Հունվարյան ամենամյա ուսումնական ճամբարի շրջանակներում 12-րդ դասարանի սովորող-շրջանավարտներն իրականացնում են «Սովորող-սովորեցնող» նախագիծ կրթահամալիրի բոլոր մասնաճյուղ-դպրոցներում։ Որպես նախագծի անցկացման հաստատություն՝ ընտրել եմ Արևելյան դպրոց-պարտեզը։

Տարիքային խումբ՝ 2-4-րդ դասարաններ
Անցկացման հաստատություն՝ Արևելյան դպրոց-պարտեզ
Հաստատության ղեկավար՝ Նառա Նիկողոսյան
Նախագծի համակարգող և խորհրդատու ուսուցիչ՝ Լիլիթ Յախինյան

Նախագծի նպատակները՝

  1. Տեխնոլոգիական գրագիտության հիմքերի ստեղծում:
    Ձևավորել ճիշտ և անվտանգ աշխատանքի մշակույթ համակարգչի հետ՝ զարգացնելով թվային աշխարհում կողմնորոշվելու նախնական հմտություններ։
  2. Ստեղծագործական և հաղորդակցական հմտությունների զարգացում։
    Օգտագործել պարզ ՏՏ գործիքներ (օրինակ՝ բլոգ, Office ծրագրեր) սեփական մտքերն ու գաղափարները ներկայացնելու և կիսվելու համար։
  3. Նախագծային մտածողության և ինքնաարտահայտման խթանում:
    Սովորողներին հնարավորություն տալ ստեղծել իրենց փոքրիկ թվային «նախագիծը» (օրինակ՝ պարզ փաստաթուղթ, կարճ բլոգային գրառում), որը կբարձրացնի նրանց ինքնավստահությունն ու հետաքրքրությունը։
  4. Հեղինակային կրթական ծրագրի զարգացում։
    Սովորողներին հնարավորություն տալ փորձելու և զարգացնելու հեղինակային կրթական ծրագրի առավելություններն ու հնարավորությունները։

Նախագծի ոլորտը, ըստ էության, բավականին նպատակահարմար է, քանզի անցկացվելու է «անցումային» տարիքային խմբերում, որոնք նոր-նոր են սկսելու ճանաչել թվային աշխարհը, կիրառելու թվային միջոցներ (ուսումնական բլոգ, հավելվածներ, ծրագրեր)՝ համացանց մուտք գործելու, կողմնորոշվելու, նրա հնարավորությունները ճիշտ օգտագործելու տեսանկյունից։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ սովորողները հետագայում բացելու են նաև ուսումնական բլոգներ և կրթական համապատասխան հարթակներ, ուստի այս դասավանդման ուղղությունը համացանցին ու նրա հատկություններին ծանոթանալու նախադրյալ կհանդիսանա։

Նախագծի խնդիրները՝

  1. Մուտքագրման հիմունքների ներկայացում, պարզ տեքստային ծրագրերի (օրինակ՝ Word) ստեղծման և կարճ նախադասությունների մուտքագրման ուսուցանում։
  2. Համակարգչային ծրագրերի առանձնահատկությունների ներկայացում, աշխատանք հավելվածների հետ (ցույց տալ, թե ինչպես կարելի է տեքստը դարձնել թավ կամ փոխել տառաչափը/գույնը)։
  3. Պատկերի ավելացման հմտության զարգացում (օրինակ՝ WordPress, PowerPoint կայքերի պարզագույն շրջանակում)։
  4. Բլոգի իմաստի, նշանակության պարզաբանում։
  5. Անվտանգության կանոնների բացատրում, ընձեռվող հնարավորությունների ներկայացում:
  6. Սովորեցնել, թե ինչպես է պետք անվտանգ պահել անձնական տեղեկությունները համացանցում (օրինակ՝ չհրապարակել հասցե կամ հեռախոսահամար): Կարճ գրառման ստեղծում: Խրախուսել սովորողներին գրել շատ կարճ գրառում՝ իրենց սիրելի խաղալիքի կամ անցկացրած օրվա մասին։

