Ես ստորև բերված հարցերը ուղղեցի իմ ծնողներին և լսեցի նրանց պատասխանները։ Պատասխանները տարբեր էին, բայց բովանդակալից ու հետաքրքիր։
- Ո՞ր ժամանակաշրջանի Երևանն եք սիրում․
- Էմոցիոնալ կախվածությունը Երևանի տարբեր մասերի հետ․
- Տեղանքի պոզիտիվ/նեգատիվ մշակութային պատկերացումները Երևանի մասին օտարազգիների կողմից․

Հայրիկի պատասխանները՝
Սիրում եմ ներկայիս ժամանակաշրջանի Երևանը, քանի որ այսօրվա Երևանը համեմատաբար ավելի ազատ է, գեղեցիկ, հարուստ ու հարմար։ Ես ապրել եմ 15 տարի կոմունիստական շրջանի Երևանում, և կարող եմ ասել, որ իրոք գրեթե ամեն ինչ փոխվել է։ Երևանը շատ եմ սիրում իր դիրքի, իր ենթակառուցվածքի համար։
Գործի բերումով, Երևանի տարբեր մասերի հետ ամեն օր կապի մեջ եմ ու ունեմ շատ գործընկերներ տարբեր մասերից։ Չեմ կարող ասել, որ հավասար կերպով են զարգացած մասերը։ Ես ընդհանրապես, իմ ժամանակի գրեթե կեսը անցկացնում եմ Կենտրոնում, այստեղ եմ նաև ծնվել, ու համեմատ ՀԱԹ-ի հետ, այնտեղ ավելի զբաղված է, դա բոլորը գիտեն։ Բայց դե, ես ավելի շատ սիրում եմ ՀԱԹ-ում բնակվելը, քանի որ այստեղ ավելի հանգիստ է, ու կարելի է ասել, մի քիչ կարողանում եմ կտրվել Կենտրոնի խառնաշփոթ ու ամեն օր վազքի մեջ գտնվող առօրյայից։
Բոլոր օտարերկրյա քաղաքացիների կարծիքները միշտ էլ համընկնում են։ Բոլորը գիտեն, որ Երևանը հին քաղաք է, նույնիսկ պատահում են դեպքեր, որ հենց իրենց քաղաքներից հին է։ Իսկզբանե Երևանում բնակվում են շատ օտարերկրյացիներ, որոնց մեծ մասը կազմում են ռուսները։ Ռուսների Հայաստան գալու նպատակը տարբերվում է եվրոպացիների կամ ուրիշ երկրներից եկող մարդկանց գալու նպատակներից։ Նրանք այստեղ գալիս են “փրկվելու” համար, քանի որ իրենք իրենց հայրենիքը լքում են պատերազմական դրության ժամանակ։ Ճիշտ է բյուջեյին գումար է գալիս, ու այդպես մեծաքանակ բնակչության շնորհիվ պետությունը զարգանում է, բայց իրականում ռուսները այստեղ չեն գալիս հանգստանալու, իրենք միևնույնն է պատերազմի ավարտի հաջորդ օրը արդեն ՀՀ-ում չեն էլ լինելու։

Մայրիկի պատասխանները՝
Ես նույնպես սիրում եմ ներկայիս ժամանակաշրջանի Երևանը։ Այն հիմա ավելի գեղեցիկ է, ավելի կառուցված, իհարկե կան որոշակի դեֆեկտներ, բայց միևնույնն է այն մեր ձեռքով է կառուցված, ու իր հինավուրց տեսքով շատերին է գրավում։ Ես միշտ էլ սիրել եմ ազատությունը, որը հիմա կա մեր քաղաքում։
Ցավոք, շատ կապեր չունեմ Երևանի տարբեր մասերի հետ։ Ես ընդհանրապես սիրում եմ մեր մասը՝ Արմավիրի մարզին մոտիկ Բանգլադեշը, նույն ինքը ՀԱԹ-ը։ Շատ եմ սիրում այստեղի առօրյան։ Իհարկե ունեմ պատկերացումներ տարբեր մասերի վերաբերյալ, բայց միևնույնն է ավելի շատ եմ նախընտրում իմ մասում բնակվելը։

Ինչ վերաբերվում է օտարազգիների պատկերացումների մասին, ապա դրանք լիովին տարբերվում են։ Ինչպես արդեն ասվել էր, ռուսների մեծամասնության համար Երևանը փրկություն է, քանի որ այստեղ առանց վիզա է, ամեն ինչ էժան է ու կյանքի որակը ավելի բարձր է։ Օրինակ եվրոպացիները գալիս են այստեղ այս հին, հինավուրց քաղաքը իր վարդագույն տուֆից պատրաստված շենքերը տեսնելու, այստեղ ապրելու և զուգահեռներ տանելու իրենց ու մեր քաղաքի միջև։ Իհարկե, եվրոպական քաղաքները ավելի զարգացած են, ավելի մեծ, հսկայական ու իհարկե ժամանակակից։ Բայց տուրիստներն էլ վաղ, թե ուշ հոգնում են ամեն առավոտ նայել այդ բարձրահարկ շենքերը, մինչև երկինք ձգվող երկնաքերերը, և այդ իսկ պատճառով գալիս են Երևան, տեսնելու, զննելու ու ուսումնասիրելու այս հին քաղաքը։ Գալիս են, որ այստեղ վերապրեն, զգան, թե ինչպիսին է Երևանը։ Ամեն դեպքում, Երևանում ամեն ինչ ավելի էժան է, քան նույն Եվրոպայում, կամ էլ Ամերիկյան մայրցամաքներում։ Դրա համար օտարազգիները նախընտրում են գան այստեղ, որպեսզի իրենց առօրյան վերապրեն արդեն մեր քաղաքում։ Նրանք Երևանը միշտ էլ սիրել են։ Իհարկե տարեկան թիվը տուրիստների մեծ չէ, բայց տուրիստներին միշտ էլ ուրախ ենք եղել, ու նրանք էլ միշտ գոհ են մնացել հա՛մ մեզանից, հա՛մ մեր քաղաքից, հա՛մ մեր երկրից։