Հարիսայի համայնքային ծեսին մասնակցելու նպատակով նոյեմբերի 23-25-ը կրթահամալիրում հյուրընկալվել էին Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Աշնակ, Պարտիզակ և Ներքին Բազմաբերդ գյուղերի միջնակարգ դպրոցների տարատարիք սովորողների և ուսուցիչների խմբերը։

Ընդունելության ծրագրին կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ՝ այցելելով Հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիայի ղեկավար, Ավագ դպրոցի պատմության ուսուցիչ Վարդան Կարապետյանի բլոգ։
Ընդունելության պատասխանատուներ, գիշերակացի համար տրամադրվող վայրեր
Ընդունելության պատասխանատուներն էին․ Վարդան Կարապետյան, Աշոտ Տիգրանյան
Գիշերակացը․ Քոլեջի և Հյուսիսային դպրոց-պարտեզի կրթական փոխանակումների կացարաններում, նաև հետազոտական վարժարանի սովորողների տներում։
Պետք է ընդգծեմ, որ հյուրերից ոմանք երևանյան իրենց երկու գիշերն անցկացրել էին հետազոտական վարժարանի սովորողների տներում։ Հատուկ պետք է շնորհակալություն հայտնենք Արի Ագոփին, Նարե Բաբուջյանին և Սեյրան Առաքելյանին, ովքեր մեծ սիրով իրենց տներում հյուրընկալեցին մեր սասունցի հյուրերին։
Օր 1 (նոյեմբերի 23)
Առաջին օրը մենք մեր աշնակցի հյուրերին/ընկերներին՝ Գևորգ Չաուշի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Վահրամ Մարտիրոսյանի գլխավորությամբ դիմավորեցինք Մայր դպրոցում, այնուհետև՝ միասին մասնակցեցինք Ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցած հավաքին, որի ժամանակ ունեցանք փոքրիկ զրույց-ծանոթություն, ինչպես նաև հյուրերին ընկեր Վարդանը մանրամասն ներկայացրեց ընդունելության ծրագիրը։ Հավաքի ժամանակ 11-րդ դասարանի աշակերտ Արի Ագոփի համակարգմամբ նախագծային խմբի կողմից ներկայացվեց իրենց նախագիծը։

Հավաքից հետո սովորողներին ծանոթացրեցինք Մայր ու Ավագ դպրոցի տարածքին, մարզահրապարակներին, սրահներին, դասարաններին, դահլիճներին։ Ընդհանուր ծանոթությունից և հետագա քայլերի մասին պատկերացում կազմելուց հյուրերի հետ քայլեցինք քոլեջ, որտեղի կացարանում և նրանք երկու գիշերով տեղավորվեցին։ Երեկոյան ունեցանք ընթրիք, այնուհետև՝ փոքրիկ քայլք-ծանոթություն հարավ-արևմտյան թաղամասի հետ։
Օր 2 (նոյեմբերի 24)
Երկրորդ օրն ամենածանրաբեռնվածն էր, ուստի մենք փորձում էինք տեղավորվել օրակագում։ Առավոտը սկսեցինք դեպի Սուրբ Երրորդություն եկեղեցի քայլքով, որտեղ և աշնակցիների և նոր ժամանած պարտիզակցիների հետ մասնակցեցինք ուսումնական ժամերգությանը։ Ժամերգությունից հետո հյուրերը զրույց ունեցան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն տիար Աշոտ Բլեյանի հետ։ Հյուրերը՝ տիար Աշոտ Բլեյանի գլխավորությամբ, շրջեցին Մեդիակենտրոնում, ծանոթացան նրա աշխատանքներին և գործառույթներին։

