Ծաղկավոր բույսեր, բույսերի ամենակատարելագործված և գերիշխող տիպը արդի երկրաբանական ժամանակաշրջանում։ Տարածված են ամենուրեք, բացառությամբ մամռատունդրաների և մերկասերմ անտառների։ Ունեն իսկական ծաղիկ, որի մեգասպորոֆիլը վեր է ածվել պտղաթերթիկների։ Վերջիններս եզրերից աճելով առաջացնում են փակ խոռոչ, որի ներսում զարգանում են սերմնաբողբոջները։ Ծածկասերմերին բնորոշ է կրկնակի բեղմնավորումը։ Հայտնի է մոտ 250 000 տեսակ, տարածված ամենուրեք, հատկապես խոնավ արևադարձային շրջաններում։

Դրանք կենդանի էակների գոյության հիմքն են և կարևոր դեր են խաղում մթնոլորտի գազային ռեժիմի կարգավորման, հողի քիմիզմի, երկրի մակերևույթի ռելիեֆի ձևավորման, քարածխի առաջացման գործընթացներում։ Ծաղկավոր բույսերի նշանակությունը շատ մեծ է մարդու տնտեսական կյանքում, տասնյակ հազար տեսակներ կիրառվում են գյուղատնտեսության և արդյունաբերության տարբեր բնագավառներում, երկրի ժողովրդական տնտեսության զարգացման հիմնական ֆոնդերից են։
Ծաղիկն առաջինն է ի հայտ գալիս այս տիպի բույսերում և ապահովում խաչաձև փոշոտումը։ Ծաղկավոր բույսերին բնորոշ է կրկնակի բեղմնավորումը, տրիպլոիդ էնդոսպերմը։ Ծաղկավոր բույսերի առանձնահատկություններից է վարսանդի առկայությունը, որն առաջացել է ծայրերով միաձուլված մեկ կամ մի քանի պտղատերևներից, որոնց ներսում զարգանում են սերմնասկզբնակները։ Բեղմնավորումից հետո սերմնարանը վեր է ածվում պտղի, իսկ սերմնասկզբնակը՝ սերմի։ Այսպիսով, սաղմը և սերմը զարգանում են սերմնարանի և պտղի պաշտպանության ներքո։ Այստեղից՝ «ծածկասերմեր» անվանումը։ Վարսանդի առաջացման հետ սերմնասկզբնակի կառուցվածքն ավելի է պարզացել, փոքրացել են չափերը, նվազել է ինտեգումենտների թիվը, իսկ սերմնասկզբնակների թիվն աճելով՝ երբեմն կարող է հասնել մի քանի տասնյակ հազարի։
Ծաղկավոր բույսերի առաջացում
Ծաղկավոր բույսերի առաջացման ճշգրիտ ժամանակը պարզված չէ, սակայն դրանց հետքերն ու մնացորդները փոշեհատիկի, բնափայտի, տերևների ձևով հայտնաբերվել են դեռևս յուրայի շրջանի նստվածքներում։ Ծաղկավոր բույսերը լայնորեն տարածվել են կավճի շրջանում, ըստ որում, կարճ ժամանակում իշխել են Երկրի բուսական ծածկույթում։

Միխայիլ Գոլենկինը այդ բույսերի հանկարծակի առաջացումը բացատրում էր կոսմոգեն պատճառներով։ Կավճի միջին շրջանում Երկիրը ծածկող խիտ ամպերը ցրվել են, և արևի ճառագայթները հասել են մեր մոլորակի մակերևույթին, որի հետ կապված փոփոխվել են լույսի ռեժիմը, օդի խոնավությունն ու չորությունը։ Ծաղկավոր բույսերն էվոլյուցիոն առումով լինելով ավելի պլաստիկ և ձեռք բերելով հարմարվողական նոր հատկանիշներ՝ սկսել են արագ տարածվել ամբողջ երկրագնդում։

Ծաղկավոր բույսերի առաջացման վայրի մասին եղել են տարբեր տեսություններ, վարկածներ (Չարլզ Դարվին, Ա. Դրեյ, Դ. Հալիր)։ Ակադեմիկոս Արմեն Թախտաջյանը գտնում էր, որ ծաղկավոր բույսերի հաղթանակի հիմնական գաղտնիքը նրանց կենսաբանական առանձնահատկությունների ու էվոլյուցիոն պլաստիկության և, ամենակարևորը, ծածկասերմ լինելու մեջ է։ Նա կարծում էր, որ ծաղկավոր բույսերը զարգացել են արևադարձային գոտու լեռներում (1000-1500 մ), որտեղից և սկսել են տարածվել դեպի բարեխառն երկրներն ու հյուսիս։
Ծաղկավոր բույսերի նախնիները դեռևս հայտնաբերված չեն, սակայն ստրոբիլային տեսության հեղինակների մեծ մասն այն կարծիքին է, որ դրանք եղել են բենետիտների տիպի մերկասերմ բույսեր։ Սակայն ծաղկավոր բույսերը չէին կարող անմիջապես առաջանալ բենետիտներից, քանի որ դրանց պտղաթերթիկներն ավելի պարզ կառուցվածք ունեն։ Հավանաբար նախնիները եղել են բենետիտների մեռած, միջանկյալ ձևերը կամ մերկասերմերը։

Ծաղկավոր բույսեր
Ծաղկավոր բույսերը կամ ծածկասերմերը կազմում են բույսերի ամենամեծ բաժինը. նրանց բազմացման օրգանը ծաղիկն է: Երկրագնդի ժամանակակից բուսածածկույթում ծաղկավոր բույսերը գերիշխում են. հայտնի է նրանց մոտ 450 ընտանիքի (ամենախոշորներն են բարդածաղկավորները, խոլորձազգիները, ընդավորները, հացազգիները) 12,5 հզ. տեսակ:
ԾաղիկԾաղիկը ծաղկավոր բույսերի բազմացման օրգանն է:Տիպիկ ծաղիկը կազմված է բաժակից, պսակից, առէջքներից ու վարսանդներից: Ծաղկի բաժակը գոյանում է հիմնականում կանաչ բաժակաթերթիկներով և կատարում է պաշտպանական գործառույթ մինչև ծաղկելը (կոկոնի փուլում): Կան առանձնացված և միաձուլված ծաղկաթերթիկներով ծաղիկներ: Պսակը պսակաթերթիկների ամբողջությունն է, որը նույնպես կարող է լինել ազատ կամ միաձուլված, տարբեր գույների, որով գրավում են միջատներին և դրանով նպաստում փոշոտմանը:Ձևերի բազմազանությամբ, տարբեր չափերով և գույներով պսակը գերազանցում է ծաղկի մյուս մասերին: Հաճախ բաժակը և պսակը կոչում են ծաղկապատյան: Որոշ ծաղկավոր բույսերի (ուռենի, կեչի, հացենի) ծաղիկները ծաղկապատյան չունեն:Ծաղկի կենտրոնում գտնվում է ծաղկի իգական մասը՝ վարսանդը (գինեցեյ): Այն գոյանում է պտղաթերթիկներից, որոնք տեսակափոխված տերևներ են և իրենց մեջ ներառում են մեկ կամ մի քանի սերմնասաղմ, որոնցից էլ հետագայում զարգանում են սերմերը:Ծաղիկների մեծամասնության վարսանդի ստորին մասը կոչում են սերմնարան, որը պարունակում է սերմնասաղմեր, վերին մասը՝ սպի, որը որսում է ծաղկափոշին և նպաստում ծաղկի բողբոջմանը (ծլում): Հաճախ սպին ու սերմնարանը շատ կարճ կամ երկարացած սռնակով են: Պսակի ներսում գտնվում է նաև ծաղկի արական մասը՝ առէջքը (անդրոցեյ): Ծաղկավոր բույսերի մեծ մասի ծաղիկներն ունեն հատուկ արտազատիչ օրգաններ՝ նեկտարանոցներ, որոնց արտադրած շաքարային հեղուկը գրավում է միջատներին և այդպիսով նպաստում փոշոտմանը:Եթե