Բաթումի դաշնագիր. Հայաստան-Թուրքիա առաջին պայմանագիրը

Հայաստանն ու Թուրքիան այս տարվա սկզբին ուղիղ բանակցություններ սկսեցին, որոնց նպատակը՝ հարաբերությունների կարգավորումը, և որպես հետևանք ավելի քան երեսուն տարի փակ սահմանի բացումն է։ Անկախացումից ի վեր Հայաստանի բոլոր ղեկավարների օրոք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման փորձեր արվել են, բոլորն էլ՝ ապարդյուն։ Հիմա համաձայնության արդեն չորրորդ փորձն է։ Արդյո՞ք այն այլ արդյունք կունենա, թե կարժանանա նախորդների ճակատագրին՝ հայտնի չէ, մինչ այդ ուշագրավ է, որ նախորդ դարասկզբին Հայաստանն ու Թուրքիան ցեղասպանությունից մի քանի տարի անց պատերազմների ու ճգնաժամերի պայմաններում են բանակցել և պայմանագրեր կնքել։ Ավելին, Հայաստանի ու Թուրքիայի միջև առաջին միջպետական պայմանագիրը, նաև Հայաստանի Հանրապետության պատմության առաջին դիվանագիտական փաստաթուղթն է։

Բաթումի դաշնագիր։ Ի՞նչ պայմաններում էր կնքվում հայ-թուրքական առաջին պայմանագիրը

Հաշտության և բարեկամության պայմանագիր կոչվող փաստաթուղթը կնքվեց Բաթումում, 1918 թվականի հունիսի 4-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից ամիսներ առաջ, կարճ ժամանակով որոշելով հայ-թուրքական սահմանը։ 1918 թվականի սկզբին դեռ ընթանում էր Առաջին համաշխարհային պատերազմը, որտեղ Ռուսաստանը, Ֆրանսիան ու Բրիտանիան և վերջերս իրենց միացած Միացյալ Նահանգները գտնվում էին մեկ դաշինքում և կռվում էին Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի ու Օսմանյան կայսրության դեմ։ Չորս տարի շարունակվող պատերազմը արնաքամ ու ուժասպառ էր արել բոլորին։ Հոգեվարքի մեջ էին ու փլուզվում էին համաշխարհային պատերազմի մասնակից կայսրությունները։ Ցարական Ռուսաստանում 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո քաղաքացիական պատերազմն էր։ Բոլշևիկները իշխանությունը վերցնելուց հետո հայտարարել էին, որ դադարեցնում են պատերազմը։ Մինչև ռուսական զորքը հապճեպ լքում էր կովկասյան ռազմաճակատը, պատերազմում պարտվող օսմանյան Թուրքիան, որ անհաջողություններ ուներ մյուս ճակատներում, որոշեց ուժերը կենտրոնացնել Կովկասի ուղղությամբ։

Ինչու՞ է Օսմանյան պարտվող կայսրությունը նոր հարձակում սկսում

1918 թվականի սկզբից Վեհիբ փաշայի ղեկավարությամբ, թուրքական զորքը սկսեց արշավել դեպի արևելք։ Ահա, թե ինչ է գրում Հայաստանի առաջին վարչապետ, դաշնակցական Հովհաննես Քաջազնունին։

Հովհաննես Քաջազնունի. կյանքը, գործունեությունը, ընտանիքը - Aniarc
Հովհաննես Քաջազնունի (Հայաստանի առաջին վարչապետ)

“1917 թվականի նոյեմբերի վերջերին սկսվեց ռուս բանակի կազմալուծումն ու փախուստը կովկասյան ճակատից։ Ճակատը քանդվում էր ու դատարկվում սարսափեցուցիչ արագությամբ։ Հունվարի վերջին բանակ չկար այլևս։ Հայկական փոքրաթիվ զորամասերն էին, որ միացած նախկին բանակի վերջին բեկորների հետ՝ պիտի պահեին այսուհետև Էրզրումի գիծը։”

