«Լավ իմացեք՝ այս դրաման ո՛չ հնարանք է, ո՛չ վեպ: Ամբողջը ճշմարտություն է, այն աստիճանի ճշմարտություն, որ յուրաքանչյուրը սրա սաղմերը կգտնի իրենում, հնարավոր է՝ իր սրտում»

Օնորե դը Բալզակ

Գրականության դասընթացի շրջանակներում ընթերցեցի հանրահայտ ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակի «Հայր Գորիո» վեպը։ Նախապես պետք է ասեմ, որ այն բավականին հեշտ ընթերցվող ստեղծագործություն է, պարզապես նկարագրությունների առատության պատճառով կարդալու ընթացքը դանդաղում է։ Բուն պատկերը, ֆրանսիական մայրաքաղաքում տիրող ընդհանուր մթնոլորտը, միջհասարակական հարաբերությունները, հերոսների հույզերն ու ապրումները, գլխավոր կերպարների բարոյահոգեբանական վիճակը, անելանելի դրությունից խուսափելու անսպառ ցանկությունը, փայփայած վերջին հույսը և այլ նկարագրումներ պատկերված են ամենայն մանրամասնությամբ։ Այս ամենի կողքին նաև մեծաթիվ են հասարակական անցուդարձի, փոխգործակցության, քաղաքի և ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակի նկարագրությունները, ինչը ընթերցողին 18-րդ դարի փարիզյան կյանքի ու առօրյայի մասին ավելի ճշգրիտ պատկերացում կազմելու հնարավորություն է տալիս։

Պետք է արձանագրել, որ Օնորե դը Բալզակը՝ որպես ֆրանսիական հոգու և շարժուձևի գիտակ, կարողացել է փոխանցել այն ամբողջ տրամադրությունը, որը տիրել է իր ժամանակների Փարիզում և ամբողջ Ֆրանսիայում։ Նա ունակ է եղել պատկերելու այն, ինչը կդժվարանային անել շատ ու շատ գրողներ։ Հեղինակը կարողացել է անցյալ դարերի Փարիզն ու նրա ժողովրդին «տեղափոխել» մեր իրականություն։ Ինչքան էլ որ վեպը գրված է 18-19-րդ դարերում, նրա թողած ուղերձները, կոչերն ու գաղափարները մինչ օրս էլ արդիական են։ Այս վեպը ևս մեկ անգամ պարզ ցույց է տալիս, որ դարերի ընթացքում քաղաքները կփոխվեն, իրավիճակներ կփոխվեն, բայց մարդկանց հոգեբանությունն ու վարվելակերպը, կյանքին նայելու ձևերը, հայեցողությունն ու մտածելակերպը գրեթե փոփոխություն չեն կրի։

Հետաքրքիր է հեղինակի նախաբանը․ միանգամից զգուշացնել ընթերցողին, որ նա ականատես է լինելու իրական, հավաստի իրողություններին, տեսնելու է այն, ինչը տեսել և իր մաշկի վրա անձամբ զգացել է հեղինակը։ Հատկանշական է նաև այն, որ մոտավորապես 30 էջ շարունակ տրվում են նկարագրություններ՝ փարիզյան ճարտարապետական շինություններից մինչև բևեռացված հասարակության պատկերը, բուրժուազիայի և տիրող վարչակարգի ապօրինի և անբարոյական բարքերից մինչև խեղճ ու կրակ, օրհասական վիճակում գտնվող ժողովրդի կյանքը։

Ընդհանուր սյուժեն ամբողջապես հասկանալի է, անշուշտ, ընթացքային հարցեր ևս առաջանում են, բայց գրողի հեռատեսության շնորհիվ այդ հարցերին տրվում են պատասխաններ երկի հաջորդող հատվածներում։ Մենք չենք կենտրոնանա սյուժեի վրա, քանզի վեպը մեծ հռչակ է վայելում ամբողջ աշխարհում, նրա մասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, հրապարակվել են վերլուծական հոդվածներ, ծավալվել են լայնամասշտաբ քննարկումներ և բանավեճեր։ Մենք կզրուցենք հիմնական, վեպի գաղափարական հենքի տեսանկյունից առանցքային դրվագների շուրջ, որից հետո կխոսենք կերպարների, նրանց վարքի ու վերաբերմունքի, փոխանցած խորհուրդների մասին։

Փարիզ, 18-րդ դար, հին ու մաշված, բայց հյուրերով լի մի պանսիոն։ Այստեղ տիկին Վոքեն ընդունում, հյուրասիրում և հոգ է տանում իր յոթ, այնուհետև ավելացած հյուրերի մասին։ Այստեղ է ապրում վերմիշելի նախկին ֆաբրիկատերը, բուրժուազիայի երբեմնի կարկառուն ներկայացուցիչ, այժմ ճակատագրի կողմից կյանքի ամենավատ պայմաններին արժանացած, ժամանակի ընթացքում մաշված և հյուծված, բայց վերջին հույսը չսպանող ծերուկ Գորիոն։ Նույն հարկի տակ են մնում նաև այլ հերոսներ, ի դեմս՝ հասարակական աշխատողների, հարկատուների, քաղաքային եռուզեռում ակտիվ ներգրավված անձանց։ Հաջորդ կարևոր հերոսը՝ Էժեն դը Ռաստինյակը՝ փարիզյան բուհերից մեկի ուսանողը, ևս այստեղ է անցկացնում իր առօրյան։

