Մինչև բուն ամփոփ հաշվետվությանն անցնելը, կետերով կառանձնացնեմ հարցեր, որոնց պատասխանները ուսումնական առաջին շրջանի արդյունքներն են։
Ի՞նչն էր նոր ինձ համար։
Անշուշտ, շատ բաներ նոր էին։ Առաջին նորությունը կրեդիտային համակարգն էր՝ հետազոտական վարժարանի գնահատման համակարգը, որին ես նոր էի սկսել ծանոթանալ։ Քանի որ հին շրջապատիս գրեթե բոլոր ընկերները դուրս էին եկել դպրոցից և ընդունվել էին քոլեջներ կամ ուրիշ ուսումնական հաստատություններ, ուստի նոր ընկերներ ձեռք բերելն ու իրենց հետ պարբերաբար շփվելն ինձ համար, իհարկե, օգտակար էր, ես էլ ուրախ էի։ Ի դեպ պետք է նշեմ, որ նոր ընկերները ոչ միայն ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորողներ էին, այլ նաև 9-րդ, 11-րդ։ Նոր էր ուսուցիչների դաս մատուցելու ձևը, չնայած՝ շատերին ես ճանաչում էի։
Ի՞նչն եմ համարում այս շրջանում զարգացում իմ ուսումնական գործընթացի համար։
Ուսումնական գործընթացի զարգացման նախադրյալ եմ համարում ուսումնական պլանով պայմանավորված հետազոտական աշխատանքի կատարումը։ Մինչ աշխատանքը սկսելը, ես որոշ չափով տեղեկացված էի, թե ինչ է ինձ սպասվում, ուստի աշխատանքն ինձ համար դարձել էր իրոք հետաքրքիր։ Հետազոտական աշխատանքն իրականացնելիս՝ ինձ մոտ նոր առարկայական մոտիվացիա էր առաջացել՝ ուսումնասիրել և սովորել ոչ վերբալ հաղորդակցության նրբություններն ու մանրամասնությունները։ Նոր մոտիվացիա էր, քանի որ դրանից առաջ ես տեղեկացված էի թեմայից, նույնիսկ շատ բաներ գիտեի, սակայն հետազոտական աշխատանքիս համար հենց այդ թեմայի ընտրությունը դարձավ, կարելի է ասել, շարժիչ ուժ։ Եթե դիտարկենք մակերեսային, ապա գրեթե ոչինչ չի փոխվել, նույն սենյակներն են, գրեթե նույն ծանոթ դեմքերը, սակայն եթե դիտարկենք ավելի խորը տեսանկյունից, ապա փոխվել է ուսուցիչների կողմից դասն արդյունավետ անցկացնելու մեթոդիկան, գնահատման համակարգը, նախագծերի իրականացումը, հանդիպումների ֆորմատը և այլն։ Ամեն ինչ դարձել է լուրջ։
Ռազմամարզական բաղադրիչ
Չեմ կարող չանդրադառնալ նաև այս կետին։ Ռազմամարզական պարապմունքները անցկացվում էին պարբերաբար՝ երկու շաբաթը մեկ անգամ՝ երկու դասաժամով։ Իհարկե, ժամանակը քիչ էր, սակայն մենք միևնույնն է կարողացանք զարգացնել ռազմամարզական գիտելիքների մեր պաշարը։ Ռազմամարզական բաղադրիչը նույնպես համարում եմ ուսումնական գործընթացի զարգացում, քանի որ համեմատ նախորդ ուսումնական տարվա, այս տարի պարապմունքներն ավելի շատ էին, սովորողներն էլ ավելի լուրջ ու պատասխանատու կերպով էին մոտենում առարկային՝ գիտակցելով պահի ողջ կարևորությունը։ Շնորհակալ ենք ընկեր Վահեին, որ կարողացավ ժամանակ տրամադրել և մեզ սովորեցնել թեկուզև շատ պարզ, սակայն, վստահորեն, ամենահարկավոր գործողությունները։
Ներկայացնում եմ իմ ուսումնական շրջանի առարկաների ցուցակը և նրանց հաշվետվությունները․
Անգլերեն — Ուսուցիչ՝ Իրինա Ապոյան
Անգլերենի՝ շաբաթական 6-ժամյա դասընթացների ժամանակ քննարկել ենք բազում-բազում թեմաներ, լիքը նոր-նոր առօրյա խոսակցականում կիրառվող բառեր ենք սովորել։ Անդրադարձել ենք նաև քերականությանը։ Պետք է նշեմ, որ անգլերենն ինձ մոտ իսկապես զարգացել է, և ես արդեն զգում եմ, որ ավելի ու ավելի հեշտ ու հասկանալի եմ խոսում։ Նույնիսկ մեկ-մեկ սխալներին ուշադրություն չեմ դարձնում։ Անգլերենն ինձ հատուկ կերպով օգնեց նոյեմբերի 18-20 ընկած ժամանակահատվածում, երբ Հայաստանում անցկացվում էր ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը, ես էլ կամավորներից մեկն էի։ Անգլերենի դասընթացի ճիշտ մատուցման շնորհիվ ինձ մոտ ստացվեց ավելի հեշտ, ավելի անկաշկանդ արտահայտվել, հայտնել սեփական կարծիքն ու տեսակետը։ Ես ուրախ և հպարտ եմ, որ նման արդյունք եմ գրանցել։ Նաև ընկեր Իրինայի շնորհիվ նոյեմբերին մեզ հաջողվեց բեմադրել խաղարկային դատարանը, որի մասին քննարկումներ էին տեղի ունենում դեռևս սեպտեմբերին։

