Տասնևյոթը տարեկան պատանի մըն էր Փանջունի երբ իր հայրը կորսնցուց։ Երեց եղբայրը, որ իրմե տասը տարեկան մեծ էր, արդեն իսկ ամուսնացած, տուն-տեղ եղած վաճառական մըն էր, բավական լավ դիրքի տեր։ Իր հոր մահվընեն հազիվ ամիս մը ետքը Փանջունի արդեն գժտված էր անոր հետ և տունը թողած՝ պահանջելով իր ժառանգության բաժինը։ Եղբայրը, առանց դժվարության, անմիջապես հանձնեց 800 ոսկիի մոտ գումար մը, որ Փանջունիի ամբողջ ժառանգությունը կը ներկայացներ։
Փանջունին տասնյոթ տարեկան մի պատանի էր, երբ կորցրեց հայրիկին։ Իր մեծ եղբայրը, ով իրենից տասը տարով մեծ էր, արդեն իսկ ամուսնացած էր, տուն-տեղ ունեցող մի վաճառական էր, բավական լավ դիրքի տեր։ Իր հոր մահից հազիվ մեկ ամիս անցավ, բայց Փանջունին արդեն գժտված էր նրա հետ և տունը թողած՝ պահանջում էր ժառանգության իր բաժինը։ Եղբայրը, առանց դժվարության, անմիջապես հանձնեց 800 ոսկուն մոտ գումար, որը Փանջունիի ամբողջ ժառանգությանն էր հավասարվում։
——————————————————————————————
Մեր պատանին դրամը առնելով Պոլիս եկավ, երեք տարի անձնդյուր կյանք մը վարեց և օր մըն ալ տեսավ որ փարա մը չէ մնացած գրպանը։ Այն ատեն եղբայրասիրական զգացումները արթնցան իր մեջ, գորովալից նամակ մը գրեց Տրապիզոն և իր կարոտակեզ սերը հայտնելով՝ ճամբու ծախք մը ուզեց իր հայրենի երդիքը վերադառնալու համար։
Մեր պատանին դրամը վերցնելով եկավ Պոլիս, երեք տարի փափկակյաց կյանք վարեց և մի օր տեսավ, որ գրպանը փող չի մնացել։ Այդ ժամանակ եղբայրասիրական զգացումները արթնացան նրա մեջ և նա գորովալից մի նամակ գրեց Տրապիզոն, որի մեջ կարոտակեզ սերը հայտնելով՝ ճամփայի ծախսի գումար ուզեց իր հայրենի տուն վերադառնալու համար։
——————————————————————————————

Եղբայրը «Կորուսյալ էր և գտավ»-ի տպավորության տակ՝ իսկույն պետք եղած գումարը ղրկեց Փանջունիի որ երկու շաբաթ ետքը հասավ Տրապիզոն ու ինկավ եղբորը թևերուն մեջ։
Եղբայրը «Կորուսյալ էր և գտավ»-ի տպավորության տակ՝ իսկույն պետք եղած գումարը ուղարկեց Փանջունիին, ով երկու շաբաթում հասավ Տրապիզոն ու ընկավ եղբոր թևերի տակ։
——————————————————————————————
Փանջունի տեսավ որ երեք տարվան միջոցին իր անդրանիկը կրկնապատկած էր հարստությունը և շնորհիվ իր գործունյա աշխատասիրության, քաղաքին մեջ առաջնակարգ դիրք մը գրաված. մյուս կողմե տեսավ նաև որ այդ ժամանակամիջոցին ինք փճացուցած էր ամբողջ իր ժառանգությունը և այսօր փարա մը չկար գրպանը։ Այս երկու տեսողությունները իրարու մոտեցուց, իրար խառնեց, բաղադրեց, քննեց, տարրալուծեց և այդ քիմիական գործողություններեն իր մեջ ծնավ ընկերվարությունը։

