
Կյանք մը որ տակավին իր ամբողջ շրջափոխությունները չէ կատարած և իր գործունեության ամենեն եռանդուն փուլին մեջ կը գտնվի, կարելի չէ լիակատար կերպով ներկայացնել և նույնիսկ անխոհեմ հանդգնություն մըն է այդպիսի կյանքի մը վրա դատաստան կտրել կամ կարծիք հայտնելը։
Կյանքը, որ իր շրջափոխությունները տակավին ամբողջությամբ չի կատարել և իր գործունեության ամենաեռանդուն փուլի մեջ է գտնվում, չի կարելի լիակատար կերպով ներկայացնել և նույնիսկ անխոհեմ հանդգնություն է այդպիսի կյանքի վրա դատաստան կտրելը կամ կարծիք հայտնելը։
——————————————————————————————
Ուստի ապագա կենսագիրներու թողլով ընկեր Փանջունիի վարքն ու արարքները իրենց ամբողջությամբը ներկայացնելու այնքա՜ն դժվար որքան անհրաժեշտ աշխատությունը, ես պիտի գոհանամ կցկտուր ծանոթություններ տալով միայն ընկերվարական նամականիի հերոսին վրա, պարզապես նյութեր՝ ապագա կենսագիրներու գործը դյուրացնելու նպատակով, և կամ սանկ ըսեմ՝ ատաղձներ այն հիշատակարանին համար զոր երախտագետ հայությունը օր մը պիտի կանգնե իր հերոսներուն ի պատիվ։
Ուստի ապագա կենսագիրներին թողնելով ընկեր Փանջունիի վարքն ու արարքները իրենց ամբողջությամբ ներկայացնելու, այնքա՜ն դժվար, որքան անհրաժեշտ աշխատությունը, ես պիտի գոհ լինեմ կցկտուր ծանոթություններ տալով միայն ընկերական նամականիի հերոսին, պարզապես նյութեր՝ ապագա կենսագիրների գործը դյուրացնելու նպատակով, և կամ այսպես կասեմ՝ ատաղձներ այն հիշատակարանի համար, որը երախտագետ հայությունը մի օր պիտի կանգնի ի պատիվ իր հերոսներին։
——————————————————————————————
Ընկեր Փանջունի կրտսեր զավակն է տրապիզոնցի ընտանիքի մը ու ծնած է 1875-ին։ Մայրը տղաբերքի հետևանքով մեռած է, առանց կարենալ սնուցանելու իր երախան զոր մեծցուցած են այծի կաթով։ Ուրիշ կենսագիր մը գուցե հետևություններ հանել փորձեր այս աննշան դիպված են՝ ընկեր Փանջունիի ունայնամտությունն ու թեթևությունը վերագրելով իր առած այդ նախնական սնունդին։ Ես, ինչպես ըսի, չեմ ուզեր ոևէ դատաստան ընել, այլ կը բավականանամ իրողությունները արձանագրելով։
Տրապիզոնցի ընտանիքում 1875-ին ծնվածը ընկեր Փանջունիի կրտսեր զավակն է։ Մայրը տղաբերքի հետևանքով մահացել է, առանց կարողանալու կերակրել իր երեխային, որը մեծացել է այծի կաթով։ Ուրիշ կենսագիր գուցե հետևություններ անել կփորձեր այս աննշան դիպվածներում՝ ընկեր Փանջունիի ունայնամտությունն ու թեթևությունը վերագրելով իր առած այդ նախնական սնունդին։ Ես, ինչպես ասեցի, չեմ ուզում որևէ դատաստան անել, այլ կբավարարվեմ իրողությունները արձանագրելով։
——————————————————————————————
Փանջունի շատ ուշ լեզու ելած է, բայց անգամ մը խոսիլ սկսելե ետքը, ա՛լ բերանը դյուրավ չէ գոցած։ Քանի կը մեծնար, այնքա՜ն կ’աճեր իր խոսելու կատաղությունը, այն աստիճան որ խե՜ղճ հայրը ստիպվեցավ բժիշկի դիմել այդ անսովոր երևույթին դարման մը գտնելու համար։ Բժիշկը քննեց տղան, լեզուն նայեցավ, կոկորդը նայեցավ, աչքերուն նայեցավ և վճռաբար ըսավ հորը.

Փանջունին շատ ուշ է սկսել խոսել, բայց նույնիսկ սկսել է խոսել, միայն բերանը դյուրությամբ չի բացել։ Ինչքան կմեծանար, այնքան կաճեր իր խոսելու կատաղությունը, այն աստիճան, որ խեղճ հայրը ստիպված կլիներ բժշկի դիմել այդ անսովոր երևույթին լուծում գտնելու համար։ Բժիշկը քննեց տղային, լեզվին նայեց, կոկորդին նայեց, աչքերին նայեց և վճռաբար ասաց հորը․
——————————————————————————————
— Ճար ու դարման չկա, այս տղան միշտ պիտի խոսի։
— Բայց տանը մեջ ա՛լ դիմացվելիք բան չէ։
— Բամպակ թխեցեք ականջնիդ, այս է միակ միջոցը,— պատասխանեց բժիշկը։ Հակառակ իր խոսելու մարմաջին՝ փոքրիկն Փանջունի հաճախ սխալ կը գործածեր բառերը, բոլորովին աղավաղելով անոնց նշանակությունը։ Օր մը սեղանի մը վրա դրված արժեքավոր անոթ մը կ’առնե ու գետին նետելով ջարդ ու փշուր կ’ընե։ Հայրը, իրիկունը գործեն վերադարձին, կը տեսնե եղածը և տղան կանչելով ու անոթին կտորտանքները ցույց տալով կը գոչե.
