1. Ինչպիսի՞ պատճառներ կարող են պետություններին հասցնել ռազմական բախման։
Դիվանագիտական բանակցությունների (տարբեր ձևաչափերով) ձախողումները, երկարաձգումները, երկաժամկետ ռազմավարական շահերի, անհամաձայնությունների, կարմիր գծերի առկայությունը և մի շարք այլ պատճառներ կարող են հանգեցնել պետություններին ռազմական բախման։
2. Ի՞նչ դեր ունեն տարածաշրջանային ուժային հավասարակշռությունը և դաշնակցային հարաբերությունները նման հակամարտություններում։
Դաշնակցային հարաբերությունները տարածաշրջանային կոնֆլիկտներում դիմակայելու և ստատուս-քվոն պահպանելու թերևս ամենակարևոր հիմքերից մեկն են։ Ընդհանրապես, դաշնակցային հարաբերությունները, եթե դրանք հիմնված են իրավասության, փոխհամաձայնության, հարգանքի և վստահության սկզբունքների վրա, կոնֆլիկտների ժամանակ ցուցադրում են բավականին մեծ կենսունակություն, հետևաբար ռազմական իրողություններում դաշնակցելն ու մի բևեռ կազմելը ունեն առանցքային նշանակություն։
3. Ինչպե՞ս է միջուկային զենքի խնդիրը ազդում միջազգային քաղաքականության վրա։
Միջուկային զենքի առկայությունը որևէ պետության մոտ կամա-ակամա ստիպում է մյուսներին ընդունել նրան իբրև թելադրող և ճակատագիր որոշող։ 21-րդ դարում ամենահզոր ու միաժամանակ ամենակործանարար զենքը միջուկայինն է, ուստի այն պետությունները, որոնք դրանք ունեն դրսևորում են առավել ներկայացվածություն (դրա բոլոր իմաստներով)։ ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Կանադան, Չինաստանը, Իսրայելը, Ֆրանսիան և մյուսները, միջուկային զենք ունենալով (կարելի է ասել) որոշակի արտոնություններ են ստանում՝ միևնույն ժամանակ նվազեցնելով իրենց վրա հնարավոր հարձակումները և մեծացնելով բանակցությունների հօգուտ իրենց հաջող ավարտը։
4. Կարո՞ղ է արդյոք կանխարգելիչ ռազմական հարվածը համարվել արդարացված միջազգային իրավունքի տեսանկյունից։
Այսօրվա աշխարհակարգում՝ միգուցե։ Սակայն պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր կյանք կարևոր է, ուստի միջազգային իրավունքի հիմնական նպատակներից մեկը հենց մարդկանց կյանքերն ազատագրելն ու պահպանելն է, ոչ թե դրանց կործանմանը նպաստելը։ Եթե որևէ պետություն, առաջնորդվելով բռնապետական սկզբունքներով, ոտնձգություններ է իրականացնում սեփական ժողովրդի և հանրության նկատմամբ, ապա վերջինիս ազատագրելու և բարեկեցիկ կյանք պարգևելու տեսանկյունից կանխարգելիչ ռազմական հարվածը կառավարական կետերին ու օբյեկտներին, միգուցե կարելի է արդարացված համարել։
5. Ի՞նչ դեր ունի ՄԱԿ-ը և միջազգային կազմակերպությունները նման հակամարտությունների կարգավորման մեջ։
Միավորված ազգերի կազմակերպությունն ու նման հարակից կառույցները ունեն ամենավճռորոշ դերը հակամարտությունների կարգավորման հարցում։ Բոլոր բանակցությունները, այսպես թե այնպես, կայանում են հենց միջազգային բարձրագույն ատյանների, կառույցների հովանու և կանոնադրության ներքո։ Չնայած՝ կարելի է արձանագրել, որ այսօրվա աշխարհակարգում ՄԱԿ-ը, որն ունի իրադարձությունները քննելու և համամոլորակային որոշումներ կայացնելու բացառիկ իրավասություն, մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ ծայրահեղ քայլերի չգնալու առումով որոշակի պասիվություն է պահպանում (չնայած որ անընդհատ ահազանգում է)։
6. Ինչու՞ տարբեր երկրներում գործող լրատվամիջոցները նույն պատերազմը ներկայացնում են տարբեր ձևերով։
Ամեն երկրում չէ, որ գործող լրատվամիջոցները նույն պատերազմը ներկայացնում են տարբեր ձևերով։ Նման վարքագիծը առկա է ժողովրդավար պետություններում, իսկ բռնապետական հասարակարգերում գործում է միայն թելադրված լրատվությունը։ Կարծում եմ՝ պատերազմը նկարագրելու տարբեր ասպեկտները, որոնք ներկայացվում են տարբեր լրատվամիջոցների կողմից, եթե պարտադրված կամ դավադրություն պարունակող չեն (ժողովրդին մոլորեցնելու), ապա որոշակիորեն նպաստում են հանրության՝ հենց այդ նույն պատերազմի վերաբերյալ ճշգրիտ և օբյեկտիվ պատկերացում կազմելու տեսանկյունից։
