Ս. թ. դեկտեմբերի 3-9-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվում է «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ» միջոցառում, որի շրջանակում իրականացվում է պետության հակակոռուպցիոն բարեփոխումների, հակակոռուպցիոն մարմինների գործունեության և կոռուպցիայի դեմ պայքարում պետության քաղաքականության վերաբերյալ հանրության տեղեկացվածության ապահովում՝ ընդգծելով նաև հակակոռուպցիոն կրթության կարևորությունը: Միջոցառումների այս տարվա կարգախոսն է՝ «Համախմբենք Ուժերը, Կանխենք Կոռուպցիան», «Ոչ Կոռուպցիային»:
Սույն նախագծային շաբաթվա վերջին նախաձեռնությունը՝ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչների հետ հանդիպումը, մենք ևս կյանքի կոչեցինք։ Դեկտեմբերի 11-ին հետազոտական վարժարանում հյուրընկալեցինք ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանին և իրավական պահպանման վարչության պետի պարտականությունները կատարող Գայանե Վարոսյանին։
Ամբողջական նախագծին կարող եք ծանոթանալ Վարդան Կարապետյանի բլոգում
Կատարված այլ աշխատանքներին կարող եք ծանոթանալ ստորև՝
- ՀՀ օրենքը կոռուպցիայի մասին և կոռուպցիոն հանցագործությունների ցանկ
- «Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին» ձեռնարկի շնորհանդեսի ամփոփում
- Կոռուպցիայի դիմակազերծումը. արդյո՞ք հաղթանակը հնարավոր է. հետազոտություն
- Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի մասնագետի հետ հանդիպման-քննարկման ամփոփում
Այսպիսով, հանդիպումը մեկնարկեց դասավանդող Վարդան Կարապետյանի բացման խոսքով, որում մասնավորապես նշվեց նախագծային շաբաթվա կարևորության, նշանակության, ամփոփված աշխատանքների և հետագա անելիքների մասին։ Ներկայացվեցին նաև ավագ դպրոց-հետազոտական վարժարանի սովորողների կատարված և ուսումնական բլոգներում լուսաբանված աշխատանքները։
Ազնվությունը մահանում է, երբ վաճառվում է։
Ժորժ Սանդ
Այնուհետև, համաձայն ընթացակարգի, խոսքը փոխանցվեց անգլերենի դասավանդող Նունե Այդինյանին, ով պատմեց Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում «Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին» ձեռնարկի շնորհանդեսի այցի մասին։ Որոշ մանրամասնություններով կիսվեցին նաև մասնակից-սովորողները։ Դասավանդողը լսարանի հետ կիսվեց նաև թե՛ իր, թե՛ սովորողների տպավորություններում և կարծիքներով։ Անդրադարձ եղավ նաև Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի մասնագետի հետ հանդիպմանը, ով կրթահամալիրում հյուրընկալվել էր դեկտեմբերի 6-ին։ Թվարկված նախագծերի վերաբերյալ մանրամասն լուսաբանումներն ու ամփոփումները ներկայացված են վերոնշյալում։
Փոքր նախաբանին հաջորդեց կոմիտեի ներկայացուցիչների հետ քննարկումը։ Սովորողներն իրենց հետաքրքրող հարցերն էին ուղղում աշխատակիցներին, իսկ վերջիններս հանգամանալից պատասխաններ էին հնչեցնում։ Նրանք պատմեցին, թե ինչպիսի բարդ և պատասխանատու, բայց միևնույն ժամանակ պատվաբեր աշխատանք է հակակոռուպցիոն գործունեությամբ զբաղվելը։



Մեր քննարկման հիմնական թեմաներից դարձավ պայքարը կոռուպցիայի դեմ և կանխարգելիչ միջոցները. աշխատակիցները հպանցիկ ներկայացրին, թե ինչպիսի միջոցներ են կիրառում կոռուպցիոն դեպքերը բացահայտելու և դրանց առթիվ դատական վարույթ նախաձեռնելու համար։ Խոսք եղավ հատուկ ներգրավվող տեխնիկայի, գաղտնալսման սարքերի և այլնի մասին։
Վերոնշյալի մասին ավելի մանրամասն ներկայացված է Հակակոռուպցիոն կոմիտեի մասին ՀՀ օրենքում
