ԾԱՊԼՎԱՐ, 20 հոկտեմբեր, 1908

Պատկեր:Phanjuni pic 35.png

Սիրելի ընկերներ,    

Ինչպես կը կասկածեի և ինչպես նախորդ նամակիս մեջ զգացուցած էի մի քիչ, Րես Սերգո և Սմենց Վարդան հարցը ստացավ ծանր հանգամանք։    

Գիտեք որ Վարդան իբրև մշակ կը ծառայեր Րես Սերգոյի մոտ, և այս վերջինը զինք արտաքսած էր իբրև ծույլ և անբարո, և թե ես անմիջապես միջամտած էի, պաշտպանելու համար ընչազուրկ պրոլետարիատի իրավունքները։    

Տեր Սահակ, իբրև միջնորդ, Րես Սերգոյի կողմե ներկայացավ ինծի և հայտնեց թե Րես Սերգո թեև դժգոհ իր մշակեն, սակայն՝ մեղքնալով անոր խեղճ վիճակին՝ պատրաստ էր ներելու և կրկին քովն առնելու, պայմանավ որ ես երաշխավորեի անոր պարկեշտության և աշխատասիրության մասին։

Սիրելի ընկերներ,

Ինչպես կասկածում էի և ինչպես նախորդ նամակիս մեջ մի քիչ գրել էի, Ռես Սերգո և Սմենց Վարդան հարցը ստացավ ծանր հանգամանք։

Գիտեք, որ Վարդանը իբրև մշակ էր ծառայում Ռես Սերգոյի մոտ, և վերջինս հայտնի էր՝ իբրև ծույլ ու անբարո, և թե ես անմիջապես միջամտել էի՝ պաշտպանելու ընչազուրկ պրոլետարիատի իրավունքները։

Տեր Սահակը՝ իբրև միջնորդ, Ռես Սերգոյի կողմից ներկայացավ և ինձ հայտնեց, թե Ռես Սերգոն թեև դժգոհ է իր մշակից, սակայն՝ խղճալով նրա վիճակը՝ պատրաստ էր ներելու և կրկին թևի տակ առնելու, պայման դնելով, որ ես երաշխավորեի նրա պարկեշտությունը և աշխատասիրությունը։

——————————————————————————————

Իսկույն տեսա որ միջնադարյան կղերականությունը, ագրարային կապիտալիզմն և գյուղային պուրժուազիան արդեն իսկ սկսած էին տեղի տալ որոտացող հեղափոխության դիմաց։ Դա մեր առաջին հաղթանակն էր Ծապլվարի մեջ և հարկ էր կարելի եղածին չափ շատ օգտվիլ անկեց։

Պատկեր:Phanjuni pic 36.png

Իսկույն տեսա, որ միջնադարյան կղերականությունը, ագրարային կապիտալիզմն ու գյուղային բուրժուազիան արդեն իսկ սկսել էին տեղի տալ որոտացող հեղափոխության դիմաց։ Դա մեր առաջին հաղթանակն էր Ծապլվարում և պետք էր եղածից չափից շատ օգտվել։

——————————————————————————————

Սմենց Վարդան, որ ներկա էր մեր տեսակցության, լսելով տերտերին խոսքերը, այլայլած՝ շնորհակալություն կը հայտներ, բազկատարած կ’աղոթեր Րես Սերգոյի կենաց և կ’ուզեր անպատճառ Տեր Սահակի ձեռքերն համբուրել, երախտագիտություն հայտնելու համար։    

Լավ մը հանդիմանեցի այդ ստրկամիտ արարածը և հրավիրեցի իսկույն որ դուրս ելլե սենյակեն։    

Երբ առանձին մնացինք տերտերին հետ, ըսի իրեն.    

