Արա Գեղեցիկ և Շամիրամ — Անի Ենգոյան

Վերլուծության ընթացքում օգտվելու ենք «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ավանդապատումից։

Գրականության դասաժամին քննարկեցինք Արա Գեղեցիկի և Շամիրամի սիրո պատմությունը, յուրաքանչյուրս արտահայտեցինք մեր կարծիքն ու տեսակետն այս ավանդապատումի վերաբերյալ։ Հիմա կփորձեմ մանրամասն վերլուծել այն և հայտնել տեսակետս։

Նախ՝ ավանդապատումը սկսվում է այնտեղ, երբ Հայոց արքա Արամը մահանում է, և իշխանության է գալիս նրա որդին՝ Արա Գեղեցիկը, ում համապատասխան մականուն էր տրվել իր «անսահման» գեղեցկության և գայթակղության համար։ Այդ ժամանակ Ասորեստանում ղեկավարում էր Նինոս արքան, ով ինչպես Արայի հորը՝ Արամին, այդպես էլ իրեն՝ թագաժառանգին, ընծաներ և թանկագին նվերներ էր մատուցում։ Շամիրամը՝ Նինոսի կինը, վաղուց լսել էր Արայի և նրա գեղեցկության մասին, սակայն ամուսնու պատճառով նա չէր կարողանում տեսնել Արային։ Նշեմ, որ Շամիրամը սարսափում էր Նինոսից։ Այդպիսի դեպքեր հաճախ են հանդիպում մեր օրերում, երբ կինը, վախենալով ամուսնու բացասական արձագանքից ու մոտալուտ պատժից, թույլ չի տալիս իրեն շփումներ ունենալ տարբեր տղամարդկանց հետ։ Այդժամ մահանում է Նինոսը, և Շամիրամը փորձում է իր գերագույն ցանկությունն իրականություն դարձնել։ Շամիրամը մեծամեծ նվերներ ու ընծաներ է մատուցում Արային, սուրհանդակների միջոցով փորձում է հրավիրել նրան Նինվե, որպեսզի կա՛մ ամուսնանա նրա հետ և դառնա երկու թագավորությունների միապետի կինը, կա՛մ էլ այցից հետո խաղաղությամբ ճանապարհի նրան Հայոց աշխարհ։ Արան ամեն ինչը մերժում է։

Այստեղ անենք մի քանի դիտարկում։ Շամիրամի պահվածքի մեջ ես տեսա նմանություն մերօրյա կանանց պահվածքի և վարքագծի հետ. նրանք ևս որոշակիորեն վախենում են իրենց ամուսիններից և տենչալի ցանկություններն ու գաղափարներն այդպես էլ չեն կարողանում իրականացնել։ Ես գիտեմ բազում օրինակներ, երբ կինը սիրել է ուրիշ տղամարդու, սակայն դրդապատճառներով ամուսնացել է մեկ այլ տղամարդու հետ։ Նմանատիպ օրինակները մեծաթիվ են ինչպես հայոց, այնպես էլ՝ համաշխարհային պատմության մեջ։ Հաջորդ դիտարկումը վերաբերում է տղամարդուն գերելուն, որը դրսևորվում է մարդկային ճկուն հոգեբանական համակարգի գործելու արդյունքում, կարճ ասած՝ մանիպուլյացիայի։ Կանայք ունեն առանձնահատուկ ունակություն գերելու տղամարդկանց։ Շամիրամն ամեն ձև փորձում էր Արային բերել Նինվե. մատուցում էր թանկագին ու եզակի նվերներ ու ընծաներ, կազմակերպում էր գրանդիոզ միջոցառումներ, սակայն այս ամենը լինում էին աննպատակ։ Իսկ հիմա անդրադառնանք Արային և թե ինչո՞ւ նա մերժեց այդքան իրեն սիրող ու պաշտող և օրուգիշեր իր մասին միայն մտածող Ասորեստանի թագուհի Շամիրամին։ Ունենք բազմաթիվ տարբերակներ, որոնց մի մասը մոտ է դեպքերի շարունակական տրամաբանությանը, իսկ մյուս մասը ևս կարող է հանդիսանալ «հարգելի» պատճառ։