Ուսուցանվող նյութեր, աղբյուրներ՝

  1. WordPress
  2. Բլոգավարության հիմունքներ, տեսական-գործնական
  3. Microsoft Office (Word, Power-Point)
  4. Կրթական այլ ծրագրեր, հավելվածներ

Օր 1

Արևելյան դպրոց-պարտեզում իրականացվելիք առաջին պարապմունքները կրում են ծանոթական-ճանաչողական բնույթ։ Հանդես գալով նախագծի հակիրճ բացատրմամբ՝ հնարավորություն է տրվում սովորողներին ծանոթանալու հետագա պարապմունքների բովանդակությանն ու մեթոդաբանությանը։ Ծանոթական դասերի ընթացքում տրվում են հստակ բացատրություններ առ այն, թե ինչ են անցնելու սովորողները, ինչ միջոցառումների են մասնակցելու (քննարկումներ, ինտերակտիվ խաղեր և այլն), և իհարկե ինչ գիտելիք են ձեռք բերելու։ Այսպիսով, երկու դասարաններում (2-2 և 3-1) առաջին պարապմունքներն անցկացվել են այս ձևաչափով, և դրա շնորհիվ մենք միմյանց ավելի լավ ենք սկսել ճանաչել։

Օր 2

Երեքշաբթի՝ հունվարի 13-ին, Արևելյան դպրոց-պարտեզի երրորդ դասարանի սովորողների հետ դասընթացը կազմակերպելու ենք ինտերակտիվ ձևով, այն է՝ թվային գրագիտությանն առնչվող խաղերի անցկացում: Ինտերակտիվ խաղերի ցանկին և բովանդակությանը, ինչպես նաև կանոններին ծանոթացե՛ք ստորև։

Դասընթացներում կիրառվելիք համացանցային ինտերակտիվ խաղեր

Դասարանում կազմակերպվելիք խաղեր․

1․ «Գուշակիր թվային բառը»

Նպատակը. 2 րոպեում հարցերի միջոցով գուշակել թվային աշխարհին վերաբերող թաքնված բառը։

Խաղի կանոնները.

  1. Կամավորի ընտրություն. Մեկ աշակերտ դուրս է գալիս դասարանից։
  2. Բառի ընտրություն. Դասարանը մտապահում է թվային գրագիտությանը կամ բլոգավարությանը վերաբերող մի բառ (օրինակ՝ Գաղտնաբառ, Բլոգ, Մեկնաբանություն, Համացանց, Հղում):
  3. Հարցերի տեսակը. Կամավորը կարող է տալ միայն այնպիսի հարցեր, որոնց դասարանը կարող է պատասխանել միայն «Այո» կամ «Ոչ»:
    • Օրինակ՝ «Այդ իրը կարո՞ղ եմ ձեռքով բռնել» (Ոչ), «Դա գրվո՞ւմ է համակարգչով» (Այո):
  4. Ժամանակը. Կամավորը ունի ընդամենը 2 րոպե: Ուսուցիչը կարող է հեռախոսով վայրկյանաչափ միացնել, որպեսզի խաղն ավելի ազարտային լինի։

Թիրախային բառերի ցանկ

  1. Գաղտնաբառ (Password)
  2. Բլոգ (Blog)
  3. Մեկնաբանություն (Comment)
  4. Մկնիկ (Mouse)
  5. Պլանշետ (Tablet)
  6. Լուսանկար (Photo)
  7. Տեսանյութ (Video)
  8. Էկրան (Screen)
  9. Կայք (Website)
  10. Համակարգիչ (Computer)

2․ «Ցանցային փոստատար» (Շղթա խաղ) կամ «փչացած հեռախոս»

