Քո գործը, քո գործը միայն քո անունը կպահե։
Խաչատուր Աբովյան
Հանրահայտ ասացվածք է՝ «բարդ ժամանակները ծնում են ուժեղ մարդկանց»․ բայց արդյո՞ք այդ ուժեղ մարդիկ, առաջնորդվելով սեփական սկզբունքներով, հաշվի առնելով դժվարին ժամանակներ ծնած իրողությունների բարդ հաջորդականությունը, կարողանում են միշտ հաղթանակած դուրս գալ։ Ճի՞շտ է, որ նրանք թողնում են հետագա սերունդներին մի անմահ գաղափար՝ որոշ դեպքերում հայրենիքի փրկության, այլ դեպքերում՝ կործանիչ խավարից ազատագրման։ Եվ վերջ ի վերջո, ինչո՞ւ ենք մենք՝ ժամանակակիցներս, այդ անհատներին, որոնք արդեն քանի դար է Երկիր մոլորակի վրա գոյություն չունեն, և որոնք, ըստ էության, մեծամասամբ գործել են իրենց իսկ մտածելակերպով և առաջնահերթություններով, կոչում հեղափոխական կամ լուսավորիչ։
Խոսելով Խաչատուր Աբովյանի ու նրա թողած հետքի մասին՝ մենք շատ դեպքերում չենք էլ խորանում՝ հասկանալու, թե ինչ մեծ դեր ունի այդ մտավորականը՝ ժամանակակից հայ հասարակության, կարելի է ասել, «ներաշխարհի», հայեցողության և աշխարհայացքների ձևավորման գործում, այլ բավարարվում ենք լոկ նրա արտահայտած մտքերով։ Ճանաչելով նրա գրելաձևը՝ հստակ կարող ենք ասել, որ ամեն մի միտք ոչ թե պարզապես նախադասություն է, այլ մի ահռելի ազդեցություն ունեցած իրադարձության հանդեպ որոշակի վերաբերմունք որդեգրած գործչի՝ լսարանին այն ժամանակների վիճակի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու միջոց։ Եվ եթե մենք այս հարցում խորանանք, ապա կտեսնենք, որ Աբովյանը, չնայած որ ապրել է բավականին բարդ աշխարհաքաղաքական վերադասավորումների, պատերազմների, ներքին խռովությունների դարաշրջանում, ասել է թե՝ համեմատաբար ավելի վատ շրջանում, քան մենք այսօր, միևնույնն է պահել ու փայփայել է վերջին՝ իր հայրենիքը անկախ և իր ժողովրդին՝ ազատ և ինչը երևում է նրա գրվածքից՝ աշխարհին ու հային հարիր գրագետ տեսնելու հույսը։ Ինչպես մեր մյուս հանրաճանաչ գործիչների, այդպես էլ՝ Աբովյանի պարագայում (եթե նրան իսկապես ցանկանում ենք ընկալել և ընդունել որպես լուսավորիչ)՝ մենք անպայմանորեն պետք է խորանանք նույնիսկ առաջին հայացքից մանրուք թվացող պարզ ձևակերպումների և մեջբերումների մեջ։
Ընդհանրապես, տարածված մոտեցում է եղել և այժմ էլ որոշ չափով մնում է, որ արժանապատիվ անկախությունը, խաղաղությունը կամ բարեկեցությունը որևէ ժողովրդի կամ երկրի պետք է ձեռք բերվի կռվի գնով։ Այս մոտեցումը կիրառել են, ինչպես պատմությունն է ցույց տալիս, աշխարհի բոլոր ազգերն ու պետությունները՝ քարտեզի վրա իրենց ուրույն տեղը զբաղեցնելու նպատակով։ Անկասկած, այն ժողովուրդները, որոնք իրենց գոյատևման ընթացքում ստեղծել են եզակի մշակույթ ու ավանդույթներ, կերտել են պատմություն, աշխարհին նվիրել են դարակազմիկ ու հանճարեղ անհատների, բարոյական արժեքներից ելնելով, պետք է մաքառեն իրենց վաստակած, իրավացիորեն վաստակած խաղաղության և անկախության համար։ Սակայն, հարցը տեղափոխելով աբովյանական պայքարի դաշտ, մշակութային և պատմական տեսանկյունից, բացի կռվից ու ընդվզումներից, հնարավո՞ր է գտնել մեկ այլ ճանապարհ՝ ժողովրդին մեկ համընդհանուր գաղափարի, այն է՝ ստրկացնող ու կեղեքող վարչակարգի դեմ դուրս գալու, պետություն