  • Նրան չթողեց ամուսնանալ Շամիրամի հետ իր հայրենասիրությունն ու ազգայնամոլությունը,
  • Չամուսնանալու համատեքստը կապ ունի քաղաքական դրդապատճառների հետ,
  • Արան մեծամիտ էր, գոռոզ, ինքնահավան և փորձում էր հեռու մնալ Շամիրամի պես կանանցից,
  • Արան վախենում էր ժողովրդի բուռն արձագանքից,
  • Արան խուսափում էր ամուսնանալուց, քանի որ մտածում էր, թե Շամիրամն իրեն օգտագործելու է այլ նպատակներով (գերի, հպատակ, հարկատու և այլն),
  • Արան արդեն ուներ սիրեցյալ,
  • Այլն։

Վերոնշյալ բոլոր տարբերակները կարող են հանդես գալ որպես պատճառ, սակայն մենք պետք է չմոռանանք, որ պատմիչները լռում են և պատասխաններ չեն տալիս այն հարցերին, թե ինչպե՞ս ավարտվեց այս պատմությունը, ինչպե՞ս արձագանքեց Շամիրամն այս դեպքերին և այլն։ Կարծում եմ, որ հիմնական միտքը պարզ է. Արան, չցանկանալով որևէ առնչություն ունենալ հարևան երկրի առաջին տիկնոջ հետ, պատերազմում քաջաբար զոհվեց։ Իմիջիայլոց, այստեղ մի կարևոր դիտարկում անեմ. մենք արդեն շոշափեցինք այն պատճառը, թե քանի որ Շամիրամը Հայոց թագավորության ոխերիմ հարևան երկրի առաջին տիկինն էր, այդ իսկ պատճառով Արան ցանկություն չհայտնեց նրա հետ ամուսնանալու։ Այս դեպքը կարող ենք ներկայացնել նաև մեր օրերում՝ որպես արդիական օրինակ։ Թե՛ մեր, թե՛ մեր հարևան երկրի հասարակությունների մեծ մասը չի հանդուրժում կամ չի ընդունում ազգամիջյան ամուսնությունները, սակայն կոնկրետ ես այդպիսի օրինակներ տասնյակ գիտեմ։ Այս ամենը, կոպիտ ասած, մեծամասամբ բխում է երկու ազգերի «հայրենասիրության» մակարդակից։ Եվ վերջ ի վերջո, թվարկածներիցս ամենահավանական պատճառը ես համարում եմ հենց սա, քանի որ ինչքան էլ դարեր ու հազարամյակներ անցնեն, մարդկանց հոգեբանությունն ու միջանձնային հարաբերություններում ինքնադրսևորման ուղիները չեն փոխվի։ Միգուցե կփոխվեն մարդկանց աշխարհընկալումն ու աշխարհայացքը, սակայն չեն փոխվի հարաբերությունների մեխանիկան ու տեխնիկան։

Շամիրամի հետ չամուսնանալը կապ ունի նաև քաղաքական պատճառների հետ։ Գիտենք, որ Շամիրամը պայմաններ էր առաջ քաշել. եթե Արան ամուսնանա իր հետ, կլինի Ասորեստանի ու Հայոց թագավորության միապետը, սակայն եթե նույնիսկ հրաժարվի ու գոնե այցելի Նինվե, ապա ամեն ինչ հանդարտ ու խաղաղ ճանապարհով կհանգուցալուծվի։ Արան ոչ մեկին չի համաձայնվում, և ըստ որոշ պատմիչների վկայությունների, նա կտրականապես մերժում է յուրաքանչյուր պայման-առաջարկը։ Ես այստեղ որոշակիորեն մեղադրում եմ Արային, քանի որ նա չմտածեց, թե իր այդ կտրուկ մերժումն ինչի կարող էր հանգեցնել (այս դեպքում՝ պատերազմի)։ Ըստ իս՝ նա կարող էր գործել ավելի դիվանագիտորեն՝ նորանոր պահանջներ ներկայացնելով։ Իսկ Շամիրամն այդ պահին, ղեկավարվելով միմիայն էմոցիաներով ու հույզերով, սկսում է պատերազմել Հայոց թագավորության դեմ։ Շամիրամի այս անմիտ, չմտածված քայլի պատճառով զոհվում է Արան, և նա զրկվում է իր միակ սիրուց։ Ես նմանատիպ դրվագը կարող եմ վերլուծել հետևյալ կերպ. մեր օրերում էլ քիչ չեն զույգերի բաժանումները՝ ինչ-ինչ պատճառներով պայմանավորված, բայց ինչքան էլ արագ կամ դանդաղ այդ բաժանումներն ընթանան, միևնույնն է և՛ տղան, և՛ աղջիկը մի որոշ ժամանակով կարոտելու են իրենց համատեղ անցկացրած ժամանակները։ Պատմության շարունակությունից պարզ է դառնում, որ Շամիրամը, առաջնորդվելով հույզերով, կորցնում է Արային։ Նույնն էլ մեր կյանքում։ Երբ ընկնում ենք ինչ-որ մեկի հետևից, մեծանում են մեր շանսերը նրան կորցնելու։ Եվ շատ-շատ դեպքեր կան, երբ տղայի կամ աղջկա անառիթ կամ միտումնավոր բաժանումը հակառակ կողմի մոտ առաջացրել է իր կեսին հետ վերադարձնելու զգացում, նպատակ։ Պետք է ասեմ, որ միշտ չէ, որ այդ նպատակներն իրականություն են դառնում, բազմաթիվ դեպքերում տուժում է միայն նա, ով ընկնում է մյուսի հետևից՝ կորցնելով իր թանկագին ժամանակն ավելի վստահելի ու հավատարիմ մեկի հետ հարաբերություններ սկսելու։ Ուստի ես կառաջարկեմ նման դեպքերում պարզապես համակերպվել ստեղծված դրության հետ և նայել առաջ։