— Րես Սերգոյի զիջողությունները ո՛չ մեկ կերպով բավարարություն չեն տար մեր պահանջումներուն։    

— Ա՛լ ի՞նչ կ’ուզեք,– պատասխանեց Տեր Սահակ,— քանի որ Րես Սերգո կը հավանի իր քովը առնելու Վարդանը։    

— Դա երկրորդական հարց է,— բացատրեցի իրեն,— բո՛ւն էական հարցը սկզբունքային է։

Պատկեր:Phanjuni pic 37.png

Սմենց Վարդանը, ով ներկա էր մեր տեսակցությանը, լսելով տերտերի խոսքերը՝ այլայլված շնորհակալություն էր հայտնում, բազկատարած աղոթում էր Ռես Սերգոյի կենացը և ուզում էր անպատճառ Տեր Սահակի ձեռքերն համբուրել՝ երախտագիտություն հայտնելու համար։

Լավ հանդիմանեցի այդ ստրկամիտ արարածին և հրավիրեցի իսկույն, որ դուրս ելնի սենյակից։

Երբ առանձին մնացինք տերտերի հետ, ասեցի իրեն․

— Ռես Սերգոյի զիջողությունները ո՛չ մի կերպ բավարարություն չեն տալիս մեր պահանջներին։

— Էլ ի՞նչ եք ուզում, — պատասխանեց Տեր Սահակը, — ես Ռես Սերգոյին հավանություն եմ տվել Վարդանին իր թևի տակ առնելու համար։

— Դա երկրորդական հարց է, — բացատրեցի իրեն, — բու՛ն էական հարցը սկզբունքային է։

——————————————————————————————

Եվ սկսա իրեն պարզել գիտական սոցիալիզմի տեսությունները հողային հարցերու մասին։ Ըսի թե գեղացիները իրենց տունն ու հողային սեփականությունը միայն ա՛յն ժամանակ կրնան փրկել՝ երբ զանոնք դարձնեն ընկերական սեփականություն և ընկերական արտադրություն. իսկ անհատական սեփականությամբ գեղացին կը դիմե դեպի կորուստ և կապիտալիստական խոշոր արտադրությունը դուրս կը շպրտե անոր արտադրության հնացած եղանակը։ Եվ հիշեցի այս մասին Էնգելսի, Կաուցկիի, Մարքսի, Շիշկոյի, Պրամպոլինի, Չերնովի, Վիխլիանևի և այլոց զանազան տեսությունները։

Եվ սկսեցի նրան բացատրել գիտական սոցիալիզմի տեսությունները՝ հողային հարցերի շուրջ։ Ասեցի թե, գյուղացիները իրենց տունն ու հողային սեփականությունը միայն այն ժամանակ կկարողանան փրկել, երբ նրանք դարձնեն այն ընկերական սեփականություն և ընկերական արտադրություն, իսկ անհատական սեփականությամբ գյուղացին դեպի կորուստ կգնա և կապիտալիստական խոշոր արտադրությունը դուրս կշպրտի նրա արտադրության հնացած եղանակը։ Եվ հիշեցի սրա մասին Էնգելսի, Կաուցկիի, Մարքսի, Շիշկոյի, Պրամպոլինի, Չերնովի, Վիխլիանևի և այլոց զանազան տեսությունները։

——————————————————————————————

Խե՜ղճ Տեր Սահակ՝ դարավոր խավարե կուրցած իր աչքերը խոշոր թացած՝ ապուշ-ապուշ երեսս կը նայեր, ատեն-ատեն մրմռալով.

    — Բայց, օրհնա՛ծ, ատոնք ի՞նչ կապ ունին Սմենց Վարդանին ճամբվելուն հետ։    

Վերջապես ինձ ըսավ որ մեր վերջնական պատասխանը տամ իրեն, որպեսզի հաղորդե Րես Սերգոյի։    

Որպեսզի հետո ուրացումներ կամ խեղաթյուրումներ տեղի չունենան, գրավոր կերպով ներկայացուցի հետևյալ նվազագույն պահանջմունքներս, իբրև նախահիմք մեր ապագա բանակցություններուն.