— Ելք ու լուծում չկա, այս տղան միշտ պիտի խոսի։
— Բայց տանը չի դիմանում։
— Բամբակ դրեք ձեր ականջներին, սա է միակ միջոցը, — պատասխանեց բժիշկը։ Հակառակ իր խոսելու մարմաջին՝ փոքրիկն Փանջունին հաճախ սխալ էր գործածում բառերը, բոլորովին աղավաղելով նրանց նշանակությունը։ Մի օր սեղանի վրա դրված մի անոթը առնում է ու գետին նետելով ջարդ ու փշուր է անում։ Հայրը, երեկոյան գործից վերադառնում է, տեսնում է եղածը և տղային կանչելով ու անոթի բեկորները ցույց տալով գոչում է․
——————————————————————————————
— Ծո՛, ի՞նչ ես ըրեր անոթը։
— Շինեցի, հայրի՛կ,— կը պատասխանե փոքրիկ Փանջունի միամիտ համոզումով մը։
— Ծո ի՜նչ շինել, կոտրեր ես, շա՛ն զավակ։
— Չէ՛, հայրիկ, շինեցի,— կը պնդե տղան։
— Ծո՛, ի՞նչ ես արել անոթը։
— Շինեցի, հայրի՛կ, — պատասխանում է փոքրիկ Փանջունին միամիտ հայացքով։
—Ծո՛, ի՞նչն ես շինել, կոտրել ես, շա՛ն զավակ։
—Չէ՛, հայրիկ, շինեցի, — պնդում է տղան։
——————————————————————————————
Ի զո՜ւր հայրը երկար– բարակ կը բացատրե թե՝ երբ առարկա մը գետին նետելով կտոր-կտոր կ’ընենք, այդ գործողությունը շինել բառով չի բացատրվիր այլ կոտրել։ Անկարելի եղավ բառագիտական այդ նրբությունը հասկցնել Փանջունիի, որ շարունակեց տանը մեջ գտնված գավաթները, պնակները, շիշերը կոտրտել և ամեն անգամ որ «Ի՞նչ կ’ընես կոր» ըսելով զինքը կը հանդիմանեին, անդրդվելի ու անխռով կը պատասխաներ.

— Կը շինեմ կոր։
Իզու՛ր հայրը երկար-բարակ բացատրեց, թե՝ երբ առարկան գետին նետելով կտոր-կտոր է լինում, այդ գործողությունները շինել բառով չի բացատրվում, այլ՝ կոտրել։ Անկարելի եղավ բառագիտական այդ նրբությունը Փանջունիին հասկացնելը, ով շարունակեց տանը եղած գավաթները, պնակները, շշերը կոտրտել և ամեն անգամ «Ի՞նչ արեցիր» հարցին, կհանդիմաներ, անդդրվելի ու անխռով կպատասխաներ։
—Շինեցի, հա՛յր։
——————————————————————————————
Դպրոցին մեջ Փանջունի ընկերներուն հետ վիճելով ու ճառ խոսելով ժամանակ կ’անցըներ, իսկ դասերուն բնավ չէր հետևեր, չհավնելով կա՛մ դասատուին, կա՛մ դասագրքին, կա՛մ դասարանին և կամ տետրակին ու գրչի ծայրին։
Օր մը թվաբանության խնդրի մը մասին վեճ ունեցավ իր դասընկերներեն մեկուն հետ։
Դպրոցում Փանջունիի ժամանակը ընկերների հետ վիճելով ու ճառ խոսելով անցնում էր, իսկ դասերին նա բնավ չէր հետևում, չհավանելով կա՛մ ուսուցչին, կա՛մ դասագիրքը, կա՛մ դասարանը և կա՛մ տետրը ու գրիչի ծայրը։
Մի օր թվաբանության խնդրի մասին վեճ ունեցավ իր դասընկերներից մեկի հետ։
——————————————————————————————
— Հինգ անգամ հինգ՝ քսանըհինգ կ’ընե,— կ’ըսեր ընկերը, որ ողջամիտ տղա մըն էր և որ հետո հարուստ վաշխառու մը եղավ։
— Չէ՛,— կը համառեր Փանջունի,— հինգ անգամ հինգ՝ հիսուն կ’ընե։
— Ո՛չ, քսանըհինգ կ’ընե։
— Հիսուն կ’ընե։
—Հինգ անգամ հինգ անում է քսանհինգ, — ասում էր ընկերը, ով մի ողջամիտ տղա էր ու, որ հետո հարուստ մի տոկոսառու է դառնալու։
—Չէ՛, — համառում էր Փանջունին,— հինգ անգամ հինգ կանի հիսուն։
—Ո՛չ, քսանինգ կանի։
—Հիսու՛ն կանի։
——————————————————————————————
Մյուսը տեսնելով որ դժվար,— ի՜նչ կ’ըսեմ անկարելի,— է խոսք հասկցնել Փանջունիի և չուզելով անօգուտ կռիվի մը տեղի տալ, հաշտարար հոգիով մը պատասխանեց.
