«Կռվից դուրս գալ փոքր կորուստներով» Վանո Սիրադեղյան

Կասպից ծովի ավազանի նավթը, այսպիսով, ըստ նախադպրոցական տարիքի մեր պատկերացման, հոսելու է ցած։ Իրանը «քաղաքակրթությունների երկխոսության» հռչակած քաղաքացիական գիծը իրագործելիս, սակայն, նախորդ տասնամյակների նման միակողմանի կապվածության, հավանաբար, չի գնա եւ միառժամանակ կազատվի ռուսական կենսունակ տեխնոլոգիաներից։ Մի բան, որ նորից թյուրիմացության մեջ է թողնելու հայ տնաբույծ քաղաքական միտքը։

Կասպյան նավթի ու գազի ելքի վճիռն անկհայտորեն պարզում է քաղաքական այն գերլարվածությունը, որ իր կիզակետին հասավ 97 թվականին, երբ իրար հետեւեցին մահափորձերը Ալիեւի, Շեւարդնաձեի, Մասխադովի դեմ, եւ Տեր֊Պետրոսյանի հրաժարականը, որը տեղի ունեցավ ոչ թե 98֊ի փետրվարին, այլ նույն 97֊ի աշնանը՝ «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի հրապարակումով եւ Քոչարյանին Ժակ Շիրակի մոտ ուղարկելով՝ որպես իրեն փոխարինողի։

Եթե մահափորձերն իրական էլ չէին, ուրեմն քաղաքական իրավիճակն այն աստիճան վտանգավոր էր Կովկասում, որ մահափորձեր պետք էր բեմադրել՝ հասարակայնությանը զգաստացնելու, համախոհներին համախմբելու, հակառակորդի հաշիվները խառնելու համար։ Նաեւ՝ դաշնակիցներին գործողությունների մղելու։

Ինչեւէ, արագացավ Բաքու֊Ջեյհան նավթամուղի կայացումը։ Իսկ Աֆղանստանի զինադադարով ու Իրանի զգաստ կողմնորոշումով Կովկասը, որ վերջին տասը տարին տապակվում էր Ռուսաստանի ու Արեւմուտքի շահերի բախման կիզակետում, միաժամանակ հայտնվում է քաղաքական վակուումում։

Ռուսական շահերի ճակատը իր կամքին էլ հակառակ շրջվում է իր համար առավել աննպաստ ու բարդ ուղղությամբ, ուր որպես Արեւմուտքի շահերի կրողներ կամ աջակիցներ, հանդես են գալիս միջինասիական կենսունակ պետությունները, Ադրբեջանը, Իրանը, Աֆղանստանը, թերեւս՝ Պակիստանը, համատեղ։ Գումարած, որ Աֆղանստանի զինադադարով թուլանում է Ռուսաստանի ազդեցությունը Տաջիկստանում եւ ընդհանրապես Միջին Ասիայում։

Արեւմուտքն ընդգծված սառնություն է ցուցաբերում Ղարաբաղի եւ Աբխազիայի կարգավորման խնդրի հանդեպ։ Եվ Արեւմուտքի դիվանագիտական ջանքերի դադարը, եւ Ռուսաստանի կողմից նախաձեռնության բացակայությունը մի ավելորդ անգամ ապացուցում են Կովկասի քաղաքական էլիտային, որ կայունացումը Կովկասում չի բխում Ռուսաստանի այսօրվա շահերից։ Լավագույն դեպքում ցուցադրում է Ռուսաստանի անկարողությունը։

Հարավսլավիայի ռմբակոծմամբ ի թիվս այլ, նաեւ իմ նախորդ հոդվածում շոշափված խնդիրների, լուծում է ամենաէական՝ ուժերի փոխհարաբերության պատկերի հստակեցման հարցը։ Ռուսաստանի դաշնակիցների, պոտենցիալ հակառակորդների, հենց Ռուսաստանի քաղաքական գործիչների եւ հասարակայնության աչքում գցվում է ռուսական ռազմական հզորության պատրանքը՝ մասնավորապես բացահայտելով ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի սնանկությունը․ 2000 օդային թռիչքներից կործանումով է ավարտվել ընդամենը 10֊ը։ Արյդունավետությունը՝ 0.5 տոկոս։