Այն ատեն ըմբռնեց թե ի՜նչ դժոխային անարդարություն էր քափիթալիզմը, և թե ի՜նչ հրամայողական պահանջք էր հարստության հավասար բաժանում։ Փանջունի գտած էր իր Դամասկոսի ճամբան. «Եղիցի լույս»–ը հնչած էր իր մտքին մեջ։ Ընկերվարական էր։
Փանջունին տեսավ, որ երեք տարվա ընթացքում իր անդրանիկ եղբոր հարստությունը կրկնապատկվել էր և իր գործունյա աշխատասիրության շնորհիվ, քաղաքում առաջնակարգ դիրք էր գրավում, մյուս կողմն էլ տեսավ, որ այդ ժամանակի ընթացքում նա ծախսել էր իր ամբողջ ժառանգությունը և այսօր գրպանը փող չկար։ Այս երկու տեսողությունները իրար կապելով, իրար խառնեց, բաղադրեց, քննեց, տարրալուծեց և այդ քիմիական գործողությունների մեջ ծնվեց ընկերվարությունը։
Նա արդեն ըմբռնեց, թե ի՜նչ դժոխային անարդարություն էր կապիտալիզմը, և թե ի՜նչ հրամայողական պահանջ էր հարստության հավասար բաժանումը։ Փանջունի գտել էր իր Դամասկոսի ճամփան։ «Եղիցի լույս»–ը հնչեց իր մտքին մեջ։ Ընկերվարական էր։
——————————————————————————————
Ու ա՛լ Տրապիզոնի խաղաղիկ սրճարաններուն մեջ, առտվընե մինչև իրիկուն, կը լսվեր Փանջունիի ձայնը, որ կը գոռար, կ’որոտար ընկերային անիրավությանց դեմ, որ կը սպառնար կործանել, բնաջինջ ընել ամեն բան։ Վեհերոտները սարսափահար մտիկ կ’ընեին իրեն, միամիտները ապշահար կը նայեին այդ անդադար խոսող մարդուն, իսկ խելացիները քիթերնուն տակեն խնդալով՝ կ’երթային իրենց գործին։

Ու Տրապիզոնի բոլոր խաղաղ սրճարաններում, առավոտից մինչև երեկո, լսվում էր Փանջունիի ձայնը, ով գոռում էր, որոտում էր ընկերային անիրավության դեմ, որը սպառնում էր կործանել, բնաջնջել ամեն բան։ Քաջերը սարսափահար աչքով էին անում նրան, միամիտները ապշահար նայում էին այդ անդադար խոսող մարդուն, իսկ խելացիները քթի տակ խնդալով՝ գնում էին իրենց գործին։
——————————————————————————————
Իսկ ա՛ն կը խոսեր, կը խոսեր ու կը խոսեր։
Խեղճ եղբայրը՝ շվարած շլմորած՝ չէր գիտեր ինչպե՜ս ազատիլ այս փորձանքեն։
Վերջապես օր մը ըսավ Փանջունիի.
— Եղբայր, բան մը մտածեցի։
Իսկ նա խոսում էր, խոսում էր ու խոսում։
Խեղճ եղբայրը՝ շվարած, վախեցած, չգիտեր ինչպես ազատվել այս փորձանքից։
Վերջապես օրերից մի օր նա ասաց Փանջունիին։
—Եղբայրը, բան եմ մտածել։
——————————————————————————————
— Զարմանալի բան,— պատասխանեց մեր հերոսը։
— Ինչո՞ւ, ի՞նչ բան զարմանալի կը գտնաս,– հարցուց մյուսը շփոթած։
— Զարմանալի է որ բան մը կրցած ես մտածել,— ըսավ Փանջունի,— որովհետև դուք վաճառականներդ, քափիթալիսթներդ մտածելու կարողություն չունիք։
Փանջունի այսպես սիրուն խոսքեր շատ ուներ և եղբայրը վարժված էր անոնց, ուստի առանց բարկանալու իր խոսքը շարունակեց.

—Զարմանալի բան,—պատասխանեց մեր հերոսը։
—Ինչու՞, ի՞նչ բան գտար զարմանալի,—հարցրեց մյուսը շփոթված։
—Զարմանալի է, որ մի բան «կռծած» ես մտածել,— ասաց Փանջունին,— որովհետև դուք վաճառականներդ, կապիտալիստներդ մտածելու կարողություն չունեք։
Փանջունին այսպիսի սիրուն խոսքեր շատ ուներ և եղբայրը վարժված էր դրանց, ուստի առանց բարկանալու իր խոսքը շարունակեց։
——————————————————————————————
— Մտածեցի, որ փոխանակ հոս պարապ ժամանակ անցընելու, քեզ Մարսիլիա վաճառականական դպրոցը ղրկեմ, ուր երեք տարի մնալով կրնաս վկայականդ առնել և հոս վերադառնալ, ուր միասին կը շարունակենք իմ գործս։
Եվրոպայի մեջ ուսանող ըլլալու գաղափարը ժպտեցավ Փանջունիի, որ անմիջապես պատասխանեց.
— Շատ լավ գաղափար է, և սիրով կ’ընդունիմ։
—Մտածեցի, որ անկապ-պարապ ժամանակ անցկացնելու փոխարեն, քեզ ուղարկեմ Մարսիլիա վաճառականական դպրոցը, ուր երեք տարի մնալով կկարողանաս վկայականդ ստանալ և էլի վերադառնալ հետ, ուր միասին կշարունակենք իմ գործը։
Եվրոպայում ուսանող լինելու գաղափարը ուրախացրեց Փանջունիին, ով անմիջապես պատասխանեց։
—Շատ լավ գաղափար է, սիրով կընդունեմ։