Իսկ Կովկասյան ճակատի գիծը հսկայական տարածք էր, ձգվում էր Սև ծովից մինչև Իրան։ Փետրվարի վերջին արդեն թուրքական զորքը հասնում է Տրապիզոն, իսկ մարտի սկզբին՝ Էրզրում։ “Տաճիկը մեր թնդանոթներու տեղատարափ լռության տակ քաղաք մտավ”, — Էրզրումի անկումը այսպես է նկարագրում գրող Լեռ Կամսարը։

Լեռ Կամսար - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Լեռ Կամսար (1888-1965թթ․)

Ի՞նչ էր քննարկվում Տրապիզոնի բանակցություններում

1918 թվականի մարտին Տրապիզոնում բանակցություններ են սկսվում մի կողմից՝ թուրքերի, մյուս կողմից՝ Անդրկովկասյան սեյմի պատվիրակների միջև։ Հայերի, վրացիների ու թաթարների միասնական ներկայացուցչական այդ մարմինը՝ Անդրկովկասի սեյմը, Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի և խառնակ վիճակի պայմաններում, ստանձնել էր տարածաշրջանի ղեկավարումը։ Բայց շահերի, որոշումների միասնականություն չկար։

  • Թաթարները ակնհայտ աջակցում էին թուրքերին։
  • Վրաստանը փորձում էր իր հարցերը լուծել Գերմանիայի հովանավորությամբ։
  • Հայերը փորձում էին թույլ չտալ իրենց հաշվին արվող զիջումները։

Անդրկովկասի պատվիրակները Տրապիզոն էին գնացել պահանջելու վերադառնալ 1914 թվականի միջպատերազմական սահմաններին։ Պիտի քննարկվեր նաև Արևելյան Անատոլիայի թուրքահայաստանի ինքնավարության հարցը՝ թուրքական պետության շրջանակներում։ Մինչ դեռ թուրքերը ոչ միայն չէին ուզում լսել թուրքահայաստանի մասին, այլ պահանջում էին ճանաչել հենց այդ օրերին Ռուսական կայսրության հետ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Բրեստ-Լիտովսկում։ Այսինքն Կարսը, Արդահանը, Բաթումը հանձնել իրենց։ Անդրկովկասի սեյմի պատվիրակությունը չի համաձայնվում այս պահանջներին։ Բանակցությունները շարունակվում են մի քանի շաբաթ։ Արդյունքում որևէ փաստաթուղթ այդպես էլ չի ստորագրվում, բայց այդ ողջ ընթացքում թուրքական զորքը շարունակում է առաջխաղացումը, փաստորեն հերթով գրավելով այն բոլոր տարածքները, որոնց շուրջ բանակցություններ էին ընթանում։

“Իրողությունն այն էր, որ մինչդեռ Տրապիզոնում պատվիրակությունները նիստերի էին հավաքվում ու անվերջ թղթեր գրում իրար, թուրքական բանակը անարգել շարունակում էր իր առաջխաղացումը։ Մարտի վերջերին գրավված էր արդեն Էրզրումը, իսկ ապրիլի առաջին օրերին՝ Բաթումը։” — գրում էր Հայաստանի առաջին վարչապետ Քաջազնունին։

Բաթումից հետո՝ ապրիլի վերջին, թուրքերը գրավում են նաև Կարսը՝ չհանդիպելով դիմադրության։

16 նոյեմբերի 1855՝ Ռուսական զօրքը տիրացաւ հայոց Կարս քաղաքին, բայց...  շուտով զայն վերադարձուց թուրքերուն - Ալիք օրաթերթ
Կարս (1855թ․)

“Ապրիլի 25-ին ընկավ Կարսը։ Ընկավ համարյա առանց կռվի, որովհետև Թիֆլիսից ստացվել էր հրաման՝ հանձնել բերդը թուրքերին։ Այս դավադրական հրամանը տրվել էր առանց մեր գիտության և առաջ բերեց այնպիսի զայրույթ հեղինակների դեմ, որ Անդրկովկասյան դաշնակցային հանրապետության քանդումը կարող էր տեղի ունենալ այդ օրը ևեթ։” — գրում էր վարչապետը։