Այս է մեր դաշնակցի կարողությունը։ Եվ մեկ տասնամյակից շուտ՝ ավելին չի լինի։ Եվ այդ հսկայածավալ երկիրը 20 միլիարդ ողորմելի պետբյուջեով պահպանում է մեր սահմանը 60 միլիարդ բյուջե ունեցող Թուրքիայի հետ։ Այն էլ ասենք, որ Թուրքիայի դաշնակից Միացյալ Նահանգները ամեն օր (ամեն օր) բանակի վրա ծախսում են 800 միլիոն դոլար, իսկ հետախուզական ծառայությունների վրա (ամեն օր)՝ 80 միլիոն դոլար։

Իրանի շրջդարձային քաղաքականության շնորհիվ Ադրբեջանը, փաստորեն, դուրս է գալիս կովկասյան լարվածության դաշտից՝ միաժամանակ դուրս գալով Ռուսաստանի ազդեցության որոլտից։

Վրաստանը շարունակում է իր դիրքային պայքարը՝ տարածքային ամբողջականութունը պահպանելու գործում նորանոր դաշնակիցներ ձեռք բերելով ի դեմս Ադրբեջանի, Թուրքիայի, Եվրամիության, նաեւ Իսրայելի։ Այդ երկրի ղեկավարի «երկու երկրների համագործակության միջեւ սահմանափակում չի լինի» արտահայտությունը Վրաստան այցի ժամանակ, միայն պարզ խոսք չէ։ Այդ խոսքին թիկունք են Իսրայելի ուժեղ, ճկուն պետական մեքենան եւ միջազգային ֆինանսական ինստիտուտները։ Վրաստանը լրացուցիչ ապահովություն է ձեռք բերում նաեւ Կովկասում՝ դաշնակցելով Չեչնիայի հետ։ Եթե վրաց֊աբխազական առաջին հակամարտության ժամանակ չեչենական գումարտակը կռվում էր Վրաստանի դեմ, դա չի նշանակում, որ հաջորդ անգամ հակառակը չի լինի։ Նույնը կարող է լինել նաեւ վրաց֊օսական կոնֆլիկտի դեպքում։

Հապա ո՞րն է Հայաստանի ապահովությունը, եթե ժամանակն էլ է աշխատում հակառակորդի օգտին։

Մեկ բան։ Պարզ, անհնարինին շատ մոտ մի բան հայերիս համար՝ շուտափույթ գիտակցումը այն ճշմարտության, որ մեծ շահերի բախման ասպարեզում փոքր ժողովուրդը շահելու բան չունի, շահն այն է, որ այդ կռվից դուրս գա փոքր կորուստներով։

Վերլուծություն՝

Վանո Սիրադեղյանի այս հոդվածը ինձ ամենից շատը հետաքրքրեց, քանի որ այն համառոտ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ներկա իրավիճակը, թեկուզ և այն գրվել է տարիներ առաջ։ Կարծես թե ժամանակները “իրար հետ համընկել են”, քանի որ այն գործողություններն ու դեպքերը, որոնք նկարագրվում են այս հոդվածում, նույն էությունն են կրում մեր ժամանակներում։ Վանո Սիրադեղյանը իր հոդվածի սկզբում գրում է Ադրբեջանի ու Իրանի համար շահավետ մի միջոցի մասին՝ նավթի մասին, որը ամենից շատը պարունակվում է Կասպից ծովի ավազանում։ Հետաքրքիրն այն է, որ երկու պետություններն էլ որոշակի կախվածություն ունենալով Ռուսաստանից կարողացել են ապահովել իրենց չեզոքությունը։ “Չեզոքություն” ասելով պետք է հասկանանք գերտերությունների միջև տեղի ունեցող պատերազմական կամ էլ պարզապես լարված իրավիճակից զերծ մնալը։ Ինչքան էլ, որ երկու պետություններն էլ Ռուսաստանին կարևորագույն ռազմական և տնտեսական գործակից ու գործընկեր են համարում, միևնույնն է, թե ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում, թե այլ զինված պայքարների ընթացքում երկու պետություններն էլ պաշտպանել են հակառակորդի, այլ ոչ թե Ռուսաստանի շահերը։ Սա էր մեզ ուզում կարճ բացատրել Վանո Սիրադեղյանը․․․