  1. Թվային կապը․ Սա նման է բլոգում տեղեկություն տարածելուն. այն շատ արագ է հասնում բոլորին, բայց կարող է սխալ ընկալվել։
  2. Նպատակը․ Սովորել տեղեկատվության տարածման արագությունը և վտանգը։
  3. Ընթացքը․ Երեխաներին նստեցրեք շրջանով։ Առաջին երեխայի ականջին մի «գաղտնիք» ասեք (օրինակ՝ «Արամը սիրում է կանաչ խնձոր»)։ Նա պետք է արագ փոխանցի մյուսին։
  4. Կանոնն ու վերջնանպատակը․ Վերջում տեսնել՝ արդյոք տեղեկությունը չաղավաղվեց։

Օր 3

Սույն պարապմունքի համար նախատեսված աշխատանքներն են.

  1. CapCut խմբագրային ծրագրին, նրա հատկություններին ու գործառույթներին ծանոթացում
    • Սովորում ենք օգտագործել CapCut ծրագիրը
    • Ծանոթանում ենք ծրագրի առանձնահատկություններին, գործիքներին
    • Դասընթացի վերջում կարճատև տեսանյութի պատրաստում և ցուցադրում
  2. Նախորդ պարապմունքների ընթացքում տեսական գիտելիքն ավելի ամրապնդելու համար երկու մշակված ինտերակտիվ խաղերի անցկացում (առաջին խաղը՝ հարցում, երկրորդը՝ բլոգի ստեղծում և կառավարում)

Երրորդ օրվա համար նախապատրաստված համացանցային խաղը՝ «Իմ դպրոցը, ընկերը և ես»

Խաղ-նախագիծ. «Մեր դասարանի երազած բլոգը»

Տևողություն. 15-20 րոպե
Ձևաչափ. Թիմային աշխատանք համակարգիչներով

1. Թիմերի աշխատանք (15 րոպե)

  • Թիմ 1. «Բովանդակության ստեղծողներ» (Գրողներ)
    • Առաջադրանք. Թղթի վրա գրել 3-5 թեմա կամ վերնագիր, որոնց մասին կցանկանայիք պատմել բլոգում։
    • Օրինակ՝ «Ինչպես ենք խնամում մեր դպրոցի ծաղիկները», «Մեր դասարանի ամենազվարճալի դեպքը», «Իմ սիրելի գրքի խորհուրդը»։
  • Թիմ 2. «Թվային ձևավորողներ» (Դիզայներներ)
    • Առաջադրանք. Թղթի վրա գրել (կամ նկարել), թե ինչպիսի տեսք պետք է ունենա բլոգը։
    • Օրինակ՝ «Ֆոնը լինի բաց կապույտ՝ ամպիկներով», «Լինի մեծ դեղին կոճակ, որի վրա գրված է՝ Սեղմիր ինձ», «Կողքերից լինեն փոքրիկ էմոջիներ»։
  • Թիմ 3. «Անվտանգության և կապի մասնագետներ»
    • Առաջադրանք. Գրել, թե ինչպես պաշտպանել բլոգը և ինչպես շփվել ընկերների հետ։
    • Օրինակ՝ «Ստեղծել գաղտնաբառ՝ կազմված 7 թվից», «Գրել միայն բարի մեկնաբանություններ», «Չդնել տան հասցեն»։

2. Միավորում և արդյունք (5 րոպե)

Ժամանակը լրանալուն պես մենք հավաքված տեքստն ուղարկում ենք արհեստական բանականությանը. վերջինիս գործը կլինի մեր պատկերացումները կյանքի կոչելը։

Վերջնարդյունք

Ստորև կարող եք գտնել յուրաքանչյուր աշխատանքային օրվա ամփոփումը՝ լուսանկարներով, հետաքրքրաշարժ ու զվարճալի տեսանյութերով․

Լուսաբանումներ դասվարների բլոգում՝