Քաջազնունին նկատի ունի Անդրկովկասյան կառավարության նախագահ Ակակի Չխենկելիին, որը Կարսի պաշտպանության հրամանատար գեներալ Թովմաս Նազարբեկյանին կարգադրում է անառիկ բերդաքաղաքը հանձնել թուրքերին։ Հայկական զորքը բերդից հեռանում է, այնտեղ թողնելով ողջ զենքն ու զինամթերքը՝ մի քանի հարյուր թնդանոթներով հանդերձ։

Ի՞նչ էր քննարկվում Բաթումի բանակցություններում

Կարսի հանձնումից հետո Անդրկովկասի պատվիրակությունը դարձյալ որոշում է բանակցություններ սկսել Թուրքիայի հետ։ Բանակցություններն այս անգամ Բաթումում են ընթանում՝ թուրքական շարունակվող հարձակման պայմաններում։ Մինչ Անդրկովկասի պատվիրակությունը հայտնում է, թե արդեն համաձայն է ընդունել մեկ ամիս առաջ Տրապիզոնում դրված պայմանները, թուրքերը նոր պայմաններ են առաջ քաշում՝ պահանջելով տարածքային նոր զիջումներ։

Թուրքերը պահանջում են՝

  • Ալեքսանդրապոլը
  • Շիրակի և Էջմիածնի գավառների մեծ մասը
  • Սուրմալուն, Բաթումը և Ախլցխան
  • Ալեքսանդրապոլ-Կարս, Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթուղիները

Ինչպես հիշում է Քաջազնունին “Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, որի մասին հայերը Տրապիզոնում լսել անգամ չէին ուզում, դառնում է հայկական պատվիրակության ամենամեծ իղձը։”

Մինչ Բաթումում բանակցությունները դոփում են տեղում, արագորեն առաջ արշավող թուրքական բանակը մայիսի 15-ին գրավում է Ալեքսանդրապոլը և շարժվում դեպի Երևան, Ապարան, Ղարաքիլիսա։ Երևանում քննարկում են քաղաքը առանց մարտերի հանձնելու տարբերակը։ Էջմիածնից ցանկանում են տարհանել կաթողիկոսին, սակայն կաթողիկոս Գևորգ V-ը հրաժարվում է լքել Էջմիածինը, իսկ Երևանի դիկտատոր Արամ Մանուկյանը չեղարկում է քաղաքը հանձնելու որոշումը և նախապատրաստվում թուրքական բանակի դեմ կռվին։

“Երևանի ամբողջ հայ ժողովուրդը վճռել է դիմադրել։ Դիմում ենք բոլոր հայ սպաներին, որպեսզի նրանք գան և կամավորական խմբերի գլուխ անցած ընդառաջեն թշնամուն։ Ովքեր ցանկանում են ղեկավարի, առաջնորդի դեռ ստանձնել, թող դիմեն Երևանի Հայոց Ազգային Խորհուրդ հենց այսօրվանից։”- ասվում էր Հայոց Ազգային Խորհրդի կոչման մեջ։

Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա

Սարդարապատում ու Բաշ-Ապարանում հայերն ու եզդիական ջոկատները ճակատագրական պայքարներում պարտության են մատնում թուրքական զորքին և ստիպում են մարտադաշտում մի քանի հազար դիակ թողած՝ նահանջել մինչև Ալեքսանդրապոլ, իսկ Ղարաքիլիսայում թեև չեն հաղթում, սակայն կոտրում են թուրքական հարձակման թափը։