Պատկեր:Phanjuni pic 38.png

Խե՜ղճ Տեր Սահակ՝ դարավոր խավարը տեսած, իր աչքերը խոշոր թացած՝ ապուշ-ապուշ երեսով էր նայում, արդեն-արդեն մրմռալով․

— Բայց, օրհնա՛ծ, նրանք ի՞նչ կապ ունեն Սմենց Վարդանին ճամփելու հետ։

Վերջապես ինձ ասաց, որ մեր վերջնական պատասխանը տամ իրեն, որպեսզի հաղորդի Ռես Սերգոյին։

Որպեսզի հետո ուրացումներ կամ խեղաթյուրումներ տեղի չունենան, գրավոր կերպով ներկայացրեցի հետևյալ նվազագույն պահանջմունքներս՝ իբրև մեր ապագա բանակցությունների նախահիմք։

——————————————————————————————

Ա. Րես Սերգո պետք է վճարե Սմենց Վարդանի ճամբված թվականեն մինչև գործի սկսած թվականը անցած օրերու օրականները։

Բ. Օրականի հավելում և աշխատության ժամերու նվազում։    

Գ. Հանգստյան արկղ մշակներու համար։    

Դ. Աշխատանքի արկածներու դեմ ապահովագրություն։    

Ե. Րես Սերգո պետք է հանձնառու ըլլա առնվազն 20 տարի իր քով պահելու Սմենց Վարդանը։    

Զ. Րես Սերգո այս միջադեպին կարգադրման համար հեղափոխական կուսակցության իրեն մատուցած ծաոայությանց իբրև փոխարեն, դրամական կարևոր նվեր մը պետք է ընե կուսակցությանս Ծապլվարի գանձին։    

Ինչպես կը տեսնեք, հարցը տեղափոխեցի բոլորովին սկզբունքային հողի վրա։    

Տեր Սահակ մեկնեցավ նշանակալից կերպով գլուխը օրորելով։ Անցան մի քանի օրեր և ես ոևէ պատասխան չստացա։ Վարդան սկսավ անհամբերության նշաններ ցույց տալ։

— Քանի որ Րես Սերգո ներեր է ինձ՝ երթամ գործիս սկսիմ,— կը կրկներ այդ ապուշը, ուզելով այսպես եսասիրաբար ոտնակոխ ընել միլիոնավոր պրոլետարներու իրավունքը, իր անձնական շահին համար։

Պատկեր:Phanjuni pic 39.png

Ա․ Ռես Սերգոն պետք է վճարեր Սմենց Վարդանի ճամփված թվականից մինչև գործը սկսած թվականը՝ անցած օրերի օրականները։

Բ․ Օրականի հավելում և աշխատության ժամերի նվազում։

Գ․ Հանգստյան արկղ՝ մշակների համար։

Դ․ Աշխատանքի արկածների դեմ ապահովագրություն։

Ե․ Ռես Սերգոն պետք է հանձնառու լինի առնվազն 20 տարի իր թևի տակ պահելու Սմենց Վարդանին։

Զ․ Ռես Սերգոն այս միջադեպի կարգադրման համար՝ հեղափոխական կուսակցության իրեն մատուցած ծառայության փոխարեն, դրամական կարևոր նվեր պետք է անի կուսակցությանս՝ Ծապլվարի գանձին։

Ինչպես տեսնում եք, հարցը տեղափոխեցի բոլորովին սկզբունքային հողի վրա։

Տեր Սահակը մեկնեց՝ նշանակալից կերպով գլուխը օրորելով։ Անցավ մի քանի օր, և ես որևէ պատասխան չստացա։ Վարդանը սկսեց անհամբերության նշաններ ցույց տալ։

— Քանի որ Ռես Սերգոն ներել է ինձ՝ գնամ գործս սկսեմ,— կրկնում էր այդ ապուշը, ուզելով այսպես եսասիրաբար ոտնակոխ անել միլիոնավոր պրոլետարների իրավունքը՝ իր անձնական շահի համար։