Քննարկման ընթացքում մենք շոշափեցինք կոռուպցիայի ու դրա դեմ պայքարի վերաբերյալ իրազեկման քաղաքականության թեման, պարզաբանեցինք, թե ինչու է կարևոր ուսումնական տարբեր հաստատություններում ժամանակ առ ժամանակ արծարծել նման թեմաներ և փոխանակվել կարծիքներով։ Այս համատեքստում էական նշանակություն ունեն նաև մասնագետների, տվյալ ոլորտում աշխատող, այդ թվում՝ հատուկ մարմինների հետ հանդիպումները։
Հարցերը մեծամասամբ վերաբերում էին կոռուպցիոն ռիսկերին, հետևանքներին, դրա դեմ պայքարի մեթոդներին, իրազեկման մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերին։ Կոմիտեի աշխատակիցները պարբերաբար կիսվում էին ուշագրավ պատմություններով և որպես եզրակացություն ներկայացնում այն, որ կոռուպցիան ոչ մի պարագայում չի կարող արտահայտվել դրականորեն։ Կոռուպցիան միշտ հանգեցնում է սոցիալ-տնտեսական-քաղաքական մեծամասշտաբ խնդիրների, ինչի պատճառով պետական կազմակերպությունները չեն կարողանում ստանալ սահմանված գումարները և ուղղել դրանք համապատասխան գերատեսչությունների, տնտեսության ոլորտների զարգացմանը, որոնցից լոկոմոտիվ նշանակություն ունեն պաշտպանությունը, կրթությունն ու գիտությունը, առողջապահությունը և այլն։ Ինչը ևս էական է՝ կոռուպցիան փարատում է նաև ժողովրդի վստահությունը պետության և հատկապես դրա մարմինների նկատմամբ, նվազեցնում է պետության վարկանիշը միջազգային ասպարեզում։ Ուսումնասիրելով պատմությունը՝ իմանում ենք, որ ներկայումս էլ կան ոչ պակաս թվով պետություններ, որոնք իրենց անհեռատես քաղաքականության մշակման և իրականացման պատճառով այսօր կանգնել են լուծարվելու եզրին։ Պատմությանը լավ ծանոթ են նման դեպքերը։
Օգտվելով առիթից, ես էլ՝ որպես ապագա լիիրավ քաղաքացի, կցանկանամ հորդոր-պահանջով դիմել իմ հասակակիցներին և Հայաստանի Հանրապետության ժողովրդին. երբեք ու երբեք մի՛ վախեցեք արձանագրել հանցագործությունը և տեղեկացնել դրա մասին, դա ամոթալի երևույթ չէ, հակամարդկային բան չէ, դա պետականամետ վերաբերմունքի դրսևորում է։ Կոռուպցիան հանգեցնում է այնպիսի հետևանքների, ինչպիսիք են պետության պաշտպանունակության մակարդակի անկմանը, ֆինանսական-քաղաքական խնդիրների թվի սրընթաց աճմանը և այլն։ Հետևաբար, եթե ցանկանում ենք մեկընդմիշտ կանխել այն (ինչը, ըստ երևույթին, մեր իրականության մեջ իրատեսական չէ, բայց հուսահատվել ոչ մի դեպքում չի կարելի), ապա պետք է որդեգրենք մի կարևոր ռազմավարություն. հենց մանկուց դաստիարակենք երեխաներին՝ սիրել Հայաստանը, աշխատել զարգացնել այն և անունը բարձր պահել միջազգային հարթակներում, անել ամեն հնարավոր ու անհնարին բան այն և՛ ներքին, և՛ արտաքին մարտահրավերներից ու վտանգներից պաշտպանելու համար…






Այսպիսով, մեր հանդիպում-քննարկումն անցավ մտերմիկ մթնոլորտում, մենք փոխանակվեցինք վերջին կարևորագույն նորություններով, խոսեցինք կոռուպցիայի՝ որպես պետության հիմնաքարերը խարխլող երևույթի մասին։ Մեր քննարկումն, աներկբայորեն, շատ բովանդակալից էր, ինֆորմատիվ, այժմեական կարևորություն ու նշանակություն ունեցող։ Հանդիպման վերջում, ամրապնդելով կապերը, մենք պայմանավորվեցինք նաև փոխադարձ այցերի կազմակերպման մասին։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի անունից Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչներին նվիրվեց «Անապակ» գինի։
Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանին և իրավական պահպանման վարչության պետի պարտականությունները կատարող Գայանե Վարոսյանին՝ ժամանակ տրամադրելու, երիտասարդությանը նման առաջնակարգ, նշանակալից թեմայի վերաբերյալ պատկերացում կազմելու հնարավորություն ընձեռելու, հետաքրքիր ու բազմաբովանդակ քննարկումներ և զրույցներ անցկացնելու համար։
Լուսանկարներն ու տեսահոլովակը՝ Նանե Մարտիրոսյանի