Հունվարյան ուսումնական ճամբարի շրջանակում ավագ դպրոց-հետազոտական վարժարանի շրջանավարտները մասնակցում են «Սովորող-սովորեցնող» նախագծին։ Նախագիծն իրականացվում է մի քանի քայլերով․ նախևառաջ սովորողները ընտրում են ուսուցման ոլորտներն ու առարկաները, հստակեցնում են մեթոդաբանությունը, բաղադրիչ-թեմաները, կիրառվելիք գործիքները, անհրաժեշտ նյութերն ու աղբյուրները, սահմանում են նպատակը, խնդիրներն ու վերջնարդյունքները, այնուհետև ընտրում մասնաճյուղ-դպրոցներից որևէ մեկը։
Նախագծի շրջանակում ես ընտրել եմ Արևելյան դպրոց-պարտեզը (ղեկավար՝ Նառա Նիկողոսյան), ուսուցանվող ոլորտ-թեման՝ թվային գրագիտություն, բլոգավարություն։ Նախագծի բովանդակությանը կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով։
Հունվարյան ճամբարի մեկնարկից ի վեր անցկացրել եմ երկու պարապմունք Արևելյան դպրոց-պարտեզի 3-1 դասարանի (ղեկավար՝ Հասմիկ Ղազարյան) սովորողների հետ։ Անդրադարձել ենք թվային գրագիտության և բլոգավարության հիմունքներին, ճշգրիտ օգտվելու և ներկայացնելու կանոններին, կառուցվածքային տարրերին։ Նախագիծը մշակվել է այն սկզբունքով, որ հասկանալի և պիտանի լինի բոլոր սովորողների համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հետագայում այս ոլորտի ուսումնասիրությունը դառնալու է ավելի պարբերական, և սովորողները տարեցտարի սովորելու և կատարելագործելու են իրենց թվային հմտությունները։ Այսպիսով, ստորև ներկայացվում են երկու օրերի ամփոփումները։
Օր 1 (հունվարի 8)
Առաջին դասընթացը ծանոթական-ճանաչողական էր։ Դասի ընթացքում ծանոթացանք միմյանց հետ, սովորողները պատմեցին իրենց նախասիրությունների և հետաքրքրությունների մասին, հակիրճ խոսեցինք հեղինակային կրթական ծրագրով նախատեսված այլընտրանքային կրթական մեթոդաբանության, այն է՝ համակարգչային տեխնոլոգիաների կիրառմամբ ուսուցման մասին։ Սովորողները պատմեցին, թե ինչպես են անցկացնում իրենց դասընթացները, ինչքանով են կարևորում տեխնոլոգիաները, ինչն են սիրում ուսուցման մեջ, օրական ինչքան են համակարգիչն օգտագործում և այլն։ Մթնոլորտը շատ ջերմ էր ու մտերմիկ, սովորողները անկաշկանդ պատմում էին իրենց նախասիրությունների մասին։
Ծանոթական հատվածից հետո համառոտ ներկայացրի նախագիծը, ուսուցանվող ոլորտների, թեմաների շրջանակը, դասընթացների ընթացքում իրականացվելիք տեսական և գործնական պարապմունքները, անցկացվելիք ինտերակտիվ խաղերը և այլն։
Բուն ուսուցման մասը մեկնարկեցինք թվային գրագիտության և բլոգավարության հիմունքների ուսումնասիրությամբ։ Հարցուպատասխան ձևաչափով սովորողները կիսվում էին իրենց կարծիքներով, պատմում, թե ինչպես են օգտվում համացանցից․ խոսք եղավ նաև անվտանգության կանոնների, պաշտպանվածության մասին։ Այնուհետև անցում կատարեցինք բլոգավարությանը, խոսեցինք բլոգի՝ ուսումնական գործընթացում մեծ դեր ունենալու մասին։ Սովորողները ներկայացրին, թե ինչ են տեղադրում իրենց բլոգներում։



Դասընթացի երկրորդ հատվածում սովորողներից մեկի՝ ժպտերես Արետայի հետ դասարանին ներկայացրինք բլոգի բաղադրիչ-մասերը, կառուցվածքային տարրերը՝ պատմելով դրանց նշանակության մասին։ Խոսեցինք բլոգի կոկիկության, պատշաճ և գրագետ գրելաձևի, անվտանգության կանոնների պահպանման կարևորության մասին։
Առաջին պարապմունքի վերջում հստակեցրինք մեր հետագա անելիքները։ Շատ ուրախ էի, որ ընկեր Հասմիկի օգնությամբ կարողացանք շատ անմիջական, ընկերական և հաճելի միջավայր ստեղծել՝ ուսումնական պարապմունքը ըստ էության դարձնելով ոչ միայն նոր գիտելիքի ստացման, այլև միմյանց ավելի լավ ճանաչելու, սերունդների միջև կապն ամրապնդելու հնարավորություն։
Օր 2 (հունվարի 13)
Երրորդ դասարանցիների հետ իմ երկրորդ հանդիպումը կայացավ հունվարի 13-ին։ Այդ օրը մենք լիքը աշխատանք ունեինք կատարելու։ Սկզբում նախօրոք պատրաստված սահիկաշարով պատասխանեցինք թվային գրագիտության ու բլոգավարության կանոններին վերաբերող հարցերին. սովորողները շատ ակտիվ մասնակցեցին հարցաշարի քննարկմանը, կիսվեցին իրենց դիտարկումներով։ Ինտերակտիվ խաղերը, որոնք հաճախ են կիրառվելու նախագծի շրջանակում, հնարավորություն են տալու սովորողներին ոչ ստանդարտ, հետաքրքիր ձևով ընկալելու և կատարելագործելու ստացած գիտելիքները։
Այնուհետև միասին խաղացինք նաև երկրորդ խաղը, որն արդեն թվային աշխարհից դուրս էր։ Պատահականության սկզբունքով ընտրված սովորողները հաջորդաբար դուրս էին գալիս դասարանից, իսկ դասարանը մտապահում էր որևէ առարկա, երևույթ կամ ծրագիր, որը կապված էր համացանցի, բլոգի հետ։ Այդ կերպ Սուրենն ու Վազգենը օգնող հարցերի շնորհիվ կարողացան բացահայտել երկու մտապահված անունները՝ «էլ․ փոստը» և «Paint» ծրագիրը։
Ինտերակտիվ խաղերին հաջորդեց տեսական-գործնական պարապմունքը, որի ընթացքում սովորողները բացահայտեցին Word ֆայլի առանձնահատկություններն ու գործառույթները։ Պետք է նշեմ, որ շատ տպավորված եմ երրորդ դասարանի սովորողների բանիմացությամբ և աշխատասիրությամբ, անչափ ուրախ եմ նրանց հետ հանդիպելու, աշխատելու հնարավության ընձեռման համար։ Ավելացնեմ նաև, որ սովորողները ևս կիսվում էին իրենց գիտելիքներով, պատմում նոր գործիքներից, որոնց մասին, ի տարբերություն նրանց, ես տեղյակ չէի։
Այսպիսով, ավարտեցինք նաև երկրորդ օրը։ Արկածները դեռ շարունակվում են․․․
Լուսանկարները՝ Հասմիկ Ղազարյանի