——————————————————————————————

Վերջապես առջի երեկո, տեսնելով որ պատասխանը կ’ուշանա, մեր կողմե, իբրև լիազոր ներկայացուցիչ, կը ղրկեմ Խև Ավոն Րես Սերգոյի մոտ, ստանալու համար վճռական պատասխան։ Կ’երևա թե մեր ընկեր Ավոն, որ հեղափոխականի լավ խմոր ունի, մի քիչ խիստ լեզու կը գործածե և զինքը ծեծելով դուրս կը վանեն Սերգոյի բնակարանեն. քիչ հետո կու գա նաև ինձ մոտ Տեր Սահակ և կը հայտնե թե Րես Սերգո այլևս չ’ուզեր նույնիսկ Վարդանի անունը լսել։    

Դա պարզապես պատերազմի հայտարարություն էր։ Կապիտալիզմի և Obscurantisme-ի միացյալ ուժերն էին որ կը կանգնեին ընչազուրկ դասակարգի կորաքամակ ուսերուն վրա։ Կարելի չէր լռել այդ ակնհայտնի պրովոկացիայի հանդեպ և չգործել։ Նույն գիշերն իսկ պատրաստեցի հետևյալ հրավեր-հայտարարությունը, զոր այս առտու արշալույսին, Խև Ավո տարավ փակցուց եկեղեցիի պատին վրա։

Պատկեր:Phanjuni pic 41.png

Վերջապես երեկոյան, տեսնելով որ իր պատասխանը ուշանում է, մեր կողմից՝ իբրև լիազոր ներկայացուցիչ, ուղարկեցի Խև Ավոյին՝ Ռես Սերգոյի մոտ՝ վճռական պատասխան ստանալու համար։ Երևում էր, որ մեր ընկեր Ավոն, ով հեղափոխական լավ խմոր ուներ, մի քիչ խիստ լեզու էր գործածել և ծեծելով դուրս էր վանել Սերգոյին բնակարանից․ քիչ հետո էլ գալու էր ինձ մոտ նաև Տեր Սահակը և հայտնելու էր, թե Ռես Սերգոն այլևս չի ուզում նույնիսկ Վարդանի անունը լսել։

Դա պարզապես պատերազմի հայտարարություն էր։ Կապիտալիզմի և Obscurantisme-ի միացյալ ուժերն էին, որ կկանգնեին ընչազուրկ դասակարգի կորաքամակ ուսերի վրա։ Չէր կարելի այդ ակնհայտ սադրանքի հանդեպ չգործել։ Նույն գիշերն իսկ, պատրաստեցի հետևյալ հրավեր-հայտարարությունը, որ այս առավոտը՝ արշալույսին, Խև Ավոն տարավ և փակցրեց եկեղեցու պատի վրա։

——————————————————————————————

«Աշխատավոր դասակարգ Ծապլվարի,    

Ահազանգը հնչեց։    

Սմենց Վարդանի և Րես Սերգոյի դեպքը հայտնի է ամենուդ։ Հակառակ կուսակցությանս բոլոր խաղաղարար ջանքերուն՝ ագրարային կապիտալիզմը անողոք պատերազմ կը հրատարակե հողագործ պրոլետարիայի մասսաներուն դեմ։ Վատություն է մեր կողմեն լռելը, վատություն է չգործելը։ Ծապլվարի մութ ուժերը՝ կազմակերպված՝ կ’ուզեն ջախջախել բանվորական դասակարգի իրավունքներն և տապալել նորածագ ազատությունը որ մեր այնքա՜ն զոհողություններովը ձեռք բերինք։

Պատկեր:Phanjuni pic 42.png

«Ծապլվարի աշխատավոր դասակարգ, ահազանգը հնչեց։

Սմենց Վարդանի և Ռես Սերգոյի դեպքը բոլորիդ հայտնի է։ Հակառակ կուսակցությանս բոլոր խաղաղարար ջանքերին՝ ագրարային կապիտալիզմը անողոք պատերազմ է հրատարակում հողագործ պրոլետարիայի նասսաների դեմ։ Վատություն է մեր կողմից լռությունը, վատություն է չգործելը։ Ծապլվարի մութ ուժերը կազմակերպված ուզում են ջախջախել բանվորական դասակարգի իրավունքներն և տապալել նորածագ ազատությունը, որը մենք այնքա՜ն զոհողություններով ձեռք բերեցինք։

