Թեմա՝ «Բոլշևիկյան հեղաշրջումը և Հայաստանը»
Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղաշրջման արդյունքում։ Ինչպե՞ս ընդունվեց այդ փաստն Անդրկովկասում։ Ի՞նչ փոփոխություններ կատարվեցին երկրամասում։
Բոլշևիկների կուսակցությունը 1917թ. հոկտեմբերի 25-ին Պետրոգրադում իրականացրած հեղափոխության արդյունքում գրավեց իշխանությունը։ Լենինի գլխավորությամբ ստեղծվեց Ժողովրդական կոմիսարների խորհուրդը։
Անդրկովկասի քաղաքական ուժերի կողմից հեղաշրջման փաստը բացասական ընկալվեց ու դավաճանական քայլ համարվեց՝ շեղում ժողովրդավարական ուղուց։
Իշխանական խորը ճգնաժամն հաղթահարելու նպատակով՝ Թիֆլիսում 1917-ի նոյեմբերին գումարվեց երկրամասի քաղաքական և ռազմական ուժերի ներկայացուցիչների խորհրդակցություն։ Նոյեմբերի 15-ին կազմավորվեց գործադիր նոր մարմին, որը կոչվեց Անդրկովկասյան կոմիսարիատ, իսկ ԱՀԿ-ն լուծարվեց։ Կոմիսարիատի գլխավոր պաշտոնները զբաղեցնում էին վրացի մենշևիկները, էսէռների ու թաթարների մուսավաթականների ներկայացուցիչները։ Անդրկոմիսարիատի տասներկու կոմիսարներից երեքը հայեր էին։
Անդրկոմիսարիատը չէր կարողանում տնօրինել իր վերահսկողության տակ գտնվող ազգերի հարաբերությունները։ Այդ իսկ պատճառով իշխանությունը կամաց-կամաց անցավ տեղական ազգային խորհուրդների ձեռքը, իսկ Անդրկոմիսարիատը հեղինակազրկվեց, բայց սկսեց հաշտության բանակցություններ Թուրքիայի հետ։
Ե՞րբ կնքվեց և ի՞նչ էր նախատեսում Երզնկայի զինադադարը։ Ներկայացրե՛ք Կովկասյան ճակատի մերկացման գործընթացը․ ի՞նչ գործոններով էր այն պայմանավորված։
Զինադադարը կնքվել է համաձայն 1917 թվականի դեկտեմբերի 2-ին Բրեստ-Լիտովսկում մի կողմից՝ Ռուսաստանի և մյուս կողմից՝ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի ու Թուրքիայի միջև ստորագրված զինադադարի պայմանագրի։ Կողմերը պայմանավորվել են մինչև վերջնական հաշտություն կնքելը անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Կովկասյան ռազմաճակատում։ Պայմանագրին կցվել է ռուսական և թուրքական զորքերի միջև սահմանագծի (դեմարկացիոն գիծ) մասին ակտը, որը հիմնականում համընկնում էր ռազմաճակատի գծին զինադադարը կնքելու պահին։ Ռուսներին անցան Արևմտյան Հայաստանում նրանց գրաված համարյա բոլոր տարածքները։ Թուրքերը Երզնկայի զինադադարով ժամանակ էին շահում։ 1918 թվականի փետրվարի կեսին, օգտվելով ռուսական ճակատի փլուզումից, նրանք խախտեցին Երզնկայի զինադադարը և ներխուժեցին Արևմտյան Հայաստան և, արդեն ապրիլի կեսին զավթելով այն, շարժվեցին Արևելյան Հայաստան։
Համաձայն ակտի՝ ռազմական գործողությունները դադարեցվում էին մինչև հաշտության կնքումը։ Հարյուրհազարավոր ռուս զինվորականներ լքել էին կովկասյան ճակատը. զինադադարի կնքումից ամիսներ անց ռազմաճակատում մնացել էին 17 հազար զինվորներ՝ հիմնականում հայեր։
Ե՞րբ է ընդունվել և ովքե՞ր էին կազմել «Թուրքահայաստանի մասին» հրովարտակը։ Արդյոք իրագործելի՞ էր այն․ հիմնավորե՛ք ձեր պատասխանը։ Ի՞նչ իրատեսական առաջարկներով կլրացնեիք հրովարտակը։
Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը 1917թ. դեկտեմբերի 29-ին ընդունեց «Թուրքահայաստանի» մասին հրովարտակը։ Արևմտյան Հայաստանի հրովարտակի նախագծի հեղինակներն էին Վահան Տերյանը, Սարգիս Լուկաշինը, Պռոշ Պռոշյանը, ՀՅԴ-ական Ռոստոմը, Վառլամ Ավանեսյանը։
Ռուսական կառավարությունը, ըստ հրովարտակի, պաշտպանում էր պատերազմի ժամանակ գրավված հայկական մարզերի ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն։ Նաև, դրա իրագործման համար նախատեսվող երաշխիքները, այն է թե ռուսական զորքերի դուրսբերումն Արևմտյան Հայաստանից, հայկական ժողովրդական միլիացիայի անհապաղ կազմավորումը ևս իրատեսական չէին, քանզի բոլշևիկյան Ռուսաստանն ավելի շատ զբաղված էր ներպետական իր գործերով, իսկ ճակատներում հետագայում կնքված պայմանագրերից (Քառյակ միության միջև հաշտության բանակցություններում պարտվողական կեցվածք ընդունելը) ելնելով, կարելի է ենթադրել, որ այդ տարածքները նա ի սկզբանե համարել է երկրորդական կամ խաղաքարտ՝ Թուրքիայի հետ հաշտություն կնքելու և համագործակցության բանակցություններ սկսելու, ինչն էլ, որ եղավ՝ Աթաթյուրքի հեղափոխության արդյունքում։ Ըստ իս՝ ռուսական զորքերի դուրսբերումն էլ ամենևին ռեալ չէր, որովհետև եթե նրանք չլինեին, ապա ո՞ր զորքերն էին պաշտպանելու մարզերում բնականոն ընթացքը։ Եվ ինչպես տեսնում ենք՝ շուտով այդ տարածքներից ռուսական զորքերը դուրս են բերվում, իսկ տարածքները փաստացի զիջվում են Թուրքիային։
Ի հեճուկս ԱՀԿ-ի ձգտումներին՝ ես կարծում եմ, որ Ռուսական կառավարությանն այնքան էլ ձեռնտու չէր անկախ, ինքնավար Հայաստանը՝ հաշվի առնելով նրա ծավալապաշտական նկրտումները, ներքաղաքական խնդիրները, հետևաբար ամեն ինչ արվելու էր հրովարտակը չիրագործելու, անտեսելու և Հայաստանը հետագայում խորհրդային դարձնելու ուղղությամբ։
Ըստ էության՝ հրովարտակի իմաստը կայանում էր Ռուսաստանի՝ հայ ժողովրդի ազատ ինքնորոշման և ազգային անկախ պետություն ունենալու իրավունքի ճանաչման մեջ։
Կարծում եմ՝ հնարավոր կլիներ հրովարտակը կյանքի կոչել, եթե անհապաղ հաշտության բանակցություններ սկսվեին Անդրկովկասի ժողովուրդների միջև։ Ըստ երևույթին՝ այն պահանջները, որոնք ներկայացվում էին ռուսական կառավարությանը, կոպիտ ասած, չափազանցված էին և ամենագլխից դատապարտված անհաջողության, քանզի վերջում նա դառնալու էր պարզապես ձևական փաստաթուղթ։ Ինձ այս պատկերը հիշեցնում է Հովսեփ Էմինի, Իսրայել Օրու ջանքերը՝ վերամիավորելու հայերին ու պետություն ստեղծելու։
Ներկայացրե՛ք արևմտահայ զորամիավորման ձևավորման գործընթացը։
