որոշ շերտեր «առանձնանում են»՝ ստեղծելով ուրույն, կամ պատմական մակարդակում հասարակության մեջ ընդունված, կամ ժամանակակից ստանդարտների ներթափանցմամբ փոփոխված արժեքներին համապատասխան օրենքներ, կանոններ և այլն։ Ստեղծագործությունը բավականին դիպուկ կերպով ներկայացնում է նաև ճիշտ վերնագիր ընտրելու, գրողի կողմից սյուժեի ու ընթացքի նկատմամբ ճիշտ վերաբերմունք որդեգրելու անհրաժեշտությունը, գրական ճիշտ ու գործողությունների տրամաբանությանը համապատասխանող կերպար ստացած, այդ կերպարով ապրող, աշխարհի ու իր միջավայրի հետ հարաբերվող հերոսների ընտրության կարևորությունը։

Ինչքանով է կարևոր նաև մշակութային ենթատեքստը. հերոսների խոսակցությունների նուրբ շերտերը, հերոսների դիմելաձևերը, առնչություններն ու ընդունված հայեցակարգերը (այնպիսիք, որ ժամանակի ընթացքում դարձել են կա՛մ պայման, կա՛մ ստիպողաբար ընդունելի բանաձև)։ Պարզ ասած՝ սոցիալ-հոգեբանական-մշակութային համատեքստում, հասարակությունը, որոշ ժամանակահատվածում ապրելով որոշակի զարգացում, վերապրելով որոշակի դժվարին շրջաններ, որդեգրում է ինչ-ինչ բանաձևեր, որոնք կա՛մ ունենում են ժամանակավոր բնույթ, կա՛մ էլ մշտամնա։ Այս հարցի շուրջ կարելի է բանավիճել, քանզի արտաքինից բացահայտորեն ներմուծված չափանիշների հետ միասին բավականին լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել ոչ միայն վարվելակերպի, այլև բուն մտածելակերպի մեջ։

Երկի վերնագիրը, ըստ էության, պատահական չէ. ճանաչելով գրողներին և ձգտելով պահպանել նրանց թողած ժառանգության ոգին ու տրամաբանությունը՝ շատ դեպքերում մենք էլ ենք փորձում մտածել վերնագրեր, որոնք կծանուցեն ընթերցողին հետագա ընթացքների մասին, կկանխատեսեն նրա բովանդակությունը։ Պատմվածաշարի «մեր թաղը» հասկացությունը գերազանցապես ցուցադրում է պատմական-նահապետական բարքերով ու արժեհամակարգերով «դաստիարակված» հասարակության որոշակի շրջանակի առօրյա վարվելակերպն ու խոսակցականը։

Հակիրճ ժողովածուի մասին

Նար-Դոսը կյանքի ռեալիստական վերլուծության առաջին փորձն արել է «Աննա Սարոյան» (1888 թվական) նամականի-վիպակում, որտեղ մի ընտանիքի կործանման պատմությամբ գրողը ներկայացրել է այն մեծ խզումը, որ գոյություն ուներ մարդու իդեալների և իշխող հասարակության միջև։ Այս խզումն առավել խորությամբ է արտահայտվել «Մեր թաղը» (1889–1890 թվականներ) նովելաշարում, որտեղ յուրաքանչյուր նովել մի դրամա է։ Խավարի ու թշվառության միջավայրում մեծ չարիք են սնահավատությունն ու տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», «Ինչպես բժշկեցին»), վայրագությունն ու կոպտությունը («Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց», «Հոպոպ»), հարբեցողությունն ու բարոյական անկումը («Հոգուն վրա հասավ», «Սև փողերի տոկոսը»)։