Պատիվը, ուղղամտությունը ոչ մի բանի պետք չեն։ Մարդիկ հանճարի իշխանության տակ կռանում են, հանճարեղ մարդուն ատում են, աշխատում են զրպարտել նրան, որովհետև նա վերցնում է առանց մնացորդի, առանց բաժին հանելու, այնուամենայնիվ կռանում են, եթե նա չթուլանա. մի խոսքով` ծնկաչոք պաշտում են նրան, եթե չկարողանան նրան ցեխի մեջ թաղել։ Ստորությունն ու ապականությունը ուժեղ են։ Տաղանդն է սակավ։ Ապականությունը, զեղծումն ու կաշառակերությունը միջակությունների ձեռքին զենքեր են, իսկ միջակությունները վխտում են. դուք ամեն տեղ զգում եք նրանց սուր խայթոցը։

Էժեն դը Ռաստինյակը մի նպատակասլաց երիտասարդ է, որը իր կյանքի ամենակարևոր նպատակն է համարում Փարիզի արիստոկրատական շրջանակների մեջ մտնելը։ Նա վեպի հենց սկզբում հասկանում է, թե ինչքան բևեռացված համակարգ է գործում աշխարհի ամենաշքեղ մայրաքաղաքներից մեկում, և ինչքան ակնհայտ է բարձր վարչակարգի և ստորին խավերի միջև տարբերությունը, ինչքան խորն է նրանց միջև անդունդը։ Ապրելով միևնույն հասարակությունում և նույնիսկ քաղաքում՝ այս երկու բևեռները կարծես միմյանց հետ ոչ մի աղերս չունենան, ոչ մի շփում, հարաբերում, սոսկ գոյատևում (ու ամեն մեկն իր սեփական կյանքով)։ Ավելի ազդեցիկները իշխում են նվազ ազդեցիկների, այսպես կոչված «կորածների» վրա, թելադրում իրենց կամքը, ձևավորում մաֆիոզ շրջանակներ, վարում ընդհատակյա գործունեություն։

Սկզբունքը հետևյալն է․ «Եթե ծնվել ես Փարիզում և ցանկանում ես ճոխ կյանք վարել՝ առանց հիասթափությունների, ձախողումների ու դժվարությունների, պետք է կա՛մ հարուստ ընտանիքի ժառանգորդ լինես՝ բարձրաշխարհիկ բարքեր սերտած, կա՛մ պետք է կատաղի գոյամարտ վարես այդ վերնախավ մուտք գործելուն ձգտող բազմաթիվ մարդկանց հետ, այլապես դու կորած ես»։ Փաստորեն, երազական այն նկրտումները, որոնք ամեն կերպ փորձում են հավասարության նշան դնել մեծի և փոքրի, հարուստի և աղքատի, վերևում և ներքևում գտնվողների միջև, պարզապես գոյություն չունեն, հասարակությունը հիմքից աղտոտված է (ինչպես նշում է հեղինակը), բարոյական արժեհամակարգի մասին այստեղ չեն լսել, և շարքային քաղաքացիների միակ հույսն է՝ ապրել այս կյանքը հնարավորինս արագ, ձգտել մտնել բաղձալի շրջանակների, խմբերի մեջ (ինչը, դատելով նեղ հասարակական փոխհարաբերություններից, անհնար է):

Ահա և այդ պանսիոնում են ապրում իրարից ոչ շատ տարբեր մարդիկ, միասին անցկացնում են առօրյան, մեկնում աշխատանքի, այնուհետև վերադառնում պանսիոն։ Այստեղ կա պարոն Վոտրեն անունով մի մարդ, որը հետագայում կպարզվի, որ նշանավոր հանցագործ է, և իրեն ժանդարմները բերման կենթարկեն և դուրս կբերեն պանսիոնից։ Այս կերպարը ստեղծագործության ողջ ընթացքում իրեն խորհրդավոր է պահում, կասկածելի գաղափարներ է տարածում, անհասկանալի պայմանագրեր կնքում ամեն պատահածի հետ, փորձում ամեն կերպ գերիշխանություն հաստատել ցածր խավի ներկայացուցիչների, հատկապես՝ երիտասարդ Էժենի վրա։

Ծերուկ Գորիոն ունի երկու աղջիկ՝ Անաստազին ու Դելֆինը, որոնք ապրում են Փարիզի շքեղ առանձնատներում, բայց երկուսի անձնական կյանքը անհաջողության է մատնվել իրենց ամուսինների պատճառով։ Հայր Գորիոն ձգտում էր տեսնել իր դուստրերին 10 երկար ու ձիգ տարիներ տևած բաժանումից հետո, բայց դա նրան չէր հաջողվում։ Իրեն իր աղջիկների հետ կապող կամուրջ հանդիսացավ Էժենը, որը պարահանդեսներից մեկի ընթացքում սիրահարվեց Դելֆինին (չնայած, ասեմ, որ նախորդիվ դրվագներում Էժենը սիրահարվել է մի քանի անգամ տարբեր գեղեցկուհիների տարբեր կարգավիճակներով, բայց վերջում ընտրել է հենց Գորիոյի դստերը)։ Այսպիսով, Էժենը դարձավ այն լույսը, որը երևաց թունելի վերջում, և Գորիոյին նոր կյանք հաղորդեց։ Այս երկուսը իրար հետ ժամանակի ընթացքում մտերմացան, հայր Գորիոն պատմեց իր թշվառ վիճակի, երբեմնի փողաբեր ձեռներեցության, միլիոնների մասին։ Նա երկխոսությունների ընթացքում միշտ ընդգծում էր իր անսահման սերը իր աղջիկների նկատմամբ։ Եվ ես կարծում եմ, որ այդ սերը ծայրից ծայր անկեղծ էր ու անթաքույց, չկար որևէ պատճառ որսալու քողարկված դիտավորություններ, քծնանք ու շողոքորթում։ Հայր Գորիոն այս առումով լավ օրինակ է ծառայում մյուս հայրերի համար՝ ցույց տալով, թե ինչքան կարևոր է ոչ միայն սիրո ցուցադրումը, այլև նվիրվածությունը դեպի սիրող էակներ և նրանց համար ամեն վայրկյան զոհվելու պատրաստակամությունը։ Թեև ծերուկը հյուծված էր, վտիտ ու ֆիզիկապես ոչ կայուն, նա միևնույնն է շարունակում էր ամեն բան ձեռնարկել իր սիրելի դուստրերի կյանքն ավելի ապահով, բարեկեցիկ դարձնելու համար։

Փեսա ասածդ այն է, որ մեզանից առնում, խլում է մեր աղջիկը, գրավում է նրա սերը և դարձնում է այն մի կացին, որպեսզի նրանով այդ հրեշտակի սրտում թարմ կտրի այն բոլոր զգացումները, որոնցով նա իր ծնողների հետ է կապվում։ Երեկ մեր աղջիկը ամեն ինչ էր մեզ համար, մի օր հետո նա դառնում է մեր թշնամին։ Մի՞թե մենք ամեն օր ականատես չենք այդ ողբերգությանը։

Մերվելով հոր հետ՝ աղջիկները սկսեցին շուտ-շուտ այցելել, կիսվել իրենց մտադրություններով, ապագայի հեռանկարներով, բայց նրանց, միևնույնն է, շարունակում էր ներսից կեղեքել իրենց ամուսինների անբարո կյանք վարելու պատճառով ի հայտ եկած դառնագին հետևանքները, օրուգիշեր վատնած ուժերը, սպառված ռեսուրսները, և նրանք այդ մասին խոսում էին ակնարկներով և անուղղակի հայտնում իրենց հորը, որ իրենց վիճակը տխուր է։ Հայրը, ամեն բան զգալով, իր վերջին ջանքն էր գործադրում, որպեսզի վճարի համապատասխան ծավալի գումար՝ պարտքերը փակելու, պարահանդեսների ու տոնակատարությունների համար գունազարդ, թանկագին զգեստներ գնելու, իր երեխաներին երջանիկ, այլ ոչ թե տրտմած տեսնելու համար։

Էժենը կողքից հետևում էր, մինչև չդարձավ այդ ամենի ուղղակի մասնակիցը։ Սիրահարվելով Դելֆինին՝ նա շատ հանգամանքներ ու առաջնահերթություններ վերանայեց իր կյանքում և գործում, հասկացավ, թե ինչքան կարևոր է իսկական, անկեղծ սերը կնոջ հանդեպ։

Օրերից մի օր էլ, մի կռիվ տեղի ունեցավ պանսիոնում Գորիոյի երկու դստեր՝ Անաստազի և Դելֆինի միջև, որը հիմնապես փոխեց հետագա գործողությունների ընթացքը։ Անաստազին, որը եկել էր իր հիվանդ հորից գումարի հերթական բաժինը վերցնելու, գտնելով իր հորը նման ցավալի վիճակում, նույնիսկ ցանկություն չունեցավ հետաքրքրվել կամ աջակցություն հայտնել իր հարազատներին։ Դելֆինը, որն իր մեջ կուտակել էր բոլոր տարիների իր քրոջ անարգ վերաբերմունքը դեպի իրեն և իր հայրը, այս անգամ իրեն զսպել չկարողացավ և բավականին վրդովված տոնով կշտամբեց քրոջը՝ մեղադրելով նրան բազմամյա արհամարհանքի և եսասիրության մեջ։

Սիրելի՛ս, ես կարծում եմ, որ ճշմարիտ զգացմունքներն աչք կունենան և իմաստություն։ Նաորպես հայր, անում է այդ զոհաբերությունը. նա լուռումունջ հեռանում է տանից։ Երբ տեսնում է, որ իր աղջիկները գոհ են. նա հասկանում է, որ իր արած քայլը ճիշտ է եղել։ Չէ՞ որ այդ Հայր Գորիոն իր աղջիկների հյուրասրահում մի կեղտ էր դարձել։ Նա իրեն այնտեղ օտար էր զգում, այլոց համար ձանձրալի։ Այդ հայրը տվեց ինչ որ ուներ։ Քսան տարի շարունակ նա տվեց իր սրտից, մի օրում տվեց իր հարստությունը։ Աղջիկները լիմոնը մի անգամ քամելուց հետո փողոց են նետում կեղևը։

Այս կռիվը մեծ ազդեցություն ունեցավ Գորիոյի վրա, և նա այսուհետ պատկերվում է անկողնային վիճակում մահվանը սպասողի վիճակում։ Ծերուկը շատ անգամներ զառանցում է, խոսում վերացական երևույթների մասին, բայց անընդհատ շեշտում իր աղջիկներին բարեկեցիկ կյանք տալու իր ձգտման, իր փեսաների անօրինակ վարքի ու իրենց գումարները փոշիացնելու ու դրանց տիրանալու կործանարար մտածելակերպի մասին։ Այս ամենին զուգահեռ նա իրեն է մեղադրում, որ ունակ չեղավ այս ընթացքը կանգնեցնելու, և իր աղջիկներին նետեց բարբարոսների ու անգութների ձեռքերը։ Նա դեռ շատ էր զղջալու իր արարքների համար։

Բայց, այս ամենին ի հակադրություն, նա դեռ վերջին հույսն էր պահում, որ ամեն ինչ կփոխվի, Դելֆինը կամուսնանա բազմիցս լավ կողմերով գովաբանված, իր դաստիարակությամբ փայլող, ուսման և հասարակության մեջ հաջողություններ գրանցող երիտասարդ Էժեն դը Ռաստինյակի հետ։ Ճակատագիրը հենց այդպես էլ դասավորվելու էր, եթե չլիներ ծերուկի մոտալուտ մահվան նախալուրը։

