ԾԱՊԼՎԱՐ, 15 սեպտեմբեր, 1908

Սիրելի ընկերներ, Ձեր հրահանգներն ստանալուս պես փութացի Արաբկիրեն ճամբա ելլել և չորս օր ճամբորդելե ու Շեփիկ, Վաղշեն, Կրանի և Մաշկերտ գյուղերը մեյ մեկ գիշեր մնալե ետքը հասա Ծապլվար գյուղը, որ ըստ իս մեր պրոփականտին համար հարմարագույն վայրն է:    

Ծապլվար՝ քսան տունե բաղկացած՝ զուտ հայկական գյուղ մըն է, գեղեցիկ ու բարեբեր հովիտի մը մեջ, ուրկե կ’անցնի Ջրբերիկ գետակը։

Գյուղացիները ընդհանրապես բարեկեցիկ, ժիր ու աշխատող են, հին ռեժիմեն դժբախտաբար շատ չեն տառապած և այս պատճառով նոր ռեժիմը իրենց վրա մեծ ներգործություն չէ ըրած։ Ատեն-ատեն հալածանքներ կրած են միայն մոտակա Քոմրաշ գյուղի քրդերուն կողմե, որոնք ավազակաբարո մարդիկ են։

Սիրելի ընկերներ, Ձեր հրահանգներն ստանալուն պես որոշեցի Արաբկիրի ճամփա ելնել և չորս օր ճամփորդել Շեփիկ, Վաղշեն, Կրանի ու Մաշկերտ գյուղերը և մեկ գիշեր մնալուց հետո հասա Ծապլվար գյուղը, որ ըստ ինձ մեր քարոզչության համար հարմարագույն վայր է։

Ծապլվար՝ քսան տնից բաղկացած զուտ հայկական գյուղ էր՝ գեղեցիկ ու բարեբեր հովիտի մեջ, որտեղով անցնում էր Ջրբերիկ գետակը։

Գյուղացիները ընդհանրապես բարեկեցիկ, ժիր ու աշխատող են, հին ռեժիմից դժբախտաբար շատ չտառապած և այս պատճառով նոր ռեժիմը նրանց վրա մեծ ներգործություն չէր արել։ Ժամանակ առ ժամանակ հալածանքներ են կրել միայն մոտակա Քոմրաշ գյուղի քրդերը, որոնք ավազակ մարդիկ են։

——————————————————————————————

Պետք չկա ըսելու որ Ծապլվար գյուղը խոր տգիտության մեջ թաղված է, մանավանդ ընկերվարական հարցերու մասին։ Տասնըհինգ օր է որ այստեղ հասած եմ, և հասած օրիս հետևյալ օրն իսկ սկսած եմ պրոփականտի, և տակավին կարող չեմ եղած այդ գյուղացիներու մտքին մեջ մտցնել քափիթալիզմի գործած ոճիրները, բանվորական  սենտիքաներու  հրամայողական անհրաժեշտությունը, պրոլետարիայի պահանջքները ևն…։

Բայց ես չեմ հուսահատած, ընդհակառակը իրենց այդ անհասկացողությունը ավելի եռանդ կու տա ինծի պրոփականտը առաջ տանելու։

Հարկավոր չէ ասել, որ Ծապլվար գյուղը խոր տգիտության մեջ թաղված է, մանավանդ ընկերվարական հարցերի մեջ։ Տասնհինգ օր է, որ այստեղ եմ եկել, և եկածս օրից սկսել եմ քարոզչությունը, բոլորովին չեմ կարողացել այդ գյուղացիների գլխի մեջ մտցնել կապիտալիզմի գործած ոճիրները, բանվորական սենտիքաների հրամայողական անհրաժեշտությունը, պրոլետարիայի պահանջներն և այլն․․․։

Բայց ես չեմ հուսահատվել, ընդհակառակը իրենց այդ անհասկացողությունը ավելի մեծ եռանդ տվեց ինձ քարոզչությունը առաջ տանելու։

——————————————————————————————

Ինչ որ իմ պաշտոնս կը դժվարացնե, այն է թե Ծապլվարի մեջ գոյություն չունին դասակարգային որոշ բաժանումներ, կամ մանավանդ լավագույն է ըսել թե՝ այդ բաժանումներու գիտակցությունը չունին։ Իմ գործս պիտի ըլլա նախ կազմակերպել դասակարգային բաժանումները, անոնց ցույց տալ իրենց հատուկ պահանջումները, և զանոնք ձեռք բերելու միջոցները։

Պետք է կռվի պատրաստել այս տգետ գյուղացիները, և այդ հեշտ գործ չէ։

Երկու շաբաթե ի վեր անընդհատ շփման մեջ եմ գյուղի բոլոր բնակիչներուն հետ և կը ջանամ որոշել, և ընտրել բոլոր այն անձերն որոնցմով կարող պիտի ըլլամ ստեղծել դասակարգային որոշ շարքերը։

Այն, ինչը որ իմ գործ դժվարացնում էր, այն էր, թե Ծապլվարի մեջ գոյություն չունեին դասակարգային որոշ բաժանումներ, կամ մանավանդ լավ է ասել, թե այդ բաժանումների գիտակցությունը չունեին։ Իմ գործը պիտի լինի նախ դասակարգային բաժանումների կազմակերպելն էր, նրանց ցույց տալ իրենց հատուկ պահանջներն և դրանք ձեռք բերելու միջոցները։

Պետք է կռվի պատրաստել այս տգետ գյուղացիները, և դա հեշտ գործ չէ։

Երկու շաբաթ ի վեր անընդհատ շփման մեջ էի գյուղի բոլոր բնակիչների հետ և ջանում էի որոշել ու ընտրել բոլոր այն անձանց, որոնցով պիտի կարողանայի ստեղծել դասակարգային որոշ շարքերը։

——————————————————————————————

Գյուղն ունի մի ծերուկ քահանա՝ Տեր Սահակ. այդ կը ներկայացնե միջնադարյան կղերականությունը, խավարամտությունը, օպսքուրանթիզմը։ Անհրաժեշտ է տաք պայքար մղել իրեն դեմ։

Գյուղն ուներ մի ծերուկ քահանա՝ Տեր Սահակը, նա ներկայացնում էր միջնադարյան կղերականությունը, խավարամտությունը, օպսկուրանտիզմը։ Անհրաժեշտ էր տաք պայքար մղել նրա դեմ։

——————————————————————————————

Ծապլվարի պուրժուազիան կը ներկայացնեն Րես Սերգոն և իր մեկ քանի արբանյակները։ Այդ կեղտոտ պուրժուան ունի երեք արտ, երկու կով, մեկ էշ և երկու այծ, արդյունք՝ խեղճ անինչք գյուղացիներու վրա ի գործ դրված դարավոր կեղեքումներու։ Զարմանալի է որ այդ մարդը գյուղին մեջ բարի համբավ կը վայելե և կը հարգվի ամենեն, նույնիսկ անոնց կողմե որոնք պետք էր որ իր բնական թշնամիները ըլլային։ Տեսե՛ք թե ո՛ր աստիճան տգիտության մեջ թաղված են այդ խեղճերը։ Հա՞րկ ըսել որ Տ. Սահակ շաբաթը մեկ քանի անգամ կը ճաշե Րես Սերգոյի տունը։

— Հավիտենական զինակցությունը քափիթալիզմի և կղերականության՝ ընդդեմ ընչազուրկ դասակարգին։ — Բայց համբերություն, ամեն բան իր տեղը կու գա։

Ծապլվարի բուրժուազիան ներկայացնում էր Ռես Սերգոն և իր մի քանի արբանյակները։ Այդ կեղտոտ բուրժուան ուներ երեք արտ, երկու կով, մեկ էշ և երկու այծ, արդյունքը՝ խեղճ անբան գյուղացիների վրա ի գործ դրված դարավոր կեղեքումները։ Զարմանալի էր, որ այդ մարդը գյուղի բարի համբավն էր վայելում և հարգվում էր բոլորի կողմից, նույնիսկ նրանց կողմից, որոնք պետք է իր բնական թշնամինները լինեին։ Տեսե՛ք, թե ո՞ր աստիճանի տգիտության մեջ էին թաղված այդ խեղճերը։ Հա՞րկ է ասել, որ Տ․ Սահակը շաբաթը մեկ մի քանի անգամ ճաշում էր Ռես Սերգոյի տանը։

— Հավիտենական զինակցությունը կապիտալիզմի և կղերականության ընդդեմ՝ ընչազուրկ դասակարգվեց։ — Բայց համբերություն, ամեն ինչ իր տեղը կընկնի։

——————————————————————————————

Ծապլվարի մեջ բանվոր դասակարգը կը բաղկանա պայտար Մկոյե, որ միանգամայն երկաթագործ է։ Երկու օր առաջ Րես Սերգոյի էշուն պայտն ինկած էր, և կեղտոտ պուրժուան ստիպվեցավ դիմել Մկոյին։ Շատ ջանացի որ Մկոն համոզեմ ընդհանուր գործադուլ հրատարակելու և Րես Սերգոյի էշն առանց պայտի ձգելու։ Այդ՝ շատ ցնցող տպավորություն պիտի գործեր առ հասարակ առանձնաշնորհյալ դասակարգերուն վրա։ Բայց դժբախտաբար Մկո ընդդիմացավ, որովհետև տակավին բավականաչափ պրոփականտ չէի արած։ Հոգ չէ, եթե այս անգամ չի հաջողվեցավ՝ ուրիշ անգամ կը հաջողվի։ Ընդհանուր գործադուլն անհրաժեշտ է Ծապլվարի մեջ, մեր պրոփականտի գործնական արդյունքը ցույց տալու համար։

Ծապլվարի բանվոր դասակարգը բաղկացած էր փայտար Մկոյից, ով միանգամայն երկաթագործ էր։ Երկու օր առաջ Ռես Սերգոյի էշի փայտն էր ընկել և կեղտոտ բուրժուան ստիպված եղավ դիմել Մկոյին։ Շատ ջանացի, որ Մկոյին համոզեմ ընդհանուր գործադուլ հայտարարելու և Ռես Սերգոյի էշն առանց փայտի ձգելու։ Դա շատ ցնցող տպավորություն պետք է գործեր առհասարական առանձնաշնորհյալ դասակարգերի վրա։ Բայց դժբախտաբար, Մկոն ընդդիմացավ, որովհետև տակավին բավականաչափ քարոզ չէի արել։ Հոգ չէ, եթե այս անգամ չհաջողվեց, ուրիշ անգամ կհաջողվի։ Ընդհանուր գործադուլն անհրաժեշտ էր Ծապլվարում մեր քարոզչության գործնական արդյունքը ցույց տալու համար։