1. Սաքուլն ուխտ գնաց

Առհասարակ, ընթերցողները ծանոթ են Նար-Դոսի՝ դժվար իրողություններն ու ներհասարակական գործընթացները հոգեբանական, հուզականության տեսանկյունից հմուտ կերպով ներկայացնելու տաղանդին։ Նար-Դոսը արևելահայ գրականության շարքերում գրավում է իր ուրույն տեղը, քանզի կարողանում է մատուցել ընթերցողին եզակի, նորարար մի միտք՝ ողողելով այն դարավոր հայկական ավանդական երանգներով ու պատկերներով։

Նման ստեղծագործություններից է «Սաքուլն ուխտ գնաց» պատմվածքը, որը ներկայացնում է ժողովրդի մի մասի՝ աջակցելու խնդրանքը ոչ ճշգրիտ ըմբռնելն ու պատահական հանդիպածներին արագորեն վստահելու ու նրանց պատվերները, թեկուզ հուսալի թվացող, անվերապահորեն իրականացնելու ցանկությունը։ Սաքուլը՝ տանջված, հյուծված, կյանքից հոգնած, կյանքի կողմից վատ ճակատագրի արժանացած մի կերպար է, որի կատարած գործողությունները աննպատակ են, նրա վիճակը՝ անկայուն ու օրհասական։ Յուրաքանչյուր քայլ, որն անում են կինն ու պատմվածքում գործող այլ, գլխավոր կերպարին հարազատ անձինք, էլ ավելի է խեղճացնում թե՛ Դուրգար Սաքոյի, թե՛ մյուսների վիճակը։ Տունը գրավ դնելու վերաբերյալ մտորումները, եղած-չեղածը վաճառելը, ընտանիքով Թելեթ մեկնելը, այս ու այն կողմ բուժման նպատակով գումար ծախսելն ի վերջո դառնում են կործանարար ու ապարդյուն։ Այստեղ մարդկանց հետ գործ ունենալու, հիվանդի հետ հարաբերվելու ձևն այնքան կարևոր չէ, ինչքան պատահական մարդկանց հետ ճակատագրական քայլեր պլանավորելը։

Բաց անողի պատվերը ինչքան էլ լինի սրտանց ու նվիրական (չխորանալով նրբությունների մեջ), միևնույնն է որոշակի դրության մեջ դառնում է անպիտան։ Նույն խաչի տակ պառկելու տեսարանը․ հարազատները գնում են այդ քայլին գիտակցաբար՝ հուսալով, որ եռօրյա «հանգիստը» Սաքուլին ոտքի կկանգնեցնի, սակայն խեղճ հիվանդը նույնիսկ չի էլ պատկերացնում նրա գլխի գալիքը։ Եվ սա մի շատ առանցքային խնդրի մասին է խոսում՝ ժողովրդի կողմից անծանոթների հանդեպ վստահության ու նրանց գործողությունների նկատմամբ հուսալիության ձեռք բերման մասին։ Այո՛, բաց անողի մշակույթը՝ որպես ընդհանրական, ժողովրդական, ազգային-ավանդական մշակույթի մի անբաժանելի մաս, միշտ եղել է, և ժողովուրդն իր զարգացման ողջ ժամանակահատվածում օգնության կոչով դիմել է նման մարդկանց (մոմ թափող, բախտ բացող), բայց չի պատկերացրել, թե դա ինչի կհանգեցնի, և արդյոք դա բնական երևույթ է։ Ի դեպ, նման «արմատացած» երևույթները շատ հիանալի կերպով է ներկայացնում Նար-Դոսը։