——————————————————————————————

Բոլոր աշխարհի բանվորնե՛ր,    

Մի՞թե թույլ պիտի տաք որ մի կեղտոտ պուրժուա Ծապլվարի մեջ ոտնակոխ ընե վաթսուն միլիոն աշխատավորներու իրավունքը։ Դա անկարելի է։ Ամենքը մեկուն համար, մեկը ամենուն համար, ա՛յս պետք է ըլլա մեր նշանաբանը։ Բոլոր աշխարհի բանվորները կը հրավիրվին, կիրակի օր, Մկրենց կալը, ուր տեղի կ’ունենա հրապարակային բողոքի մեծ միթինկ։ Պիտի բանախոսեն ընկեր Փանջունի, ընկեր Ավո և ագրարային կապիտալիզմի նահատակ Սմենց Վարդան։    

Անկցի՛ կապիտալիզմը,    

Անկցի՛ օպսքուրանթիզմը,    

Կեցցե՛ սոցիալիզմը,    

Կեցցե՛ պրոլետարիան,    

Կեցցե՛ Մայիսի մեկը»։

Պատկեր:Phanjuni pic 43.png

Աշխարհի բոլոր բանվորնե՛ր,

Միթե՞ թույլ պիտի տաք, որ մի կեղտոտ բուրժուա Ծապլվարում ոտնակոխ անի վաթսուն միլիոն աշխատավորների իրավունքը։ Դա անկարելի է։ Ամենքը մեկի համար, մեկը՝ ամենքի համար, սա՛ պետք է լինի մեր նշանաբանը։ Աշխարհի բոլոր բանվորները կհրավիրվեն կիրակի օրը՝ Մկրենց կալվածք, որտեղ տեղի կունենա հրապարակային բողոքի մեծ հանրահավաք։ Պիտի բանախոսեն ընկեր Փանջունին, ընկեր Ավոն և ագրարային կապիտալիզմի նահատակ՝ Սմենց Վարդանը։

Ո՛չ կապիտալիզմին,

Ո՛չ օպսքուրանթիզմին,

Կեցցե՛ սոցիալիզմը,

Կեցցե՛ պրոլետարիան,

Կեցցե՛ Մայիսի մեկը»։

——————————————————————————————

Դժբախտաբար այսօր լուր օր է և ամբողջ գյուղը կանուխ դաշտերը գացած է աշխատության. ուրիշ անպատեհություն մըն ալ այն է որ Ծապլվարի մեջ գրել կարդալ գիտցող ե՛ս միայն կամ. նույնիսկ քահանան կարդալ չի գիտեր։ Այսու հանդերձ կը հուսայի որ հայտարարությունը ցնցող տպավորություն հառաջ պիտի բերեր երեկոյին, երբ գյուղացիք վերադառնային դաշտերեն. բայց ահա Խև Ավո վազելով կու գա հև ի հև և կը գոչե.

Դժբախտաբար այսօր լուռ օր է և ամբողջ գյուղը գնացել է աշխատության՝ կանուխ դաշտեր։ Ուրիշ անպատեհությունն էլ այն է, որ Ծապլվարում գրել ու կարդալ իմացող միայն ես կամ․ նույնիսկ քահանան կարդալ չգիտի։ Այսուհանդերձ հույսով էի, որ հայտարարությունը ցնցող տպավորություն առաջ պիտի բերեր երեկոյին, երբ գյուղացիները վերադառնային դաշտերից։ Բայց ահա Խև Ավոն վազելով գալիս է և հևիհև գոչում է։

——————————————————————————————

— Թուղթը պատռեր են եկեղեցիի պատին վրայեն….    