Սրան հակառակ՝ մի շարք երկրներ, որոնք ժողովրդավարության ինդեքսներում զբաղեցնում են հնարավոր ցածր կամ միջին հորիզոնները, պատերազմական դրության ժամանակ արգելափակում են սոցիալական ցանցերը, լրատվամիջոցները՝ թողնելով միայն վստահելիները։ Սա ևս ինչ-որ տեղ ճիշտ մոտեցում է, քանի որ ժողովրդին հետ է պահում ամեն տեսակ ներաթափանցած, խեղաթյուրված, իրականության հետ կապ չունեցող ինֆորմացիայից, որը կարող է մեծ ներգոծություն ունենալ։
7. Ինչպե՞ս կարելի է տարբերել տեղեկատվությունը քարոզչությունից կամ ապատեղեկատվությունից։
Տեղեկատվությունը հիմնվում է փաստերի վրա, քարոզչությունը (շատ դեպքերում) թիրախավորում է հենց հանրության հուզական ասպեկտը՝ հրապարակախոսական հնարքների շնորհիվ անդադար ակնարկելով հենց այդ ժողովրդի տոկունության, ճիշտ որոշումներ կայացնելու իրավունքի մասին։ Քարոզչությունը, որը ոչ բոլոր դեպքերում է նկատելի, երկարատև հեռանկարում բավականին մեծ ազդեցություն կարող է ունենալ, և այն մարդը, որը փորձում էր քաղաքական գործընթացների քննումից իրեն զերծ պահել, որոշ ժամանակ հետո դառնում է հենց այդ իրավիճակների քննողն ու գնահատողը։ Քարոզչությունը ունի մեկ նպատակ՝ ինչքան հնարավոր է շատ մարդ համախմբել մի գաղափարախոսության ներքո, դա կլինի մեղադրանք որևէ մեկի դեմ, կլինի կոչ՝ միավորվելու որևէ պետության կողքին կանգնելու և այլն։ Տեղեկատվությունը հիմնականում փոխանցվում է չեզոք դիրքերից՝ ակտիվ հղումներով, մեջբերումներով, հավաստի աղբյուրներով և այլն։
8. Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ պատերազմները համաշխարհային տնտեսության վրա (օրինակ՝ նավթի գներ, առևտրային կապեր)։
Դիտարկենք Հորմուզի նեղուցի փակումը Իրանի կողմից՝ Իսրայել-Իրան սրացման պայմաններում։ Այն նեղուցը, որը պատերազմական դրության ժամանակ որոշվեց փակել և որն ապահովում էր նավթամթերքի մուտքը Պարսից ծոցից միջերկրական ջրեր, մեկ օրում դադարեց շահագործվելուց, իսկ տնտեսության այն ճյուղերը, որոնք հիմնված էին հենց նավթաարդյունաբերության և նավթաարտահանման վրա, կտրուկ աճ գրանցեցին։ Եվրոպայում նավթի և գազի գները մի քանի անգամ ավելացան։ Նույն սցենարով կարող ենք դիտարկել նաև ավիափոխադրումների հարցը։ Այժմ Մերձավոր Արևելքի, մասնավորապես՝ Իրան, Հորդանան, Իսրայել, Իրաք երկրների օդային տարածնքերով ինքնաթիռներ չեն անցնում, ինչը ևս մեկ բեռ է համաշխարհային տնտեսության համար։
9. Ինչպիսի՞ մարդասիրական խնդիրներ են առաջանում ռազմական գործողությունների հետևանքով։
Պատերազմների ամենադառը հետևանքը հենց մարդասիրական հիմնահարցերն են, որոնք առաջանում են։ Դրանք կարող են լինել անհետ կորածների մասին վկայություններ, խաղաղ բնակչության կոտորում, ենթակառուցվածքների ոչնչացում կամ մասնակի վնասում, երեխաների-տարեցների և այլ հատուկ խմբերի ներկայացուցիչների թիրախավորում, կրթական-ուսումնական հաստատությունների ռմբակոծում և այլն։ Հենց մարդասիրական խնդիրներն են, որոնք ռազմական դրության ժամանակ ամենաշատն են ի հայտ գալիս։
10. Ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ նման տարածաշրջանային պատերազմները փոքր երկրների վրա, այդ թվում՝ Հայաստանի։
Անշուշտ, տարածաշրջանային զարգացումները ուղղակի կամ անուղղակի կարող են իրենց ազդեցությունն ունենալ երկրների վրա, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության։ Նման հակամարտությունները կարող են նպաստել առևտրական կապերի թուլացմանը, միգրացիոն հոսքերի շատացմանը, նաև որոշ դեպքերում՝ օդային տագնապների և ուղիների փակմանը։ Դա ամենադառը հետևանքը կլինի։ Այժմ, ըստ իս, Հայաստանի վարած դիվերսիֆիկացիոն քաղաքականությունը իր պտղուները տվել է, և Հայաստանի դեմ պոտենցիալ հարձակումը կամ պետության ներքաշումը փորձագիտական շրջանակների կողմից գնահատվում է 0, ինչը բավականին լավ է։
11. Ձեր կարծիքով ինչպիսի՞ ելքեր կարող են լինել նման հակամարտություններից՝ ռազմական հաղթանակ, բանակցություններ, միջազգային միջնորդություն և այլն։
Իմ կարծիքով՝ միակ ու միակ ճիշտ լուծումը կան և մնում են շփումները, բանակցությունները։ Միջազգային միջնորդությունները ավելի են սրելու հակամարտությունը հետագայում, իսկ ռազմական հաղթանակները (որևէ կողմի) ուշ, թե շուտ ծնելու են վրեժխնդրություն։ Ուստի, ռազմական խնդիրները լուծելու ամենաճիշտ մոտեցումը բանակցություններն են։