Եկեղեցու առաջ Սաքոյին թողնելը, այն էլ անձրևի տակ, ու չմտածելը, որ այդ անձրևը ավելի է վատթարացնելու մահամերձի վիճակը, խոսում է այն մասին, որ շատ դեպքերում մենք սիրում են գործել ոչ թե սեփական հայեցողությամբ, այլ պարտադրված կամ առաջարկված ուղեցույցով։ Այսինքն՝ սովորական բանականության փոխարեն ընտրում ենք մի այլ մոտեցում, որը թեև ասվում է որոշակի հեղինակություն վայելող մարդու կողմից, բայց համապատասխան վստահություն չի ներշնչում։ Այս համատեքստում, իհարկե, կարող են ծագել որոշ հակասություններ․ եթե ոչ մեկին չվստահեին Սաքուլին, ինչպես էին բժշկելու, սակայն փորձենք հարցն այլ տեսանկյունից դիտարկել։ Եթե կաղապարված մտածողություն չլիներ, այսինքն՝ «հեքիմը կամ բաց անողը ասեց, ուրեմն պետք է անենք առանց հապաղելու», միգուցե հնարավոր լիներ այլ լուծումների ի հայտ գալը։ Ընդունենք, որ հարցը բնավ այլ լուծումներ առաջարկելու մեջ չէ, ավելին, պատկերացնելով Նար-Դոսի արտացոլած իրականության բոլոր բացասական կողմերը, ճնշող մթնոլորտը, աղքատությունը՝ նյութական և հոգևոր, այժմ էլ դժվար կլինի համեմատականներ տանել ու ժամանակակից չափանիշներով դատել ու սահմանված լուծումներ առաջարկել։ Վերջին հաշվով դա կլինի անիմաստ։

Այսպիսով, «Սաքուլն ուխտ գնաց» պատմվածքը ոչ թե անձամբ Սաքոյի ուխտն էր, այլ իր հարազատների (այն էլ դա ավելի շատ անելանելի դրությամբ պայմանավորված քայլ էր, քան թե ուխտ)։ Հարազատները, պարզապես փորձելով օգնել հիվանդին, ավելի ծանրացրին նրա վիճակը։ Բայց արձանագրենք, որ հարազատներին մեղադրել ևս պետք չէ, քանզի նրանք ամեն ինչ անում էին, որպեսզի հիվանդը կենդանի մնա ու ապաքինվի։

2․ Հոգուն վրա հասավ

Սա մի դաժան պատմություն է, որը ներկայացնում է տղամարդ-կին (ամուսիններ), ծնող-երեխա հարաբերությունները։ Հետաքրքիր է՝ ինչու են հայկական իրականության մեջ տղամարդիկ պատկերվում որպես դահիճներ, անգութ բարբարոսներ, իսկ կանայք՝ նվաղ, մեղկ, տանջված էակներ։ Սա փաստում է, որ մեր լեզվամտածողությունը կառուցված է որոշակի ստանդարտներով, այսինքն՝ այն բեկանել, փոփոխել համենայն դեպս հասարակության մի ստվար հատվածի համար (հատկապես նահապետական բարքերով ապրող ընտանիքների) անընդունելի է։ Շատերս ենք լսել դեպքեր կամ նույնիսկ տեսել, երբ կինը դարձել է տղամարդու կողմից բռնության զոհը, իսկ երեխան՝ այդ ամենի ականատեսը (արձանագրենք, որ այդ տեսարանները խորը հետք են թողնում երեխայի հոգեբանության և մյուսների հանդեպ վերաբերմունքի վրա, խաթարում են նրա բնական հասունացումը)։ Եվ այսպիսի դեպքերը, ինչքան էլ որ տարօրինակ է, ժամանակին բավարար ուշադրության չեն արժանացել, և դրա պատճառով տուժել են բազմաթիվ մարդիկ, ընտանիքներ են քանդվել, ճակատագրեր խորտակվել։

