Վահագն Դավթյան «Մեր պետական դրոշը»

«ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇԸ»

Հայոց երկնքի մեջ լուրթ ու անամպ, 

Հայոց ավանդական ու հին հողում 

Իր պետական շուքով ու վեհությամբ 

Մեր պետական դրոշն է փողփողում։

Օծված է նա բախտի մեծ արևով, 

Կանգնած է մեր տենչի լույս գագաթին, 

Այնքան բարձր է, որ իր բոսոր թևով 

Ասես քսվի պիտի Արարատին։

Ծփում է նա, ու լույս ծփանքի տակ, 

Իմ Հայաստան, հողդ է ծիածանվում, 

Այդպես հպարտ, այդպես բարձր ու շիտակ 

Քո դարավոր երազն է ծածանվում։

Զավակներդ մահով ասպետական 

Մարտերի մեջ ընկան դար ու դարեր, 

Երազեցին դրոշն այս պետական, 

Ինչպես երազում են կյանք ու արև։

Եվ արդ ծփում է նա մետաքսահյուս, 

Ծփում է նա հպարտ, ասես թևում, 

Իբրև կյանքի փարոս ու իբրև հույս 

Համայն հայությանն է նա երևում։

Օծված է նա բախտի մեծ արևով,

Կանգնած է մեր տենչի լույս գագաթին,

Այնքան բարձր է, որ իր բոսոր թևով

Ասես քսվի պիտի Արարատին:

Այստե՛ղ, հենց սրտի մեջ իմ աշխարհի,

Այստե՛ղ, նոր ոստանում իմ հայկական 

Ծփում է նա շնչից բարձունքների 

Եվ ծփում է շնչից հավերժության:

Վերլուծություն-պատճառաբանություն

Ես ընտրեցի հենց այս բանաստեղծությունը, որովհետև զգացի որ այն լցված է հայրենասիրությամբ։ Այս բանաստեղծությունը ինձ գերեց նրանով, որ տողերի շնորհիվ կարողացավ բացատրել դրոշի անցած բարդ ու դժվարին ճանապարհը։ Այս բանաստեղծությունը ոգեշնչող էր, հպարտ, վեհ, զգայուն ու փառապանծ։ Բանաստեղծության տողերը կարդալով զգացի ուժ, որը զարթնում էր ամեն կարդացածս տողից հետո։ Այն ուժ է փոխանցում, ստիպում է դիմադրել, ստիպում է չհանձնվել, պայքարել մինչև վերջ և ապագայում եռագույնի երանգների տակ վայելել այսքան սպասված հաղթանակը։ Այդ երեք գույները կարողացան այնպիսի տրամադրություն փոխանցել ինձ, այնպիսի ուժ հաղորդել ինձ։ Եվ վստահ եմ, որ այս բանաստեղծությունը հիշելով, պահելով նրա խորը իմաստը, զգալով ամեն տողի բուն նշանակությունը, մենք կկարողանանք վերջապես հասկանալ, թե ինչ է դրոշը, և ինչ է հայրենիքը։

Իմ ձայնագրությունը՝

Լրացուցիչ ձայնագրություններ՝

Հայաստան այստեղ

Երկիր Հայրենիայստեղ

Թողնել մեկնաբանություն