Այցելություն Մեծամորի №2 Ավագ դպրոց

Այսօր՝ հունվարի 19-ին, ես,Ավագ դպրոցի պատմության ուսուցիչ Պրն․ Տիգրանյանի հետ ուղևորվեցի Մեծամոր՝ «Նախասիրությունների բացահայտում» թեստի զարգացման ու թեստավորման համար։ Պրն․ Նիկողոսյանը՝ Մեծամորի Ավագ դպրոցի փոխտնօրենը, մեզ աջակցեց այդ հարցում և իր մեքենայով հասցրեց համայնք։ Ժամը 9:10 շարժվեցինք և երեսուն-քառասուն րոպե անց, հասանք նշանակության վայր։ Դպրոցը ինձ շատ դուր եկավ իր տեսքով, վերանորոգմամբ։ Մուտք գործելով ներս, մենք տեսանք վերանորոգված ու գեղեցիկ կահավորված դասասենյակներ, գրասենյակներ, դահլիճներ ու միջանցքներ։ Որոշ ժամանակ ծանոթանալով ու խոսելով դպրոցի մասին, մենք սկսեցինք թեստավորումը։

Մեծամորի Ավագ դպրոցը ունի երեք տասերորդ դասարան, որոնք ընդհանուր կազմված են 60 սովորողից։ Թեստավորումը այնքան էլ դժվար ու հոգնեցնող գործ չէր, այլ ընդհակառակը, ես այն հավանեցի և թեստավորման ընթացքում մտովի համեմատում էի Մեծամորի դպրոցի աշակերտների ու մեր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտների գրանցած արդյունքները։ Պետք է արձանագրեմ, որ տարբերությունները այնքան էլ շատ չէին։ Այսպես մենք ստուգեցինք 10ա, 10բ, 10գ դասարանները։ Ես սկզբից էլ մի քիչ լարված էի, քանի որ այդքան (պայմանականորեն կոչենք) մեծ միջոցառմանը առաջին անգամ էի մասնակցում, սակայն Պրն․ Տիգրանյանի ու Պրն․ Նիկողոսյանի ներկայությունները ինձ սթափեցրեցին և ժամանակին զուգահեռ, սկսեցի ինձ ավելի ազատ զգալ։ Իսկապես, դպրոցի միջավայրը շատ ազատ էր, սակայն գործում էր խիստ կարգապահություն, որն ինձ շատ դուր եկավ։

Դասարաններին ներկայացնելով բուն թեման ու նախագիծը, սովորողները սկսեցին աշխատել։ Որոշեցինք, որ աշխատելու ենք թղթերով, քանի որ կային տեխնիկական խնդիրներ պատճենելու, տեղադրելու, խմբագրելու ու աշխատելու հետ։ Ոմանք հարցեր չունեին, ոմանք էլ ունեին, և մենք հավեսով ու սիրով պատասխանում էինք նրանց կողմից հնչեցված հարցերին։ Սովորողներին օր առաջ տեղյակ էր պահել Պրն․ Նիկողոսյանը, որ այդպիսի ուսումնասիրություն է անցկացվելու և նորից ներկայացնելու անհրաժեշտություն չեղավ, մենք պարզապես վերհիշեցրեցինք աշակերտներին թեստի բովանդակությունը, իմաստը, կարևորությունը, նպատակն ու ընթացքը։ Այսպես մեկ ու կես-երկու ժամում ավարտեցինք թեստավորումը։ Փոխտնօրենը մեզ ցույց տվեց վերանորոգված ֆուտբոլի, բասկետբոլի, վազքի ու վոլեյբոլի դաշտերը։ Ընդհանուր առմամբ՝ մեծ ջանք էր ներդրվել այդպիսի գեղեցկության ու որակի հասնելու համար։

Պետք է հստակ նշեմ, որ Ավագ դպրոցի սովորողները շատ լավ ու պարտաճանաչ աշակերտներ էին և նրանց հետ իմ շփումը ազատ էր ու ոչ լարված։ Ես իսկապես սիրեցի այդ դպրոցը, ինձանից տարիքով մեծ աշակերտներին։ Արդեն սկսել ենք թեստավորման արդյունքների ստուգումը։ Հուսով ենք, որ արդար ենք թեստավորում ու ստուգում։ Անչափ շնորհակալ եմ համագործակցային նախագծի համար, շատ ուրախ եմ դպրոցի կարգ ու կանոնից, կազմակերպվածությունից, սովորողներից, անձնակազմից։ Հատուկ շնորհակալություն Պրն․ Տիգրանյանին և Պրն․ Նիկողոսյանին՝ ուղեկցելու, օգնելու ու վստահություն ներշնչելու համար և իհարկե իմ ջոկատավար՝ ընկեր Գոհարին, ով թույլատրեց մասնակցելու այս ճամփորդական հետազոտությանը։ Շնորհակալություն ուշադրության համար․․․

Թողնել մեկնաբանություն