Խայտառակ աշխարհ է, ու մարդիկ՝ չար։ Հենց որ մի դժբախտություն է պատահում, միշտ էլ կգտնվի մի բարեկամ, որ պատրաստ է գալու, քեզ հայտնելու քո դժբախտության մասին և քրքրելու քո սիրտը դաշույնով, թույլ տալու որ հիանաս դաշույնի կոթով։

Այո, ստեղծագործության վերջում հայր Գորիոյի վիճակն էլ ավելի է վատթարանում, և նա օրեցօր թուլանում է թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես։ Մահվանը նախորդող մի քանի օրերին նա նույնիսկ ձայն էլ չէր հանում (ահա այսպես հեղինակը պատկերում է գլխավոր հերոսներից մեկի ողբերգական վախճանը)։ Եկեք ուշադրություն դարձնենք մի առանցքային հանգամանքի վրա, հոգեվարքի մեջ գտնվող ծերուկի կողքին իր կյանքի վերջին ժամերին եղել են Էժենն ու նրա ընկերը՝ բժշկական ֆակուլտետի ուսանող Բիանշոն։ Այս երկուսն էին, որ մինչև վերջ պայքարեցին ծերուկի համար, խնամեցին ու հոգ տարան նրա մասին։

Ո՛չ Անաստազին, ո՛չ էլ Դելֆինը, որն այնքան շատ էր սկսել սիրել իր հորը՝ վաղաժամ սպիտակած Գորիոյին, չեկան նույնիսկ նրա հուղարկավորությանը՝ չցուցաբերելով նույնիսկ չնչին ուշադրություն կամ հոգատարություն իրենց մասին այդքան մտահոգվող հոր նկատմամբ։ Իրենց սպասավորներին էլ հրահանգել էին առանձնատներ ներս չթողնել հյուրերի, որովհետև նրանք «սուգի մեջ են, հայր են կորցրել»։ Ահա այսպես, անդուլ-անդադար աղջիկների մասին մտահոգվող, տանջվող, տառապող, գիշերներն անքուն անցկացնող, օր առաջ նրանց տեսնել ցանկացող հայրը հեռացավ կյանքից՝ առանց վերջին հրաժեշտը տալու դուստրերին։

Մաքուր հոգիները երկար չեն ապրում այս աշխարհում։ Եվ իսկապես, մեծ զգացումներն ինչպե՞ս կարող են համատեղվել ցածր, չնչին և մակերեսային հասարակության հետ։

Անշուշտ, ողբերգական ավարտ ունեցավ սա, բայց և մի շատ կարևոր խորհուրդ փոխանցեց մեզ բոլորիս, որը կարող ենք նաև համարել ողջ ստեղծագործության հիմնաքարը․ «Հասարակական բարքերն ու փողը փոխում են մարդուն»։ Եվ սա, անտարակույս, ճիշտ ձևակերպում է, քանի որ վեպը ապացուցեց, որ ինչքան մարդ հասունանում է ու յուրացնում քաղքենիական բարքերը, այնքան նա ավելի անտարբեր ու անուշադիր է դառնում իր մտերիմների, հասարակ ժողովրդի, նրա առօրյայի նկատմամբ։ Փողը, որը այս երկում արծարծված պառակտման ամենաշատ հիշատակված գործոնն է, իրոք որ անճանաչելիորեն փոխում է մարդուն՝ դարձնելով նրան գերի, որին չեն հետաքրքրում ո՛չ իր երեխաներն ու նրանց ապագան, ո՛չ հոգեվարքով տառապող ողորմելի հայրը, ո՛չ ընկերներն ու բարեկամները, այլ միայն փողը, կարգավիճակն ու տեղը արիստոկրատական աստիճանակարգերում։ Բալզակը նշում է․ «Աշխարհը մի աղբանոց է, աշխատեք մնալ բարձունքներում»։ Այսինքն՝ հասկացնում է, որ հասարակությունն այնքան է շեղվել ու այլասերվել, որ նրան վերականգնել ու ուղիղ ճանապարհի վերադարձնել այլևս հնարավոր չէ, այն կորսված է վերջնականապես․․․

Եվ այն միտքը, որն իր մտքում արտահայտեց Էժենը՝ վերջին անգամ հրաժեշտ տալով իր ավագ ընկերոջը, ամփոփում է երկի ողջ գաղափարախոսությունը. «Պատերազմ, պատերազմ մեր միջև, այսուհետև»։ Սրանով նա արձագանքում էր պառակտված հասարակությանը, հասարակության այն երկու բևեռներին, որոնք անընդհատ իրարից անջատվում են, և որ այդ անջատումը գնալով մեծանում է։

Այժմ, անդրադառնանք մի քանի գլխավոր կերպարների և քննարկենք նրանց մարդկային բնավորությունների յուրահատկությունները՝ փորձելով վեր հանել հոգեբանական այն միջոցները, որոնց նրանք դիմում էին սեփական անձը բարձրացնելու համար։

Տիկին Վոքե

Միջին վիճակագրական ֆրանսիացի տիկին, որը բացել է պանսիոն և ապրում է այնտեղ իր յոթ հյուրերի հետ։ Մի կին է, որը սիրում է կարգապահություն, վարձի ժամանակին վճարում, մեղմ և հանգիստ բնավորություն ունի, սակայն նրան հունից հանելը դժվար չէ։ Նա այնպիսի մարդ է, որն անընդմեջ բողոքում է իր պանսիոներներից, խոսում նրանց անարգալից վերաբերմունքի մասին՝ չնայած, որ տնային հոգսերը կրում է հաճույքով։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ նրա՝ հարևան պանսիոնների դեմ մղած պայքարն ու անարդար մրցակցությունը (դրանց հավելում նաև սկանդալները) վերջ ի վերջո հանգեցնում են իր հյուրատան դատարկմանը՝ պարոն Վոտրենի ձերբակալության և հայր Գորիոյի մահվան իրադարձություններից հետո։ Այրին իր նյութապաշտության և ագահության համար չարաչար պատժվում է։ Մարդկային հոգեբանության տեսանկյունից՝ նրա գործելակերպը ոչ այլ ինչ էր, քան մյուսներին ցույց տալ, որ բոլորը իր պանսիոնն են նախընտրում, և, ելնելով նրա ինքնավստահ կեցվածքից ու վարվեցողությունից, կարող ենք ենթադրել, որ նա չէր էլ պատկերացնի, որ ապագայում նրան սպասելու է դաժան ճակատագիր։

