Սեբաստացու և սիրադեղյանական օրերին ընդառաջ պատմության դասընթացի շրջանակներում իրականացնում ենք ընթերցանություն-նախագիծ։ Այս անգամ ընթերցել և ամփոփել ենք Մեդիամաքսի կողմից հրատարակված, Արա Թադևոսյանի և Լուսինե Ղարիբյանի համահեղինակած «ՎԱՆՈՆ ՈՒ ՎԱԶԳԵՆԸ. Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գիրքը։

Ներքոհիշյալում կանդրադառնամ որոշ կարևոր հարցերի և, հիմնվելով հեղինակների հարցազրույցներին, կպատասխանեմ դրանց։

  • Հակիրճ գրքի բովանդակության մասին
  • Ինչպե՞ս ծնվեց նման գիրք գրելու գաղափարը
  • Գրքի խմբագրման ընթացքը
  • Ո՞ւմ է նվիրված գիրքը
  • Գրքի բովանդակային առանձնահատկությունները

Դադարը, ժամանակավոր, թե հավերժ, չեն զգում։ Զգում են դադարից վերադառնալը։

Վ. Սիրադեղյան

Հակիրճ գրքի բովանդակության մասին

Գիրքը պատմում է Երրորդ Հանրապետության հիմնադիր հայրերից երկուսի մասին: Շատ փաստեր և վկայություններ ներկայացված են առաջին անգամ՝ թույլ տալով ավելի լավ հասկանալ Վանո Սիրադեղյանի և Վազգեն Սարգսյանի հարաբերությունները տարբեր ժամանակաշրջաններում:

Հեղինակները զերծ են մնում եզրակացություններից՝ վստահ լինելով, որ ներկայացվող նյութը ընթերցողներին հնարավորություն կտա սեփական գնահատականներն անել:

Գիրքը նաև բազմաթիվ դրվագներ է ներկայացնում Հայաստանի նորագույն պատմությունից, որոնք կարևոր են այսօրվա իրողությունները հասկանալու համար:

Ինչպե՞ս ծնվեց նման գիրք գրելու գաղափարը

Գրքի հեղինակները՝ Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանն ու Մեդիամաքսի  լրագրող Լուսինե Ղարիբյանն ասել են, որ առաջին հերթին փորձել են ազնիվ գիրք ստանալ: Աշխատանքի ընթացքում նրանք զրուցել են մոտ 30 անձանց հետ, աշխատել են 1990-ականների մամուլի արխիվի հետ:

2021 թվականի դեկտեմբերին հրապարակված Լուսինե Ղարիբյանի և Վաղինակ Ղազարյանի հրաշալի Կոթիում՝ մենակ. Վանոյի շիրիմը բլրի լանջին ռեպորտաժից մի քանի օր անց Մեդիամաքս խմբագրություն էր եկել «Վերնատուն» հրատարակչության հիմնադիր Ներսես Տեր-Վարդանյանը: Խոսում էինք գրականությունից, այն մասին, որ նորագույն պատմության մասին շատ քիչ վկայություններ եւ հուշեր ունենք: Եվ հենց այդ զրույցի պահին մի միտք եկավ՝ պետք է Վանոյի եւ Վազգենի մասին գիրք գրել, — հիշում է Արա Թադևոսյանը։

Գրքի խմբագրման ընթացքը

Արա Թադևոսյանի խոսքերով՝ 2022 թվականի հունվարին առաջին հարցազրույցը վերցրեց Տիգրան Հակոբյանից, մի քանի ամիս անց խնդրեց, որպեսզի Լուսինե Ղարիբյանը միանա աշխատանքին: 2022 և 2023 թվականներին հեղինակները վարեցին բոլոր հարցազրույցները, բայց մինչև 2024 թվականի մայիսը, կարելի է, ասել, գիրքը տեղից չէր շարժվում: Իսկ հետո անբացատրելի մի բան եղավ և աշխատանքն ավարտեցին ընդամենը երկու ամսում՝ մայիս-հունիս ամիսներին: Որոշեցին, որ գիրքն անպայման պետք է լույս տեսնի մինչև 1999 թվականի հոկտեմբերի 27-ի 25-րդ տարելիցը: Գրքի խմբագրման հարցում անգնահատելի աջակցություն ցույց տվեց Շուշանիկ Թամրազյանը։

Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է:

