Հակիրճ նախագծի մասին
«Ուրբագծեր» ուսումնական նախագիծը նախատեսված է ավագ դպրոցի սովորողների համար և ուղղված է Հայաստանի քաղաքների և քաղաքամերձ բնակավայրերի քաղաքային միջավայրի և թաղային կյանքի ուսումնասիրությանը։ Նախագիծը ներառում է մշակութային, սոցիալական և տարածքային դիտարկումներ՝ սովորողների կողմից որպես հետազոտող-պատմողներ։ Սովորողները կձևակերպեն և կներկայացնեն իրենց պատկերացումները և զգացումները քաղաքային թաղամասերի մասին՝ պատմությունների, լուսանկարների, ձայնագրությունների, հարցազրույցների, տեսանյութերի և քարտեզների միջոցով։
Ընդհանուր տեղեկություններ վարչական շրջանի մասին
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը Ռոմիկ Մխիթարյանն է։
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն ընդհանուր սահմաններ ունի Աջափնյակ, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների հետ:
- Համայնքի տարածքի մեջ են մտնում Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի և նրան կից տնտեսությունների հողատարածքները, Երևանից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածը։
- Արտաքին սահմանագծով հարում է Արարատի և Արմավիրի մարզերին:
- Զբաղեցնում է 2516 հա տարածք։
- 2022թ. տվյալներով շրջանում ապրում է 141,700 մարդ։
- Թաղամասում շահագործվում են 589 բազմաբնակարան շենքեր։
- Ընդհանուր թվով առկա է 6930 բնակելի տուն։
Իմ թաղամասը
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի A2 միկրոշրջանը, որը տեղակայված է Երևանի հյուսիս-արևմտյան հատվածում, սահմանափակվում է Գուսան Շերամի, Տիչինայի, Օհանովի (Օգանովի) և Զորավար Անդրանիկի փողոցներով։ Մասնավորապես, դիտարկվող բնակելի տարածքն անմիջականորեն հարում է Շերամի և Զորավար Անդրանիկի փողոցներին՝ ներառելով նաև դրանց երկրորդական փողոցային ցանցը (նրբանցքները, անցուղիները)։ Իմ բնակավայրն ընկնում է Զորավար Անդրանիկի թաղամասի տարածքում (նախկինում Հարավարևմտյան թաղամաս (ՀԱԹ)):

A2 միկրոշրջանում գտնվում են հետևյալ ենթակառուցվածքները.
- 30+ բազմաբնակարան շենքեր՝ Երևանյան, Վրացական, Բադալյան, Չեխական և այլ ճարտարապետական պրոյեկտներով,
- Սիամանթոյի անվան թիվ 162 միջնակարգ դպրոցը և «ԵՐԵՎԱԿ» կրթահամալիրը,
- Թիվ 90 և թիվ 86 մսուր-մանկապարտեզները,
- Թաղամասով է անցնում Ստորին Հրազդանի ջրանցքը, որն այնուհետև հոսում է Արմավիրի մարզով (հարկ է նշել, որ այն ոչ բարվոք վիճակում է գտնվում),
- Վերջին տարիներին կառուցվել է «Հյուսիս-հարավ» ռազմավարական նշանակություն ունեցող ավտոճանապարհը,
- Մայրության զբոսայգին՝ խոշորներից, 5 այգիներ միջին չափի՝ համապատասխան մարզասարքերով, սիրողական ֆուտբոլի մարզադաշտերով՝ որոշները ռետինե ծածկույթով պատված, նստարաններով, զրուցարաններով, ցայտաղբյուրներով և այլն,
- «Բորա» հյուրանոցային համալիրը՝ Տիչինային հարող փողոցում,
- Երեք խոշոր սուպերմարկետներ, փոքր մանրածախ կրպակներ, հացատուններ, արագ ուտեստի կենտրոններ, վարսավիրանոցներ, զվարճանքի կենտրոններ և այլն։
Ի՞նչից ենք մենք տեղյակ
1. Փողոցներ
Գուսան Շերամի փողոցը գտնվում է Մալաթիա-Սեբաստիայի կողքին և գտնվում է Հայաստանում։ Գուսան Շերամի փողոցի երկարությունը 1.53 կիլոմետր է, սակայն այն տեղ-տեղ բաժանված է առանձին ճանապարհների՝ համապատասխանաբար 1, 2, 3 հատվածների։
Փողոցի անվանումը. Գրիգոր Կարապետի Թալյանը, առավել հայտնի Շերամ գրական անունով (1857-1938), եղել է նշանավոր հայ գուսան-երգահան և ժամանակակից գուսանական երգարվեստի հիմնադիրներից մեկը։ Ժողովրդի կողմից սիրված ու «ուստա Գոքոր» անվանումը ստացած երգահանը 1936 թվականից դարձել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Նրա «մետաքսանման» երգերը բարձր են գնահատվել բանաստեղծ Հ. Հովհաննիսյանի կողմից, ով նրան անվանել է աշուղ Շերամ։
