Ահա և ավարտվեց ձմեռային ճամբարը, շուտով կմեկնարկի ուսումնական երրորդ շրջանը։ Այս հրապարակման մեջ կամփոփեմ մեր իրականացրած նախագծերն ու նախաձեռնությունները, կպատմեմ, թե ինչպիսի արդյունքներ ենք գրանցել։ Դե ինչ, սկսեցինք.
Մեր առաջին նախագիծն հանդիսացել է «Christmas Market-ի ծագման պատմությունն ու գաղափարը»։ Քննարկումների ժամանակ սովորողներով կիսվում էինք հետաքրքիր ինֆորմացիայով, ներկայացնում վիճակագրական տվյալներ, բարձրաձայնում ապագայի հեռանկարներ։
Ճամբարային շաբաթվա վերջում երկօրյա ուղևորություն ունեցանք Արագածոտնի մարզի Ապարանի շրջանի Ալագյազ և Սիփան գյուղեր։ Ուղևորության ընթացքում Սիփանի միջնակարգ դպրոցի աշակերտ Նուրիի հետ իրականացրեցինք համատեղ հետազոտական աշխատանք, որը հունվարի 31-ին Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոցում կազմակերպված «ՀՀ ազգային փոքրամասնությունների մշակույթը» հանրապետական աշխատարանի ընթացքում գերազանց ներկայացրինք։
Ճամբարի առաջին իսկ օրերից սկսել էինք զբաղվել ազգագրական, ձմեռային նախագծերով, որոնցից մեկը ղեկավարում էր Հասմիկ Ղազարյանը։ «Ազգագրական նախագիծ. հանելուկներ, հեքիաթներ, խաղուպարեր» նախագծի շրջանակներում ուսումնասիրեցինք մեր դարավոր բանահյուսությունն ու գրականությունը, համացանցում փնտրեցինք և գտանք տեղեկություններ ծիսական արարողակարգերի ու միջոցառումների մասին։ Պարբերաբար քննարկումների ընթացքում փոխանակվեցինք հետաքրքիր կարծիքներով ու տեղեկույթներով։
Վարդան Կարապետյանի համակարգած Այցելություն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե նախագծերի ընթացքում իրականացված երկար ուսումնասիրությունների արդյունքում ավելի լավ սկսեցինք ճանաչել պետության ինստիտուտներից երկու կարևորագույնների գործունեությունը։
«Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի շրջանակներում հիմնադիր-տնօրեն տիար Բլեյանի գլխավորությամբ թվով երկու ուսումնական-ճանաչողական քայլք ունեցանք, որոնց ընթացքում ավելի լավ ճանաչեցինք մեր թաղամասը։ Քայլքի լուսաբանումներին ծանոթացեք ստորև.
Քայլք կրթական պարտեզով. մաս 2
Քայլք կրթական պարտեզով. մաս 3
Լևոն Միրզոյանի հետ իրականացրեցինք «Պատրաստվում եմ լեռնագնացության» ճամբարային նախագիծը, ուսումնասիրեցինք լեռնագնացությունն ու էքստրեմալ տուրիզմը, ճանապարհորդությունները։ Համակարգող դասավանդողը հանդիպումների ժամանակ մեզ հետ կիսվեց խորհուրդներով, պատմեց, թե ինչպես ճիշտ պատրաստվել նման արշավների։
Երրորդ շաբաթվա վերջում դպրոցում հյուրընկալեցինք ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.թ. Ավետիս Գրիգորյանին։ Հնագետի հետ քննարկեցինք հնագիտության արդի խնդիրներն ու զարգացման հեռանկարները, խոսեցինք վերջերս պետության տարածքում իրականացված պեղումների մասին։ Պարոն Գրիգորյանը մեզ ներկայացրեց արդյունքներ, բացատրեց, թե ինչպես դառնալ հնագետ։
Նախավերջին շաբաթը եզրափակեցինք սահադաշտ այցելությամբ և սառույցի հետ ջերմ գրկախառնությամբ, որից հետո ազգային ոգով ներշնչված մասնակցեցինք ուրբաթ-համերգին։ Հիանալ ու հպարտանալ կարելի է մեր համախմբվածությամբ…
Չորրորդ շաբաթը ոչ պակաս ծանրաբեռնված էր։ Շաբաթվա վերջին երկօրյա աշխատանքային ուղևորություն ունեցանք Շիրակի մարզի Գյումրի քաղաք՝ մասնակցելու, ինչպես վերևում նշեցի, հանրապետական աշխատարանին։ Շնորհակալություն ուշադրության համար…