Հոդվածի մեջ հնչել են քաղաքական գործիչների անուններ, որոնք Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարներն են հանդիսացել։ Նրանց գործունեության մասին այնքան տեղեկություն չտրվեց, սակայն մանրակրկիտ ներկայացվեց մահափորձերի ու Հայաստանի երրորդ հանրապետության առաջին նախագահի՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարականի մասին տեղեկությունները, որոնք կարծես թե իրար հաջորդել են։ Մահափորձերը եղել են, թե Ադրբեջանի նախագահի վրա, թե մյուս այլ պաշտոնյաների։ Այստեղ հարցը մնում է այն, որ մահափորձերին հաջորդել է, ոչ թե 1998-ի պայմանավորված “հրաժարականը”, այլև 1997-ի, որին պատրաստ չէր նույնիսկ հայ ազգը։ Այս տեղեկության մասին ես շատ տեղեկացված չեմ, ուստի հստակ կարծիք չեմ կարող ներկայացնել։ Սերնդափոխությունը, իշխանափոխությունը վերջ ի վերջո շատ արագ տեղի ունեցավ և իշխանության եկան հերթական գործիչները, որոնց կառավարման ժամանակ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը, որը իր արյունոտ հետքը թողեց հայոց պատմության մեջ։ Այս տեղեկությունը մեզ չտրվեց հոդվածի մեջ, սակայն ակնարկների ու փաստերի միջոցով ես այն հասկացա։

Այն իրավիճակը, որը մեզ ներկայացրեց Վանո Սիրադեղյանը գրեթե ամեն ինչով համապատասխանում էր մեր ներկա իրավիճակին։ Մենք հիմա ապրում ենք այն դարում, երբ Ռուսաստանը դեռ շարունակում է մնալ մեր կարևորագույն դաշնակիցն ու գործընկերը, իսկ արևմուտքը “հեռավորություն” է պահում։ Հայաստանը էլի հայտնվում է երկու գերուժերի ու գերտերությունների կիզակետում, խաչմերուկում։ Ես ճիշտ համարեցի Վանո Սիրադեղյանը վերլուծությունը այն բանի մասին, թե Ռուսաստանը հանդիսանալով գերտերություն, նույնիսկ այնքան բյուջե չունի, ինչքան Թուրքիան այն ժամանակ։ Ռուսաստանը ԱՄՆ-ի նման օրական կամ էլ ամսական չի կարողանում ներդնել ահռելի թվով միլիոնավոր ու միլիարդավոր գումարներ, որպեսզի ուժեղացնի ու կայունացնի իր բանակը։ Իհարկե Ռուսաստանի բանակը երկրորդ ամենաուժեղ բանակն է աշխարհում, սակայն այն ինչ-որ կատարվում է ռուս-ուկրաինական սահմանում, հակառակն է մեզ ցույց տալիս։ Ռուսաստանը այդ պատերազմի առաջին օրերին ու ամիսներին կարողացավ որոշակի առաջընթաց գրանցել, սակայն ամիսներ հետո վերջինս շատ նահանջեց, ունենալով թվով ու հզորությամբ երկրորդ բանակը աշխարհում։ Իսկ Ուկրաինան Թայվանի ու Կանադայի մեջտեղում ընկած, հազիվհազ կարողանում է պահել իր 22-րդ հորիզոնականը։ Բայց դե այդքան հեշտ չէ այն պահելը ու պայքարելը մի պետության դեմ, որը ունի շատ հզոր բանակ։ Ուկրաինային հիմա այնքան պետություններ են օգնում, որ ամսական միլիորդավոր գումարներ են գնում ռազմական տեխնիկայի, սննդի ստացման ու արտահանման համար։ Այն ինչ հիմա մենք կարողանում ենք դիտել հեռուստացույցով սարսափելի պատկեր է, սակայն երբ տեսնում ենք, որ Ռուսաստանը ունենալով հզոր բանակ, հզոր կենդանի ու ռազմական ուժ, ունենալով դարավոր պատմություն, հայրենասիրական երգեր, պարեր ու ոգի, չի կարողանում դիմակայել մի պետության դեմ, որը տարիներ առաջ եղել է Ռուսական Կայսրության, ԽՍՀՄ-ի կազմում։ Սակայն պետք է նաև ասեմ, որ Ռուսաստանը պայքարում է ոչ միայն Ուկրաինայի դեմ, այլև Եվրոպայի ու ՆԱՏՈ-ի։