Ի՞նչ էին պահանջում թուրքերը Բաթումում

Նույն այդ օրերին Բաթումի բանակցություններում Թուրքիան վերջնագիր է ներկայացնում Անդրկովկասյան պատվիրակությունը։ Երբ պարզվում է, որ Անդրկովկասի ընդհանուր պետությունը սուր հակասությունների պատճառով արդեն կազմալուծվել է, վրացիները անկախություն են հռչակել, թաթարները ուր-որ է կհռչակեն, վերջնագիրը ուղղվում է երեք ազգերի ներկայացուցիչներին՝ առանձնաբար։ Հայկական կողմից Թուրքիան պահանջում էր նաև անկախություն հռչակել, երկաթուղիները հանձնել Օսմանյան կայսրությանը, թուրքերին չդիմադրել և տարածքային լուրջ զիջումներ անել՝ հանձնել Ախլքալակը, Ախլցխան, Ալեքսանդրապոլը, համարյա ամբողջ Էջմիածնի գավառը, Երևանի գավառի կեսը, Նախիջևանը, տարածքներ նաև ներկայիս Վայոց ձորից։ Թիֆլիսում գործող Հայոց Ազգային Խորհուրդը երկար և բուռն քննարկումներից հետո որոշում է ընդունել վերջնագիրը, անկախություն հայտարարել և թուրքերի հետ բանակցել հաշտության պայմանագրի տեքստի շուրջ։ Ալեքսանդր Խատիսյանը, Հովհաննես Քաջազնունին՝ Միխայիլ Պապաջանյանի հետ դարձյալ մեկնում են Բաթում, արդեն Հայաստանի Հանրապետության անունից բանակցելու։ Ինչպես գրում է Ալեքսանդր Խատիսյանը, որ հետո դառնալու էր Հայաստանի երկրորդ վարչապետը “մայիսի 30-ին, Բաթումի ակումբի շենքում սկսվում են բանակցությունները, որոնք անցնում են ֆրանսերեն”։ Առաջին նիստի ժամանակ Վեհիբ փաշան անձամբ է գծում Հայաստանի սահմանները Խատիսյանի անձնական քարտեզի վրա։

“Երբ մենք նայեցինք քարտեզին, երկու սուր զգացումներ համակեցին մեզ․ առաջին՝ հպարտություն, որ մենք էլ դարավոր պայքարից հետո վերջապես գեթ փոքր անկյուն ունեցանք աշխարհի քարտեզի վրա և երկրորդ՝ դառնություն, որ մեզ տրված այդ անկյունը հազիվ 9000 քառակուսի կիլոմետր էր, որ բացարձակապես անբավարար էր մեր ժողովրդին իր մեջ առնելու համար։”

Խատիսյանը շարունակում է, թե բանակցությունների ընթացքում Վեհիբ փաշայից և Խալիլ բեյից լսել են շատ բաներ, որ թե այսօր, թե վաղը առաջնահերթ նշանակություն են ունենալու հայ ժողովրդի բախտի համար։

“Ցույց տալով քարտեզը և նկարագրելով թուրքական ձգտումները, Վեհիբ փաշան ասաց․ «Դուք տեսնում եք, որ ճակատագիրը Թուրքիային արևմուտքից քշում է դեպի արևելք։ Մենք հեռացանք Բալկաններից, կհեռանանք նաև Աֆրիկայից, բայց մենք պետք է տարածվենք դեպի արևելք։ Այնտեղ է մեր արյունը, մեր կրոնը և մեր լեզուն։ Եվ սա տարերային ձգողություն ունի։ Մեր եղբայրները Բաքվում, Դաղստանում, Թուրքմենստանում ու Ադրբեջանում են։ Մենք պետք է ճամփա ունենանք դեպի այնտեղ։ Եվ դուք՝ հայերդ, կանգնած եք մեր ճանապարհին։ Պահանջելով Վանը, դուք փակում եք մեր ճամփան դեպի Պարսկաստան։ Պահանջելով Նախիջևանն ու Զանգեզուրը, դուք արգելք եք դառնում մեր ճանապարհին՝ իջնելու Քռի հովիտը և գնալու դեպի Բաքու։ Կարսն ու Ախալքալակը փակում են մեր ճամփան դեպի Ղազախ ու Գանձակ։ Դուք պետք է մի կողմ քաշվեք և մեզ ճամփա տաք։ Ահա թե որտեղ է մեր հիմնական վեճը։ Մեզ պետք են երկու լայն ճամփաներ, որոնք հնարավորություն կտան մեր բանակներին առաջ շարժվելու և պաշտպանվելու։ Մի ճամփան՝ Կարս-Ախալքալակ-Բորչալու-Ղազախն է, որը տանում է դեպի Գանձակ, մյուսը գնում է Շարուր-Նախիջևան-Զանգեզուրով Քռի հովիտը։ Դուք կարող եք մնալ դրանց մեջտեղը, այսինքն՝ Նոր Բայազետի ու Էջմիածնի շուրջը»” — հիշում էր Խատիսյանը։