Պատմություն — Ուսուցիչ՝ Սամվել Թամազյան
Եթե ինձ տան հնարավորություն անվերջ խոսելու, ապա կխոսեմ պատմությունից։ Իմ ամենասիրելի առարկաներից մեկն է, և այս ուսումնական շրջանի ընթացքում շեշտը դրել էինք վերլուծական մտքի, բանավեճի կարողությունների զարգացման վրա։ Վստահորեն կարող եմ պնդել, որ դրանք մեզ մոտ հաջողվել է զարգացնել։ Կատարել ենք շատ նախագծեր, որոնք խթանել են մեր՝ մարդկանց, լրատվականների, պետությունների դիրքորոշումները վերլուծելու և սեփականը կազմելու կարողությունը։ Պատմության դասաժամին քննարկել ենք նաև այն, թե ինչպես է ստեղծվում պետությունը և կայանում։
- Ոչ խաղաղ պատմություն․ Շուշիի ազատագրումն ու անկումը:
- Ինչպե՞ս են ներկայացնում ներկայիս իրավիճակը օտարերկրյա և հայաստանյան լրատվականները․ հետազոտություն
- Վանո Սիրադեղյան հրապարակախոսն այսօր․ նախապատրաստում բանավեճին
- Հին Հռոմի հայտնագործություններ, որոնք առաջ էին ընկել իրենց ժամանակից․ Թարգմանություն
- Հռոմեական հանրապետության ակնառու գործիչները․ Թարգմանական աշխատանք
- «Հելլենիզմ» նախագծային աշխատանք
- Բրոնզի դարի ընդհանուր բնութագիրը, հայտնագործությունները

Մաթեմատիկա — Ուսուցիչ՝ Սյուզի Հակոբյան
Մաթեմատիկայի դասաժամերն անցել են բավականին հետաքրքիր, ինտերակտիվ։ Դասաժամերի ընթացքում անդրադարձել ենք հին թեմաներին, որոնք կրկնելուց հետո մեզ մոտ հաջողվել է հեշտորեն լուծել առաջին հայացքից բարդ թվացող առաջադրանքները։ Այս տարի որպես երկրաչափության թեմա դիտարկելու ենք միայն եռանկյունը, որի հետ կապված ունեմ դրական ակնկալիքներ։ Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մի խումբ սովորողներով իրականացրել ենք «Ես եմ իմ ուսուցիչը» նախագիծը, որի նպատակն էր պարզել, թե յուրաքանչյուր սովորող ինչպես է ընկալում նյութը, և ինչ գործիքներ է կիրառում այն պարզեցնելու ու հեշտացնելու համար։

Հասարակագիտություն — Ուսուցիչ՝ Աննա Խաչատրյան, Սամվել Թամազյան
Հասարակագիտության դասաժամերին անդրադարձել ենք գեղագիտությանը, հոգեբանությանը, բարոյագիտությանն ու տնտեսագիտությանը։ Յուրաքանչյուր թեմա մի առանձին ուսումնասիրման արժանի գիտություն է։ Ցավոք, ժամանակը քիչ է, որ ամեն թեմային հատկացնենք, սակայն այն գիտելիքը, որը մենք ստանում ենք հասարակագիտության ուսուցիչների շնորհիվ, թույլ է տալիս մեզ կազմել ոչ թե մոտավոր, այլ լիարժեք պատկերացում առարկաներից։ Առանձնացնեմ հետաքրքիր աշխատանքները։
- Բուլինգը՝ հայաստանյան կրթական հաստատություններում․
- Գեղեցիկի իմ պատկերացումները առօրյա կյանքում
- Մարդկանց հոգեբանական խառնվածքները և նրանց փոխհարաբերությունները
- Պահանջարկ և առաջարկ