Տիչինա փողոցը գտնվում է Լուկաշինի կողքին և գտնվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում: Տիչինա փողոցի երկարությունը 3.53 կիլոմետր է:
Փողոցի անվանումը. Պավել (Պավլո) Գրիգորևիչ Տիչինան (1891-1967) եղել է ականավոր ուկրաինացի խորհրդային բանաստեղծ, պետական և հասարակական գործիչ։ Նա 1929 թվականին դարձել է Ուկրաինական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, իսկ 1967 թվականին արժանացել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման։ Տիչինան իր մեծ ներդրումն է ունեցել ուկրաինական գրականության զարգացման գործում:
Օհանով փողոցը գտնվում է Շահումյանի շրջանի կողքին և գտնվում է Երևանում։ Օհանով փողոցի երկարությունը 1.05 կիլոմետր է։
Փողոցի անվանումը. Սերգեյ Անդրեյի (Մամբրեի) Օգանովը (1921-1941) եղել է խորհրդային լեյտենանտ, որը հետմահու՝ 1943 թվականի փետրվարի 22-ին, արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Նա իր կյանքի կարճ ժամանակահատվածում ցուցաբերել է խիզախություն և արիություն հայրենական մեծ պատերազմի դաշտում։ Օգանովի անունը հավերժացվել է որպես հերոսի և հայրենիքի պաշտպանի խորհրդանիշ։
Երևանի քաղաքային խորհրդի 1982 թվականի փետրվարի 3-ի N 3/16 որոշմամբ Երևանի նորակառույց Շահումյանի շրջանի հարավարևմտյան թաղամասի նախագծային 15Ա և 16 փողոցները, որպես մեկ փողոց, անվանակոչվել են Սերգեյ Օգանովի անունով՝ սկսվելով Շերամի փողոցից և հասնելով մինչև անասնապահական ֆերմաներ։ Այս փողոցի շուրջ հետագայում ձևավորվել են Ա1, Ա2 և Ա3 միկրոշրջանները, որոնք ներկայումս կազմում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մաս։ Ուշագրավ է, որ փողոցը կոչվել է Օգանովի, այլ ոչ թե՝ Օհանովի անունով։
Զորավար Անդրանիկի փողոցը գտնվում է Շահումյանի շրջանի կողքին և գտնվում է Երևանում, Հայաստան։ Զորավար Անդրանիկի փողոցի երկարությունը 1.11 կիլոմետր է։
Փողոցի անվանումը. Անդրանիկ Թորոսի Օզանյանը (1865-1927), առավել հայտնի Զորավար Անդրանիկ անունով, եղել է նշանավոր հայ զորահրամանատար, պետական գործիչ և ֆիդայապետ, ով առանցքային դեր է խաղացել հայ ազատագրական շարժման մեջ։ Նա ակտիվորեն մասնակցել է Արևմտյան Հայաստանի բնակավայրերի պաշտպանությանը, իսկ 1912-1913 թվականներին Գարեգին Նժդեհի հետ գլխավորել է հայ կամավորական վաշտը Առաջին Բալկանյան պատերազմում՝ ցուցաբերելով բարձր մարտունակություն։ Զորավար Անդրանիկի անունը խորհրդանշում է հայ ժողովրդի ազատագրական պայքարի անձնվեր նվիրումն ու հերոսությունը։
2. Բազմաբնակարան շենքեր
Անշուշտ, դժվար է ասել նախագծման և կառուցման ստույգ տարեթվերը, սակայն ձեռքի տակ եղած տեղեկությունները փաստում են, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենքերի կառուցումն հիմնականում իրականացվել է խորհրդային տարիներին, մասնավորապես՝ 1960-ականներից մինչև 1980-ական թվականները (ՀԽՍՀ Կենտկոմի առաջին քարտուղարներ Յակով Զարոբյանի, Անտոն Քոչինյանի և Կարեն Դեմիրճյանի օրոք)։ Այդ ժամանակահատվածում Երևանում ծավալվել է լայնածավալ քաղաքաշինական ծրագիր, որի շրջանակներում կառուցվել են բազմաթիվ բազմաբնակարան շենքեր՝ բնակարանային խնդիրը լուծելու նպատակով։
Յուրաքանչյուր բազմաբնակարան շենք ունի իր տնտեսական և էներգետիկ համակարգը. խողովակաշարերով սնուցվում է ջուր, մատակարարվում է էլեկտրաներգիա, գազ և այլն։ Համաձայն բնակիչների կարծիքների՝ ցայտաղբյուրների մեծ մասը, որոնք տեղադրվել են 10-25 տարիների միջակայքում, հիմնականում սնուցվում են Ապարանի և Հրազդանի ջրամբարներից։ Բնակիչները պնդում են, որ վերջինի ջուրն ավելի առողջարար է և հաճելի։
Վարչական շրջանի ղեկավարության ջանքերով այժմ թաղամասում իրականացվում են մի շարք բարեկարգման աշխատանքներ, որոնք ներառում են ֆուտբոլի դաշտերի վերանորոգումը, մարզասարքերի թարմացումը, նստարանների փոխարինումը, կանաչապատման և սալիկապատման աշխատանքները, շքամուտքերի տեսքի բարելավումը և այլ նմանատիպ ծրագրեր։