Հետաքրքիր էր ընթերցելը, թե ինչպես են արալեզները փորձում վերակենդանացնել սպանված Արային։ Սա բնութագրում է մեր սնահավատ ու միաժամանակ հավատացյալ լինելը։ Այո, մենք երբեմն-երբեմն հայտնվում ենք այնպիսի իրավիճակներում, որոնց ժամանակ մեզ մոտ գործում են մեր հնադարյա ինստինկտները, և մենք, հասկանալով, որ արդյունքը չի լինելու մեր օգտին, ամեն ձև փորձում ենք փոխել այն։ Սկսում ենք հավատալ անհավատալի երևույթներին։ Սակայն այդպիսի հավատը նաև մեր մշակույթից ու պատմությունից է փոխանցվում մեզ, ինչն ի դեպ, ժամանակ առ ժամանակ, ի հեճուկս մեր պատկերացումների, գործում է։

Եվ ամենավերջում կցանկանամ հիշատակել այն պահը, երբ Շամիրամը հանեց Արա Գեղեցիկի հագուստը, հագցրեց ինչ-որ մեկին և ի լուր աշխարհի հայտարարեց, որ Արա Գեղեցիկը ողջ է՝ հասարակության շրջանակներում ընդհարումներ ու իրարանցումներ չառաջացնելու պատրվակով։ Սա, իմ սուբյեկտիվ կարծիքով, դիվանագիտական լուրջ քայլ էր։ Իսկ ինչ վերաբերում է ինչ-որ անծանոթ մեկին թագավոր հռչակելուն և Արա Գեղեցիկի հագուստն իրեն հագցնելուն, ապա պիտի նշեմ, որ մեզնից յուրաքանչյուրը հաստատ նմանատիպ իրավիճակների հետ բախվել է։ Այսպիսի դեպքերն իմ վերը նկարագրվածի շարունակությունն է, երբ աղջիկը կամ տղան ընկնում է մեկ այլի հետևից՝ մոռանալով, որ աշխարհը միմիայն իրենով չի սահմանափակվում։ Այս դեպքերում մենք ստեղծում ենք մեր սիրեցյալի, հավանածի, ցանկացածի կաղապարը, պատկերը և մի որոշ ժամանակ տարվում և ապրում ենք նրանով, փորձում ենք նմանվել իրեն։

Այսպիսով, Արա Գեղեցիկի ու Շամիրամի սիրո պատմությունը մեր այսօրվա տղա-աղջիկ, տղամարդ-կին հարաբերությունների հիմնասյուներից մեկն է։ Ցավոք, մենք այդպես էլ չենք ստանա մեզ հուզող հարցերի պատասխանները, բայց այնուամենայնիվ կարող ենք ստեղծել, պատկերացնել կամ հանգել դրանց։ Նման վերլուծություններն օգնում են մեզ ավելի ճիշտ ընկալել թե՛ աշխարհի բարդ կառուցվածքը, թե՛ մարդկային հոգեբանությունը՝ իր վատ ու լավ կողմերով հանդերձ։ Շնորհակալություն ուշադրության համար …