Ս. թ. նոյեմբերի 20-ին, ժամը 17:00-ին, Սեբաստացի կենտրոնում հրավիրվեց կրթահամալիրի կառավարման խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էին խորհրդի անդամները (թվով՝ 12 հոգի), կրթահամալիրի տնօրենն ու փոխտնօրենը, մասնաճյուղ-դպրոցների, քոլեջի, Մանկավարժության լաբորատորիայի, արհեստակցական կազմակերպության ղեկավարները, գլխավոր հաշվապահը և այլ անձինք։

Օրակարգում էին՝

Օրակարգում ընդգրկված հարցերը ներկայացրեց կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Բլեյանը։ Սկզբում ներկայացվեցին ընդունելության միասնական հարթակի միջոցով կրթահամալիր ընդունված, ֆիզարձակուրդից վերադարձած, ինչպես նաև անհատական նախաձեռնությամբ ազատված (պայմանագիրը լուծած) աշխատող-դասավանդողները։ Հանդիպմանը ներկա դասավանդողներից ոմանք հանդես եկան ելույթներով։

Այնուհետև տնօրենը ներկայացրեց կրթահամալիրի 2025թ. դրամական մուտքերի և ծախսերի նախահաշվի կատարման մասին տեղեկանքը. նշվեցին սույն թվականին տեղի ունեցած (շարունակվող) շինբարելավման աշխատանքները, ինչպես նաև ձեռք բերված միջոցները։

Հարկ է նշել, որ շինբարելավման աշխատանքներ են տարվել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բոլոր յոթ մասնաճյուղերում առանց բացառության, ինչը խոսում է հեղինակային ծրագրի ամբողջական իրացման նպատակով թե՛ դասավանդողի, թե՛ սովորողի համար հարմարավետ կրթական-ֆիզիկական միջավայրի ստեղծմանն ուղղված ջանքերի մասին։ Համաձայն տնօրենի հաղորդման՝ աշխատանքներն ի կատար են ածվել ոչ բյուջետային գումարների հաշվին, մեծ ներդրում է ունեցել ծնողական համայնքի աջակցությունը։ Այս համատեքստում պետությունը ևս կրթահամալիրին հատկացրել է կրթական օբյեկտների հիմնանորոգման գումարներ։

Հաջորդիվ տնօրենը խորհրդին ներկայացրեց նախորդ ուսումնական շրջանում Սուբսիդիայի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին առաջարկը։

Կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Բլեյանը խորհրդին տեղեկացրեց, որ վերջին տարիներին բոլոր յոթ կրթական հաստատություններում նորացվել են Wi-Fi ինտերնետային սարքավորումները։

Օրակարգային հաջորդ կետը կրթահամալիրում ձևավորվող աջակցության կենտրոններն էին, որոնց մասին առավել մանրամասն խոսվել և ներկայացվել է հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին կառավարման խորհրդի կողմից հրավիրված սեբաստացի համայնքի հավաքների հանդիպումների շրջանակներում։ Նշենք, որ այժմ գործում է երեք աջակցության կենտրոն՝ 1) պետական ֆինանսավորման, 2) նոր կանոնադրության, 3) կրթական պարտեզ բնակելի արվարձանում ծրագրի։ Կենտրոններին կարող են անդամակցել ինչպես բարեկամ-գործընկերները, այնպես էլ մասնագետ-ծնողները, ուսանողներն ու սովորողները։ Խորհուրդը համաձայնեց, որ վերջին անգամ (2017թ.) փոփոխության ենթարկված կրթահամալիրի կանոնադրությունը, ժամանակակից կրթական պահանջներից ու պայմաններից ելնելով, նոր փոփոխությունների է ենթակա։

Խորհրդի նիստի վերջում իմ բանավոր առաջարկները ներկայացրի կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանին։ Թվարկվում են ստորև՝

  • Ընդունելության միասնական հարթակով կրթական հաստատություն ընդունված դասավանդողներին նրանց մասնագիտական շրջանակով հանդերձ ներկայացնել նաև ընդհանուր պարապմունքների, դասաժամերի ընթացքում՝ դասավանդող-սովորող, դպրոց-սովորող կապն ամրապնդելու համար։
  • Խորացնել հարաբերությունները երևանյան կրթական հաստատությունների հետ։ Համագործակցության ոլորտները կարող են ներառել համատեղ նախաձեռնություններ, փառատոններ, մրցաշարեր, սեմինար-դասընթացներ և այլն։ Նախորդող ժամանակահատվածում այցովս պայմանավորված՝ հատկապես կենտրոնացա Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 հիմնական դպրոցի վրա։
  • Ձգտելով ամբողջապես օգտագործել հեղինակային կրթական ծրագրի ընձեռած հնարավորությունները, նպատակ ունենալով զարգացնել այն, ձևավորել կրթական համայնքի (այս համատեքստում՝ սովորողների) շրջանում փոխըմբռնում և կայուն փոխգործակցություն՝ հանուն համընդհանուր բարգավաճման, իրագործել կրթահամալիրի կանոնադրական պահանջները՝ ստեղծել հատուկ աշխատակարգ ունեցող խումբ՝ կառավարման խորհրդում ընդգրկված սովորող-ուսանողների գլխավորությամբ։

Վերոնշյալ առաջարկները գտնվում են քննարկման, խմբագրման փուլում։

Նիստի արձանագրությունը՝ քարտուղար Լիլիթ Սահակյանի
Կառավարման խորհրդի բլոգը՝ այստեղ

© Դավիթ Մուրադյան 20.11.2025