Հունվարյան ուսումնական ճամբարի շրջանակում ավագ դպրոց-հետազոտական վարժարանի շրջանավարտները մասնակցում են «Սովորող-սովորեցնող» նախագծին։ Նախորդ հրապարակման մեջ մանրամասն նկարագրվել են տվյալ նախագծի ընթացակարգը, իրականացման մեթոդաբանությունն ու ակնկալվող վերջնարդյունքին հասնելու քայլերը, ինչպես նաև ներկայացվել են Արևելյան դպրոց-պարտեզի 3-1 դասարանում (դասվար՝ Հասմիկ Ղազարյան) անցկացված պարապմունքները։

Ստորև ներկայացվում են ձմեռային ուսումնական ճամբարի երկրորդ և երրորդ շաբաթների պարապմունքները, որոնք ընթացել են հետևյալ ուղղություններով․

  • CapCut ծրագրի կառուցվածքի, բովանդակության, գործիքների և հնարավորությունների ուսուցում, գործնական բաղադրիչ-վարժություններ
  • Ուսուցողական ինտերակտիվ խաղերի կազմակերպում՝ թվային գրագիտության և բլոգավարության մասին գիտելիքները ամրապնդելու նկատառումով
  • Կրթահամալիրի գլխավոր կայքերի և ենթակայքերի ուսումնասիրություն՝ բլոգավարության առանցքային սկզբունքների և հիմքերի մասին պատկերացում կազմելու նպատակով
  • Հետաքրքիր քննարկումներ դպրոցական առօրյայի, ընդհանուր գործունեության, հեղինակային կրթական ծրագրի վերաբերյալ

Օր 3 (հունվարի 15)

Հունվարի 15-ին նախագծի շրջանակներում պարապմունքներ եմ իրականացրել 3-1 և 2-2 դասարաններում։

2-2 դասարանի (դասվար՝ Մարինե Մարտիրոսյան) սովորողների հետ առաջին պարապմունքն անցկացրի ծանոթական-ճանաչողական ձևաչափով։ Միասին քննարկեցինք դպրոցական առօրյան, շոշափեցինք երեխաներին հետաքրքիր թեմաներ, ծանոթացանք միմյանց հետ, խոսեցինք նախասիրությունների, հետաքրքրությունների մասին։ Դասընթացի երկրորդ հատվածում պատմեցի մեր նախագծի մասին, որը միասին ի կատար ենք ածելու հետագա հանդիպումների ընթացքում։

Սովորողները շատ տպավորված էին․ նմանապես տպավորված էի և ես։ Կազմակերպեցինք «Ցանցային փոստատար» ինտերակտիվ խաղը, որի ընթացքում երեխաները պարզեցին, թե մոտավոր ինչպես է աշխատում համացանցը, և այնտեղ ներմուծված տեղեկությունն ինչքան արագ է սլանում և տեղ հասնում։ Սովորողները նաև հասկացան տեղեկության խախտման հնարավոր դեպքերի մասին։ Հետագա դասընթացների ժամանակ խոսեցինք նմանատիպ դեպքերից խուսափելու և ճիշտ տեղեկությունը ձեռք բերելու քայլերի շուրջ, ինչը թվային գրագիտության հիմնական կանոններից է։

Հաջորդիվ հետաքրքիր խաղ-դաս կազմակերպեցինք 3-1 դասարանում։ Սովորողները պատասխանեցին բլոգին, կրթահամալիրին, ինչպես նաև համակարգչից օգտվելու կանոններին վերաբերող հարցաշարին, կիսվեցին իրենց զվարճալի, տեղ-տեղ զարմանալի պատասխաններով։ Սովորողներին ներկայացրի CapCut ծրագիրն ու նրա ընձեռած մոնտաժային հնարավորությունները։

Օր 4 (հունվարի 20)

Այս օրը ճամբարի ընթացքում երևի թե ամենածանրաբեռնվածն էր, քանզի օրվա կտրվածքով երեք դասարաններում հետաքրքրաշարժ պարապմունքներ էի վարել։ Ձմեռային ճամբարի վերջին շաբաթվա ուսումնական պարապմունքները մեկնարկեցինք մոնտաժային-խմբագրային CapCut ծրագրի ուսուցմամբ։ 3-1 դասարանում, դասվար Հասմիկ Ղազարյանի օգնությամբ, երեխաներին հերթականությամբ ներկայացրինք ծրագրի գործիքները, բաժիններն ու խմբագրական միջոցները։ Սովորողներն ակտիվ ներգրավված էին դասընթացին, պարբերաբար հարցեր էին հնչեցնում, հետաքրքիր տեսանյութեր խմբագրում։

Փոքրիկ առաջադրանք միասին կատարեցինք․ հավաքելով մի շարք լուսանկարներ ու տեսանյութեր, օգտագործելով անցումային էֆեկտները, տեքստի, երաժշտության և էմոջիների ներմուծման, սահուն սահիկաշարի տեղադրման ֆունկցիաները՝ ստեղծեցինք յուրահատուկ տեսաֆիլմեր։ Այս պարապմունքը երեխաների առաջին քայլն էր խմբագրային ծրագիրը մոտիկից ճանաչելու, նրա հետ աշխատելու։

Հաջորդ կանգառը նոր՝ 2-1 դասարանն էր (դասվար՝ Տաթև Թամազյան)՝ իր հրաշք ու պայծառ սովորողներով։ Միասին ծանոթացանք, երեխաները կիսվեցին իրենց մտքերով, հետաքրքրություններով, պայմանավորվեցինք, որ սովորողները, երբ այցելեն Մայր դպրոց, միասին տեսնվելու ենք, շփվելու, ես էլ, նմանատիպ նախագծերի անցկացման պարագայում, այցելելու եմ նրանց և զվարճալի խաղեր կազմակերպելու։

Վերջին հանգրվանը 2-2-ն էր։ Դասվար Մարինե Մարտիրոսյանի ղեկավարած դասարանում այդ օրը մշակեցինք հետաքրքիր շղթա-խաղ, որի ընթացքում երեխաները հերթով կրկնեցին նախորդիվ լսված արտահայտությունը։ Այս կերպ փորձ արվեց ցույց տալու թվային գրագիտության հիմնարար օրինաչափություններից մեկը, այն է՝ ինֆորմացիայի փոխանցումն ու աստիճանական խեղաթյուրումը։

Ինտերակտիվ խաղին հաջորդեց Wayground թվային հարթակով պատրաստված ուսումնական խաղի անցկացումը։ Երեխաները, որոնք հաջորդ տարի պատրաստվում են բացել սեփական բլոգները, այս խաղի միջոցով ձեռք բերեցին պատկերացում թե՛ բլոգի կառուցվածքի, թե՛ բովանդակության, թե՛ տեսքի, և թե՛ ընդհանուր գործառույթների մասին։ Վերջում, որպես օրինակ, ցուցադրվեցին կրթահամալիրի գլխավոր կայքերն ու ենթակայքերը, և սովորողները փորձեցին վերլուծել ամեն մի դետալը՝ հասկանալու, թե այն ինչ դեր ունի և ինչ գործառույթ է կատարում։

Օր 5 (հունվարի 22)

Այս օրը «Սովորող-սովորեցնող» նախագծի վերջին, եզրափակիչ օրն էր։ Անշուշտ, տխուր էր այսքան շուտ լքել ժպտերես, հեռվից ձեռքով անող, ջերմորեն քեզ գրկող և դասընթացներին ակտիվ մասնակցող երեխաներին։

3-1 դասարանն ամփոփեց նախագիծը հարցուպատասխան ձևաչափով, ինչպես նաև ներկայացվեցին մեկը մեկից յուրահատուկ և գեղեցիկ տեսանյութերը՝ պատրաստված սովորողների ձեռքով (այդ օրվա առաջադրանքը ուսումնական գործունեությունը պատկերելն էր, և երեխաների մոտ դա պարզապես հրաշալի էր ստացվել)։ Այդ տեսանյութերը դուք կարող եք դիտել դասվարի բլոգում։

Մյուս երկու դասարանների հետ ամփոփեցինք ընդհանուր մեր անցկացրած օրերը, ստացած գիտելիքները և պայմանավորվեցինք նման հաջող նախագծերի հետագա տարածման և շարունակականության ապահովման շուրջ։

Իր տաղանդով է կիսվում 2-1 դասարանի աշակերտուհի Վիկտորյա Սարյանը՝

Ես անչափ ուրախ, աննկարագրելիորեն տպավորված և անսահման երջանիկ եմ, որ հնարավորություն ընձեռվեց ինձ՝ հունվարյան իմ վերջին ճամբարն անցկացնել ահա այսպիսի ազատ, ջերմ, ընկերական միջավայրում՝ հարազատ դասավանդողների և կրտսեր ընկեր դարձած սովորողների հետ։ Պարզապես երջանիկ եմ, որ հանդիպեցի փոքր սերնդին, լսեցի նրանց, միասին խոսեցինք, շփվեցինք, ծիծաղեցինք, և իհարկե ամենակարևորը՝ միմյանցից սովորեցինք։

Այս նախագծի «սովորող-սովորեցնող» անվանում-բնութագրումը անառարկելիորեն ցույց է տալիս սերտ կապը ավագ ու կրտսեր սովորողների միջև, ցույց է տալիս նրանց ընկերությունը, բարեկամությունը, իրարից միշտ ինչ-որ նոր բան սովորելու հույսը, ձգտումը, միասին լավ ժամանակ անցկացնելու անսպառ ցանկությունը։

Ինչպես կասեին երեխաները, և ես՝ փոքր տարիքում, ամպի չափ շնորհակալ եմ բոլորին և յուրաքանչյուրին այս հրաշալի օրերի համար, շնորհակալ եմ դասվարներ Հասմիկ Ղազարյանին, Տաթև Թամազյանին, Մարինե Մարտիրոսյանին, տնօրեն Նառա Նիկողոսյանին՝ ինչպես միշտ ջերմ ընդունելության արժանացնելու, աջակցելու և ոգևորելու համար։ Շնորհակալ եմ դպրոցին՝ նախագծի համակարգման և իրագործման համար։ Եվ իհարկե շնորհակալ եմ բոլոր սովորողներին՝ այս զարմանահրաշ ճանապարհը միասին անցնելու համար․․․

Վերջում կնշեմ մեկ բան, օրը ասացի բոլոր դասարաններում՝ «սիրե՛ք ձեր երկիրը և միշտ կրթվեք․ կրթվելը կարևոր է»։ Շնորհակալություն ուշադրության համար, մինչ նոր հանդիպումներ։

Լուսանկարները, տեսանյութերը՝ Հասմիկ Ղազարյանի, Տաթև Թամազյանի, Մարինե Մարտիրոսյանի