Մի քանի օր տևած բանակցություններում թուրքերը միայն որոշ տարածքային փոփոխություններ են անում հօգուտ հայերի։ Ուշագրավ է, որ Ալեքսանդրապոլի գրավումից հետո երկաթուղային և հեռագրային կապի խզված լինելու պատճառով, ոչ Բաթումի հայկական պատվիրակությունը, ոչ էլ Թիֆլիսի Հայոց Ազգային Խորհուրդը, գրեթե տեղեկություն չէին ստանում հայկական զորքերի գործողությունների մասին և բանակցությունների ընթացքում թուրքերից էին իմանում, թե հայկական զորքը ինչ հաջողություններ է արձանագրել։ Օրինակ, դրա մասին գրում է Թիֆլիսի Հայոց Ազգային Խորհուրդը՝ Երևանի Հայոց Ազգային Խորհուրդին ուղարկված նամակում, որով տեղեկացնում էր Երևանին, որ թուրքերի վերջնագիրն ընդունվել է։

“Ձեր կռիվների մասին իմացանք Վեհիբ փաշայի հաղորդածներից։ Չգիտենք որքան ճշմարիտ են, համենայն դեպս՝ թեև փոքրիկ ու աղքատ, բայց անկախ Հայաստանի ստեղծումը պարտական ենք մեր զորքի անձնվիրության։ Որքան մեզ հայտնի են, գերմանացիք ու տաճիկները Կովկասը բաժանում էին Վրաստանի և Ադրբեջանի՝ հայերին ապահովելով սոսկ ֆիզիկական գոյությունը։ Պետք է կարծել, որ մեր զորքի դիմադրությունը ստիպեց ճանաչել մի Հայաստան”, — ասված էր նամակում։

Ի՞նչ սահմաններ են գծվում Բաթումի պայմանագրով

Հունիսի 4-ին Բաթումում ի վերջո ստորագրվում է պայմանագիրը։ Այս հոդվածով Թուրքիան փաստացի ճանաչում էր Հայաստանի անկախությունը։

  • Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի կառավարության միջև հաստատվում են հաշտություն և մշտական բարեկամություն։
  • Օսմանյան կայսրության սահմանագծի նկարագրությունը Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի հետ։

Թուրքիայի սահմանը սկսվում էր այնտեղից, որտեղ Ճորոխ գետը թափվում է Սև ծով, ապա շարունակվում էր դեպի արևելք՝ Թուրքիայի թողնելով հայաշատ Ախալքալակն ու Ախլցխան, հասնում էր Ալեքսանդրապոլ՝ այն թողնելով թուրքերին, հատում էր երկաթ գիծը, շարունակվում դեպի Արագածի ամենաբարձր գագաթը, այնտեղից իջնում մինչև Էջմիածին, շրջանցում Էջմիածինը յոթ կիլոմետր տարածության վրա, ապա մի որոշ հատված շարունակվում Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթուղուն զուգահեռ, հետո թեքվում էր դեպի հարավ-արևելք, հասնում մինչև Արփա, իսկ հետո մինչև նախկին ռուս-պարսկական սահմանագիծ՝ Ջուլֆայի ու Օրդուբադի միջև ընկած Ալիջին բնակավայր։

Թե որքան տարածք էր զբաղեցնելու Հայաստանը, դժվար է ասել, պատմաբանները նշում են 10000-12000 կմ2։ Բաթումի պայմանագիրը չէր հստակեցնում սահմանները ոչ նորաստեղծ Ադրբեջանի, ոչ Վրաստանի Հանրապետության հետ։

Ի՞նչ էին պարտավորվում Հայաստանն ու Թուրքիան

Պայմանագրով Հայաստանի կառավարությունը պարտավորվում էր զինաթափել ու ցրել բոլոր հրոսակախմբերը, որոնք կփորձեն թաքնվել այնտեղ, և թույլ չտալ նորերի ձևավորումը։ Հրոսակախումբ ասելով, Թուրքիան նկատի ուներ հայ կամավորական ջոկատները և առաջին հերթին Անդրանիկ Օզանյանի ղեկավարած զորամասը։