Չէի կարող հավատալ ականջներուս. Ավոյի հետ անմիջապես վազեցի գացի ստուգելու համար այդ ծանրակշիռ իրողությունը։ Այո՛, ճշմարիտ էր. հրավեր-հայտարարությունը պատառ բզիկ եղած էր, հազիվ մեկ քանի կտորներ մնացած էին, զորոնք չարագործ ձեռքեր չէին կրցած բզկտել, լավ փակած ըլլալուն համար, որովհետև Խև Ավո ջուրն ու ալյուրը չէր խնայած հայտարարությունը փակցնելու համար։

Պատկեր:Phanjuni pic 44.png

— Թուղթը եկեղեցու պատից պատռել են․․․

Չէի կարող հավատալ ականջներիս։ Ավոյի հետ անմիջապես վազեցի ստուգելու համար այդ ծանրակշիռ իրողությունը։ Այո՛, ճշմարիտ էր․ հրավեր-հայտարարությունը պատառ-բզիկ էր արած, հազիվ մի քանի կտորներ էի մնացել, որոնց չարագործ ձեռքեր չէին դիպչել՝ լավ փակցրած լինելու համար, որովհետև Խև Ավոն ջուրն ու ալյուրը չէր խնայել հայտարարությունը փակցնելու համար։

——————————————————————————————

Ովքե՞ր գործեր էին այդ սրբապղծությունը: Գյուղացիները բոլորն ալ դաշտն էին, եկեղեցիի շրջակայքը մարդ չկար, ուրեմն դավադրությունը սարքված էր շա՛տ խորհրդավոր կերպով։ Համենայն դեպս սա որոշ էր թե ռեաքցիան զինաթափ չէր ըլլար։ Ընդ հակառակն իր այս նոր ցույցով բրովոքացիան կատաղորեն առաջ կը մղեր։ Պետք չէր ընկրկիլ. որոշեցի անմիջապես մի հակացույց կազմակերպել։ Վերադարձա տուն, Ավոյի ձեռքը տվի մի երկար ձող, որուն ծայրը կապված էր մի կարմիր կտավ։ Սմենց Վարդան շալակեց իր մշակի գործիքները, ես ալ անցա իրենց գլուխը և այսպես ամբոխը ժուռ եկավ Ծապլվարի գլխավոր փողոցները։

Պատկեր:Phanjuni pic 45.png

Ովքե՞ր էի արել այդ սրբապղծությունը։ Բոլոր գյուղացիներն էլ դաշտն էին, եկեղեցու շրջակայքում մարդ չկար, ուստի դավադրությունը նախապես շա՛տ խորհրդավոր կերպով պլանավորված էր։ Համենայն դեպս սա որոշ էր, թե ռեակցիան զինաթափ չլիներ։ Ընդհակառակն իր այս նոր ցույցով սադրանքը կատաղորեն առաջ էր մղվում։ Պետք չէր վախենալ։ Որոշեցի անմիջապես մի հակացույց կազմակերպել։ Վերադարձա տուն, Ավոյին ձեռքը տվեցի մի երկար ձող, որի ծայրը կապված էր մի կարմիր կտավ։ Սմենց Վարդանը շալակեց իր մաշկի գործիքները, ես էլ անցա իրենց գլուխը, և այսպես ամբոխը շուռ եկավ Ծապլվարի գլխավոր փողոցները։

——————————————————————————————

Երբ հասանք Տեր Սահակի տան առջև, հանկարծ սկսա երգել.        

Debout, les dammes de la terre!        

Debout, les forcats de la faim!   

Կարծեմ առաջին անգամն էր որ հեղափոխական-ընկերավարական երգը՝ «Էնթերնասիոնալը» կը հնչեր Ծապլվարի մեջ։ Տունը մնացած երախաները, լսելով բանվորային մարտագոչ երգը, վազելով եկան միացան մեզի և ամբոխը առավ պատկառելի երևույթ։    

Ցուցարարները երբ հասան Րես Սերգոյի տան առջև, ոգևորությունը ծայր աստիճանի հասած էր։    

— Տղե՛րք,— գոչեցի,— վար տվե՛ք այդ դավաճանի տան ապակիները։    

Բայց ափսո՜ս, Րես Սերգոյի տան պատուհանները ապակի չունեին, եթե ոչ՝ այդ ապակիներու խորտակումը ջախջախիչ տպավորություն առաջ պիտի բերեր ապահովաբար։