Օրվա մյուս քառորդին սասունցիները մասնակցեցին տարբեր ուսումնական բաց պարապմունքների՝ մայրենիի բաց պարապմունքին․ թեման՝ «Մխիթարյաններ և Սեբաստացիներ» նախագծի ամփոփում․ համակարգումը՝ Սոֆյա Այվազյանի, ուսումնական պարապմունք բնագիտության լաբորատորիայում՝ քիմիայի և ֆիզիկայի ուսուցումը փորձերով․ մասնակցություն ուսումնական պարապմունքի ինժեներական լաբորատորիայում։ Հյուրերը ծանոթացան կրթահամալիրի ամենատպավորիչ և հետաքրքիր բաղկացուցիչների՝ լաբորատորիաների հետ։
Ուսումնական բաց պարապմունքներին մասնակցելուց հետո սանունցի մեր հյուրերի հետ միասին մասնակցեցինք կլոր սեղան-քննարկմանը, որտեղ «Դեպի Թալին-Աշնակ» ճամփորդական խումբը ներկայացրեց ճամփորդության արդյունքների ամփոփումը, իսկ աշնակցի և պարտիզակցի հյուրերը՝ տարածաշրջանի բարբառը, գերդաստանները, տարազը, ազգային-ավանդական ուտեստները, պարերը, երգերը։ Իսկ վերջում պարտիզակցիները նաև հյուրասիրություն կազմակերպեցին Ավագ դպրոցի խոհանոց-ակումբում։ Այստեղ պետք է ընդգծեմ, որ Սասնո ամբողջ այդ տրամադրությունը փոխանցող ամենավառ կերպարը Զալխե մայրիկն էր, ով գյուղի հիմնադիրներից և ամենատարեց մարդկանցից էր։

Մի փոքր-ինչ հանգստանալուց և ճաշելուց հետո մեզ սպասվում էր ամենաուրախ մեդիաուրբաթը՝ Սասնո ժառանգների մասնակցությամբ, գլխավորությամբ։ Մեդիաուրբաթի ժամանակ տիար Աշոտ Բլեյանի կողմից հանձնվեցին անվանական մրցանակները, որոնց դեռևս ամիսներ առաջ գրանցվել էին Ավագ և Միջին դպրոցների սովորողներն ու ուսուցիչները։ Մեդիաուրբաթին հրավիրված էին նաև «Սիրադեղյան» հիմնադրամի հոգաբարձուների նախագահ Մանուկ Նիգոյանն ու Վանո Սիրադեղյանի որդի՝ Խաչատուր Սիրադեղյանը, որոնք էլ իրենց հերթին պատրաստել էին նվերներ՝ ամենաակտիվ ու նախաձեռնող մասնակիցներին։ Անսպասելիորեն այդ մրցանակը ստացա նաև ես, ինչի համար շնորհակալ եմ մասնավորապես իմ ուսուցիչներ Մարգարիտ Սարգսյանին, Սամվել Թամազյանին, Աշոտ Տիգրանյանին, Վարդան Կարապետյանին, ինչպես նաև հյուրերին՝ Մանուկ Նիգոյանին և Խաչատուր Սիրադեղյանին։

Մեդիաուրբաթի ժամանակ հյուրերը ներկայացան ազգային տարազով, երգ ու պարով, որն մեդիաուրբաթին տվեց ազգային և ժողովրդական տրամադրություն։
Միասնական երգ ու պարից հետո հյուրերի հետ երեկոյան մեկնեցինք Երևանի կենտրոն՝ քայլքի, որի ճանապարհի մեծ մասը հաղթահարել էինք Երևանի այցեքարտ համարվող փոխադրամիջոցով՝ մետրոյով։ Երևանի կենտրոնում քայլքի քարտեզը հետևյալն էր․
- Ավտոբուսով մինչև Գարեգին Նժդեհի հրապարակ
- Մետրոյով մինչև Հանրապետության հրապարակ
- Այնուհետև՝ Հյուսիսային պողոտա, Օպերա, Կասկադ։
Այս հիշարժան օրը եզրափակեցինք Սասնո (սեբաստացիական) հարիսայի պատրաստմամբ՝ երգ ու պարի ուղեկցությամբ։ Հիշեցնեմ, որ այցելության հիմնական նպատակը հարիսայի ծեսին մասնակցելն էր։
Օր 3 (Հարիսայի համայնքային ծես)
Ահա և եկավ վերջին, սակայն ամենասպասված օրը՝ հարիսային համայնքային համտեսման օրը, որն տեղի է ունենում ամեն տարի՝ Սեբաստացու օրերի շրջանակներում։ Օրը ևս սկսեցինք Սուրբ Երրորդություն եկղեցում՝ ժամերգությամբ, որն ուղեկցվեց եկեղեցու բակում տոնախմբությամբ։