Այս դարում բռնությունը պետք է դատապարտվի, իսկ ամեն բռնության դեպք՝ արժանանա պատկան մարմինների համաչափ արձագանքին։ Այժմ բռնությունը օրենքով արգելված է․ այն խախտողներին սպասում է կոպիտ ու խիստ պատասխանատվություն։ Եվ ես կարծում եմ, որ սա միանշանակ ճիշտ մոտեցում է, և բռնությունը՝ որպես մարդկային արատ, ինքնահաստատման, դոմինանտ դիրք գրավելու անարդյունավետ միջոց, պետք է խստագույնս պատժվի։ Եվ հակառակ շատերի կողմից բարձրաձայնելու տարակուսանքին՝ այն պետք է լինի հնչեղ ու ցույց տա դրա ողջ բացասական հետևանքները։ Մենք պետք է հասկանանք, որ միշտ չէ, որ դիմացի ընտանիքում կատարվողը «անձնական է» ու մեզ վերաբերելի չէ․ կյանքում պատահում են դեպքեր, երբ արձագանքելն ու չանտեսելը մարդկային կյանքի փրկության երաշխիք են դառնում։

3․ Հոպոպ

Պատմվածքը զինագործ Ասատուրի մասին է, որն աշխատասեր, ջանասեր մի անհատ է և կարողանում է իր արհեստով գումար աշխատել և ընտանիք պահել։ Չնայած այս մարդու աշխատանքին ու նվիրվածությանը՝ թաղեցիները նրան մականուն են դնում՝ «Հոպոպ», ինչը, համաձայն բովանդակության, վիրավորական բնույթ էր կրում։ Ասատուրին կատաղեցնելը կատարյալ զվարճություն էր՝ փաստում է հեղինակը։ Թաղի երեխաները նույնիսկ անտարբեր չէին նրան հերթական անգամ կպնելու, վիրավորելու, անվանարկելու հարցում։ Ասատուրն ամեն անգամ փորձում էր արհամարհել, որոշ դեպքերում՝ ծաղրել ու հայհոյել ի պատասխան, սակայն նրա միայնակ կեցվածքը ողջ հասարակության դեմ վերջ ի վերջո հաջողությամբ չէր պսակվելու։

Ընդհանուր առմամբ, բոլորիս քաջածանոթ վիճակ է, երբ մի մարդու, ով իր ամբողջ կյանքը նվիրում է աշխատանքին, մենք անուն ենք կպցնում․ լավ սովորողին կոչում ենք «դմբո» (ժողովրդական լեզվով ասած), մարդուն, ով փորձում է բոլորին օգտակար գտնվել՝ «հարիֆ», արդարության համար պայքարողին ու բացասական երևույթները բարձրաձայնողին՝ «գործ տվող» և այլն։ Եվ այս հասարակությունը պառակտող իրողություններին մենք ծանոթ ենք լինում մանկուց։ Ամբողջապես հայտնի չէ, թե երբ են ծագել մարդկանց՝ միմյանց վիրավորելու, ծաղրելու բուռն ցանկություններն ու ձգտումները, բայց կարող ենք փաստել, որ դրա արդյունքում շատ ու շատ մարդիկ կորցրել են իրենց կյանքը, տիրապետումը սեփական անձի նկատմամբ, քանզի հստակ է, երբ մարդու վրա, եթե նա բավարար կամքի ուժ չունի, ամբողջ հասարակությամբ հարձակվելն ու պիտակավորելը հանգեցնելու է այդ մարդու խելագարմանը, հոգեկան խանգարումների և ինքնատիրապետման կորուստին։ Իսկ սա հետագայում վերածվելու է մի նոր ծաղրական ալիքի։ Այսինքն՝ ստացվում է, որ հասարակության մի հատվածի համար հաճելի է դիմացինին նվաստացնել՝ սեփական անձը վեր դասելու «կարիքը» բավականացնելու նպատակով, ինչը կրթության պակասի, տգիտության և անգրագիտության աճի, արմատավորման հետևանք է։ Այս գործելաոճը վերջում հասցնելու է մի կետի, երբ տուժածը դրսևորելու է իրեն այնպես, որ ողջ ժողովուրդը սկսի իրենից վախենալ, ինչպես որ ցույց տվեց պատմվածքը։

