Սույն թվականի հունվարի 30-31-ն հասարակագետ-դասավանդող պրն. Տիգրանյանի գլխավորությամբ աշխատանքային ուղևորություն ունեցանք Շիրակի մարզ, մշակութային մայրաքաղաք Գյումրի։ Ուղևորության նպատակն էր Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոցում ամսվա վերջին օրը կայանալիք «ՀՀ ազգային փոքրամասնությունների մշակույթը» թեմայով հանրապետական աշխատարանին մասնակցելն ու քրդական համայնքի ներկայացուցչի հետ համատեղ իրականացված հետազոտական աշխատանքի համառոտ զեկուցմամբ հանդես գալը։
Հունվարի 30-ին կրթահամալիրի հետազոտական վարժարանում ջերմ ողջունելով Արագածոտնի մարզի Ապարանի շրջանի Սիփան գյուղի Ֆերիկե Ուսըվի անվան միջնակարգ դպրոցի սան, իմ գործընկեր Նուրի Իբոյանին՝ անմիջապես ճանապարհ ընկանք դեպի Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթգծի կայարան՝ մեկնելու Գյումրի։
Ճանապարհին երկար քննարկումներ ունեցանք կապված հետազոտական աշխատանքի կառուցվածքի, նրա բովանդակության, որոշ տեխնիկական հարցերի հետ, ինչպես նաև պատրաստեցինք նախնական զեկուցման տարբերակը։ Հետագայում զեկուցման և հետազոտական աշխատանքի վերջնական տարբերակները հստակեցրինք մեզ հյուրընկալող մեր հասակակցի տանը։
Էլեկտրագնացքով երեկոյան կողմ հասնելով մեծությամբ երկրորդ քաղաքը՝ շտապեցինք Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոց, որտեղ մեզ սպասում էին տնօրենը, դպրոցի անձնակազմն ու հյուրընկալել պատրաստվող աշակերտը։ Արժանանալով ջերմագին ընդունելության՝ սկսեցինք փոխանակվել կարծիքներով և ակնկալիքներով, խոսեցինք որոշ կազմակերպչա-տեխնիկական հարցերի մասին։ Որոշ ճշգրտումներ անելուց հետո որոշեցինք միասին զբոսնել քաղաքով, որում ես անձամբ մոտ վեց տարի չէի եղել և շա՜տ կարոտել էի։ Անկեղծ ասած՝ երկօրյա մեր ուղևորության ընթացքում ես այդ կարոտն այնքան էլ չպակասեցրի։
Գյումրին, անխոս, հրաշալի քաղաք է՝ վեհաշուք ու փառապանծ եկեղեցիներով, կիսավեր, բայց պատմություն կրող շենքերով, ընդարձակ ու փարթամ այգիներով, որոնք էլ ավելի գեղեցկացրել էր քնքուշ ձյունը, որը մի տեսակ գեղատեսիլություն էր ավելացնում ողջ քաղաքի համայնապատկերին, և իհարկե քարե եզակի արձաններն ու հուշահամալիրները, որոնք ակներև ընդգծում էին քաղաքի՝ մշակութային լինելու և պատմական բացառիկ արժեք հանդիսանալու հանգամանքը։
Զբոսնելով Գյումրիի Վարդանանց հրապարակով՝ մուտք գործեցինք վեհատեսիլ և հրաշագեղ Սբ. Ամենափրկիչ և Սբ. Աստվածածին (Յոթվերք) եկեղեցիները, որոնք միմյանց են նայում, խաղաղության և առողջության աղոթք անել համայն ազգի համար։ Մեր կարճատև զբոսանքն ամփոփեցինք հրապարակի հենց կենտրոնում՝ վայելելով շուրջ բոլորը բացվող մայրամուտային տեսարանները՝ «Վարդանանք» բրոնզաձույլ արձանախմբի յուրաքանչյուր հերոսի ամրակուռ ոգու առկայությամբ և սրբազան եկեղեցիների զանգերի ղողանջների ընկերակցությամբ։
Հասնելով մեզ հյուրընկալող 11-րդ դասարանի աշակերտ Սամվել Հովհաննիսյանի տուն՝ մենք միանգամից սկսեցինք աշխատել մեր հետազոտական աշխատանքի վրա, ճշգրտել որոշ նրբություններ և աղբյուրներ, ինչպես նաև ավարտական տեսքի հասցրինք զեկուցման տարբերակը։ Այս ամենն ավարտելուց հետո՝ Սամվելի և Հովհաննեսի հետ դիտեցինք մի շարք կինոնկարներ և հումորային հաղորդումներ, որոնք նպաստեցին մեր նորաթուխ ընկերության ամրապնդմանը և նորովի լիցք հաղորդեցին նրան։
Համատեղ իրականացված հետազոտական աշխատանքին ծանոթացե՛ք այստեղ
Աշխատանքի պրեզենտացիային ծանոթացե՛ք այստեղ
Հաջորդ օրը՝ հունվարի 31-ին, առավոտյան կանուխ հասնելով դպրոց, ծանոթացանք ուսուցչական անձնակազմի հետ, կիսվեցինք մեր սպասումներով, ինչպես նաև հպանցիկ ներկայացրինք մեր հետազոտական աշխատանքը։ Ժամը 11-ին սկսվեց «ՀՀ ազգային փոքրամասնությունների մշակույթը» թեմայով հանրապետական աշխատարանը, որին թե՛ հյուրընկալող անձնակազմը, թե՛ հյուրընկալվող մասնակիցները խորապես և երկար ժամանակ պատրաստվել էին։ Տարբեր մշակութակիր մարդկանց կողմից պատրաստված համեղ խորտիկները միմիայն ընդգծում էին ամբողջ միջոցառման բազմակողմանիությունը, գեղեցկությունն ու պերճությունը։
Հանրապետական աշխատարանի մասնակիցների թվում էին Հայաստանում Հունաստանի փոխդեսպանը, Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոցի, Գյումրու ակադեմիական վարժարանի, Գուսանագյուղի միջնակարգ դպրոցի, Լանջիկի միջնակարգ դպրոցի, Ճարճակիսի միջնակարգ դպրոցի, Գյումրու «Ռուսական տուն» կրթամշակութային կառույցի ներկայացուցիչները, ինչպես նաև մենք՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Սիփանի Ֆերիկե Ուսըվի անվան միջնակարգ դպրոցի սաներս։
Բացման և ներածական խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրենը՝ տիկին Վարդանյանը, ով իր խոսքում մասնավորապես կարևորեց նման միջոցառումների անցկացման, փորձով փոխանակվելու նշանակությունը։
Ես և Նուրին միասին հանդես եկանք մեր հետազոտական աշխատանքի զեկուցմամբ։ Ես սկզբից ներկայացրի մեր աշխատանքի նպատակն ու խնդիրները, խոսեցի, թե ինչպիսի ճանապարհ է այն անցել՝ մշակումից մինչև սրբագրում, նշեցի մեր աջակիցներին, ովքեր ամբողջ ընթացքում մեր կողքին էին, օգնում ու սատարում էին մեզ։ Գործընկերս ներկայացրեց բովանդակությունը, բոլոր գլուխներից առանձնացրեց առավել էական տեղեկությունները և ներկայացրեց լսարանին։ Նախօրոք պատրաստված պրեզենտացիան ավելի գեղեցկացրեց մեր ելույթը։ Իր ելույթի վերջում որպես քրդերենի լեզվակիր՝ Նուրին մայրենի լեզվով կիսվեց ամբողջ աշխատության վերաբերյալ իր կարծիքով։ Մեր զեկուցման ավարտին ես ներկայացրի եզրակացությունն ու գրականության ցանկը։ Եզրակացության մասին պատմելիս՝ հատկապես շեշտադրեցի կրթվել և առաջնորդել կարողանալու նշանակությունը, մշակույթները չտարանջատելու, այլ դրանց բոլոր դրսևորումները հաշվի առնելով առաջ շարժվելու սկզբունքը։ Պիտի ընդգծեմ՝ լսարանը տպավորված էր, ինչպես որ մենք, ինչի համար անչափ գոհ էինք և երջանիկ։








Աշխատարանը բավականին հաջող անցավ։ Վերը թվարկված բոլոր կառույցների ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռվեց մասնակցելու և հանդես գալու սեփական մշակույթով, ազգային տարազով, երգուպարով։ Հետաքրքիր դիցաբանական համարներով ներկայացան նաև հյուրընկալող դպրոցի աշակերտները. իմիջիայլոց, այդ համարներն ունեին հումորային բնույթ։
Աշխատարանի վերջում տնօրենը երախտագիտության խոսք հայտնեց բոլոր մասնակիցներին՝ իրենց գեղեցիկ ելույթների, կատարումների և ցուցադրումների համար ու հանձնեց շնորհակալագրեր՝ տրոֆեյների տեսքով։ Միջոցառման ավարտից հետո՝ հրաժեշտ տալով դպրոցին և աշակերտներին՝ ճամփա ընկանք Գյումրու երկաթգծի կայարան՝ էլեկտրագնացքով մայրաքաղաք Երևան վերադառնալու համար։ Ճանապարհին պրն. Տիգրանյանի հետ հետաքրքիր զրույցներ ունեցանք կյանքի, պատմության, մարդկանց, հասարակության, ճարտարապետության, երկրի և այլնի մասին։ Խոսեցինք այնքան, որ նույնիսկ չհասկացանք, թե ինչ շուտ թռան այդ մի քանի ժամերը։
Ավարտելով ամփոփումը՝ չեմ կարող շնորհակալություն չհայտնել մեզ հարազատ դարձած Գյումրիին, նրա բնակիչներին, թիվ 45 դպրոցի ուսուցչական անձնակազմին և աշակերտներին՝ տիկին Վարդանյանի գլխավորությամբ։ Նմանատիպ միջոցառումներն են, որ համախմբում են ժողովուրդներին և ամրապնդում նրանց ընկերությունն ու փոխգործակցությունը։ Վստահորեն կարելի է ասել, որ պարբերաբար խոսակցությունների ընթացքում ձեռք բերված փոխադարձ այցերի, կրթական փոխանակումների ու հետագա համագործակցության ընդլայնման մասին պայմանավորվածությունները մոտալուտ ժամանակներում կյանքի են կոչվելու՝ ի բարօրություն բոլորիս։
Առանձնահատուկ երախտագիտության խոսք եմ ցանկանում հայտնել իմ ընկեր Սամվել Հովհաննիսյանին և նրա ընտանիքին՝ մեզ ջերմորեն հյուրընկալելու, օգնելու, ուղեկցելու և ընկերակցելու համար։ Շատ ուրախ և հպարտ եմ, որ Գյումրիում նման ընկեր ունեմ արդեն։
Լուսանկարները՝ Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոցի, Գուսանագյուղի միջնակարգ դպրոցի ֆեյսբուքյան էջերից