Պարոն Վոտրեն (Ժակ Կոլեն)

Ստեղծագործության ամենախորհրդավոր կերպարներից մեկն է։ Անկեղծ ասած՝ ինչքան էլ դժվար էր շատ հերոսների համար մեկնաբանել իր վարքուբարքը, խոսելաձևն ու գործողությունները, կարող ենք վստահաբար պնդել, որ նրա առաջնային նպատակը գերիշխանություն հաստատելն էր։ Նրա մասին մենք դրվագային տեղեկություններ ունենք, այսինքն՝ նրա անցյալի մասին մենք հստակ ու ամփոփ իրազեկված չենք։ Սյուժեից գիտենք, որ նրան վերջ ի վերջո ձերբակալում են, քանի որ նախընթաց շրջանում պարզվում է, որ նա տխրահռչակ հանցագործ է և մեղադրվում է մի շարք ծանր հանցագործությունների մեջ։ Նշենք, որ նա, հավատարիմ մնալով իր հիմնանպատակին, փորձում էր նվազ ազդեցիկ մարդկանց վրա տարածել իր գերիշխանությունը՝ երիտասարդներին տարօրինակ խորհուրդներ բաժանելով ու առանց վարանելու նրանց հետևելով։ Նա Էժենին առաջարկում էր ամուսնանալ հարուստ ընտանիքից սերող Վիկտորինա Տայֆերի հետ, պայմանով, որ Էժենը նրան հետագայում խոշոր գումար կվճարի։ Օգտագործելով ֆինանսական սխեմաների բարդ համակարգ՝ նա մոլորեցրել էր պատանուն և թույլ չէր տվել սթափ դատել տեղի ունեցածը։ Սրա պատճառով, Էժենը շուտափույթ համաձայնել էր առաջարկին՝ չգիտակցելով հետևանքների ծանրությունը։ Ստացվում է, որ պարոն Վոտրենը վեպի ամենամանիպուլյատիվ, մոլորեցնող ու դոմինանտության ձգտող հերոսն է, որն իր նպատակին հասնելու ճանապարհին ոչ մի խոչընդոտ չի տեսնում, թեկուզ ամենամոտիկ «դաշնակիցներին» կորցնելով՝ ինքը, միևնույնն է, գնում է իր ուղով։ Նա պանսիոնի միակ բնակիչն է, ով առանց վախենալու արտահայտում է իր կարծիքը՝ հաշվի չառնելով իր ասածը ճշմարտություն է, թե՝ ոչ։

Սյուժեի վերջում նրան դավադրաբար մատնում են, իրավապահ մարմինների կողմից նա ձերբակալվում է՝ իր եզրափակիչ խոսքում մեղադրանքներ հնչեցնելով հավաքվածների հասցեին ու սպառնալով վրեժ լուծել իր մատնության գործում խառնվածներից։ Այսպիսով, այս հերոսի ողջ կենսակերպը բումերանգի պես դառնում է իր դեմ, և նա՝ բոլորին իր ձեռքի տակ պահել ձգտողը, ինքը դարձավ այդպիսին՝ ենթարկվելով օրենքին և կրելով իր հանցանքների պատասխանատվությունը։

Կանայք սիրում են անհնարինը հնարավոր ցույց տալ, նրանք սիրում են իրենց նախազգացումներով հերքել փաստերը։

Անաստազի դը Ռեստո

Հայր Գորիոյի ավագ դուստրն է, ֆրանսիական-եվրոպական բուրժուական բարքերի վառ կրողը։ Նա, չնայած որ դաստիարակվել և կայացել է բարոյական արժեքներով, տարիների ընթացքում, տեսնելով ու զգալով հասարակության մեջ տիրող անհավասարությունն ու արիստոկրատական խավի գեղեցիկ շռայլումները, վճռել է ամեն գնով մտնել այդ հասարակարգ՝ իր տեղն ու դիրքը ապահովելու և իր երեխաներին պայծառ ապագա երաշխավորելու համար (անտեսելով այդ վարվեցողության բացասական հետևանքները թե՛ իր, թե՛ երեխաների բարոյահոգեբանական դրության վրա)։ Նա եսասեր, ինքնահավան կերպար է, որ մտածում է միմիայն իր մասին։ Սովոր չէ արձագանքելու հասարակ ժողովրդից սերող անհատներին, սիրում է մասնակցել տոնակատարությունների, ձեռք բերել արժեքավոր կապեր ու ծանոթություններ։ Այնքան է տարված իրենով, որ սեփական հորը չի ցանկանում վերջին հրաժեշտը տալ։ Նա ևս տառապում է ամուսնու պատճառով, ամեն պատեհ-անպատեհ առիթներին փող վերցնում հորից ու հարազատներից՝ իրեն ներկայացնելով իբրև ամեն կողմից մերժվածի, ճակատագրից պատժվածի։ Իր սիրածը՝ Մաքսիմ դը Տրայը, վեպի վերջում լքում է կոմսուհի դը Ռեստոյին։

Նրա պատիժը սյուժեի ավարտին լինում է այն, որ նա չի կարողանում վերականգնել իր վաղեմի դիրքն ու կարգավիճակը, և իշխող հասարակարգի աչքերում նա դառնում է սովորական մանրադրամ, որին, հրավիրելով ճոխ խնջույքների ու պարահանդեսների, կարելի է օգտագործել որպես գործիք։

