«Ժողովրդավարական քաղաքակրթության մանիֆեստ» գրքի քննարկման ամփոփում

Հասարակագիտական ստուգատեսի շրջանակներում այսօր՝ ապրիլի 10-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցի «Տիգրան Հայրապետյան» գրադարանում տեղի ունեցավ Աբդուլլահ Օջալանի «Ժողովրդավարական քաղաքակրթության մանիֆեստը» գրքի քննարկումը։

Հյուրեր՝

  • Լիանա Մհոյան՝ Հայաստանի քրդական «Զագրոս» պաշտոնաթերթի պատասխանատու խմբագիր
  • Սլո Դրբոյան՝ «Քուրդիստան» կոմիտեի համանախագահ
  • Իրա Թովմասյան՝ «Քուրդիստան» կոմիտեի համանախագահ
  • Ապրես Զոհրաբյան՝ զբոսավար, իրանագետ-քրդագետ

Քննարկման թեման՝
Աբդուլլահ Օջալանի «Ժողովրդավարական քաղաքակրթության մանիֆեստը» գիրքը

Ներկայացնող՝ Արմեն Ոսկանյան

Մասնակիցներն էին պատմության 10-րդ, 11-րդ դասարանների պատմության ընտրությամբ խմբերի, հետազոտական վարժարանի 12-րդ դասարանի հետաքրքրված սովորողները, քոլեջի ուսանողները, վարժարանի հասարակագետները։

Համակարգումը՝ Աշոտ Տիգրանյանի, Վարդան Կարապետյանի

Ավելին կարող եք ընթերցել Պատմության և հասարակագիտության դասավանդողների մասնախմբի բլոգում։

Հասարակագիտական ստուգատեսի շրջանակներում իրականացվող հերթական հանդիպման բացումն արեցին ավագ դպրոց-հետազոտական վարժարանի պատմության և հասարակագիտության ուսուցիչներ, հանդիպման համակարգողներ և նախաձեռնողներ Վարդան Կարապետյանն ու Արմեն Ոսկանյանը, որից հետո հյուրերը հանդես եկան կարճ ելույթներով՝ նվիրված Աբդուլլահ Օջալանին, նրա գործունեությանը, և իհարկե, հեղինակած գրքին։

Առաջինը ելույթով հանդես եկավ «Քուրդիստան» կոմիտեի համանախագահ պրն. Սլո Դրբոյանը, ով ներկայացրեց Աբդուլլահ Օջալանին՝ իբրև քուրդ ազգի, նրա համառ պայքարի խորհրդանիշ։ Ներկայումս ևս Աբդուլլահ Օջալանին ընդունում են որպես հեղափոխական, ազատության և խաղաղության ջատագով, արժեքների համար պայքարող։ Չնայած որ գրեթե ամբողջ աշխարհը, ներառյալ Միացյալ Նահանգներն ու անշուշտ Թուրքիան, նրան ընդունում է որպես ահաբեկիչ և ուրիշ պետության տարածքային ամբողջականության հանդեպ նկրտումներ ունեցող քաղաքական-հասարակական գործիչ, միևնույնն է նա և նրա կարիերան, քուրդ ազգի կարծիքով և համոզմամբ, առանձնահատուկ կարևորության գաղափարախոսություն է։

Հանդիպման երկրորդ հատվածում հետազոտական վարժարանի 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների սովորողների, ինչպես նաև հասարակագետների կողմից հնչեցին դիտարկումներ և հարցեր՝ ուղղված «Ժողովրդավարական քաղաքակրթության մանիֆեստը» գրքի բովանդակությանը, Աբդուլլահ Օջալանի ապօրինի բանտարկմանը և ազատազրկման պայմաններում նրա գործունեությանը։

Կարևոր մտքեր հնչեցին կապված հայերի և քրդերի միջև պատմական փոխգործակցությանն ու համատեղ կյանքին։ Պրն. Դրբոյանը կարևորեց երկու ազգերի մշակույթների և պատմական հարաբերությունների ճանաչմանն ուղղված երկու ազգերի ներկայացուցիչների ջանքերը։ Խոսեց նաև տարածաշրջանային իրավիճակի, քրդերի և թուրքերի միջև հակամարտության, փոփոխվող աշխարհակարգի մասին։ Անշուշտ, քննարկման ընթացքում հնչեցին նաև սովորողներին, ովքեր հետաքրքրված են ոչ միայն հայկական, այլև տարածաշրջանային պատմությամբ, հետաքրքրող հարցեր, որոնք կապված էին անկախ պետության գաղափարի և քուրդ ազգի գերագույն առաքելության ու նպատակի հետ։ Դիտարկումների արժանացան և հարցերին պատասխանեցին նաև տիկ. Լիանա Մհոյանն ու պրն. Ապրես Զոհրաբյանը, ովքեր նույնպես կարևորեցին և ընդգծեցին հայ և քուրդ ազգերի միջև կապի անհրաժեշտությունը։

Հանդիպման վերջում համակարգողները հյուրերին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի անունից նվիրեցին Հյուսիսային դպրոց-պարտեզի Խաղողի և գինու դպրոցում աշակերտների ձեռքով արտադրված «Անապակ» գինին։

Այսպիսով, վստահաբար կարելի է պնդել, որ հանդիպում-քննարկումն արդյունավետ էր ոչ միայն սովորողների ու հասարակագետների, այլև հյուրերի համար, քանի որ բոլորս էլ նոր գիտելիքներ քաղեցինք և համեմատաբար ավելի ճշգրիտ պատկերացում կազմեցինք Աբդուլլահ Օջալանի, նրա գործունեության, գրքի և ստեղծված իրավիճակի մասին՝ բազմատեսանկյուն և բազմակողմանի դիտարկման ու քննարկման արդյունքում։ Շնորհակալություն ուշադրության համար…

Քրդական պաշտոնաթերթի լուսաբանումը՝ https://anfkurdi.com/ewropa/s-182181

Թողնել մեկնաբանություն