կերտելու շուրջ միավորելու (միգուցե իրավունք ունենք այդ մոտեցումը կոչել դիվանագիտական): Փաստորեն, Աբովյանը ունակ էր գտնելու մեկ այլ, եթե չանվանենք շրջանցող, ապա գոնե փոխարինող, այն է՝ հասարակության հոգեբանությունն ու լեզվամտածողությունը, հարևան ժողովուրդների և սեփական հասարակության ու վերնախավի ներկայացուցիչների հետ հարաբերվելու ձևերը փոփոխելու տարբերակ։ Իհարկե, նման հարցեր քննարկելիս միշտ պետք է ուշադրություն դարձնել ժամանակային ենթատեքստին, քանզի արդի ընկալումներն ու դատողությունները հաճախ ծայրահեղ և չափազանց անկարելի են լինում հին ժամանակների իրավիճակի վրա պրոյեկտելու դիտանկյունից։ Ամեն դեպքում, ուսումնասիրելով տեղական ավանդազրույցները, պատումները, մեր պապերից մեզ հասած ժառանգությունը, կկարողանանք գոնե որոշակի չափով պատկերացում կազմել այն ժամանակների սոցիալ-քաղաքական-տնտեսական գործընթացների վերաբերյալ։
Խաչատուր Աբովյանը, ինչպես արդեն նշեցինք, պայքարը տեղափոխեց գաղափարական միջավայր, փորձ արեց համոզելու ժողովրդին, որ այն ուղին, որը նա բռնել է և այն պատկերացումը, որը նա թողել է հարևանների և քաղաքակիրթ աշխարհի այլ երկրների, հասարակությունների մոտ, մեղմ ասած՝ թյուր է, իր պատմական զարգացմանը, ժողովրդի վարվելակերպին չհամապատասխանող, չբնորոշող։ Աբովյանը, իրեն հատուկ ջերմությամբ և անմիջականությամբ, բացատրեց, թե հետագայում և իր արդիականության մեջ ինչքան աղետավոր և ներսից հարստահարող է եղել այլ վարչակարգերի կողմից ստեղծված և հասարակության կենսագործունեության ընթացքում զարգացած, ամրապնդված, կարելի է ասել՝ դաջված այդ սոցիալ-հոգեբանական տարրը։
Լեզվի մեջ, ինչպես մաքուր հայելու մեջ ցոլանում է մի ազգի առանձնահատկությունը,
նրա կուլտուրան, մինչև անգամ նրա քաղաքական վիճակը։
Աբովյանը ժողովրդի լեզվով բացատրեց իրենց իսկ արատները, զարգացման խոչընդոտներն ու պատնեշները, բայց միևնույն ժամանակ մատնանշեց նաև նրա լուսավոր ուղին՝ առաջարկելով պառակտված, պետության գաղափարի ներքո չհամախմբված ազգի ապագայի իր իսկ տեսլականը։ Եվ այստեղ կարևոր է ուշադրություն դարձնել «ժողովրդի լեզու» ասվածին, քանզի այն է, որ բնորոշում է անմիջական կապը ժողովրդի և նրա ապագան որոշողների միջև։ Հավանաբար ծանոթ ենք այն գրողներին, որոնք թողել են ահռելի գրական հուշարձաններ, մտավոր գանձարաններ, սակայն ուսումնասիրելով դրանք, շատ դեպքերում չենք էլ հասկացել, թե ինչ են նրանք ցանկանում փոխանցել, զգուշացնել, և թե ինչ ենք մենք՝ ընթերցողներս, ցանկանում քաղել։ Պատճառը շատ պարզ է. նրանք չեն գրել այնպես, որ հասարակ մարդուն հասկանալի լինի, նրանք մտավոր լեզուն մեկ այլ աստիճան են բարձրացրել՝ իրենց հետևից չտանելով ժողովրդին, որն հենց այդ նույն մտավոր լեզվի կրողն է և խթանողը։ Եվ սրա հետևանքով է, որ բազմաթիվ գաղափարներ, համոզմունքներ և մտադրություններ այդպես էլ մնացին չիրագործված՝ չնայած որ ունեին կյանքի կոչվելու ողջ ներուժն ու հնարավորությունը։ Պատկերացնելու համար, թե ինչպես է մտավորականը հարաբերվում իր լսարանի, ընթերցողների (կարող ենք ասել՝ գաղափարակիցների, հետևորդների, լուսավորողների) հետ, առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ մեջբերումներին.