Դելֆին դը Նյուսինգեն

Հայր Գորիոյի կրտսեր դուստրն է․ համեմատած իր ավագ քրոջ հետ՝ նա ավելի բարյացակամ է, կարեկից, պատրաստ աջակցելու, բայց անձնական լուրջ խնդիրները ի վերջո հանգեցնում են նրան, որ նա ևս ի զորու չի լինում վերջին անգամ հանդիպելու սիրելի հորը։ Վեպի սկզբում երևում է, որ նրա և հայր Գորիոյի միջև լարված հարաբերություններ են, բայց Ռաստինյակի ի հայտ գալուն պես, այդ փոխհարաբերությունները աստիճանաբար մեղմվում են և վերածվում ջերմ գրկախառնությունների, երկարատև խոսակցությունների։ Դելֆինը հետաքրքիր կերպար է, քանզի հնարավոր չէ արագորեն պարզել, թե ինչպիսի ներաշխարհ ունի նա։ Թվում է՝ ահա ուր որ է, նա կգա, կնստի մահամերձ հոր կողքին և կսկսի արցունքներ թափել, բայց արի ու տես, որ ոչ։ Նա, ինչպես իր քույրը, չեկավ ո՛չ հոգեհանգստին, ո՛չ էլ հուղարկավորությանը՝ չնայած այն փաստին, որ նրանց հարաբերությունները շատ ջերմ էին։

Դելֆինը՝ որպես ֆրանսիական ազնվական բարքեր ուսումնասիրած անձ, կարողանում է նավարկել հասարակարգից հասարակարգ, լեզու է գտնում տարբեր խավերի ներկայացուցիչների հետ։ Չափազանց էմոցիոնալ է, տեղ-տեղ նաև անկայուն, չի կարողանում թաքցնել բացահայտ հուզմունքը, տենչում է, որ ամեն վայրկյան իր կողքը գտնվի համարձակ տղամարդ, որը պատրաստ կլինի լսելու իր խոսքերը։ Ելնելով նկարագրումներից՝ կարող ենք վկայել, որ նա ևս սիրում է լինել ուշադրության կենտրոնում, մանիպուլյացիաների շուտ չի տրվում, սակայն ազդեցության տակ ընկնող մարդ է։ Իր ամուսնու ձեռքով շատ է տառապել ու անքուն գիշերներ անցկացրել։ Այս առումով կարելի է կարեկցել նրան։

Ով կարող է ասել, թե որն է ավելի զարհուրելի՝ ցամաքած սրտեր տեսնելը, թե դատարկ գանգերին նայելը։

Հայր Գորիո

Առաջին հայացքից նվաստ, նիհարոտ ու երկյուղած մի ալեհեր, որն արդեն որերորդ տարին է՝ բնակվում է տիկին Վոքեի պանսիոնում։ Լռակյաց է, անձամբ չի խոսում, բայց բոլորը, ծաղրական իմաստով, նրանից բամբասում են՝ նույնիսկ ծերուկի առաջ։ Խոսում են նրա ձախողված ծրագրերի, անհաջող փորձերի վերաբերյալ, ժամանակ առ ժամանակ հիշեցնում իր դառը անձնական կյանքի մասին։ Այլ կերպ ասած՝ ձգտում են ծերուկին ներսից սպանել։

Գորիոն՝ վերմիշելի նախկին ֆաբրիկատերը, վեպի երկրորդ հատվածում է միայն բացվում՝ ցույց տալով իր իրական էությունը։ Էժենի հետ մտերմանալով՝ նրան է վստահում իր կյանքի կարևորագույն գաղտնիքները, խոսում իրեն պատուհասած դեպքերի շուրջ։ Էժենն էլ, ուշադրությամբ ականջալուր լինելով այդ ամենին, աջակցում է ծերուկին ամեն հարցում, նրա հետ մի սեղանի շուրջ ընթրում, միասին հանդեսների մեկնում։ Հայր Գորիոն վերաբերվում է Ռաստինյակին ինչպես սեփական որդուն, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է նրանց սերտ ընկերությունը։ Հայր Գորիոյի բնավորության ամենանկատելի ու գնահատելի գծերից մեկը հենց կապվածությունն է մեկի հետ։ Երբ որևէ մարդ, երկար դեգերումներից հետո, գտնում է մեկ ուրիշին, որը պատրաստ է նրան լսել և խորհուրդ տալ, նա ակամայից սկսում է վստահել նրան և ինչ-որ բարեկամական կապեր որսալ։ Նա յուրաքանչյուր առիթ բաց չի թողնում նրա հետ խորհրդակցելու։ Եվ սա է, որ ծերուկին դարձնում է յուրահատուկ։ Զգալով այդ ջերմությունը, հարգանքն ու փոխադարձ վստահությունը՝ նա գիտակցում է, որ այդ մարդը նրա կյանքի մի մասնիկն է, և որ պատրաստ է ամեն պահ պայքարել նրա համար։

Գորիոյի ճակատագիրը դաժան է դասավորվել։ Նա թշվառ է, ցավալի վիճակում է գտնվում, հասարակության մի ստվար զանգվածի կողմից արժանանում է նվաստացման և թերագնահատման։ Մարդիկ չգիտեն, թե ինչ կյանք է ապրել Գորիոն՝ հարուստ ֆաբրիկատերից մինչև մահվան շեմին կանգնած ծերուկ։ Նա ընդունակ չէ այդ ամենով կիսվել հասարակության հետ, որովհետև հասկանում է՝ յուրաքանչյուր արդարացում ավելի է սրացնելու վատ վերաբերմունքը նրա հանդեպ։