Մենք պետք է խորապես գնահատենք կրթության դերը, քանզի կրթությունն է, որ ապահովում է բարեկեցիկ ու անվտանգ կյանք, հասարակությանը դարձնում է առավել գիտակից, խորաթափանց, զգայուն, հանգամանքներ վերլուծող, լուծումներ առաջարկող, արժեհամակարգեր ստեղծող, բարոյական ու իրավական օրենքներ ամրագրող ու դրանցով առաջնորդվող։ Կրթությունն ու ճիշտ արժեքների հիման վրա ձևավորված դաստիարակությունն է, որ ոտքի է հանում հասարակությանն ու կանխում նրա բարոյական անկումը։

Հետևապես, արձանագրենք, որ ինչպես բռնությունն է սոսկալի հանցանք, այդպես էլ ծաղրաբանությունն ու պիտակավորումը։ Մարդիկ պետք է առաջնորդվեն բարոյական սկզբունքներով, այսինքն՝ ոչ թե միմյանց հանդեպ զգան զզվանք ու ատելություն, այլ ընդհակառակը՝ փորձեն ամեն ինչում իրար աջակցել և ոգեշնչել․ չէ՞ որ ծաղրանքներն ու վայրկենական հաճություններն անցողիկ են, բայց մոռացման ենթակա չեն։ Այս և բոլոր հարցերում մեր գլխավոր օգնականը մեր Տերն է, ով մեզ պատգամում է․ «Վերաբերվել դիմացինին այնպես, ինչպես կվերաբերվես ինքդ քեզ հետ»։

Ամփոփում

Այսպիսով, վերոնշյալում քննարկեցինք անվանի գրող Միքայել Հովհաննիսյանի, նույն ինքը՝ Նար-Դոսի “Մեր թաղը” ժողովածուի երեք պատմվածքներ, որոնք թույլ տվեցին փոքր ի շատե պատկերացում կազմել 19-20-րդ դարերի հայ հասարակության ախտավոր ու պառակտիչ բարքերի, ներհասարակական հարաբերությունների ընթացքի, նահապետական կարգերի՝ ժողովրդի ու նրա մտածողության վրա ազդեցության վերաբերյալ։ Նար-Դոսը՝ որպես հոգեբանական գործընթացների գիտակ, մեզ վարպետորեն ներկայացնում է մարդկանց և նրանց վարմունքը՝ մատնանշելով դրանց հետագա երկարատև հետևանքները։

Ես ամենից շատ հավանում եմ Նար-Դոսի՝ իր ընթերցողի հետ անմիջական մտերմիկ շփում վարելու ունակությունը՝ երկխոսությունների, սակավաթիվ մեկնաբանությունների տեսքով, ինչպես նաև նրա գրելու ինքնատիպ «լեզուն»։ Նա կարողանում է կլանել քեզ՝ հնարավորություն տալով պատկերացնել այն իրադարձություններն ու պայմանները, որոնց միջով անցել են հերոսները։ Իսկ սա խոսում է հեղինակի բազմակողմանի զարգացվածության, իր գործի մասնագետ լինելու մասին։

Նար-Դոսի ստեղծագործությունները պետք է լրջորեն ուսումնասիրվեն, քանզի նրանցում արծարծված են սոցիալական այնպիսի թեմաներ, որոնք թե՛ երեկ էին արդիական, թե՛ այսօր։ Խորը քննության ընթացքում մեր ժամանակների հետ զուգահեռներ անցկացնելիս հասարակության մի մասին ավելի ողջամիտ ու լրջախոհ դարձնելու, բարոյական ու իրավական դաշտ վերադարձնելու ուղղությամբ քայլեր պետք է ձեռնարկվեն։ Նար-Դոսը անտարակույս իր մեծ հետքն է թողել մեր գրականության շարքերում և օբյեկտիվորեն վերլուծել է հասարակության անդամների հարաբերությունները՝ ներկայացնելով թե՛ առավելությունները, և թե՛ թերություններն ու լույս սփռելով ժողովրդին ներսից կեղեքող կենցաղավարության հատկանիշների վրա։