Սույն թվականի հունվարի 23-ին, ձմեռային ճամբարի շրջանակներում դասավանդողներ Վարդան Կարապետյանի և Նունե Այդինյանի ղեկավարությամբ, մի խումբ հետաքրքրված տարատարիք սովորողներով այցելեցինք Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտե։

Այցելության նախագծին և նախապատրաստական աշխատանքներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ համակարգողի բլոգում

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների՝ կրթահամալիր այցին կարող եք ծանոթանալ լուսաբանման մեջ

Հագեցած ճամբարային օրակարգով պայմանավորված՝ մեր հաջորդ այցելությունը Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտե էր։ Երկար նախապատրաստությունից հետո հաջողվեց այցելել մեր պետության առաջնակարգ ու անկյունաքարային ինստիտուտներից մեկում, որտեղ որ վերականգնվում են անիրավացի կերպով զավթված գույքերը, պետությանը հասցված վնասները, ինչպես նաև արդարությունն ու արդարադատությունը։

Երիտասարդների պարտականությունը կոռուպցիայի դեմ պայքարն է

Քուրտ Քոբեյն, Նիրվանա

Մեզ ջերմ ընդունեցին և ուղեկցեցին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար տիկին Օհանջանյանն ու իրավական պահպանման վարչության պետի պարտականությունները կատարող տիկին Վարոսյանը։ Ի դեպ, նշյալ պաշտոնատար անձինք դեկտեմբերին այցելել էին կրթահամալիր, որտեղ սովորողները հնարավորություն էին ունեցել մասնակցելու իրենց հետ բովանդակալից զրույց-քննարկման։

Սեբաստացի սովորողների հետ հանդիսությունների դահլիճում հետաքրքիր քննարկում ծավալեց Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ պարոն Մուշեղ Բաբայանը։ Ի հեճուկս ոմանց պատկերացումների ու ակնկալիքների, թե քննարկումն անցնելու է խիստ պաշտոնական ու ակադեմիական մթնոլորտում՝ այն անցավ ոչ պակաս ջերմ, ընկերական միջավայրում։ Կարևոր է ընդգծել, որ մենք՝ սովորողներս, մինչ նման կարևորագույն հաստատություն այցելելը մի շարք նախապատրաստական և նախագծային աշխատանք-հետազոտություններ էինք իրականացրել, հատկապես՝«Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթվա» շրջանակներում՝ «Համախմբենք Ուժերը, Կանխենք Կոռուպցիան» և «Ոչ Կոռուպցիային» կարգախոսների ներքո։

Մեր հանդիպումը սկսվեց կարճ ներածությունից, որի շրջանակներում նախագահի տեղակալը ներկայացրեց իր մասնագիտական կարիերան՝ նշելով, որ 2018-2021թթ. ծառայել է որպես Ոստիկանության կրթահամալիրի պետ, այնուհետև անցել է ծառայության Հակակոռուպցիոն կոմիտեում։

Շարունակելով պարոն Բաբայանի խոսքը՝ պատմության և հասարակագիտության դասավանդող Վարդան Կարապետյանն իր խոսքում մասնավորապես նշեց, թե ինչ աշխատանքներ են կատարվել «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթվա» ընթացքում, ինչպիսի արդյունքներ են գրանցվել, և ինչպիսի արձագանք է ստացել նման «արշավը»։

Անկեղծ պիտի ասեմ՝ ես չափազանց բարձր գնահատեցի նախագահի տեղակալի՝ աշակերտների հետ անկեղծ ու մտերմիկ զրույցի վարումն ու նմանօրինակ մոտեցումը, քանի որ կարծում եմ, որ երիտասարդության ներկայացուցիչների (և ոչ միայն) հետ պետք է խոսել պարզ ու իրենց համար դյուրըմբռնելի լեզվով, որպեսզի ոչ մի մութ անկյուն չմնա, բոլորի համար տեսությունն ու գործնական ասպեկտը լինեն հասկանալի։ Սույն մոտեցման վերջնարդյունքն այն է, որ անհատները տեղեկանում են ու հետագայում զերծ են մնում ապօրինի կամ օրենքի տառին ու ոգուն չհամապատասխանող գործունեություններից։ Եվ վերջում, եզրափակելով այս շրջանակը, մարդիկ կիսվում են իրենց գիտելիքներով ու փորձառությամբ մտերիմների ու կողակիցների հետ՝ անուղղակիորեն ազդելով վերջիններիս՝ անօրեն գործողություններ կատարելու ցանկությունից ու ձգտումից հրաժարվելու որոշման վրա, ինչպես նաև բարձրացնելով անվտանգությունն ու արդարությունը։

Մարդկանց անտարբերությունը կոռուպցիայի աճի լավագույն հիմքն է.

Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության նախագահ Դելյա Ֆերեյրա.

Պարոն Բաբայանը խոսեց հակակոռուպցիոն իրազեկման էության ու անհրաժեշտության մասին՝ շեշտելով, որ նման սինլքոր արարքները չպետք է քողարկվեն, կամ դրանց վրա պետք չէ աչք փակել, այլ դրանք պետք է շրջանառվեն հասարակության մեջ, որպեսզի յուրաքանչյուր անհատ իմանա, թե օրենքով ինչ իրավունքներ են նախատեսվում իր համար և ինչ սահմաններ ունեն այդ իրավունքները, որոնք նա պարտավոր է չխախտել։ Կարևոր է չվախենալ իրազեկելուց ու բարձրաձայնելուց. չէ՞ որ մեր հասարակության որոշ շերտերի մոտ հանցագործության բացահայտումն ու հնչեղությունն առաջացնում են դժգոհության ու վրեժխնդրության զգացում։ Ցավոք, բայց մեր հանրության ներկայացուցիչները, չառաջնորդվելով սեփական հայեցողությամբ և օրինապահությամբ, ժամանակ առ ժամանակ ղեկավարվում են հանրային մեծ տարածում գտած կարծրատիպերով, ինչը քաղաքակիրթ աշխարհին բնավ բնորոշ չէ։ Ուստի բոլորիս պարտքն է բարձրաձայնել և կանխել, բայց ամենից առաջ՝ չվախենալ՝ հանուն պետության և հասարակության։ Չէ՞ որ վերջ ի վերջո, այդ գումարներն ուղղվում են ենթակառուցվածքների զարգացման, անվտանգության ու սոցիալական ապահովության բարձրացման, ուսումնական հաստատությունների բարեկարգման և կառուցման ծախսերին, և թեկուզ չնչին թվացող արարքները կարող են հանգեցնել անդառնալի ու վնասաբեր հետևանքների՝ թուլացնելով պետության հիմնասյուները։ Հանդիպման ժամանակ արծարծված «դա իմ գործը չէ, ուստի ինձ չի վերաբերում» հայեցակարգը բոլոր մասնակիցների կողմից հռչակվեց անպատշաճ ու սխալ, և ես հույս եմ հայտնում, որ նման վճռականությամբ հանդես կգա նաև մեր հանրությունն ու կդատապարտի կոռուպցիոն գործունեությունը՝ հանուն պետության ու ժողովրդի բարեկեցության ու զարգացման։

Քննարկման երկրորդ հատվածում հնչեցին սովորողներին հուզող մի շարք հարցեր, որոնց պարոն Բաբայանը պատասխանեց շատ հանգամանալից ու բովանդակ։ Հարցերը կապված էին նաև կանխարգելիչ գործընթացներում երիտասարդության դերի ու ներգրավվածության հետ, և որոշ սովորողներ նույնիսկ կիսվեցին կոռուպցիայի կանխարգելման իրենց սեփական փորձով։ Հարցեր հնչեցին նաև կապված որոշ իրավական ակտերի ու նորմատիվների հետ։ Անդրադարձ եղավ կոմիտեի հրապարակած տարբեր տարիների ռազմավարությունների կատարողականին և առկա ներպետական-քաղաքական հարցերին, որոնցից ամենակարևորը պետության ձեռնարկած հայտարարագրման գործընթացն էր՝ որպես կոռուպցիայի կանխարգելման խթանիչ։ Հանդիպման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն խորացնելու համագործակցությունն ու ավելացնելու փոխադարձ այցելությունների քանակը։

Այսպիսով, ևս մի չափազանց նշանակալի այցելություն ունեցանք՝ ամրապնդելով մեր հին և ստանալով բավականին նոր գիտելիքներ։ Երախտիքի խոսքեր եմ հայտնում դասավանդող-համակարգողներին, ինչպես նաև Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակազմին՝ նախագահի տեղակալ պարոն Բաբայանի գլխավորությամբ՝ այս այցելությունը կյանքի կոչելու համար։

Լուսանկարները՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան պաշտոնական էջից