Վերադառնալով Թուրքիա-Ռուսաստան համեմատությանը, ապա այստեղ այսպիսի իրավիճակ է։ Այն ժամանակ Թուրքիայի բյուջեն կազմել է 60 միլիարդ դոլլար, իսկ Ռուսաստանինը՝ 20: Իսկ հիմա Թուրքիայի բյուջեն կազմում է 200 միլիարդ դոլլար, իսկ Ռուսաստանի բյուջեն՝ 470: Այո, մեր ներկա իրավիճակում նրա բյուջեն ավելացվել է, սակայն պատժամիջոցներ ու տարատեսակ կազմակերպությունների փակման արդյունքում, բյուջեն աստիճանաբար նվազում է։ Ռուսաստանը օրական մի քանի միլիարդ խորանարդ մետր գազ է այրում, քանի որ երկրներ, որոնք կցանկանան օգտվել ռուսական գազից, պարզապես չկան կամ էլ կան, սակայն եզակի են։ Ամբողջ Եվրոպան հրաժարվել է այդ գազից, իսկ Հայաստանը, այն փաստաթղթով, որը կնքվել է այս ամսում Հայաստան-Իրան բանակցությունների ժամանակ, թույլ է տալիս մտածել, որ Հայաստանն էլ է աստիճանաբար “հրաժարվում” ռուսական գազից։ Այն ինչ հիմա կատարվում է Ռուսաստանում, այն արտագաղթը, որը տեղի է ունեցել վերջին ամիսներում, մոբիլիզացիան, որը ամբողջ երկրին վախի ու սարսափի մեջ է գցել, այն ապրանքները, որոնք պատժամիջոցների պատճառով չեն կարողանում արտահանվել, այս բոլորը թուլացնում են Ռուսաստանը։ Այսպիսի գերտերություն, որը ունի ոչ այնքան փայլուն պատմություն, աստիճանաբար կորցնում է իր ազդեցությունն ու վկայությունը։ Եթե խոսքը գնաց ազդեցության մասին, ապա պետք է ասեմ, որ Ռուսաստանը Միջին Ասիայում ու Կովկասում գրեթե ամբողջությամբ կորցրել է իր ազդեցությունը։ Եզակի երկրներ կան, որոնք ազդեցություն են կրում Ռուսաստանից։ Այդ շարքերը նաև Հայաստանն է համալրում։ Սակայն Հայաստանը, որ այսպիսի կարևորագույն ժամանակաշրջանում է հայտնվել, երբ դրված է Հայաստանի լինելու ու չլինելու հարցը, դեռևս “կարողանում” է դիմակայել, դեռևս կարողանում է պայքարել և ապացուցել, որ ինչ-որ մի պետություն իր տեղը որոշում չի կայացնելու ու իր տեղը հող չի հանձնելու։ Հայաստանը վերջին ամիսներին շատ կարևոր հանդիպումներ է ունեցել տարբեր պետությունների հետ, որոնց հետ կնքվել են շատ կարևոր փաստաթղթեր ու համաձայնագրեր։ Ինչքան էլ, որ Հայաստանը դեռ պատերազմական իրավիճակում է, կարողանում է այդ պատերազմական իրավիճակը ի օգուտ իրեն օգտագործել։ Պատերազմական իրավիճակի շնորհիվ պետությունների աշխարհայացքը կտրականորեն փոխվեց և մեկտեղ փոխվեց Հայաստանի հետ վերաբերմունքը։ Այն ինչ ներկայացրեց Վանո Սիրադեղյանը ամբողջովին համապատասխանեց Հայաստանի ներկա իրավիճակի հետ։ Այն, որ Հայաստանը հայտնվել է արևմուտքի ու Ռուսաստանի կիզակետում ու խաչմերուկում, իրականություն է և այն, որ Ռուսաստանը համարվելով Հայաստանի դաշնակից, ուղիղ գնում է դեպի վերջինիս կործանումը, որը իրեն շահավետ է։ Նույն ՀԱՊԿ-ը, որի հանդիպումները մենք կարողանում ենք տեսնել համացանցում, պարզապես ապշելու է։ Այն ինչ խոսում են տարբեր երկրների ղեկավարները Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ու պետությունների մասին պարզապես թյուրիմացություն է, և պետք է այն շուտ մոռանալ։ Դա պետք է համարել շատ վատ “երազ”։ Այն, որ հիմա Հայաստանը գտնվում է ՀԱՊԿ-ում և որոշակի կախվածություն ունի դրանից, փաստ է, սակայն այն գործողությունները, որոնք կատարվում են Հայաստանի դեմ, պարզապես ապշելու է։