Vnews | Զորավար Անդրանիկն ասել է…
Անդրանիկ Օզանյան (1865-1927 թթ․)
  • Օսմանյան Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին։
  • Հայաստանի կառավարությունը պետք է ցրեր իր բանակը՝ միայն սահմանափակ զորախումբ թողնելով։
  • Իր տարածքից հեռացներ Օսմանյան Թուրքիայի և նրա դաշնակիցների դեմ պատերազմող երկրների զինվորականներին և պաշտոնյաներին։
  • Հայաստանի կառավարությունը պարտավորվում էր գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի Բաքու քաղաքից անհապաղ, առանց ընդհարումների դուրս բերվեին հայկական զինվորական ուժերը։
  • Թուրքական բանակը կարող էր Հայաստանի տարածքով ռազմական փոխադրումներ կատարել։
  • Կարևոր կայարաններում պետք է օսմանյան սպաներ հերթապահեին՝ թուրքական զորքի փոխադրումները ապահովելու համար։
  • Թուրքերը վերահսկելու էին երկաթուղին, Հայաստանի Հանրապետությանը թողնելով ընդամենը մի քանի կիլոմետր երկաթ գիծ։

Ինչպե՞ս է Բաթումի պայմանագիրը ընդունվում Երևանում

Բաթումի պայմանագիրը, դրանից օրեր առաջ թուրքերին կռվով հետ մղած Երևանում լավ չի ընդունվում։ Ահա թե ինչ է գրում Երևանում լույս տեսնող «Աշխատանք» թերթը 1918 թվականի հունիսի 8-ին։

“Կատարվեցավ․․․։ Գրչի թեթև շարժումով մը վերջացավ ամեն ինչ, թաղվեցան ապագա հույսերն ու երազները, թողնելով սև, մռայլ իրականություն մը՝ ճնշող, խորովող և մահվան չափ սարսռազդեցիկ։ Տրապիզոնի, Բաթումի կատակերգություններն անսպասելի և ողբերգական վախճան ունեցան, թևաթափ ընելով հայ ժողովուրդը և մատնելով զայն ստրկական կենցաղի մը։ Այս մեծ դավաճանության հանդեպ, վշտի ծանրության տակ սահմռկած, մենք այլևս ուղեղ չունինք մտածելու, այլևս սիրտ չունինք խոսելու, չգիտենք ի՞նչ բառ ու ոճ գործածենք․․․։ Նենգ ու դավադիր թշնամին այս անգամ ալ հաջողեցավ խաբկանքով ի գլուխ բերել իր զենքի ուժով ընել չի կրցածը․․․”

Բոստոնում լույս տեսնող «Հայրենիք» թերթում Արամ Մանուկյանի վերաբերյալ հուշերում նշվում է, որ ստանալով պայմանագրի մասին լուրը Արամը ողբերգություն էր ապրում, լուռ ու մռայլ էր և միայնություն էր փնտրում։ Երևանի Ազգային Խորհրդում քննարկվում էր անգամ Բաթումի պայմանագիրը չընդունելու և պատերազմը շարունակելու հարցը։ Ժողովրդական տրամադրությունները ևս այդպիսին էին։ Երևանի խորհրդի առջև ժողովուրդը հավաքվում է, պահանջելով չեղյալ համարել կնքված պայմանագիրը։

Պայմանագրին հաջորդող իրադարձություններ

Բաթումի համաձայնագիրը կարճ կյանք ունեցավ։ Փաստաթուղթը ստորագրելուց 5 ամիս անց, համաշխարհային պատերազմն ավարտվեց՝ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի ու Թուրքիայի պարտությամբ։ Թուրքական զորքերը սկսեցին հետ քաշվել, իսկ Հայաստանը ընդարձակեց իր տարածքը, կարճ ժամանակով նույնիսկ Կարսն ու Նախիջևանը վերցնելով իր վերահսկողության տակ։ Դրանով սակայն հարցը չփակվեց։ Հայաստանի սահմանները շարունակեցին վերաձևել, թե ընթացող պատերազմներում, թե Սևրի, Ալեքսանդրապոլի, Մոսկվայի և Կարսի բանակցություններում։

Նյութը՝ այստեղ

Թողնել մեկնաբանություն