Հայոց լեզու, գրականություն — Ուսուցիչ՝ Մարգարիտ Սարգսյան
Ամենաշատը կցանկանամ կենտրոնանալ հենց այս առարկաների վրա։ Ուսումնական շրջանի սկզբի ամիսներին կատարում էինք «թեթև» աշխատանքներ․ վարժություններ, հետաքրքրաշարժ նախագծեր։ Հետաքրքրաշարժ նախագծերից էր «Իմ հերոսը», որի շրջանակներում մենք ընտրում էինք որևէ կերպար և փորձում գտնել նմանություններ մեզ հետ, ինչպես նաև վերլուծում էինք, թե այդ կերպարը ինչով է տարբերվում մյուս մարդկանցից։ Այս նախագիծը ապրեց չորս զարգացում, ամեն մեկն՝ իր սահմանափակումով, որն ավելի հետաքրքիր ու բազմազան էր դարձնում նախագիծը։
- «Իմ հերոսը» նախագիծ
- «Իմ արյունակից հերոսը»․ նախագիծ
- «Իմ ժամանակակից հերոսը»․ Վահագն Դավթյան
- «Իմ կին հերոսը»․ Արքայադուստր Դիանա

Դասաժամերի ընթացքում շատ ենք քննարկել մեր էպոսը։ Մեզ հանձնարարվել էր ընթերցել, այնուհետև՝ վերլուծել էպոսի ճյուղերը։ Եվ ես ամենաշատը հավանեցի այն, որ նախագծի հիմնական ուղղությունը մեր հասարակության, մեր գաղափարախոսության, մեր մտածելակերպի, ինչպես նաև մեր այսօրվա պետության հետ համեմատությունն էր։ Դեռևս հասցրել ենք վերլուծել երկու ճյուղերը, սակայն այդ երկու ճյուղերն էլ կարող են փաստել այն, որ նմանությունները այսօրվա հասարակության և պետության հետ շատ-շատ էին։ Այս ուղղությամբ իրականացրել ենք նաև Հովհաննես Թումանյանի «Անուշը» վեպի վերլուծությունը։
Էկոլոգիա — Ուսուցիչ՝ Մարթա Ասատրյան
Էկոլոգիայի դասաժամերի ընթացքում դիտել ենք բովանդակալից տեսանյութեր, տեսաֆիլմեր, որոնցում հստակ երևում էր պետության և հասարակության վերաբերմունքը ծանր արդյունաբերության ճյուղերի և այլնի նկատմամբ։ Կարծում եմ, որ ֆիլմեր դիտելը, եզրակացություններ անելը, վերլուծություններ կազմելը, այս ամենը օգնում են թե՛ սովորողին, թե՛ հետաքրքրվողին ավելի մոտիկից ճանաչել իր պետությունը, իր երկիրն ու շրջակա միջավայրը։ Արդեն ժամանակն է իրապես մտածելու Երկիր մոլորակի ապագայի մասին, որն առաջնահերթ և օրակարգային հարց է։ Եվ հենց սա է մեր դասընթացի կարևորագույն ուղղությունը՝ հասկանալ, թե ինչ գործիքներ պետք է կիրառել, ինչ պետք է անել խնդիրները վերջնականապես լուծելու համար, քանի որ Երկիրը կամաց-կամաց, սակայն վստահաբար գնում է դեպի կործանում։
- Ամուլսարը՝ պետության շա՞հ, թե էկոլոգիական բազում խնդիրներ․ վերլուծություն
- Հայկական հանքարդյունաբերության խնդիրները
- «Հայաստանի կոտրվող ողնաշարը», «Բնության հաշվեհարդար» ֆիլմերի վերլուծություն
- «Տուն» ֆիլմի վերլուծությունը՝ ըստ մոդուլի

Ընտրությամբ գործունեություն՝ Թուրքերեն — Ուսուցիչ՝ Աննա Խաչատրյան
Ընտրությամբ գործունեության դասաժամերն անցել են բավականին բազմատեսակ։ Մենք, հիմնականում, կենտրոնացել ենք թարգմանությունների վրա, որոնք իրականացրել ենք երկու ուղղություններում՝ հայերենից թուրքերեն, թուրքերենից հայերեն։ Եվ պիտի արձանագրեմ, որ ինձ մոտ կա դրական տեղաշարժ, ես սկսել եմ նախադասություններն արդեն քերականության տեսանկյունից ճշգրիտ կառուցել, ինչպես նաև թարգմանել այլ լեզվով։ Մեծամասնությունը նյութերի եղել են քաղաքական, հասարակական թեմաներով։ Գոհ եմ, որ ուսումնական առաջին շրջանի ընթացքում արձանագրել եմ նմանատիպ արդյունք և առաջընթաց, ինչի համար շնորհակալ եմ ընկեր Աննային։ Վստահ եմ՝ այն ինձ դեռ շատ կօգնի։ Ներկայացնեմ որոշ աշխատանքներ։
- Vahagn Khachatryan Buenos Aires’te Vladimir Zelenski ile görüştü. Çeviri
- Azerbaycan’da erken başkanlık seçimleri gerçekleştirilecek: Çeviri
- Barış anlaşmasının imzalaması için artık herhangi bir engel yoktur. Aliyev Dokerti’ye: Çeviri
- Մեսիջ Փաշինյանից՝ Ադրբեջանին․ «Հույս ունեմ՝ առաջիկա ամիսներին խաղաղության պայմանագիր կստորագրենք»․ Թարգմանություն
- Մեկնարկել է Տնտեսական Համագործակցության Կազմակերպության 16-րդ գագաթնաժողովը․ Թարգմանություն
- Ոչ բանավոր (վերբալ) հաղորդակցություն, Մարմնի լեզու․ Թարգմանություն

Հետազոտական աշխատանք — Ղեկավար՝ Աշոտ Տիգրանյան
Ինչ վերաբերվում է հետազոտական աշխատանքիս, ապա մենք վստահորեն առաջ ենք շարժվում, նյութերը սրբագրման և խմբագրման փուլում են, հետազոտական աշխատանքի պաշտպանությունը նախատեսվում է երկրորդ ուսումնական շրջանի՝ ձմեռային ճամբարի ընթացքում։
Ճամփորդություններ
Ցավոք, ուսումնական շրջանի ընթացքում հասցրեցի մասնակցել միայն մեկ եռօրյա ճամփորդության։ Սակայն ուրախ եմ, որ մեր ճամփորդած վայրի՝ Թալինի տարածաշրջանի Աշնակի, Ներքին Բազմաբերդի, Պարտիզակի սովորողները նոյեմբերին՝ հարիսայի ծեսին, միացել էին մեզ։ Շատ ուրախ և զվարճալի ժամանակ ենք անցկացրել միասին։
Հանդիպում-քննարկումներ
- Իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ հանդիպում-քննարկման ամփոփում
- Հրավիրյալ իրանագետի՝ Ահարոն Վարդանյանի հետ ուսումնական բաց պարապմունքի ամփոփում
- «Վանո Սիրադեղյան հրապարակախոսն այսօր»․ կլոր սեղան քննարկում-բանավեճի ամփոփում
- Սիրադեղյանական օրեր․ Մանուկ Նիգոյանի և Խաչատուր Սիրադեղյանի հետ հանդիպում-քննարկման ամփոփում
- Կլոր սեղանի ամփոփում․ Աշնանային ստեղծագործական 18-րդ հավաք
- Պատմության ընտրությամբ դասընթացի կազմակերպումը հետազոտական վարժարանում․ ուսումնական բաց պարապմունքի ամփոփում
- Կլոր սեղան-քննարկում․ ՀՀ ԱԺ «Ամառային դպրոց» ծրագիր
- Մեկօրյա դասընթաց՝ Քաղաքականության հետազոտական կենտրոնի կողմից

Եվ այսպիսով՝ այսքանից հետո մնում է միայն վստահ լինել, որ նոր ուսումնական շրջաններն անցնելու են էլ ավելի հետաքրքիր, զվարճալի, ուսուցողական։ Վստահ եմ՝ այս ուսումնական շրջանի ընթացքում ձեռք եմ բերել նորանոր գիտելիքներ, որոնք ազդել են իմ աշխարհընկալման վրա։ Շնորհակալություն ուշադրության համար․․․