Ես մտածում եմ, որ Հայաստանը պետք է աստիճանաբար անցնի արևմուտք, ինչքան էլ, որ անկախությունն ըղձալի լինի։ Եթե այսպես շարունակվի, ես չեմ կարող հստակ գնահատական տալ իրավիճակին, սակայն կարող եմ այն, որ այն ինչ հիմա կատարվում է Հայաստանի դեմ վերջինիս դաշնակիցների կողմից, պարզապես դավաճանություն է։ Եթե մենք դիտարկենք Հայաստանը որպես վառելիքաարդյունաբերական երկիր, ապա պետք է ասեմ, որ Հայաստանը վառելիք չունի ինչպես Ադրբեջանը, սակայն դրա փոխարեն ունի Մենդելևեի աղյուսակի գրեթե բոլոր տարրերը։ Այսպիսի փոքր տարածքում այսքան շատ մետաղներ ու բազմաթիվ այլ տարրեր, դա ցնցող է, դա ֆանտաստիկ է։ Իսկ եթե դիտարկենք որպես աշխարհաքաղաքական տարածքում գտնվող պետություն, ապա Հայաստանը միմյանց է կապում Ռուսաստանն ու հարավ-արևմտյան Ասիան։ Հայաստանի տարածքը նմանվում է խաչմերուկի, որը իրար է միացնում Ադրբեջանն ու Թուրքիան և Վրաստանն ու Իրանը։ Իսկ Իրանով է պայմանավորված Հայաստանի ելքը դեպի Ասիա, դեպի Հնդկաստան ու Չինաստան։ Վանո Սիրադեղյանի այս հոդվածը շատ հագեցած էր, հաշվի չառնելով այն, որ այս մասին կարելի էր ավելի շատ խոսել։ Սա քաղաքականություն է և կան շատ մանրուքներ ու մանրամասներ, որոնց մասին մենք չգիտենք։ Մենք պետք է մեր հույսերը դնենք միմիայն մեզ վրա, որպեսզի ի վերջո կարողանանք գրանցել դարավոր արդարությունը։ Այն հանցագործությունների համար, որոնք մեր դեմ են արել բազմաթիվ երկրներ, պետք է պատժվեն, իսկ մենք պետք է չնահանջենք, գնանք միմիայն առաջ, չհուսահատվենք ու դուրս գանք այստեղից հնարավորինս քիչ կորուստներով․․․

1 thoughts on “«Կռվից դուրս գալ փոքր կորուստներով» Վանո Սիրադեղյան

Թողնել մեկնաբանություն