Այցելություն «Ոսկեվազ» գինու գործարան

Հունվարի 20-ին, ես՝ Գոհար Իսկանդարյանի, ջոկատիս, Գայանե Մխիթարյանի, Վարսենիկ Գրիգորյանի ու Վեներա Խառատյանի հետ ուղևորվեցի Աշտարակի «Ոսկեվազ» գինու գործարան մի շատ յուրահատուկ նպատակով։ Մեր աշխատակարգի մեջ ներառված են «գինու քիմիան», «միջառարկայական ծրագրեր», «գինու դպրոց» և այլ շատ հետաքրքիր նախագծեր կապված հետազոտման հետ։ Եվ մենք վճռեցինք գալ այս հրաշք վայրը, որպեսզի և՛ համեմատություն անենք մեր դպրոցի հետ, և՛ ծանոթանանք պրոֆեսիոնալ գործիքների ու աշխատանքի հետ։ Ահա սա էր մեր հիմնական նպատակը։ Ժամը 10-ին հավաքվեցինք Միջին դպրոցի ավտոբուսների կայանում և ուղևորվեցինք Աշտարակ՝ նոր հետազոտությունների հետևից։

Ճանապարհը հերթական անգամ երկար չէր և մենք 30-35 րոպեից արդեն այնտեղ վայելում էինք այդ հրաշք շինությունը։ Իսկապես, որ հրաշք էր, քանի որ իր ձևով ընդհանրապես նման չէր մեզ հայտնի գործարաններին, և իր տեսքով, ոճով ու գեղեցկությամբ անսովոր ու արտառոց երևույթ էր մեզ համար, սակայն նրան շուտ ընտելացանք։ Ամրոցի տեսք ունեցող այդ շինությունը բաժանված էր մի քանի մասի։ Ուղեկցողը բացատրեց, որ այն հիմնել են երկու եղբայրներ՝ Դավիթ և Գագիկ Հովհաննիսյանները, որոնք ներկա պահին չեն գտնվում հայրենի երկրում, այլ բնակվում են Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում։ Սակայն հեռու գտնվելը թույլ է տալիս գալ և հիանալ կատարած աշխատանքով։ Մեզ Գայանե Մխիթարյանը՝ մեր նախկին ֆիզիկայի ուսուցչուհին, պատմում էր, որ վերջին անգամ այստեղ է եղել տարիներ առաջ և այդպիսի վերանորոգում ու շինարակական հրաշքներ դեռևս չկային։ Մեզ բախտ վիճարկվեց գալ, հիանալ, լսել ու ուսումնասիրել Ոսկեվազի գինու գործարանը։ Մասնաշենքերից մեկը արվեստի ու արհեստի դպրոցն էր, որտեղ և սովորեցնում էին այս նրբաճաշակ արվեստին։

Մուտք գործելով գործարանի տարածք, արդեն իսկ հետաքրքիր էր, քանի որ պատերի վրա քանդակված էին թագավորներ, թագուհիներ, տարբեր վիշապներ ու պատմական հերոսներ։ Մեզ գինու մառանի դռների վրա ցույց տվեցին երկու թագավորի, որոնք բռնում են երկու գինու բաժակ ու երկու նշան՝ մեկը խաչ, մյուսը՝ հեթանոսության խորհրդանիշ։ Դա ապացուցում էր այն, որ մինչև քրիստոնեությունը, հայերը դավանել են հեթանոսություն և պաշտել են տարբեր մարմնավորված աստվածների, որոնց մասին փաստարկում էին պատերի վրա բետոնով փորագրված պատկերները։ Նաև ապացուցում է այն, որ հայերը, լինեն թագավորներ, թե ոչ, միշտ սիրել են գինի և համարել են այն արիստոկրատիայի հիմք։ Ահա այսպիսի հիմնարկ էր այս գործարանը։

Մեզ ուղեկցողը պատմեց, որ այն հիմնվել է 1932 թվականին և այսպիսի տեսք է ստացել միայն 2000-ական թվականներին՝ ներդրումների շնորհիվ։ Գործարանը արտադրում է «Ոսկեվազ» գինին, որը տարբեր տեխնոլոգիաներով պատրաստված, հատուկ համով, թթվայնությամբ ու քաղցրությամբ, յուրահատուկ խմիչք է։ Գործարանի բակում, մեզ ընդհանուր պատմության մասին պատմելուց հետո, միասին իջանք հնամենի մառաններ։