ծաղիկը մի քանի ուղղաձիգ հարթություններով բաժանվում է համաչափ մասերի, ապա նրան անվանում են կանոնավոր կամ ակտինոմորֆ (օրինակ՝ խնձորենու, շուշանի), իսկ եթե 2 համաչափ մասերի բաժանվում է միայն մեկ ուղղությամբ, անվանում են անկանոն կամ զիգոմորֆ (օրինակ՝ ոլոռի, շանբերանի), հանդիպում են նաև անհամաչափ ծաղիկներ (օրինակ՝ կանդի). դրանք հնարավոր չէ համաչափության առանցքով մասերի բաժանել: Ծաղիկները լինում են երկսեռ, երբ միաժամանակ նրանում առկա են առէջքներն ու վարսանդը, և միասեռ` երբ առկա է դրանցից մեկը:Միատուն բույսերում միասեռ ծաղիկները միևնույն բույսի (օրինակ` կաղնու) վրա են, իսկ երկտուն բույսերի (օրինակ՝ կանեփի) իգական և արական ծաղիկները տարբեր անհատների վրա են:Ծաղիկների պահպանման տևողությունը խիստ տարբեր է. ամերիկյան ջրաշուշանինը 20–30 րոպե է, արևադարձային որոշ խոլորձներինը՝ 70–80 օր (եթե փոշոտում տեղի չի ունեցել):Ծաղկավոր բույսերի ամենահիմնական հատկանիշը պտղի առկայությունն է, և, ի տարբերություն մերկասերմ բույսերի, նրանց սերմերը պարփակված են պտղի մեջ (այստեղից՝ 2-րդ՝ ծածկասերմեր անվանումը): Մեծամասնությանը բնորոշ է անոթների առկայությունը:Ծաղկավոր բույսերի բացառիկ հատկանիշը կրկնակի բեղմնավորման ունակությունն է: Ծաղկավոր բույսերը լինում են միաշաքիլավոր և երկշաքիլավոր:Միաշաքիլավորներն ունեն միաշաքիլ սաղմ, գլխավոր արմատի փոխարեն` զարգացած հավելյալ արմատներ, ինչպես նաև տերևների զուգահեռ կամ աղեղնային ջղավորություն: Միաշաքիլավորների փոխադրող խրձերը սովորաբար անկանոն են դասավորված, փակ են, արմատը և ցողունը` գոյացնող հյուսվածքից (կամբիում) զուրկ, որի հետևանքով ցողունը և արմատը հիմնականում հաստությամբ չեն աճում: Միաշաքիլավորները կազմում են մարգագետինների, տափաստանների, սավաննաների խոտածածկի նշանակալի մասը: Միաշաքիլավորներ են նաև հացահատիկային բույսերը, շաքարեղեգը, արմավենիները, սիզախոտը, շյուղախոտը, վարդակակաչը, շուշանը, որոշ թելատու բույսեր, դեղաբույսեր:Երկշաքիլավորներն ունեն երկշաքիլ սաղմ, ջուր և սննդանյութ փոխադրող խրձերը տեղադրված են օղակաձև, իսկ բնափայտի և նրբակեղևի (լուբ) միջև առկա է գոյացնող հյուսվածքը: Երկշաքիլավորներ են պտղատու և հատապտղատու մշակաբույսերը, յուղատու, թելատու, կաուչուկատու, գեղազարդիչ և այլ բույսեր:Ծաղկավոր բույսերի մեծամասնությունն ինքնասուն է (օրգանական նյութերը ստեղծում են իրենք՝ լուսասինթեզի միջոցով), սակայն կան նաև գիշատիչներ, որոնք սնվում են կենդանական սննդով: Աշխարհում հայտնի է նաև մակաբույծ և կիսամակաբույծ ծաղկավոր բույսերի 500 տեսակ:Ծաղկավոր բույսերն աճում են կլիմայական բոլոր գոտիներում և տարբեր էկոլոգիական պայմաններում. նրանք լայնորեն տարածվել են կավճի դարաշրջանի կեսերից սկսած՝ 125 մլն տարի առաջ:
