Փետրվարի 19-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր էր այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Այցի նպատակն էր մոտիկից ծանոթանալ կրթահամալիրի առօրյային, իրականացվող հեղինակային կրթական ծրագրերին և ուսումնական միջավայրին։
Փոխնախարարին ուղեկցում էին կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանը, տնօրեն Լուսինե Փաշայանը և Ավագ դպրոց-հետազոտական վարժարանի մի խումբ սովորողներ։
Շրջայցը սկսվեց «Սեբաստացի» կենտրոնում, որտեղ հյուրերը ծանոթացան կազմակերպության ընդհանուր կառավարմանը։
Այնուհետև հյուրերը այցելեցին Հյուսիսային դպրոց-պարտեզ (Գեղարվեստ), ծանոթացան արհեստագործական լաբորատորիաների գործունեությանը, զրույց ունեցան սովորողների հետ։ Շրջայցը շարունակվեց Միջին և Ավագ դպրոցներում՝ դպրոցների տնօրեններ Լուսինե Բուշի և Մարթա Ասատրյանի ուղեկցությամբ։ Այցի ընթացքում փոխնախարարը եղավ մի շարք ուսումնական լաբորատորիաներում, այդ թվում՝ կավագործության, ՏՏ և ռոբոտաշինության արհեստանոցներում, հետևեց աշխատանքային ընթացքին՝ անմիջական զրույց ունենալով սովորողների հետ, հետաքրքրվելով նրանց նախագծերով ու հաջողություններով։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց հետազոտական աշխատանքների իրականացման ծրագրի և դրա ընձեռած հնարավորությունների վրա։
Ամփոփելով այցը՝ փոխնախարարը բարձր գնահատեց տիրող ստեղծագործական մթնոլորտը և կարևորեց հեղինակային կրթական ծրագրի շարունակական տարածումը։ Նմանատիպ այցերը կարևոր հարթակ են պետության և կրթական համայնքի միջև կենդանի երկխոսություն ապահովելու և կրթական նորարարությունները խրախուսելու համար։