Գորիոյի բնավորության ամենաէական գծերից և յուրահատկություններից մեկն այն է, որ նա սիրում է անկեղծ ու անարատ սիրով։ Նա իդեալականացնում է կնոջը, այս պարագայում՝ իր աղջիկներին, այնքան է տարված նրանցով, որ չի նկատում պարզ վրիպումները, սխալները։ Նա պաշտում է նրանց, ամեն շարժման մեջ տեսնում իր ներդրումը, փորձում ամեն տեղ ու ամեն ժամ լինել նրանց կողքին, ինչ էլ պատահի։ Նա իրոք սիրում է իր աղջիկներին և պատրաստ է իր կյանքը տալ նրանց համար։ Բայց արդյո՞ք այդ սերը փոխադարձ է, թե մենք ականատես ենք լինում միայն ձևական փաղաքշանքների։

Գորիոն մահանում է միայնակ՝ առանց իր դուստրերին հրաժեշտ տալու հնարավորության։ Նրա հոգին ազատվում է, բայց այն, ինչ նա ապրել է, դեռ երկար է նրան տանջելու երկնքում։ Նա չի ներում իրեն իր աղջիկներին կործանարար կյանք պարգևելու համար, նա անդադար մեղադրում է ինքն իրեն՝ գեղեցկուհիների առաջ երջանկության կեղծ դռները (փող, շռայլություն, ցոփ ու շվայտ կյանք) համար։

Մարդն ամենուրեք նույնն է. ամենուրեք հաստատված է հարուստի և աղքատի կռիվը, ամեն տեղ դա անխուսափելի է, ավելի լավ է ուրեմն շահագործող լինել, քան թե շահագործվող։

Էժեն դը Ռաստինյակ

Վեպի ամենագաղափարական հերոսն է։ Ինչքան էլ, որ երիտասարդ է, գիտակցում է պահի լրջությունը, հույզերի չի տրվում, շատ դեպքերում կարողանում է իրեն տիրապետել։ Մենք տեսնում ենք ուսանողի կյանքի արմատական փոփոխություն․ տեղեկանալով հետագա դեպքերի վերաբերյալ ավելի ու ավելի, մենք զգում ենք գլխավոր հերոսի կայացումը, նրա ապրումներն ու հույզերը։ Մենք նկատում ենք, թե ինչպես է ազդեցության տակ արագ ընկնող, իր տաղանդով որևէ ձև չփայլող երիտասարդը կամաց-կամաց վերածվում այն տղամարդու, որի հետ հաշվի են նստում և որի խոսքերին լուրջ են վերաբերվում։

Ահա հենց այդ ուղին է, որ պատկերվում է մեր առաջ, և իմ սուբյեկտիվ կարծիքն այն է, որ Օնորե դը Բալզակը ցանկացել է հենց դա ցույց տալ՝ անհատի կայացումը։ Մշտական շփումները տարբեր հասարակարգերի ներկայացուցիչների հետ, մասնակցությունը մարդաշատ հավաքներին ու տոնախմբություններին, ներանձնային խնդիրների ճշգրտումներն ու էմոցիոնալ կախումները նրան ստիպում են վերափոխել իր վերաբերմունքը կյանքի նկատմամբ։ Եթե վեպի սկզբում նա ասում էր, որ ուզում է դառնալ իշխող դասակարգի մի անդամ, ապա վեպի ավարտին նա մեկնարկում է իր պայքարը հենց այս հասարակարգի դեմ։ Հայր Գորիոյի, պանսիոնի այլ բնակիչների, պարոն Վոտրենի, կոմսուհիների հետ հաղորդակցությունները նրան ստիպում են վերանայել իր կյանքը, ըմբռնել այդ նուրբ մեխանիզմների օրինաչափություններն ու կանոնները, գիտակցել, որ կյանքում ամեն բան հեշտ չի տրվում, և նույնիսկ պարահանդեսում պատվավոր առաջնային դիրք գրավելու համար պետք է համառորեն մաքառել։

Մենք տեսնում ենք երիտասարդ Ռաստինյակի վերափոխումը տղամարդ Ռաստինյակի։ Նա ավելի գիտակից է, իրազեկ սոցիալական ու ներքաղաքային անցուդարձին, ծանոթ քաղաքը ղեկավարող ուժերին ու նրանց նպատակներին։ Հերոսն ինքն իր մեջ հասկանում է՝ նա ևս մի առաքելություն ունի անելու, այն է՝ շտկել բարոյական մթնոլորտը, վերադարձնել Փարիզին իր նախնական տեսքը։ Նա հրամայում է ինքն իրեն՝ չտրվել մանիպուլյացիաների, խաբկանքների և պայքարել մինչև վերջ։ Եվ այդ պայքարը անպայման չէ, որ լինի ուժով, նա կռվում է նաև խելքով։ Տեսնելով, թե ինչպես են հարազատ աղջիկները ամենապատասխանատու պահին թողնում իրենց հայրիկին, զգալով, թե ինչպես են մարդիկ չարչարվում իրենց հարազատների ձեռքից՝ հերոսը վերլուծում է՝ ամեն բարձր դրված բան չէ, որ բարոյական է, ճիշտ է։ Եվ այն նույն հասարակարգը, որի շարքերը ներթափանցել էր տենչում երիտասարդը, մի ակնթարթում վերածվում է ոխերիմ թշնամու, և նա պատգամում է արմատապես փոխել այդ կարծրացած, փտած ու ներսից նեխած կենսակերպը, որտեղ մարդիկ շռայլում են հաճոյախոսություններով, բայց մեջ հետևում անիծում ու զրպարտում են միմյանց, որտեղ փողն է թելադրում հասարակությանը՝ ինչ անել, ինչ լինել և ինչպես ապրել և որտեղ իշխող դասակարգերը, ժողովրդին ծառայելու փոխարեն, աստվածացվում և մեկուսացվում են՝ կամուրջներ կառուցելու փոխարեն վիհեր ստեղծելով։

