Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

1. Ըստ ձեզ ինչպե՞ս է բնորոշվում «Հայրենիք» եզրույթը։

Ընդհանրապես, հայրենիքը բնորոշվում է որպես տարածք, որտեղ որևէ ժողովուրդ կամ էթնիկ խումբ ապրում է (ապրել է դարերով, հազարամյակներով)՝ կերտելով իր պատմությունը, կենցաղը, վարք ու բարքը, կրոնական զգացմունքները, սոցիալական փոխհարաբերությունները, կապերն այլ ցեղերի, ժողովուրդների հետ, փոխելով իր սերունդը, ունենալով իր պետական կառուցվածքը։ Բացի այդ, նա սերունդներին է ժառանգում իր քաղաքակրթության արժեքները։

2. Հայկական լեռնաշխարհն ինչպիսի՞ առանձնահատկություններ ունի։

Լեռնաշխարհը ֆիզիկաաշխարհագրական հասկացություն է։ Այն լեռնաշղթաների, լեռնազանգվածների, սարահարթերի և միջլեռնային գոգավորությունների համադրություն է, որոնք միասնորեն ունեն ծովի մակարդակից ընդհանուր բարձր տեղադրություն:

Հայկական լեռնաշխարհը գտնվում է Հյուսիսային կիսագնդում՝ Փոքրասիական բարձրավանդակի և Իրանական լեռնաշխարհի միջև: Ամբողջությամբ գտնվում է մերձարևադարձային գոտում՝ Փոքր Ասիա թերակղզու արևելքից մինչև Կասպից ծով և Կոլխիդայի ու Կուր-Արաքսյան դաշտավայրերից մինչև Միջագետքի դաշտավայրը ձգվող տարածքում: Այն մոտ 500-700 մետրով բարձր է հարևան լեռնաշխարհներից և եզրավորված է ծալքաբեկորավոր լեռներով։ Այդ իսկ պատճառով էլ հաճախ կոչվել է լեռնային կղզի։ Լեռնաշխարհի միջին բարձրությունը 1850 մետր է։

Հայկական լեռնաշխարհը գտնվում է Ալպ-Հիմալայան երկրաշարժաակտիվ գոտում։ Երկրաշարժի ուժգնությունը կարող է հասնել 11 բալի։ Ամենասեյսմոակտիվ շրջաններն են՝ Երզնկայի, Արարատյան ու Շիրակի դաշտերը։ Սեյսմոակտիվ են նաև Վայոց Ձորի, Ջավախքի, Զանգեզուրի տարածաշրջանները։

Հայկական լեռնաշ­խարհը զբաղեցնում է շուրջ 400 հզ. կմ² տարածք: Նրանից արևմուտք տարածվում է Փոքրասիական (կամ Անատոլիական) բարձրավանդակը, իսկ հարավարևելյան հարևանությամբ Իրանական բարձրավանդակն է:

Հայկական լեռնաշխարհի սահմանների մանրամասն նկարագիրը.

  • Հյուսիս՝ Փոքր Կովկասի լեռնահամակարգը (Մեսխեթի, Թրիալեթի, Գուգարաց)
  • Հարավ՝ Հայկական Տավրոս (Մասիուս) և Կորդվաց լեռներ
  • Արևմուտք՝ Անտիտավրոս լեռնաշղթան, Ճորոխի գետավազան, Եփրատ գետը
  • Արևելք՝ Կասպից ծովի ավազան, Թալիշի լեռներ, Ուրմիա լիճ

Դասագրքային տարբերակում․

  • Հյուսիսում՝ Կուր գետը (սահմանազատում է Կովկասյան լեռներից) և Պոնտական լեռները
  • Հարավում՝ Հայկական Տավրոսի լեռնաշղթան և Հյուսիսային Միջագետքի հարթավայրը
  • Արևելքում՝ Կասպից ծովը և Ուրմիա լճի արևելյան ավազանը (կամ Ղարադաղի լեռները)
  • Արևմուտքում՝ Անտիտավրոսի լեռները (Փոքրասիական սարահարթի սահմանագիծ) և Եփրատ գետի արևմտյան հոսանքը

3. Քանի՞ երկրների տարածքում է գտնվում Հայկական լեռնաշխարհի տարածքը (Օգտվե՛ք քարտեզից)։

Հայկական լեռնաշխարհը գտնվում է ներկայիս Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, նաև որոշ չափով Իրաքի տարածքներում։