- Էսքան բաները լսեցիր, սի՛րելի կարդացող, բաս ի՞նչպես չի սիրտդ վառվել, որ դու է՛ն ազգի որդին ես, որ էսքան տանջանք քեզ համար քաշեց, ինքը նահատակվեց, քո կաթդ ու արինդ ուրիշ ազգի հետ չխառնեց։ Էնպես կարծում ես քի՞չ բան ա, հազար տարով էս օրը քաշիլ, էլի ազգ պահիլ, որդի մեծացնիլ, անուն, լեզու, հավատ ունենա՞լ։ Ա՜խ, էս միտքը անողը էլ ի՞նչ սիրտ պետք է ունենա, որ իր լեզուն, իր ազգը չսիրի։
- Ձե՛զ եմ ասում, ձե՛զ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անումին մեռնի՛մ, ձեր արևին ղուրբա՛ն․ տասը լեզու սովորեցե՛ք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցե՛ք։ Մեկ դարտակ լեզուն ի՞նչ ա, որ մարդ չկարենա սովորիլ։ Բաս չե՞ք ուզիլ, որ դուք էլ գրքեր գրեք, ազգի միջումն անուն թողաք, ձեր գրքերն էլ օտար ազգեր թարգմանեն, ձեր անունը հավիտյանս հավիտենից մնա անմահ։ Ինչ կուզե ֆրանցուզերեն, նեմեցերեն գիտենանք, մենք չենք կարող էնպես բան գրիլ, որ նրանց միջումն անուն ունենա, չունքի նրանց միտքն, նրանց սիրտն ուրիշ ա, մերն՝ ուրիշ, մեկ էլ, որ նրանց միջումն էնքան գրող կան, որ ո՛չ թիվ կա, ո՛չ հեսաբ։
- Աստված կյանք տա էն ծնողացը, որի որդիքն ինձ մոտ են։ Նրանց առաջին խնդիրն միշտ էն ա էլել, որ նրանց որդիքը հայերեն լավ գիտենան։ Գերեզմանն էլ որ մտնիմ, նրանց էս սուրբ խոսքը մտքիցս չի՛ գնալ։
Ահա այսպես է մեծ գրողը նախընտրում խոսել իր ընկերների, ընթերցողների հետ։ Ուղիղ կապի մեջ մտնելով իր իսկ կողմից անվանված բարեկամի հետ՝ նա փորձում է իր մեջ արթնացնել այն ննջող հուրը, հայրենիքի ազատագրման մթագնած ծրագրերը, ինչպես նաև փարատել նրա անտարբերությունը ճակատագրական իրավիճակի նկատմամբ։
Մի շարք հետազոտողներ, մասնագետներ, անվանի գործիչներ պատահական չէ, որ Խաչատուր Աբովյանին Սբ. Գրիգոր Լուսավորչից հետո արժանավորապես կոչում են լուսավորիչ։ Եթե առաջին եպիսկոպոսապետը դարձի բերեց ժողովրդին՝ միավորելով Մեր Տեր Աստծո՝ Հիսուս Քրիստոսի կենարար ու փրկավետ գաղափարների, բարոյական օրենքների ներքո, ապա Խաչատուր Աբովյանը էլ ավելի զարգացրեց հոգևոր կացության, նորոգության, միմյանց հանդեպ խելքով ու սրտով գործելու կոնցեպտը՝ այն հասարակության վերածնման դիտանկյունից դարձնելով օրհասական և պարտադիր։ «Լուսավորիչ» եզրույթը նշանակում է լուսավորող, այն է՝ խավարի վրա լույս սփռող, և մենք Աբովյանին միանշանակ կարող ենք անվանել լուսավորիչ, որովհետև նա լուսացրեց ժողովրդի խավարած միտքն ու վարմունքը՝ անորոշ կարգավիճակը վերափոխելով ոտքի կանգնելու եզակի հնարավորության։ Նա ուղիղ ասեց, թե ինչի համար է նման քայլերի դիմում, որն է այդ քայլերի բուն նպատակը, ինչ խնդիրներ է նա տեսնում։
Երբեմնի մոլորյալ կոչված Աբովյանը մոլորված ժողովրդին դարձի բերելու, իր պատմական զարգացման ուղի վերադարձնելու ջանքեր արեց, որոնք էլ տասնամյակներ, նույնիսկ աներևակայելի դարեր հետո արդյունավետ եղան և որոշ չափով դարձան արդի պետության կայացման գաղափարական, հոգևոր հենք և հիմնասյուներ։