Պատկեր:Phanjuni pic 46.png

Երբ հասանք Տեր Սահակի տան մոտ, հանկարծ սկսեցի երգել․

Debout, les dammes de la terre! (Ելի՛ր ում կյանքը անիծել է,)

Debout, les forcats de la faim! (Ով ճորտ է, մերկ է և ստրուկ։)

Կարծեմ առաջին անգամն էր, որ հեղափոխական-ընկերվարական երգը՝ «Ինտերնացիոնալը» հնչում էր Ծապլվարում։ Տունը մնացած երեխաները, լսելով բանվորային մարտագոչ երգը՝ վազելով եկան, միացան մեզ և ամբոխը առավ պատկառելի երևույթ։

Ցուցարարները, երբ հասան Ռես Սերգոյի տան մոտ, ոգևորությունը ծայրաստիճան էր հասել։

— Տղե՜րք, — գոչեցի, — վար տվե՛ք այդ դավաճանի տան ապակիները։

Բայց ափսո՜ս, Ռես Սերգոյի տան պատուհանները ապակի չունեին, եթե ոչ՝ այդ ապակիների խորտակումը ջախջախիչ տպավորություն պետք է ապահովաբար առաջ բերեր։

——————————————————————————————

Խև Ավո որ հետզհետե խանդավառված էր, վրեժը լուծեց՝ քարկոծելով Րես Սերգոյի էշը որ դաշտին մեջ կ’արածեր, նույնիսկ դանակը քաշելով՝ ուզեց վրան հարձակիլ, բայց ես արգիլեցի իսկույն, չուզելով տեղի տալ անօգուտ արյունահեղության։    

Ի վերջո բազմությունը ցրվեցավ գոհ տրամադրության տակ։    

Ինչպես կը տեսնեք, դրությունը խիստ լարված է Ծապլվարի մեջ։ Տեսնենք ի՜նչ հետևանք կ’ունենա գործը։ Մենք ուխտած ենք պայքարն առաջ մղել ամեն միջոցներով։    

Մի քիչ փող ուղարկեցե՛ք փութով։

Պատկեր:Phanjuni pic 48.png

Խև Ավոն, ով հետզհետե խանդավառված էր, վրեժը լուծեց՝ քարկոծելով Ռես Սերգոյի էշը, որն դաշտում արածում էր։ Նույնիսկ դանակը քաշելով՝ ուզեց վրան հարձակվել, բայց ես արգելեցի իսկույն՝ չուզելով տեղի տալ անօգուտ արյունահեղությանը։

Ի վերջո բազմությունը գոհ տրամադրության տակ՝ ցրվեց։

Ինչպես տեսնում եք, դրությունը խիստ լարված է Ծապլվարում։ Տեսնենք ի՞նչ հետևանք կունենա գործը։ Մենք երդվել ենք պայքարն առաջ մղել բոլոր միջոցներով։

Մի քիչ փող ուղարկե՛ք՝ փութով։

——————————————————————————————

Յ. Գ.— Վերջին րոպեին, երբ նամակս կը փակեի, իմացա թե հրավեր-հայտարարությունը ո՛չ թե ռեաքցիայի մութ ուժերուն կողմե պատռված է, այլ մի ջատուկ պառավի՝ Մարոյի այծը զայն պատռեր ու կերեր է, թուղթին ետև քսված ջրախառն ալյուրեն հրապուրված։

Իսկ ընդհանուր կացությունը կը մնա նույնը։ Միթինկը՝ անպայման կը կայանա կիրակի օր։

Պատկեր:Phanjuni pic 49.png

Հ․ Գ․ — Վերջին րոպեին, երբ նամակս փակում էի, իմացա, թե հրավեր-հայտարարությունը ո՛չ թե ռեակցիայի մութ ուժերով է պատռված, այլ մի ջատուկ պառավի՝ Մարոյի այծն էր այն պատռել ու կերել՝ թղթի հետևում քսված ջրախառն ալյուրով հրապուրված։

Իսկ ընդհանուր կացությունը նույնն էր մնացել։ Հանրահավաքը անպայման կկայանա կիրակի օրը։