Հայաստանի Հանրապետության ամրապնդման գործընթացը
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը։ Հայաստանի անկախության հռչակագրի դրույթներից ելնելով՝ խորհրդարանը որոշեց 1991թ․ սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2 մլն 43 հազար մարդ (կամ քվեարկության իրավունք ունեցողների 94.39%) «այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ․ սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն Խորհրդարանը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Այսպիսով՝ իրականացավ անկախություն ձեռք բերելու հայ ժողովրդի երազանքը։
1991թ․ հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին նախագահական համաժողովրդական ընտրություններ։ Ձայների ճնշող մեծամասնությամբ (83%) հանրապետության նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ փոխնախագահ՝ Գագիկ Հարությունյանը։

Անկախության ուղին բռնած հանրապետությանը և նրա նորընտիր ղեկավարությանը ծանր փորձություններ էին սպասում։ Հայաստանը փաստորեն կտրվել էր տնտեսական նախկին համակարգից։ 1999թ․ նոյեմբերին հերթական անգամ փակվեց Ադրբեջանից եկող գազամուղը։ Սկսվեց Հայաստանի էներգետիկ շրջափակումը, բնակչությունը զրկվեց ջեռուցումից, ընդհատվեց երկաթուղային կապը, տնտեսությունը կանգնեց կազմալուծման լուրջ վտանգի առաջ։
1991թ․ դեկտեմբերի 8-ին Մինսկի մոտակայքի Բելոժեվսկ բնակավյրում երեք սլավոնական հանրապետությունների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարները ստորագրեցին ԽՍՀՄ-ի գոյությունը դադարեցնելու համաձայնագիր։ Միաժամանակ հայտարարվեց միջազգային համագործակցության նոր սուբյեկտի՝ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) կազմավորման մասին։ Միութենական նախկին հանրապետություններից Մինսկի համաձայնագրին առաջինն արձագանքեց Հայաստանի Հանրապետությունը, որը ողջունեց նաև ԱՊՀ-ի ստեղծումը՝ հայտնելով նրան միանալու իր պատրաստակամությունը։
1991թ․ դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմա Աթայում 11 ինքնիշխան պետություններ (նախկին խորհրդային հանրապետություններ), բացի Վրաստանից (որը մի որոշ ժամանակ անց ստորագրեց) և մերձբալթյան երեք հանրապետություններից, ստորագրեցին համաձայնագիր ԱՊՀ ստեղծման մասին։ Դրանով իրականացան ԽՍՀՄ-ի փլուզումը և հանրապետությունների անկախությունը։
Այսպիսով՝ ազգային ժողովրդավարական շարժումով ոտքի կանգնած հայ ժողովուրդը հռչակեց իր անկախ պետականությունը։
Սահմանադրության ընդունումը։ Անկախության հռչակումից կարճ ժամանակ անց ՀՀ-ն ստացավ համընդհանուր միջազգային ճանաչում։ Սկսվեց հայոց անկախ հանրապետության պետական շինարարությունը։ Հանրապետության պետական-քաղաքական կյանքի ամենակարևոր իրադարձություններից էր սահմանադրության ընդունումը, որը տեղի ունեցավ 1995թ․ հուլիսի 5-ին։ Նոր սահմանադրությունը դրեց ամբողջատիրական համակարգից դեպի ժողովրդավար պետության անցնելու իրավական հիմքերը։ Այն իրավական ձևակերպում տվեց քաղաքական նոր համակարգին, սահմանեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները։ Ըստ սահմանադրության՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է։
Սահմանադրությամբ հաստատվեցին Հայաստանի երրորդ հանրապետության խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը և օրհներգը։ Դեռևս 1990թ․ օգոստոսի 24-ին հանրապետության պետական դրոշ ճանաչվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ և նարնջագույն, որը Առաջին հանրապետության դրոշն էր։ Այնուհետև ընդունվեց ՀՀ զինանշանը, որի կենտրոնում վահանը պահող արծիվն ու առյուծն են․ պատկերված է Արարատ լեռը՝ Նոյյան տապանով։ Որպես օրհներգ ընդունվեց Առաջին հանրապետության պետական հիմնը՝ «Մեր հայրենիք» հայրենասիրական երգը։
Սկսեցին ձևավորվել պետաիրավական նոր կառույցներ։ Սահմանադրությունը նախատեսում էր նախագահական հանրապետության համակարգ։ Բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը, վերանվանվեց Ազգային ժողով։
ՀՀ տարածքային կառավարման կառուցվածքի բարելավմանն էին ծառայում 1995թ․ դեկտեմբերին կատարված վարչատարածքային փոփոխությունները։ Հանրապետության շուրջ չորս տասնյակի հասնող շրջանների միավորման միջոցով ստեղծվեցին 10 մարզեր՝ Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Տավուշի։
Դրանց գումարվեց մարզի կարգավիճակ ստացած քաղաքամայր Երևանը։ Մարզերը բաժանվեցին համայնքների։ Ձեռնարկվեց նոր դատական համակարգի կազմավորումը։ 2000 թվականից սկսվեց դատաիրավական բարեփոխումների երրորդ փուլը։ 2001թ․ հիմնվեց ՀՀ տնտեսական դատարանը, ապա՝ վարչական դատարանը։ Դատական համակարգի անկախության ապահովմանն ուղղված կարևոր քայլերից էր ՀՀ Ազգային ժողովի կողմից 2007թ․ վերջերին ընդունված «ՀՀ դատական օրենսգիրքը»։
Հանրապետությունում կատարված տեղաշարժերը առաջացրին սահմանադրության մեջ բարեփոխումներ կատարելու անհրաժեշտություն։ Դրանցից էին ՀՀ նախագահին ընձեռված բացառիկ լիազորությունները սահմանափակելը, ՀՀ Ազգային ժողովի կողմից գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողության ուժեղացումը և այլն։
Նախապատրաստական աշխատանքներ կատարվեցին, և 2005թ․ նոյեմբերի 27-ին համաժողովրդական հանրաքվեով հաստատվեց ՀՀ սահմանադրության բարեփոխված նոր տարբերակը։
Փոխվեց նաև Երևանի կարգավիճակը՝ մարզից դառնալով համայնք։ Երևանն ունեցավ սեփական բյուջե, իսկ Երևանի քաղաքապետի պաշտոնը դարձավ ընտրովի։
Հայոց ազգային բանակը։ Առաջնահերթ նշանակություն ստացավ ազգային պետության անկախության պահպանման հարցը, որի երաշխիքը կարող էր լինել մարտունակ բանակը։ 1992-1993թթ․ երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց բանակ։ 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը։ Հենց այս փաստաթուղթն էլ ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը։ Այդ պատմական որոշումով նորաստեղծ նախարարության ենթակալությանը հանձնվեցին գոյություն ունեցող որոշ գնդեր։ Հայոց բանակի ակունքներում կանգնած էին դեռևս 1990 թվականի սեպտեմբերին կազմավորված Երևանի հատուկ գունդը և Արարատի, Գորիսի, Վարդենիսի, Իջևանի ու Մեղրու ինքնապաշտպանական վաշտերը։
Հայկական զինված ուժերի կանոնավոր զորամիավորումները ձևավորվեցին գերազանցապես խորհրդային բանակի հիմքի վրա։ Աստիճանաբար աճեց բանակի թվաքանակը։ Հայաստան վերադարձան հարյուրավոր հայազգի սպաներ, որոնք մինչ այդ ծառայում էին խորհրդային բանակում։ Նրանց թվում էին գեներալներ Գ․ Դալիբալթայանը, Ք․ Իվանյանը, Ն․ Տեր-Գրիգորյանը, Յու․ Խաչատուրովը, Ա․ Տեր-Թադևոսյանը և ուրիշներ։ Հետագայում կազմակերպվեց նաև սպայական կադրերի պատրաստման բարձրագույն դպրոց։ Հայոց ազգային բանակի ստեղծման գործում մեծ է պաշտպանության նախարարների Վազգեն Սարգսյանի (1959-1999), Վազգեն Մանուկյանի և Սերժ Սարգսյանի դերը։ Հայոց բանակը կազմավորվեց մեր անկախ պետականության վերականգնման գործընթացում և հանդիսացավ նրա ամենամեծ ձեռքբերումը։



Զինադադարից հետո Ադրբեջանի ռազմական պատրաստությունները և Հայաստանի Հանրապետության շարունակվող շրջափակումը ՀՀ զինված ուժերից պահանջում էին ապահովել մշտական բարձր մարտական պատրաստություն։ Ահա թե ինչու բարեփոխումներով համակարգվեցին պաշտպանական քաղաքականության մշակումն ու իրագործումը։ ստեղծվեցին ժամանակակից բանակներին հարիր ստորաբաժանումներ և ռազմաուսումնական հաստատություններ։ Անցկացվեցին ՀՀ ուսումնական բազմաթիվ զորավարժություններ։
Ազգային բանակի պաշտպանական ոլորտի բարեփոխումների նոր փուլը սկսվեց 2007թ․, երբ հաստատվեցին ազգային անվտանգության ռազմավարությունը և ՀՀ ռազմական դոկտրինը։ 2008թ․ նոյեմբերին ընդունվեց «Պաշտպանության մասին» ՀՀ նոր օրենքը, որը հստակորեն տարանջատեց պաշտպանության նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի գործառույթները։ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվեց սեփական ռազմական արտադրությունը, որի թողարկված ռազմական տեխնիկան, զրահապատ մեքենաներն ու անօդաչու թռչող սարքերը ցուցադրվեցին 2011թ․ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին նվիրված զորահանդեսի ժամանակ։ Այսպիսով՝ ՀՀ անկախության տարիներին ստեղծվեց ու ամրապնդվեց հայոց ազգային բանակը, որը ինքնիշխան պետության կարևորագույն խորհրդանիշն է, ազգի հպարտությունն ու անվտանգության պատվարը, ուժն ու հզորությունը, ժողովրդի խաղաղության ու ստեղծարար աշխատանքի երաշխավորը։
Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից
Հոդված 1․ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։
Հոդված 8․ Պետությունը երաշխավորում է սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացումը․․․ տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը։
Հոդված 11․ Պատմության և մշակույթի հուշարձանները, մշակութային այլ արժեքները գտնվում են պետության հոգածության և պաշտպանության ներքո։
Հոդված 12․ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է։
Հոդված 18․ Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձեռնմխելիության իրավունք։
Հոդված 23․ Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք։
Հոդված 28․ Յուրաքանչյուր ոք ունի սեփականության և ժառանգման իրավունք։
Հոդված 35․ Յուրաքանչյուր քաղաքացի ունի կրթության իրավունք։ Միջնակարգ պետական ուսումնական հաստատություններում անվճար է։