Այնտեղ տեսանք բազում կաղնու փայտից տակառներ, որոնց մեջ լցված ու փակված էին գինիներ։ Ինչու՞ նշեցի կաղնու փայտը, քանի որ այն շատ դիմացկուն է խոնավության ու շաքարի նկատմամբ, ուստի այն օգտագործելն ու ներմուծելը շատ հարմարավետ է։ Հիմնական գործարանում կային հսկայական մետաղե տարրաներ, որոնց մեջ լցվում, թորվում, ապա և խմորվում էին գինիները։ Խմորման մասին թեմայի վերաբերյալ մենք մի քիչ երկար զրույց կապեցինք, քանի որ ոմանց հետաքրքիր էր, թե ինչ գործընթաց է դա և ինչ է լինում արդյունքում։ Փաստորեն այն պարզապես միկրոօրգանիզմների կամ դրանց ֆերմենտների ազդեցությամբ ռեակցիա է, որի ժամանակ ճեղքվում են խաղողի նյութի մասնիկները, որից էլ արտադրվում է ածխաթթու գազ։ Այդ գործարանային մասնաճյուղում, տեսանք բազում շշեր, հուշանվերներ, որոնց վրա փակցված էին այդ գործարան այցելած հայտնիների անունները։ Տեսանք Շառլ Ազնավուրի, Սերժ Թանկյանի և այլոց հուշանվերները։ Ահա այսպիսի հետաքրքիր ու յուրահատուկ մասնաճյուղ էր սա։ Այս մասնաճյուղին կպած, կար ևս մի հին ու արտասովոր վայր, որն իր թաքուն անունը զուր տեղը չէր կրում։ Քանի որ այս գործարանը կառուցվել ու հիմնադրվել է ԽՍՀՄ-ի դարաշրջանում, ուստի զարմանալի չէ, որ այդ ժամանակ գործում էին շատ խիստ օրենքներ ու կանոններ նաև արտադրական հիմնարկների համար։ Հենց դա եղավ պատճառը, որ մարդիկ՝ գործարանի աշխատողները և մյուսները, կառուցեցին այս հատուկ սենյակը, որտեղ որ գտնվում են հարյուրամյակների մասին փաստող հագուստներ, կոշիկներ, գինիներ, նույնիսկ հին տեխնոլոգիաներ, որոնց նայելով երեխաների ու սովորողների մեծ մասը զարմանում էր։ Բայց ամենահետաքրքիրն դեռ առջևում էր։

Այսքանից հետո, մտանք մի սենյակ, որտեղ իրոք սառն էր ջերմաստիճանը և դա անիմաստ չէր։ Այստեղ էին պահվում հին գինիները, որոնց համի ու չփչանալու համար հատկացված է ջերաստիճան։ Այստեղ տեսանք էլի կաղնու փայտից տակառներ, որոնք արդեն գետնին էին։ Մեզ պատմեցին, որ այստեղ են թաղված նաև տասնյակ մարդիկ, քանի որ հնում եղել են այդպիսի ավանդույթներ։ Ուղեկցողը բացատրեց, թե ինչ մոմով և ինչպես են փակում գինու տակառը, որպեսզի այն պահպանի իր հոտը, համը։ Այն յուրահատուկ գործընթացների շարան է, որտեղ ամեն մանրուք նշանակություն ունի։ Այսքանով մենք ավարտեցինք, նկարվեցինք, ևս մի անգամ վայելեցինք այս ամրոց-շինությունը և հետ եկանք դպրոց։ Սա շարունակելի նախագիծ էր և վերդառնալով հետ դպրոց, մենք միանգամից անցանք մեր դպրոցի ուսումնասիրությանը և այսօր՝ հունվարի 24-ին բարձրացանք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ՝ գինու արվեստը համեմատելու, համտեսելու համար։

Թողնել մեկնաբանություն