«Օղակ» գործողությանը դիմակայելու և ինքնապաշտպանության գործողություններ (1991 թ․ ապրիլ-հունիս)
«Օղակ» (ռուս.՝ «Кольцо») ռազմագործողությունը իրականացվել է 1991 թվականի ապրիլի 30-ից մայիսի 15-ը Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների կողմից՝ Խորհրդային Միության Ներքին զորքերի (ՄՆԶ) և Խորհրդային 4-րդ բանակի աջակցությամբ։ Այն, ըստ ժամանակագրության և իր էության, հանդիսանում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամենավաղ և ամենադաժան դրվագներից մեկը, բայցև բեկումնային նշանակություն ունեցող։
1990 թվականի վերջերին և 1991 թվականի սկզբներին իրավիճակն Արցախում ավելի էր ծանրացել։ ԽՍՀՄ և Ադրբեջանի իշխանություններն ուժեղացրել էին ճնշումներն ու բռնարարքները։ Խիստ մտահոգիչ էր վիճակը Հյուսիսային Արցախում։ Դատարկվել էին Գետաբեկի, Թովուզի, Շամխորի և Դաշքեսանի շրջանները։
«Օղակ» գործողությունը սկսվեց 1991 թ. ապրիլի 30-ին` Արցախի Շահումյանի շրջանի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի թիրախավորված գնդակոծությամբ, որի ժամանակ խաղաղ բնակչության դեմ առաջին անգամ կիրառվեցին տանկեր, մարտական ուղղաթիռներ, հրետանի: Ադրբեջանի ՆԳՆ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները (ОМОН)՝ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումների և խորհրդային բանակի աջակցությամբ, ներխուժում էին հայկական գյուղեր՝ պաշտոնապես իբրև թե «անձնագրային ռեժիմի ստուգման» համար, իսկ իրականում սպանությունների, թալանի, հայկական ազգաբնակչության նկատմամաբ ահաբեկչությունների և դրան հետևած տեղահանությունների նպատակով։
Ադրբեջանի իշխանությունները «Օղակ» գործողությունը դիտարկում էին որպես ողջ Արցախի հայաթափման սկիզբ, որը դարձավ հերթական դրսևորումը 1988-1991 թթ. Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի ԽՍՀ այլ բնակավայրերում, ինչպես նաև Հյուսիսային Արցախի գյուղերում Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրագործված էթնիկ զտման քաղաքականության։
Ապրիլի 23-ին ՀՀ ԳԽ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նամակ հղեց ԽՍՀՄ ղեկավարությանն՝ առաջարկելով շտապ միջոցներ ձեռնարկել հայ ազգաբնակչության պաշտպանության և անվտանգության երաշխիքների ապահովման համար։
Ապրիլի 26-ից խորհրդային զորքերի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի կողմից սկսվեցին Գետաշեն գյուղի պաշարման նախապատրաստական գործողությունները։
Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատները, ԽՍՀՄ զինված ուժերի և ներքին գործերի նախարարության ներքին զորքերի ստորաբաժանումների օժանդակությամբ իրականացրին «Օղակ» ռազմագործողությունը, որին մասնակցեցին ընդհանուր թվով 207 միավոր մարտական տեխնիկա (շուրջ 100 տանկ), մոտ 6000 հոգի մարդուժ, 6 ուղղաթիռներ։
Ապրիլի 30-ին թշնամին ներխուժեց Մարտունաշեն: Գյուղի ինքնապաշտպանական ուժերը՝ «Արաբո» ջոկատը՝ Սիմոն Աչիքգյոզյանի և Պռոշյանի ջոկատը՝ Կարոտ Մկրտչյանի հրամանատարությամբ անհավասար մարտի բռնվեցին։ Գյուղն անխնա հրետակոծվեց․ շուրջ 200 տնտեսություն ունեցող Մարտունաշենն ամբողջությամբ ավերվեց: Խորհրդային բանակի հրամանատարությունն առաջարկեց կրակը դադարեցնել այն պայմանով, եթե 48 ժամվա ընթացքում Գետաշենն ու Մարտունաշենն ամբողջովին հայերից դատարկվեն՝ հակառակ դեպքում հարձակումը կշարունակվի:
Չնայած ԽՍՀՄ բանակի աջակցությանը և ուժերի անհավասարությանը, հայկական կամավորական ջոկատները ցուցաբերեցին կազմակերպված դիմադրություն, հատկապես Գետաշենի, Մարտունաշենի, Շահումյանի և Հադրութի շրջաններում։ Այս դիմադրությունը հանգեցրեց նրան, որ գործողությունը չկարողացավ ամբողջությամբ իրականացվել ողջ ԼՂԻՄ տարածքում։ «Օղակ» գործողությունը նպաստեց նրան, որ հայկական ինքնապաշտպանական ուժերն սկսեցին ավելի արագ կազմակերպվել, համախմբվել և անցնել պաշտպանական նոր մարտավարության։
Թեժ մարտերում հերոսաբար զոհվեցին Թաթուլ Կրպեյանը, Սիմոն Աչիքգյոզյանը, Մարտիրոս Շահնազարյանը, Արթուր Կարապետյանը, Վալերի Նազարյանը, Զարզանդ (Հրաչ) Դանիելյանը և ուրիշներ։
Արցախահայության համար դժվարին այդ օրերին, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվել է Արցախի Հանրապետության անկախությունը, որով պետական հիմքերի վրա է դրվել ադրբեջանական ագրեսիային դիմագրավելու, հայ բնակչության անվտանգությունն ու կենսագործունեությունն ապահովելու խնդիրը։ Ընդ որում, պետական շինարարության և ԶՈւ կազմավորման գործընթացները տեղի են ունեցել զինված ընդհարումների և տեղաբնույթ մարտերի, Արցախի բնակավայրերի վրա մշտական հարձակումների ու գնդակոծությունների պայմաններում։
Խորհրդային զորքերը սեպտեմբերին հեռացել են Շահումյանի շրջանից, ինչից օգտվելով՝ ինքնապաշտպանության շրջանային ուժերը սեպտեմբերի 14-18-ին կարողացել են ազատագրել Բուզլուխ, Մանաշիդ ու Էրքեջ գյուղերը և դիրքեր գրավել Մարտունաշենից մոտ 4 կմ հեռավորության վրա։ Այս և 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Հադրութի շրջանի Տող գյուղի ադրբեջանական թաղամասի ռազմական հենակետերի վնասազերծումն ազատամարտիկների առաջին նշանակալի հաջողություններն էին։
Ամփոփում
Թեև «Օղակ» օպերացիայի, ըստ էության, որոշակի ձախողմանը, այն, Ղարաբաղյան առաջին պատերազմի համատեքստում, դիտարկելով ռազմավարական տեսանկյունից, Ադրբեջանի համար հետագա սրացումն ու օպերացիաների իրականացումը Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում, կանխարգելվեց։ Ցավոք, պետք է արձանագրենք, որ «Օղակ»-ը, Ադրբեջանի տեսանկյունից, հաջողվեց որպես Գետաշենի և Մարտունաշենի էթնիկ զտման գործողություն, սակայն ձախողվեց որպես ռազմավարական քայլ՝ ճնշելու հայկական ինքնորոշման ձգտումը և կանխելու ապագա լայնածավալ պատերազմը։ Այն ցույց տվեց, որ հայ բնակչությունը պատրաստ է պայքարել մինչև վերջ։
Օգտագործված աղբյուրներ․