«ՄԱԿ-ը միակ վայրն է, որտեղ ամբողջ մարդկությունը կարող է նստել մեկ սեղանի շուրջ և խոսել»։

Քոֆի Անան (ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար)

Սույն թվականի հոկտեմբերի 24-ին՝ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում բարձր մակարդակով տոնվեց Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հիմնադրման հոբելյանական 80-ամյակը։ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը՝ մշտական համակարգող տիկին Ֆրանսուազ Ժակոբի և ՄԱՏԿ հաղորդակցության ղեկավար տիկին Արմինե Պետրոսյանի գլխավորությամբ, մեծ շուքով և հանդիսավորությամբ տոնեց միջազգային ամենահեղինակավոր ու ազդեցիկ կառույցի տարեդարձը, որին հրավիրված էին ՀՀ փոխվարչապետ պրն․ Մհեր Գրիգորյանը, կառավարության և հասարակական, կրթական-գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, մշակութային-քաղաքական գործիչներ և այլք։

Հանդիսավոր տոնակատարության կազմակերպչական հարցերում, «Ծանոթանում ենք հաստատություններին» նախագծի շրջանակում, որպես կամավորներ ներգրավվեցին նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոց-հետազոտական վարժարանի մի խումբ սաներ՝ անգլերենի դասավանդող տիկին Նունե Այդինյանի համակարգմամբ և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի անմիջական հովանավորությամբ։

Ավագ դպրոցի սովորողների գործունեության հիմնական ուղղությունները կենտրոնացած էին արարողակարգերի կազմակերպման, պաշտոնական դիմավորումների և ընդունելությունների իրականացման վրա։ Սովորողները, շփվելով և հաղորդակցվելով օտար պետություններ ներկայացնող դեսպանների, տարբեր պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ըստ էության, ոչ միայն զարգացնում էին իրենց հաղորդակցման հմտությունները, այլև՝ ձեռք բերում նոր գիտելիք դիվանագիտության, միջազգային հարաբերությունների, քաղաքական գործընթացների, ինչպես նաև արարողակարգերի վերաբերյալ։

Նման բարձրամակարդակ միջոցառման մի մասնիկը դառնալը ոչ միայն եզակի հնարավորություն էր, այլև մեծագույն պատիվ, քանզի կամավոր սովորողներից յուրաքանչյուրը քաջ գիտակցում էր արարողության նշանակությունն ու պատշաճ ընթացքի ապահովման կարևորությունը։

Խոսելով ՄԱԿ-ի՝ որպես համաշխարհային կոորդինատորի, անվտանգության երաշխավորողի, համախմբող ուժի պատմական զարգացման և արդի աշխարհում նրա ազդեցության մասին, հարկ ենք համարում հիշատակել փոխվարչապետի ելույթից մի հատված.

«Տասնամյակներ առաջ անցնելով պատերազմի ու մարդկային ողբերգության արհավիրքի միջով՝ աշխարհը միավորվեց ամուր համոզմամբ, որ խաղաղությունը, համագործակցությունը, զարգացումը և մարդու իրավունքները պետք է դառնան մարդու համակեցության հիմնասյուները։ Այսպես ստեղծվեց Միավորված ազգերի կազմակերպությունը, որի գոյության 8 տասնամյակները նշանավորվել են միջազգային խաղաղության ապահովման, աղքատության վերացման, կանանց և խոցելի խմբերի առաջխաղացման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման ոլորտներում բազմաթիվ հաջողություններով»։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

Տոնակատարությանը զուգահեռ անցկացվում էր նաև կենսաբազմազանության ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի բացառիկ բնությանը, որը լինելով աշխարհի կենսաբազմազանության 34 «թեժ կետերից» մեկը, ևս մեկ անգամ շեշտադրում էր համամարդկային և համաշխարհային նշանակության խնդիրների շուրջ համախմբման, դրանց քննարկման և արդյունավետ լուծումների որոնման կարևորությունը։ Այս ցուցահանդեսը ներկայացնում էր Հայաստանի բուսական ու կենդանական աշխարհի հազվագյուտ և վտանգված տեսակները, այդ թվում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցվածները, միաժամանակ ընդգծելով դրանց շարունակական պահպանման կարևորությունը: Եվ այս համատեքստում հատկապես նշվեց Հայաստանի՝ որպես գալիք տարում կենսաբազմազանության COP17 համաժողովը հյուրընկալող, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ուղղությամբ ջանքեր գործադրող, կայուն զարգացման ծրագրեր իրականացնող պետության առանցքային ու խորհրդանշական դերը։

«Եվ հաջորդ տարի, որպես կենսաբազմազանության COP17-ը հյուրընկալող երկիր, Հայաստանը կրկին կբարձրացնի ջահը՝ գլխավորելով մեր մոլորակի ամբողջականության և գեղեցկության պահպանմանն ուղղված ջանքերը»։

ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող Ֆրանսուազ Ժակոբ

Միջոցառման պաշտոնական հատվածի ավարտին անցկացվեց տորթի կտրման արարողություն, որն ուղեկցվեց ջերմ երկխոսություններով, հետագա համագործակցության պլանավորումներով, ավելի խաղաղ և բարեկեցիկ աշխարհի ստեղծման գաղափարների, մտքերի փոխանակումով։

Հետազոտական վարժարանի սովորողների կամավորական գործունեությունը ՄԱԿ-ի կողմից կազմակերպված տոնակատարության շրջանակներում, ըստ էության, մասնագիտական կողմնորոշման ուղղություններից մեկն էր։ Այն, զուգորդվելով ՄԱԿ-ի Երևանյան մոդել (YereMUN) ՀԿ-ում իմ ներգրավվածությամբ ձևավորված ինստիտուցիոնալ ընկալումների հետ, անկասկած նպաստեց կազմակերպչական, հաղորդակցական հմտությունների, պատասխանատվության և պարտաճանաչության մակարդակների էական զարգացմանը, միջազգային հարաբերությունների և արարողակարգերի վերաբերյալ առավել ճշգրիտ պատկերացման ձևավորմանը, նոր կապերի և ծանոթությունների հաստատմանը, ինչպես նաև հնարավորություն տվեց գործնական միջավայրում ծանոթանալ հանրային միջոցառումների պլանավորման և իրականացման առանձնահատկություններին։

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում անգլերենի դասավանդող Նունե Այդինյանին՝ մեր մասնակցությունը խրախուսելու և անգնահատելի աջակցություն ցուցաբերելու, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին և ՄԱՏԿ հաղորդակցության ղեկավար Արմինե Պետրոսյանին՝ մեզ նման եզակի հնարավորություն ընձեռելու, ՄԱԿ-ի 80-ամյակին նվիրված տոնակատարությունը բարձր մակարդակով անցկացնելու համար։

Եվ վերջում, թույլ տվեք ևս մեկ անգամ ջերմորեն շնորհավորել Միավորված ազգերի կազմակերպությանը՝ մաղթելով հաջողություններ համայն աշխարհում անվտանգության, բարեկեցության և խաղաղության ամրապնդման, ազգերի և ժողովուրդների միջև կապերի և փոխըմբռնման, համագործակցության զարգացման վեհ առաքելության իրականացման գործում։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի լուսաբանումը՝ ՄԱԿ-ի 80-ամյակը Հայաստանում. համատեղ առաջընթաց և կայուն ապագա

Հայաստանի Հանրապետության կառավարության լուսաբանումը՝ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման ութսունամյակի առթիվ

© Դավիթ Մուրադյան 13.12.2025