Կոնֆլիկտներն ու ընդհարումները հանդիսանում են մարդկային կյանքի և փոխհարաբերությունների անբաժան մաս։ Հաճախ երբ մեր առջև սկսվում է կոնֆլիկտ, որի կա՛մ անմիջական մասնակիցն ենք, կա՛մ ականատեսը, մտածում ենք՝ արդյո՞ք պետք է հաշտվել ստեղծված իրադրության հետ, թե՞ պայքարել հանուն ինչ-որ նպատակի։ Երկու «ռազմավարություններն» էլ ունեն և՛ լավ, և՛ վատ կողմեր, որոնք տարբերվում են միմյանցից մի շարք գործոններով։ Առաջարկում եմ նախ և առաջ հասկանալ, թե ի՞նչ է նշանակում հաշտվել, իսկ ի՞նչ է նշանակում պայքարել։
Հաշտվել նշանակում է կոնֆլիկտի երկու կողմերի միջև փորձել գտնել կոմպրոմիս, համաձայնություն։ Այն ենթադրում է հակամարտության լուծումն առանց բռնության կամ ուժի կիրառման: Պայքարել նշանակում է կռվել, կռվել հանուն արդարության և անձնական շահի, որտեղ գրեթե անխուսափելի են բռնության և ուժի կիրառումները։ Ըստ իս՝ առօրյա կյանքում հաշտվել որևէ իրադրության հետ, որը ձեռնտու չէ քեզ, նույնն է ինչ՝ պարտվել, իսկ պայքարել դրա դեմ նույնն է ինչ՝ հաղթել։
Միշտ չէ, որ հաշտվելն ու պայքարելը լինում են հեշտ։ Մենք մեր ընկերների, թեկուզ անծանոթ մարդկանց հետ վիճելիս, կռվելիս փորձում ենք առաջ քաշել մեր շահերը, որոնցից մեկը, վստահաբար, ինչ-որ մի լուծմանը հանգելն է։ Եվ այստեղ է ի հայտ գալիս երկընտրությունը. հաշտվե՞լ, թե՞ պայքարել։ Եթե փորձենք գնալ խաղաղության, հաշտման ճանապարհով, ապա չենք ունենա որևէ երաշխիք, որ այդ կոնֆլիկտը հետո չի հասունանա նորից և մենք էլ, մեր հերթին, չենք ունենա որևէ խնդիր հերթական ինչ-որ կարևոր «խաղաքարտ» զիջելու։ Իսկ եթե պայքարենք, ապա դիմացինին ցույց կտանք մեր ներուժը, մեր կամքը։ Չնայած՝ պետք է իմանանք, թե ինչպես պետք է պայքարել՝ ուղեղո՞վ, թե՞ ձեռքերով։ Պայքարելով՝ մենք ցույց ենք տալիս, որ այն պայմանները, որոնք առաջ են քաշվել հակառակորդի կողմից, ընդունելի չեն մեզ համար, քանի որ ենթադրում են պարտություն, ենթադրում են զիջում, այն էլ՝ անմիտ։
Գիտեք, շատ դեպքերում մարդկանց հետ առնչվելիս, հեշտ չէ ասելը, թե նրանք որի կողմնակիցն են։ Ես, օրինակ, միշտ փորձում եմ կոնֆլիկտները հանդարտեցնել այնպես, որ երկու կողմերն էլ հաղթած դիրքերով դուրս գան, իսկ հաղթած դիրքը միմյանց հասկանալն է։ Բայց, ցավոք, լինում են նաև դեպքեր, երբ մարդը չի ցանկանում հասկանալ, ըմբռնել ու հաշտվել սեփական սխալի ու բացթողման հետ։ Այդ դեպքերում մարդիկ նախընտրում են կիրառել ձեռքերը, բռունցքները՝ որպես բացատրելու միջոց, սակայն դա ևս իսկական լուծումը չէ։
Այսպիսով, քննարկեցինք տարատեսակ լուծման ուղիներ, որոնք կարող են առաջանալ, երբ առկա է հաշտման ու պայքարելու խնդիրը։ Եվ ի վերջո, ո՞րն է լուծումը։ Լուծումը ո՛չ հաշտվելն է, ո՛չ էլ պայքարելը, այլ՝ պայքարելը հաշտվելու համար։