Բայց արձանագրենք, որ այս համատեքստում Ռաստինյակի պայքարը իրեն մերժածների դեմ էր նաև, հետևաբար հիմնական ասելիքը հասկանալու համար, մենք կավելացնենք որոշակի նրբերանգներ։

Սկզբունքներ գոյություն չունեն․ կան միայն դեպքեր։ Օրենքներ գոյություն չունեն․ կան միայն հանգամանքներ։ Մեծ մարդը նա է, ով դեպքերն ու հանգամանքներն իրար մոտ է բերում, կապում և առաջ վարում նրանց։

Ամփոփում

Ռաստինյակը հասունանում է, և նրա հետ նաև մենք։ Ընթերցողներս էլ ենք ընկալում այն բոլոր իրողություններն ու իրադարձությունները, որոնք տեղի են ունենում վեպում։ Վեպը մեզ սովորեցնում է կյանքի օրենքներին։ Ապրելով բաղձալի երազանքներով՝ մենք շեղվում ենք իրականությունից։ Աշխարհի հիմքում դրված հիմնադրույթները ոտնահարելով՝ մենք փորձում ենք ձևավորել մեր երազած աշխարհը՝ չհասկանալով, որ այդ կանոնակարգերն ու օրինաչափություններն են, որ շեղում են մարդկանց կյանքի բնականոն ընթացքից և հարցականի տակ դնում ժողովուրդների ապագան։ Իհարկե, սա վեպ է, բայց Բալզակն ինքն է նշում, որ պետք է լուրջ վերաբերվել։ Եվ, այո՛, սա թերևս ամենաանկյունաքարային թեմաներից մեկն է, որը մենք պետք է չվախենանք բարձրաձայնել։ Անտարբերությունն ու արհամարհանքը միայն հեռացնելու են մեզ մեր վերջնանպատակից։ Սա գիտակցեց Էժեն դը Ռաստինյակը՝ կյանքի ծաղկուն շրջանում գտնվող այս երիտասարդը, սա պետք է գիտակցենք նաև մենք։

Բալզակը անհերքելիորեն հանճար է, որ կարողացել է նման վառ երանգներով պատկերել այնքա՜ն դժգույն իրականությունը։ Նա հոգեբանության գիտակ է, ծանոթ է մարդկանց վարվելակերպին ու վարքագծերին։ Նա մեզ պատգամում է չվախենալ գործել, չվախենալ փոխել այն, ինչը դեպի ոչնչացում է տանում հասարակությանն ու պետությանը։ Չցանկանալով դրամատիզացնել՝ վերջում պետք է նշեմ մի քանի դաս, որոնք ես անձամբ սերտեցի այս վեպը ընթերցելիս, կարծում եմ՝ օգտակար կլինեն նաև մյուսների համար․

  • Ապրի՛ր քո կյանքը քեզ համար և քեզ համար կուռքեր մի՛ շինիր,
  • Սիրի՛ր մեկին ամբողջ սրտով, տրվի՛ր նրան ամբողջ հոգով,
  • Մի՛ վախեցիր գործելուց, հաջողությունը ռիսկ է պահանջում, պարտվում է նա, ով չի գործում,
  • Հույսդ դի՛ր քեզ վրա, ամեն մարդ ունակ է ի կատար ածելու անհնարին թվացող նպատակները,
  • Անընդհատ վերափոխվիր, փոխիր քեզ, այնուհետև քո շրջապատին,
  • Սիրի՛ր քո հարազատներին առանձնահատուկ սիրով, նվիրվի՛ր նրանց, մի՛ թող նրանց միայնակ,
  • Մարդկանց հետ շփումներում եղի՛ր ուշադիր ու զգոն, ամեն ժպտացող մարդ չէ, որ բարյացակամ է, լայն բացված ժպիտի հետևում կարող է թաքնված լինել դավադրություն,
  • Մի՛ վախեցիր միայնակ լինել և մերժված հասարակությունից, եթե գիտես, որ ճշմարտության և արդարության համար ես անում,
  • Ուրախացի՛ր մանր հաղթանակներով, դրանք են, որ հասցնելու են քեզ աշխարհի բարձունքներ,
  • Սիրի՛ր Աստծուն ամբողջ հոգով ու սրտով, ծառայի՛ր նրան։

Վերջում կնշեմ մի շատ կարևոր հանգամանք, որը ես նկատեցի ստեղծագործության մեջ։ Ընդհանրապես, դասական գրականության մեջ սովորական բան է առասպելական հերոսների ներառումն ու գլխավոր հերոսների հետ նրանց համեմատությունների ու ընդհանրությունների վերհանումը։ Ես ցանկանում եմ կենտրոնանալ դավանաբանական ենթատեքստի վրա․ Բալզակը երկում հաճախ է անդրադառնում Աստծո գոյությանն և Աստծուն հավատալուն։ Մենք դա նկատում ենք նաև հերոսներից, որոնք իրենց կենցաղային խոսակցությունների ժամանակ հաճախ օգտագործում են նմանատիպ արտահայտություններ՝ չնայած որ նրանք ամենաշատն են խախտում բարոյական օրենքները (կեղծավորությունն ու երեսպաշտությունը մի այլ մակարդակի են հասցված վեպում)։ Ես կարծում եմ, որ չափազանց խելամիտ, խոհեմ ու աշխատասեր մարդիկ են, որ գեղարվեստական վեպերում արծարծում են կրոնական թեմաներ։ Դա, ըստ իս, ողջունելի և գովելի է, և ընթերցանությունը դարձնում է ավելի հետաքրքիր ու կլանող։

Շնորհակալություն ուշադրության համար։