Պատմվածքը՝ հղմամբ

Ընդհանուր առմամբ, այս պատմվածքին տրված գիտաֆանտաստիկ որոշիչ համապատասխանեց թե՛ սյուժեի, և թե՛ իրականության, այսինքն՝ ընթերցման հետ։ Ընթերցելով այս պատմվածքը, ես միանգամայն պատկերացում կազմեցի մարսեցիների մասին, չնայած, որ գրողը մեր մոլորակից է։ Չեմ խորանա սյուժեի մեջ, միայն կասեմ նրա գաղափարը։

Գաղափարը՝

Մարսեցիները գալով մոլորակ՝ տնկում են գարեջրի շշեր հողի մեջ, որոնք օրեր անց «բերք» են տալիս։ Նրանց հրամանատարը չի ցանկանում գարեջրի շշեր տնկել, այլ ցանկանում է ապացուցվել, որ փողի ծառը նույնպես գիտության նվաճումներից մեկն է։ Նա այդ հնարավորությունը ցանկանում է օգտագործել սեփական շահի համար, քանզի տանը՝ Մարսում, ունի բազմաթիվ հարկային և վարկային խնդիրներ։ Փողի ծառը նրա մոտ չի ստացվում տնկել։

Ես կարծում եմ, որ հեղինակի բնութագրած բնության այս քմահաճույքը ցույց է տալիս, որ բոլորը, անկախ պաշտոնից, սեռից, ռասսայից, քաղաքակրթությունից, կազմվածքից ու կոչումից հավասար են բոլոր վայրերում։ Այսինքն, եթե հողը՝ բնությունը, փողի ծառ թույլ չտվեց, որպեսզի տնկվի հրամանատարի կողմից, ուստի և թույլ չի տա, որ դա փորձեն տնկել սովորական շարքայինները։

Հարկերի ու պարտամուրհակների գործում մեղավոր է միմիայն հրամանատարը, քանզի ժամանակին չէր մտածել հետևանքների մասին (բացառենք որոշակի անհամապատասխանությունները․ հեղինակը անցյալի մասին շատ տեղեկություն մեզ չի տալիս)։ Հրամանատարը ցանկանում էր ծառ տնկելով միանգամից մարել բոլոր հարկերն ու վարկերը, պարտքերն ու պարտամուրհակները, նույնիսկ չմտածելով, որ այդ հնարքը կարող է այս անգամ չաշխատել։ Բնության նման վարքագիծը ցույց տվեց, որ բոլորս մեր կատարած գործողությունների համար պատասխանատու ենք, և հրամանատարի պես չենք կարող հեշտ ու հանգիստ ծլկել պատժից։ Հրամանատարը ամեն կերպ փորձում էր աճեցնել փողի ծառը, որպեսզի հետո բերքը հավաքեր, սակայն դա նրա մոտ չէր հաջողվում։ Պատճառն այն էր, որ բնությունը ամեն բան նախօրոք հաշվարկում է, պատրաստում և վստահորեն չէր թողնի, որպեսզի շարքային մահկանացուն այսքան հեշտ զրկվեր կյանքի կողմից առաջադրված փորձությունների գոյամարտից։

Պատմվածքը իրոք շատ կարևոր մի բան է ցանկանում ասել։ Բացի նրանից, թե փողը կեղտ է, որն միմիայն աղտոտում է հողը, բացի այն, որ հրամանատարը խելամիտ է և փորձում է իրավիճակը պտտել իր կողմ, այստեղ կա ևս մեկ բան, որի մասին քիչ ենք մտածում։ Դա մեր առօրյային շատ նման լինելն է։ Այո՛, այս պատմվածքը ինքն իրենով նման է մեզ յուրաքանչյուրիս, ով ամեն օր արթնանում և քնում է նույն վայրում, ամեն առավոտ նույն կերպ է զարթնում, գիշերը՝ նույն կերպ քնում։ Հեղինակը ծանոթագրություններում նույնպես նշում է, որ քաղաքակրթությունները՝ մարսեցիներինը ու մերը, շատ նման են, և սրանից ենք մենք կարողանում եզրակացնել ժողովուրդների միջև կապը։ Սակայն այստեղ մարսեցիները ժողովուրդ չեն, այլ մեր ներքին մարդիկ, ովքեր մեր հետ վերապրում են յուրաքանչյուր պահ մեր կյանքի, յուրաքանչյուր դրվագ ու հիշողություն։