Վ. Սարգսյան

Ո՞ւմ է նվիրված գիրքը

Գիրքը նվիրվում է Վրեժ Իսրայելյանին՝ ոչ միայն այն պատճառով, որ նա հրաշալի գրող է, շատ թանկ մարդ հեղինակի համար: Երբ 1998 թվականին Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, պրն. Թադևոսյանը ծառայում էր Վրեժ Իսրայելյանի խմբագրած «Հայ Զինվոր» թերթում և տեսնում, թե որքան ծանր է նա տանում այն, որ իր երկու ընկերները հայտնվել են փաստացի հակադիր ճամբարներում: Ու քանի որ այս գիրքը Վանոյին և Վազգենին «միավորելու» փորձ է, տեղին համարեցին նվիրել այն Վրեժ Իսրայելյանին:

Գրքի բովանդակային առանձնահատկությունները

Ինչքանով որ ես հասցրել եմ ծանոթանալ գրքի ու նրա բովանդակային առանձնահատկությունների հետ, կարող եմ նշել մի քանի կարևոր սկզբունքներ, որոնք, ըստ իս, պահպանվել են կամ մեծ ուշադրության են արժանացել գիրքը գրելիս։

  • համեմատություններ
    Մենք նախաբան ընթերցելուց հետո գիրքը շարունակում ենք համեմատություններով, որտեղ հեղինակները ներկայացնում են, թե ամեն մի հերոսի ծննդյան տարեթվին ինչպիսի կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել։ Այդպիսի սկզբունքի հետ մենք առնչվում ենք նաև հաջորդիվ գլուխներում։ Այս մոտեցումը հետաքրքիր է ու գրավիչ, ընթերցողին թույլ է տալիս իրավիճակը դիտարկել ամբողջական կոնտեքստում։
  • տվյալներ
    Այս հարցում հեղինակները շատ են աշխատել, զետեղել են բովանդակության մեջ տարատեսակ տարաթվեր, տվյալներ, ինֆորմացիաներ, որոնք նոր գիտելիք են հաղորդում ընթերցողին։
  • կառուցվածք
    Բացի բուն բովանդակային առանձնահատկություններից, անպայմանորեն պետք է նշեմ նաև կառուցվածքային առանձնահատկությունները, հենց օրինակ՝ տառատեսակը, տեքստի ուղղագրումն ու էջերի կառուցվածքը, ինչպես նաև վերջում ներկայացվող հղումները, գրականության ցանկն ու աղբյուրները։
  • մանրամասնություն
    Հեղինակները յուրաքանչյուր իրադարձություն ներկայացնում են ամենայն մանրամասնությամբ կամ տրամադրում են վերլուծության համար բավարար տեղեկատվություն։

Որոշ մասնագիտական կարծիքներ գրքի մասին

Լուսինե Ղարիբյան՝ Զրուցակիցները Վազգենի մասին պատմելիս շատ ավելի շռայլ էին։ Նրա մարդկային որակների, բաց, բարի, ժպտադեմ լինելու մասին բոլորի խոսքում կարմիր գծի պես արտահայտվում էր։

Տիգրան Պասկևիչյան՝ Իմ պատկերացմամբ, ստեղծվել է 3D (եռաչափ) գիրք։ Այն նման է բազմակողմանի դիտվող արձանի եւ շատ կարեւոր է, թե ինչ միջավայրում, ինչ հետնապատկերում ես այդ դիտում։

Կարինե Խոդիկյան՝ Ուզում եմ շնորհակալություն հայտնել գրքի հրաշալի ձեւաչափի համար։ Այս գիրքը գրելով՝ «ստիպեցիք» գնալ մեր կյանքի լավագույն ժամանակները, երբ մեր կողքին կային այդ մարդիկ։ Կոնկրետ իմ դեպքում` Վազգենը, քանի որ Վանոյի հետ մտերիմ չենք եղել։ Կար ժամանակ, երբ «Գարուն»-ը, Վազգենը եւ մենք մի ամբողջություն էինք։

Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով:

Վ. Սարգսյան

Գրքի քննարկումը հեղինակի հետ տեղի է ունենալու նոյեմբերի 12-ին։ Մանրամասն՝ հրապարակման մեջ։

Ինչպե՞ս եմ ես գնահատում Վանո Սիրադեղյանին և Վազգեն Սարգսյանին

Սիրադեղյանական օրերին նվիրված նախորդ կատարված նախագծերը տեղադրում եմ ստորև՝

Վանո Սիրադեղյանի հոդվածների վերլուծություններ՝

Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված տարատեսակ քննարկումներ և միջոցառումներ ևս կազմակերպվել են, որոնց ես մասնակցել եմ Երկրապահ կամավորականների միության շրջանակներում.

Որոշ տեղեկություններ վերցված են premium.mediamax.am, Երկրապահ կամավորականների միության յութուբյան ալիքից, Aravot Daily-ի շնորհանդեսի ռեպորտաժից