Բաթումի դաշնագրի՝ Հայաստան-Թուրքիա առաջին բանակցությունների մասին ավելին կարող եք կարդալ՝ հղմամբ։
Հայաստանի Հանրապետության հռչակումը։ Երբ հայ ժողովուրդը թուրքական զավթիչների դեմ կյանքի ու մահվան կռիվներ էր մղում 1918թ․ մայիսյան հերոսամարտերում, սուր հակասություններ էին առաջացել երկրամասի երեք հիմնական ազգություններից կազմված Անդրկովկասյան Դաշնային Հանրապետության իշխանության մարմիններում։ Այդ իսկ պատճառով Անդրկովկասյան Դաշնության փլուզումը դարձավ անխուսափելի։

1918թ․ մայիսի 26-ին լուծարվեց Անդրկովկասյան սեյմը (պառլամենտը), և դրանով կազմալուծվեց Անդրկովկասյան Հանրապետությունը։ Այդ նույն օրը Վրաստանը հռչակեց իր անկախությունը, հաջորդ օրը՝ Ադրբեջանը, իսկ մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց ազգային (կենտրոնական) խորհուրդը որոշում կայացրեց հռչակել Հայաստանի անկախությունը։ Ընդունված հայտարարագրում մասնավորապես ասվում էր․ «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծարումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ՝ Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»։
Այսպիսով՝ եղեռն ապրած հայ ժողովուրդը, թշնամու մահաբեր սպառնալիքի պայմաններում, ուժ գտավ իր մեջ և վերականգնեց հայոց անկախ պետականությունը։ Հայաստանի անկախության հռչակումը պատմական անհրաժեշտություն էր և ստեղծված պայմաններում միակ նախընտրելի ուղին։ Հայաստանի անկախության համար հայ ժողովուրդը պարտական էր ազատագրական իր տևական պայքարին, իսկ կոնկրետ պարագայում՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հաղթական հերոսամարտերին։ Ի նշանավորումն իրադարձության՝ Մայիսի 28-ը համարվում է համայն հայության նվիրական տոներից մեկը՝ Առաջին հանրապետության անկախության օրը։

Հայաստանի անկախության հռչակումը շրջադարձային եղավ հայ ժողովրդի քաղաքական և հոգևոր-մշակութային կյանքում։
Բաթումի պայմանագիրը։ Ինչպես ադեն տեղյակ եք, 1918թ․ ապրիլին Տրապիզոնում ընդհատված թուրք-անդրկովկասյան բանակցությունները մայիսի սկզբներին վերսկսվեցին Բաթումում։ Թուրքերը, արբեցած իրենց ռազմական հաջողություններով, ավելի կողոպտիչ պայմաններ ներկայացրին։ Նրանք մայիսի 26-ին վերջնագիր տվեցին անդրկովկասյան պատվիրակությանը։ Բայց քանի որ հենց նույն օրը Անդրկովկասյան Հանրապետությունը կազմալուծվեց, ուստի նորահռչակ հանրապետություններից յուրաքանչյուրն ինքը պետք է լուծեր Թուրքիայի հետ պատերազմի և խաղաղության հարցը։
Բաթումի պայմանագիրը: 1918 թ. ապրիլի 15 (28)-ին օսմանյան կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Անդրկովկասի անկախությունը և համաձայնվեց Բաթումում շարունակել Տրապիզոնում ընդհատված հաշտության բանակցությունները: Մինչև Բաթումի բանակցությունների սկսվելը թուրքերն արդեն գրավել էին Բրեստ-Լիտովսկի հաշտությամբ իրենց հանձնվելիք տարածքները:
Թուրքիայի պարտադրանքով իր անկախությունը հռչակած ԱԴԴՀ կառավարությունը թուրքերի մուտքը դեպի Անդրկովկասի խորքերը կանխելու նպատակով մայիսի 11-ին Բաթումում բանակցություններ սկսեց Թուրքիայի հետ: Թուրքական պատվիրակությունը գլխավորում էր արդարադատության նախարար և պետական խորհրդի նախագահ Շ. Հալիլ բեյը, իսկ անդրկովկասյանը՝ կառավարության նախագահ և արտաքին գործերի նախարար Ա. Չխենկելին: Պատվիրակության կազմում էին հայ պատվիրակներ՝ խնամատարության նախարար Հ. Քաջազնունին և ֆինանսների նախարար Ա. Խատիսյանը: Կային նաև խորհրդականներ, զինվորական փորձագետներ, քարտուղարներ, ընդամենը՝ 45 մարդ: Թուրքական կողմից Բաթումում էր գտնվում Կովկասյան ճակատում թուրքական զորքերի գլխավոր հրամանատար Մեհմեդ Վեհիբ փաշան: Այդտեղ ժամանեց նաև ծովային նախարար Ջեմալ փաշան: Բաթումում էր նաև գերմանական պատվիրակությունը՝ լիազոր ներկայացուցիչ գեներալ Օ. ֆոն Լոսովը, պատվիրակներ կոմս Վ. ֆոն Շուլենբուրգր և ուրիշներ՝ դիտորդի կարգավիճակով: Ի դեպ, իբրև շահագրգիռ կողմ Գերմանիայի միջնորդությամբ Բաթումի բանակցություններին մասնակցելու ցանկություն հայտնեց Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը, թեև վերջինս չէր ճանաչում Անդրկովկասի կառավարությանը: Մայիսի 15-ին Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմի տեղակալ Գ. Չիչերինը հայտարարություն արեց այդ մասին և հասկացնել տվեց, որ եթե ռուսական կողմը չմասնակցի բանակցություններին, ապա պայմանագիր կնքվելու դեպքում այն չի ճանաչվի Ռուսաստանի կողմից: Սակայն Գ. Չիչերինի նոտան՝ Բաթումի բանակցություններին մասնակցելու վերաբերյալ, մնաց անպատասխան:



Հունիսի 4-ին՝ ժամը 12-ին՝ Խալիլ բեյի և Ա. Խատիսյանի եզրափակիչ ելույթներից հետո, պատվիրակությունների բոլոր անդամների ներկայությամբ ստորագրվեց խաղաղության և բարեկամության պայմանագիրը Օսմանյան կայսրության կառավարության և իրեն անկախ հայտարարած Հայաստանի Հանրապետության միջև: Պայմանագրի ստորագրումով օսմանյան կառավարությունը, փաստորեն, ընդունեց ու ճանաչեց Հայաստանի անկախությունը: Բացի պայմանագրից ստորագրվեց նաև նրան կից երեք փաստաթուղթ. 1) տարանցման մասին, 2) սահմանակից շրջանների միջև առևտրի մասին և 3) կրոնի ու կրոնական հաստատությունների հանդեպ փոխադարձ հարգանքի մասին, և մեկ լրացուցիչ համաձայնագիր (6 հոդվածով) հայկական զորքի զորացրման, գերիների փոխանակման ու երկաթուղու շահագործման կարգի մասին: