Սեպտեմբերի 11-ին հասարակագիտական և քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիայում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, Վանաձորի մամուլի ակումբի նախագահ Արթուր Սաքունցի հետ։ Թեման էր՝ «Երեխայի իրավունքները Հայաստանում․ մարտահրավերներ»։

Քննարկմանը մասնակցում էին պատմության և հասարակագիտության ուսուցիչները, ավագ դպրոցի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների, ինչպես նաև միջին դպրոցի 7-րդ և 8-րդ դասարանի սովորողները, կազմակերպիչները, հետաքրքրված անձինք։ Հանդիպումն, ըստ երևույթի, բազմաբովանդակ էր, կային շատ հարցեր քննարկելու, միմյանց հետ կարծիքներ փոխանակելու։
Քանի որ օրը խորհրդանշական էր՝ մարդու իրավունքների միջազգային օրն էր (դեկտեմբերի 10), ուստի մենք հանդիպումը մեկնարկեցինք փոքրիկ պատմական ակնարկներով, իրավապաշտպանը մեզ պատմեց Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում ընդունված կոնվենցիայի մասին։






Ըստ էության՝ քննարկեցինք տարատեսակ հարցեր, թեմաներ՝ կախված մարդու և երեխաների իրավունքների հետ։ Հիմնականում շեշտը դրեցինք պետության կողմից նմանատիպ հարցերին համապատասխան ուշադրություն հրավիրելու վրա։ Իրավապաշտպանը մեզ ներկայացրեց ներկայիս իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում, և մենք ըստ դրա հարցեր ուղղեցինք նրան։ Հարցերի ճնշող մասը վերաբերվում էր տարբեր բնագավառներում սեփական իրավունքները պաշտպանելուն։ Քանի որ երեխայի իրավունքները գլխավոր թեման էր, մենք նաև քննարկեցինք երեխայի իրավունքները կրթական հաստատություններում և դրանցից դուրս, քանի որ ըստ դրա է կառուցվում երեխայի աշխարհայացքն ու սեփական իրավունքների ընկալելիությունը։ Նշեմ կարևոր արձանագրությունները, որոնք արել եմ հանդիպում-քննարկման ժամանակ։
- Հայաստանը եզակի պետություն է, որը միջազգային բոլոր տեսակի կոնվենցիաները վավերացրել է։
- Երեխաների աշխատանքային շահագործման խնդիրը լրջագույններից է, և այն գտնվում է Միավորված ազգերի կազմակերպության օրակարգում։
- Օրակարգային հարց է կրթության բարելավումը, խթանումը։
- Հայաստանում բնակչության 40% չունի համապատասխան (ասել է թե՝ սահմանված) մակարդակի կրթություն։
- Հայաստանում մաթեմատիկայի և հայոց լեզվի ցուցանիշները վատ վիճակում են։
Ակնկալում էի, որ որոշակի անդրադարձ կունենանք ստորև նշված թեմաներին, սակայն ժամանակի սղության պատճառով չհասցրեցինք դրանք քննարկել։
Վերջին թարմ իրողություններից էին․
- Վաղարշապատում 15-ամյա տղային համատարիքային խմբի սովորողները ծեծել են, այնուհետև՝ ծնողների անուշադրության պատճառով, դեռահասը մահացել է։
- Սուրենավանում շների հարձակումից երեխան գլուխը հարվածել է ճանապարհաեզրի քարին և մահացել։
- Գավառ քաղաքում մոր կողմից հալածվել է աղջիկ երեխա։ Տեսանյութը տարածվել է ամբողջ համացանցով։
Ընդհանուր առմամբ՝ հանդիպում-քննարկումը ստացվեց արդյունավետ։ Կարևոր անդրադարձներ կատարվեցին բազմազան թեմաներին, սովորողներն ավելի ճշգրիտ պատկերացումներ կազմեցին իրենց իրավունքների վերաբերյալ։ Հանդիպման վերջում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կողմից իրավապաշտպան Արթուր Սաքունցին որպես հուշանվեր հանձնվեց մեր խաղողի-գինու դպրոցում սովորողների ձեռքով պատրաստված գինին։