Տոնախմբությունը շարունակվեց Սեբաստացի համայնքում՝ դպրոցներում, պարտեզներում և քոլեջում։ Սկսվեց հարիսայի ուրախ համտեսը Մայր դպրոցում՝ սասունցիական պարերի և երգերի նվագարկությամբ։
Ուրախ համտեսից հետո հյուրերին ուղեկցեցինք խաղողի-գինու դպրոց, որտեղ նրանց հետ պարապմունք ունեցավ մասնագետ-ուսուցիչ Մարիաննա Գևորգյանը։ Բաց պարապմունքը շարունակվեց ուսումնական ագարակում, որտեղ սովորողները ծանոթացան կենդանիների հետ։
Այսքանից հետո, վերադառնալով լսարան, փոքրիկ քննարկում ունեցանք սանունցիների հետ, որոնք կիսվեցին իրենց տպավորություններով։ Մեր սովորողները ևս պատմեցին, թե ինչպիսի հետաքրքիր և հիշարժան ժամանակ անցկացրեցին սասունցի քույրերի և եղբայրների հետ։ Մասնագետները և ուսուցիչները կիսվեցին ուսումնական կրթական փոխանակումներով հագեցած այս ծրագրի մասին իրենց կարծիքներով։ Այստեղ խորհրդանշական էին Աշնակի Գևորգ Չաուշի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Վահրամ Մարտիրոսյանի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի պատմության ուսուցիչ տիար Աշոտ Տիգրանյանի կարծիքները, որոնք մասնավորապես ուղղված էին երկկողմ հարաբերությունների և կրթական փոխանակումների ծրագրերը խթանելուն և զարգացնելուն։ Ես կարևորեցի հետևյալ կետերը․ ա/ բացի երկկողմ նախագծերից (այսինքն՝ միայն Աշնակ-Երևան, Երևան-Աշնակ), պետք է լինեն նաև եռակողմ կամ բազմակողմ հարաբերություններ, կրթական ծրագրեր (Երևան-Աշնակ-Ներքին բազմաբերդ կամ Երևան-Աշնակ-Պարտիզակ), որպեսզի սովորողներն ու ուսուցիիչները ավելի ճիշտ ու կոնկրետ պատկերացումներ կազմեն մեկը մյուսի մասին և բ/ բազմակողմ հարաբերություններում մասնագիտական ծրագրերի զարգացում (այսինքն՝ մասնագետ-ուսուցիչների կրթական փորձերով փոխանակումներ, փոխադարձ այցեր և ճամփորդություններ, ինչու ոչ նաև դասավանդումներ և դասապրոցեսներին մասնակցություններ)։ Այսքանից հետո մենք հրաժեշտ տվեցինք մեր ընկերներին, և նրանք ուղևորվեցին իրենց բնակավայրեր։

Այսպիսով՝ անցան այս երեք հրաշալի և զվարճալի օրերը։ Մենք նորանոր ընկերներ, կարելի է ասել՝ բարեկամներ ձեռք բերեցինք, միասին ճամփորդեցինք, քննարկումներ ունեցանք, տարբեր թեմաներից խոսեցինք, միմյանց ավելի լավ ճանաչեցինք։ Մի խոսքով՝ ամեն ինչ անցավ պարզապես հիանալի։ Ես շնորհակալ եմ մեր սասունցի բարեկամներին, ովքեր ժամանակ գտան այցելել Երևան՝ փոխադարձ ծրագրերը իրականացնելու և իրար ավելի մոտիկից ճանաչելու պատրաստակամությամբ։ Շնորհակալ եմ գիշերակացի համար սենյակներ տրամադրած մեր սովորող-ընկերներին։ Շնորհակալ եմ մեր կազմակերպիչներին՝ նման հիասքանչ նախագիծ իր տրամաբանական ավարտին, այնուհետև՝ շարունակությանը հասցնելու համար․ ամեն ինչ կատարյալ կազմակերպված էր և ընթանում էր «կարագ պես»։ Շնորհակալություն ուշադրության համար․․․