Գլխավոր հրամանատար Պրժևալսկու 1917-ի դեկտեմբերի 7-ի գաղտնի հրամանի համաձայն՝ նվաճված մարզերի հայ բնակչությունից սկսեցին կազմավորել չորս հրաձգային գնդեր։ Օրեր անց Արևմտահայ խորհուրդը որոշեց այդ գնդերից ստեղծել արևմտահայ զորաբաժին՝ դիվիզիա։ Սրա իրագործման համար ստեղծվեց նոր գործադիր մարմին՝ Հայաստանի ապահովության խորհուրդ։ Դիվիզիայի հրամանատար նշանակվեց Անդրանիկը, որին շնորհվեց գեներալ-մայորի աստիճան։
Ի՞նչ նոր մոտեցումներ ցուցաբերեց Խորհրդային Ռուսաստանն իր արտաքին քաղաքականության մեջ։ Ներկայացրե՛ք և մեկնաբանե՛ք Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը։ Գնահատե՛ք այն։
Փոքր-ինչ տարօրինակ արտաքին քաղաքականությունն իրականում ուներ գաղափարական և արդարացի հաշտության կնքման նպատակ. նրանք ձգտում էին հրահրել համաշխարհային սոցիալիստական հեղափոխություն և աշխարհամարտն ավարտել արդարացի հաշտության կնքումով։ Քառյակ միության և Գերմանիայի հետ զինադադար կնքելուց առաջ էլ Ռուսաստանը պարտավորվել էր դուրս բերել զորքերը Իրանից, Օսմանյան և Ավստրո-հունգարական կայսրությունների տարածքներից։ Իր համար Արևմտյան Հայաստանի խնդիրը, ինչքան էլ որ ամբողջ բանակցային ժամանակահատվածում արծարծվում էր, միևնույնն է մնում էր երկրորդական։
Երբ գերմանական կողմը հրաժարվեց «հաշտություն առանց բռնակցման և ռազմատուգանքների» սկզբունքը ընդունելուց՝ Ռուսաստանի արտաքին ժողկոմ Տրոցկին հայտարարեց հաշտության կնքումից հրաժարվելու և խորհրդային իշխանությանը ենթակա բանակի լիակատար զորացրման մասին։ Գերմանական պատվիրակությունն այդ քայլը համարեց զինադադարի ընդհատում։ Գերմանիան 1918-ի հունվարի 28-ին հարձակման անցավ Պետրոգրադի ուղղությամբ, իսկ Թուրքիան նույն օրը վերսկսեց պատերազմը Կովկասյան ճակատում։
Հաջորդ փուլում գերմանական կողմը պահանջեց Անդրկովկասի անկախությունը՝ այդ կերպ դժվար խնդրի առջև դնելով վերջինիս, որը խնդրեց երեք շաբաթ մտածելու համար։ Շուրջ երեք ամիս տևած բանակցությունների արդյունքում Բրեստ-Լիտովսկում 1918-ի մարտի 3-ին ստորագրվեց հաշտության պայմանագիր ռուսական կողմի և Քառյակ միության միջև։ Անտանտից անջատ՝ Ռուսաստանը դադարեցրեց աշխարհամարտին իր մասնակցությունը։
Հստակ գնահատական տալ չեմ կարող, քանզի հայկական կողմի համար այն խայտառակ էր իր բովանդակությամբ և պայմաններով. մի շարք հայաբնակ տարածքներ անցան Օսմանյան կայսրությանը, Ռուսաստանը պարտավորվեց դուրս բերել իր զորքերը Կարսից ու Բաթումից, Արևմտյան Հայաստանից։ Եթե դիտարկենք սոսկ մարդասիրական տեսանկյունից՝ միգուցե այն արդարացված էր, բայց ոչ՝ արժանապատիվ, ինչպես որ ցանկանում ու ինչին որ ձգտում էին բոլշևիկները։ Ըստ էության՝ պայմանագիրը կնքվել էր, որպեսզի բոլշևիկները պահպանեին իրենց իշխանությունը։