— Լա՛վ, ես թո՛ղ այնպես գիտնամ թե՝ քսանըհինգ կ’ընե, դուն ալ այնպես գիտցիր թե՝ հիսուն կ’ընե, ու ա՛լ չխոսինք այդ մասին ու երթանք միատեղ գնդակ խաղանք։
— Չ’ըլլար,— պնդեց Փանջունի,— պետք է որ նախ համոզվիս թե հինգ անգամ հինգ հիսուն կ’ընե։
— Այդ անկարելի է։
— Անպատճառ պետք է որ քեզ համոզեմ,— շարունակեց մեր հերոսը, հետզհետե բորբոքելով։
— Երբեք չեմ կրնար համոզվիլ և դուն ալ երբեք չես կրնար ապացուցանել ըսածդ,— պատասխանեց ապագա վաշխառուն։
— Չեմ կրնար ապացուցանե՜լ, չեմ կրնար ապացուցանե՜լ,— մռնչեց Փանջունի,— ա՛ռ քեզի համոզիչ ապացույց մը։
Մյուսը տեսնելով, որ դժվար է,— ի՜նչ ասեմ անկարելի է,— խոսքը հասկացնել Փանջունիի և չուզելով անօգուտ մի կռվի ընկրկել, հաշտարար հոգով պատասխանեց։
—Լա՛վ, ես կիմանամ, թե քսանհինգ կանի, դու կիմանաս, թե հիսուն կանի, և արի էլ չխոսանք դրա մասին ու գնանք մի տեղ գնդակ խաղանք։
—Չլինի՞ թե,— պնդեց Փանջունին,— պետք է, որ նախ համոզվես, թե հինգ անգամ հինգ հիսուն է անում։
—Դա անկարելի՛ է։
—Անպատճառ պետք է, որ ես քեզ համոզեմ, — շարունակեց մեր հերոսը՝ հետզհետե բորբոքվելով։
—Երբեք չեմ կարող համոզվել և դու էլ երբեք չես կարող ապացուցել ասածդ,— պատասխանեց ապագա տոկոսառուն։
—Չեմ կարող ապացուցե՛լ, չեմ կարող ապացուցե՛լ,—մռնչաց Փանջունին,—ա՛ռ քեզ համոզիչ ապացույց։
——————————————————————————————
Եվ գետնեն քար մը առնելով իջեցուց խոսակցին գլխուն։
Գլուխը վիրավորվեցավ թեթևապես, բայց տղան կրկին համոզում չգոյացուց թե՝ հինգ անգամ հինգ կրնա հիսուն ընել, և լալով գնաց բողոքել վարժապետին։
Վարժապետը իսկույն կանչեց Փանջունին և՝
— Ինչո՞ւ ընկերոջդ գլուխը պատռեցի՞ր,— գոչեց ձայնով մը որով Եհովա ըսած էր Կայենին՝ «Ի՞նչ ըրիր քու եղբորդ»։
— Զինքը համոզելու համար,— պատասխանեց ապագա պրոփականտիսթը հանդիսավորապես։
Հայրը տեսնելով իր զավկին այս տարօրինակ ընթացքը, հաճախ ակռաները կճրտելով կը պոռար.
— Փորձա՜նք պիտի ըլլաս, փորձա՜նք… Խեղճ մարդը կը սխալեր իր լավատեսությանը մեջ։ Փանջունի փորձանք չպիտի ըլլար, այլ հեղափոխական գործիչ։
Եվ գետնից մի քար վերցեց ու իջեցրեց խոսակցի գլխին։
Գլուխը թեթև վիրավորվեց, բայց տղան կրկին չհամոզվեց, որ հինգ անգամ հինգ կարող է անել հիսուն, և լալով գնաց բողոքելու վարժապետին։
Վարժապետը իսկույն կանչեց Փանջունիին և՝
—Ինչու՞ ընկերոջդ գլուխը պատռեցիր, — գոչեց ձայնով, որով Եհովան ասել էր Կայենին՝ «Ի՞նչ արեցիր եղբորդ»։
—Նրան համոզելու համար,— պատասխանեց ապագա պրոպագանդիստը հանդիսավորապես։
Հայրը տեսնելով զավակի նման տարօրինակ երևույթը, հաճախ ատամները կրճտացնելով գոռում էր․
—Փորձա՛նք պիտի լինես, փորձա՛նք․․․ Խեղճ մարդը սխալվում էր իր լավատեսության մեջ։ Փանջունին փորձանք չպիտի լիներ, այլ հեղափոխական գործիչ։