Լեզու՜ն, լեզուն է, որ փոխում է մարդկանց, որ ցույց է տալիս մարդկանց. այն մի անքակտելի առհավատչյա է այն բանի, որ մենք կանք, ապրում ենք, արարում։ Լեզունն ու կրոնն են, որ ազգերին տեղափոխում են զարգացման մեկ ուրիշ բարձր, բոլորովին այլ մակարդակ՝ կանոնավոր այլ ազգերից դարձնելով առանձնահատուկ։
Սբ. Գրիգոր Լուսավորիչը կրոնական պատկերացումները վերափոխեց հավատքի, իսկ Աբովյանը՝ լեզուն դարձրեց մի ուրույն դավանանք՝ անաղարտ, անսխալ, անփոխարինելի։
Ա՛խ, լեզո՛ւն, լեզուն որ չըլլայ, մարդ ինչի՞ նման կ՛ըլլայ։ Ազգը պահողը, իրար հետ միացնողը լեզուն է ու հաւատքը։ Լեզուդ փոխէ՛, հաւատքդ ուրացի՛ր, ալ ի՞նչով կրնաս ըսել, թէ ո՞ր ազգէ՞ն ես։
Իսկապես, եթե լեզուն չլինի, ապա ի՞նչ պետք է անի նախևառաջ անհատը, ինչպե՞ս պետք է կողմնորոշվի և խոսի այս անծայրածիր աշխարհում, և հետո արդեն հասարակությունը. ինչպե՞ս պետք է ներկայանա աշխարհին։
Առաջարկում եմ այժմ անդրադառնալ Խաչատուր Աբովյանի գլուխգործոցին՝ «Վերք Հայաստանի», հեղինակի որակմամբ, «պատմական» վեպին։ Ինչպե՞ս ստացվեց, որ առաջին հայացքից պարզունակ թվացող, շրջադարձային կամ ուշագրավ տեսարաններ չպարունակող, առանձնապես հետաքրքիր սյուժե չունեցող ստեղծագործությունը դարձավ մեր արդի գրականության հիմնասյունը, զարգացման նախադրյալը։ Հիրավի, բազմաթիվ ուսումնասիրողներ, քննելով վեպն ու նրա կառուցվածքը, հանրությանը ներկայացրել են այն որպես հայի առօրյան ու վարքուբարքը բնութագրող, օտարերկրյա զավթիչների և նրանց գործելակերպի դեմ ընդվզող ժողովրդի մասին հերթական մի վեպ. վերջին հաշվով, նման վեպերի թվաքանակի պակաս մեր գրականությունը չունի, չի էլ ունեցել (եթե խորանանք՝ կհասկանանք, որ գրականության մի ստվար հատված հենց այս՝ կենցաղային հիմքի վրա է կառուցված)։ Մի կողմ դնելով գիտական-ակադեմիական եզրահանգումներն ու դատողությունները, կենտրոնանանք նրա գաղափարական ենթատեքստի վրա։
Աբովյանն իր ընթերցողին հայտնում է, որ երկը, ինչքան էլ որ պատմական որակվի հենց իր իսկ կողմից, միևնույնն է եղել է, կա և մնալու է ժողովրդինը, վերջինիս ապրելակերպի և լեզվամտածողության արտացոլումը։ Ելնելով Աբովյանի ընթերցող-հեղինակ մտերմիկ և ուղղակի շփման մոտեցումից՝ կարող ենք ենթադրել, որ գրողը չի պատկերել արտառոց և դասական գրականությանը բնորոշ տեսարաններ, մինչ նյութի ընթերցումը լսարանին արդեն հայտնի դեպքերի նկարագրություններ, համապատասխան դետալներ. նույնիսկ կարելի է ենթադրել, որ գրողը նման ցանկություն չի էլ ունեցել։ Գրողը գրականությունը դիտարկել է ոչ թե միայն միջանձնային, միջհասարակական փոխհարաբերությունների, հույզերի և շարժուձևի համատեքստում, այլև զարգացրել է այն՝ հասցնելով ազնվամիտ, ապագային ուղղված կոչերով, մտահոգություններով, հեռանկարներով լի մի մակարդակի։
Հեղինակը ակնհայտորեն ցույց է տվել, որ անպայման չէ, որ ստեղծագործությունը լինի որևէ պատմական հռչակավոր հերոսի կյանքի և գործունեության շուրջ հյուսված մի ֆանտաստիկ, իրականությունից շեղվող տարրերով կամ հենց այդ իրականությունը աղավաղող մի հերթական պատմություն։ Ո՛չ, նա ցույց է տվել, որ «եթե ցանկանում ես դուր գալ ժողովրդին, պետք է զգաս և ըմբռնես նրա հոգեբանությունը, շոշափես նրա թույլ կողմերը և փորձես քո վեպը շարադրել՝ հիմնվելով ոչ թե հայտնիության ձեռքբերման, այլ դարի պահանջների վրա», իսկ պատմությունից մենք գիտենք, որ այն օրվա պահանջը լեզվի, կրոնի, հետևաբար՝ ազգի պահպանումն էր, նրա շարունակական գոյատևման հիմքի ստեղծումը։ Եվ Աբովյանը իր վեպում հենց սա է շեշտադրել, նա չի վախեցել խոսել այն թեմաներից, որոնք թվացյալ արգելված էին համարվում։ Նա չի վարանել բարձրացնելու ազգապահպանման, պետականակերտման վերաբերյալ իր մտատանջություններն ու անհանգստությունները։ Եվ սա է երևի թե այն ֆունդամենտալ պատճառը, որ մենք նրան անվանում ենք լուսավորիչ, քանզի նա մեկ քայլ առաջ մտածեց, զգուշացրեց իր հարազատ ժողովրդին վերահաս վտանգի և նրա կործանարար հետևանքների մասին, ջանք ու եռանդ չխնայեց օր առաջ կանխելու այդ ավերիչ սպառնալիքը։ Եվ թույլ տվեք ընդունել, որ դա նրա մոտ հաջողվեց։
Հայոց ազգը արարած աշխարհքին հավիտյանս հավիտենից կարող է համարձակ ցույց տալ, թե ինչքա՛ն հոգի ունի, ինչքա՛ն կամաց զորություն, սրտի հաստատություն…
Խաչատուր Աբովյան ընթերցելը, ապա և վերլուծելը, փաստորեն, այնքան էլ հեշտ չէ, ինչքան մենք պատկերացնում էինք։ Իհարկե, նա գրել է այնպիսի երկեր, որոնք ընկալելի են հայի ականջին, բայց իր երկերում նա, գիտականության ու բանականության աճման հետ մեկտեղ, կարևորել է հուզական ֆոնը՝ տոգորված իր հայրենիքի և ժողովրդի հանդեպ անկեղծ և աներեր սիրով և հպարտությամբ։ Նրա ստեղծագործությունը մի բացառիկ կոմբինացիա է հուզականության և բանականության։
Նա, ինչպես շատերը թյուր կարծում են, չի նսեմացրել դարերի ընթացքում թրծված, կատարելությանը հասցված, Աստծո հետ խոսելու գրաբարյան հայերենը, այլ ընդհակառակը՝ բազմապատկել է նրա նշանակությունը։ Նա չի ընդունել, որ իր ժողովուրդը իմաստասեր, ուսումնասեր չէ, ինչքան էլ որ, ըստ երևույթին, նրան փորձել են համոզել դրանում։ Եթե փորձենք սեղմ ներկայացնել նրա ասելիքը, ապա կշարադրենք հետևյալ կերպ. «եթե հայ ազգը ուսումնասեր չէ, ապա ինչպես է տարիների ընթացքում այսքան անկայուն վայրիվերումների պայմաններում կարողացել նավարկել և վերջ ի վերջո պահպանել իր հարատևությունը»։ Աբովյանը միայն այս մտքով ունակ է եղել լռեցնելու հարյուրավորների, որոնք փորձել են ամեն ձևով արժեզրկել և ստվերել այն մեծ ավանդը, որը հայությունը, իր դարավոր դժվարին պատմության ընթացքում, թողել է ամբողջ աշխարհին և համայն մարդկությանը։
Աբովյանը իսկապես մարդասեր անհատ է, այնքա՜ն է նա սիրում իր ժողովրդին և բարեկամին, որ պատրաստ է իր կյանքը զոհաբարելու, միայն թե իրենք ապրեն. անսահման է Խաչատուրի սերն առ հայրենիք։ Նա անկեղծ է իր խոսքերում և մտորումներում այնչափ, որ նույնիսկ իրեն կյանքում չհանդիպած, նրա հետ երբեք շփում չունեցած անձը մի պահ նրան կզգա այնքա՜ն մոտ և այնքա՜ն հարազատ…
Անշուշտ, Խաչատուր Աբովյանը՝ իբրև հայ նոր գրականության սկզբնավորող և արևելահայերենի հիմնադիր, ահռելի աշխատանք կատարեց և հեղափոխության ենթարկեց հարյուրամյակների ընթացքում ձևավորված և ժողովրդի համար աստիճանաբար ընդունելի դարձած բանաձևերի մեջ տեղավորվող, սեփականը թողած այլ մտքեր և երևույթներ գովաբանող գրականությունն ու մտածելակերպը։ Նա հիմնադրեց ոչ թե նոր ճյուղ, այլ մի նոր, բացառապես նոր ուղղություն, և այս ուղղությունը վերաբերելի է ոչ միայն լեզվին ու նրա կառուցվածքին, այլև ժողովրդի լեզվամտածողությանը ընդհանրապես։ Նա ունակ եղավ ցույց տալու, որ եթե նույնիսկ ողջ հասարակությունը անտարբեր լինի իր իսկ ապագայի նկատմամբ, ժամանակը ծնելու է այնպիսի անհատների, որոնք գլխիվայր են շուռ տալու իրականությունը, և իրենց ընձեռած ժառանգությունը իր պտուղներն է տալու տասը տարի, հարյուր տարի, հազար տարի հետո։
Աբովյանը անհետ կորավ, բայց հավիտենապես հայտնվեց բոլորիս մեջ, մեր մտածողության և աշխարհայացքի, մեր խոսելաձևի և վարվելակերպի մեջ։ Թող որ այս խոսքերը պաթոսային չթվան, այլ հնչեն որպես իրականությամբ թելադրված և նրանից բխող կոչ՝ մեր ոսկեղենիկ հայերենը պահպանելու և էլ ավելի զարգացնելու։
Թող որ մեծն Աբովյանի լուսավորչական գործը մշտապես քաջալերի և ոգեշնչի բոլորիս՝ հուսադրելով, որ մինչև անգամ անհնարին թվացող փորձությունները կարելի է հաղթահարել ցանկությամբ և հստակ, նպատակային քայլերով՝ ապավինելով Տիրոջ անվերապահ աջակցությանը։ Եթե գործը կապված է ազգի, պետության և եկեղեցու փրկության հետ, ապա ժողովուրդը, գիտակցելով պահի պատասխանատվությունը, պետք է վճռական որոշում կայացնի՝ արդյոք պետք է շարունակել պայքարել, թե ոչ։ Աբովյանը ընտրեց պայքարի մեկ այլ, չգործարկված մի մեթոդ, պայքարեց և հաղթեց՝ ստեղծելով նոր գաղափարախոսություն և հայ նոր գրականության էջերում գրելով իր անունը ոսկե տառերով։
Եվ այլ է համբավավոր գրողի վերաբերմունքն Ամենակարող Աստծո հանդեպ։ Նա տեսնում է Արարչին ամենուր, ամեն գործողության, ամեն խոսքի մեջ, և զգում է Նրան այնքա՜ն մոտ… Հետևյալը խոսում է Աբովյանի հոգևոր և բարոյական բարձր արժեքների տեր մարդ լինելու մասին։
Խաչատուր Աբովյանին մեկ հոդվածում վերլուծել հնարավոր չէ, քանի որ նա այնպիսի մեծ մարդ է, որ նրան պետք է հիշել և մեծարել, և փոքր բացթողումների, ժամանակի թելադրանքով պայմանավորված քաղաքական հայացքների համար չդատապարտել։ Չէ՞ որ նա մեր մասին էր մտածում, երբ ասում էր. «Ձե՛զ եմ ասում, ձե՛զ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անումին մեռնի՛մ, ձեր արևին ղուրբա՛ն․ տասը լեզու սովորեցե՛ք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցե՛ք»։
Շնորհակալություն ուշադրության համար։