Ահա ավարտվեց նաև ուսումնական չորրորդ շրջանը` ամառային ճամբարը։ Այս տարի որոշեցի ընտրել հասարակագիտության դասավանդող, պատմաբան, իմ ավագ ընկեր Սամվել Թամազյանի ջոկատը` համոզված լինելով, որ այն անմոռանալի հուշեր է թողնելու իմ հիշողության մեջ։

Առաջին շաբաթը նշանավորվեց Հանրապետության տոնի առթիվ Կոտայքի մարզի Թեղենիս բարձունքի հաղթահարմամբ, որի մասին ավելի մանրամասն շարադրել եմ լուսաբանման մեջ` հատուկ շեշտադրելով համախմբվածության կարևորությունը դժվարությունների դեմ պայքարելու, այս համատեքստում` հայաստանյան բարձունքների նվաճման գործում։

Ուսումնական նախագծերից էին «Տարածաչափական պատկերների ուսումնասիրությունը»՝ մաթեմատիկայի դասավանդող Թորգոմ Սիմոնյանի հետ, «Քարտեզի դիվանագիտությունը», «Ուրբագծեր» նախագիծը։

Ինչ վերաբերում է քարտեզային դիվանագիտությանը՝ ցավոք մասնակցություն չկարողացա ապահովել, քանզի նույն ժամանակաշրջանում ուսումնական այցով գտնվում էի Ֆրանսիայի Հանրապետությունում։ «Դիվանագիտական շաբաթ» ծրագրի նպատակն էր խթանել մասնակից-երիտասարդների քաղաքական և դիվանագիտական գիտելիքները, այն նաև ձգտում էր խորացնել միջմշակութային փոխըմբռնումը և ամրապնդել կապերը տարբեր մշակույթների ու ազգերի միջև՝ նպաստելով փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը։ Պիտի նշեմ, որ շատ հաջողված, հրաշալի ծրագիր էր՝ կրթական փոխանակումներով։

Ներկայացնում եմ «Ուրբագծեր» նախագծի թարմացված տարբերակը՝ նոր հավելումներով, հղումներով։

Ճամբարի օրակարգի անբաժանելի մասն էին կազմում ռազմամարզական պարապմունքները, որոնք անցկացնում էր հրամանատար ընկեր Վահրամը։ Դասընթացների ընթացքում սովորողները կատարելագործեցին իրենց հմտությունները շարային կեցվածքի ընդունման, շարային քայլքի և այլ նախնական զինվորական պատրաստության վարժանքներում։ Անդրադարձ եղավ նաև զինվորական կոչումներին։ Այս ամենը, բացի պատրաստվածության մակարդակի բարձրացումից, նպատակաուղղված էր նաև արատեսյան ռազմամարզական ճամբարների նախապատրաստմանը, որոնք անցկացվելու են ամառվա կեսերին։

Կարևորելով ազգագրական-հայրենասիրական դերը սերնդի դաստիարակման գործում՝ չեմ կարող պարզապես չնշել ընկեր Համազասպի հետ մեր ունեցած պարի դասերը, որոնք հիմնականում կենտրոնացած էին ռազմապարերի շուրջ։ Վստահորեն, դրանք ավելի տոկուն և ամուր դարձրեցին մեզ, ինչպես նաև՝ ավելի հայրենասեր։

Արտաճամբարային զբաղմունքներից կառանձնացնեմ մաֆիայի, լրտեսի և այլ ինտելեկտուալ-տակտիկական խաղերը, որոնք պարբերաբար խաղում էինք ջոկատով ազատ ժամանակ։

Այսպիսով, շատ հետաքրքիր, հագեցած, բազմաբովանդակ ճամբար ունեցանք, ինչի բարձր մակարդակով կազմակերպման համար շնորհակալ ենք Սամվել Թամազյանին։ Ափսոս, ուղղակի, որ շատ շուտ անցավ, դեռ այնքան նախագծեր պիտի կյանքի կոչվեին։ Բայց ոչինչ, առջևում դեռ 2025-26 ուսումնական (դժբախտաբար մեր վերջին) տարին է։ Մնաք բարով…