Բաց աստի, մյուս կողմե, բանակցություններ սկսված են Րես Սերգոյի և Տեր Սահակի հետ։ Րես Սերգո երեք օր առաջ եկավ և ուզեց որ դպրոցը թողունք, հաշտություն գոյացնենք և գյուղը հանդարտի։ Մինչև իսկ խոստացավ դպրոցն առ այժմ փակ պահել, ուսուցիչը ետ ղրկել և ինձ հանձնել դպրոցի տնօրենությունը, անպայման կերպով։

Այդ խաղաղական առաջարկներն ի հարկե կարելի չէր ընդունիր — մենք կ’ուզեինք գաղափարական պայքար, հեղափոխական գործունեություն և ոչ թե անշարժություն և մեռելություն։

— Մենք ամենքս ալ հայ ենք, եղբայր ենք, ինչո՞ւ սիրով չապրինք իրարու հետ, ինչո՞ւ կռիվ ընենք,— կը կրկներ այդ կեղտոտ պուրժուան որ կարող չէր ըմբռնել թե կյանքի էական պայմանն էր կռիվը, թե դասակարգային պայքարը անհրաժեշտ էր ընկերվարության հաղթանակին համար, և թե առանց արյունահեղության կարելի չէր մի լավ բան դուրս բերել։

Բացի սրանից, մյուս կողմից բանակցություններ էին սկսվել Ռես Սերգոյի և Տեր Սահակի հետ։ Ռես Սերգոն երեք օր առաջ եկավ և ուզեց, որ դպրոցը թողնենք, հաշտություն գոյացնենք և գյուղը հանդարտվի։ Մինչև իսկ խոստացավ դպրոցն առայժմ փակ պահել, ուսուցչին հետ ուղարկել և անպայման կերպով դպրոցի տնօրինությունը ինձ հանձնել։

Այդ խաղաղության առաջարկներն իհարկե կարող էի չընդունել, մենք ուզում էինք գաղափարական պայքար, հեղափոխական գործունեություն և ոչ թե անշարժություն և մեռելություն։

—Մենք ամենքս էլ ենք հայ, եղբայր ենք, ինչու՞ սիրով չապրենք իրար հետ, ինչու՞ կռիվ անենք, — կրկնում էր այդ կեղտոտ բուրժուան, որը կարող չէր ըմբռնելու, թե կյանքի թական պայմանը կռիվն էր, թե դասակարգային պայքարը անհրաժեշտ էր ընկերվարության հաղթանակի համար, և թե առանց արյունահեղության չէր կարելի մի լավ բան դուրս բերել։

——————————————————————————————

Երկարորեն բացատրեցի իրեն որ ինք, իբրև պուրժուազիայի ներկայացուցիչ, պարտավոր է լինել մեր կատաղի հակառակորդը և իբրև այդ՝ պետք է դիմե կեղտոտ միջոցներու, հրամայողական պարտք էր իրեն համար ոստիկանության աջակցության դիմել և մեզ բռնի դուրս հանել դպրոցեն և այլն։

Րես Սերգո պատասխանեց թե իբրև գյուղապետ երբեք չպիտի թույլատրեր որ ոստիկան բերվեր և կը նախընտրեր մեռնիլ՝ քան թե ներքին կռիվներու համար կառավարության դիմում ընել։

Իրեն երկար բացատրեցի, որ ինքը իբրև բուրժուազիայի ներկայացուցիչ, պարտավոր է լինել մեր կատաղի հակառակորդը և իբրև այդ՝ պետք է դիմի կեղտոտ միջոցների, հրամայողական պարտք էր իր համար ոստիկանության աջակցությանը դիմելը և մեզ բռնի կերպով դուրս հանելը դպրոցից և այլն։

Ռես Սերգոն պատասխանեց, թե իբրև գյուղապետը երբեք չպիտի թույլատրի, որ ոստիկան բերվի և կնախընտրի մեռնել, քան թե ներքին կռիվների համար կառավարության դիմում անել։

——————————————————————————————

Կը տեսնե՞ք որ այդ կեղտոտ արարածը նույնիսկ կարող չէ ունենալ իր դասակարգին պահանջած սև ոգին։ Ի զո՛ւր կրկնեցի թե մեր մեջ պետք է մղվեր դասակարգային կատաղի կռիվ, թե իրենք պարտավոր են մեզ դեմ գործածել բոլոր կեղտոտ զենքերը, մատնություն, դավաճանություն, զրպարտություն և ի հարկին դիմելու էին բռնի միջոցներու, թե առանց ատոր կարելի չէր ունենալ պուրժուազիական կեղտոտ դասակարգը, որուն գոյությունը անհրաժեշտ է, անոր դեմ մղելու համար հեղափոխական ազնիվ պայքարը։

— Մենք եղբայր ենք, մենք քրիստոնյա հայեր ենք, մենք պետք է իրար սիրենք, միաբանությամբ ապրինք,— կ’ըսեր ու կ’ըսեր այդ ապուշ արարածը։

Տեսնու՞մ էիք, որ այդ կեղտոտ արարածը նույնիսկ կարող չէր ունենալու իր դասակարգին պահանջված սև հոգի։ Իզու՛ր կրկնեցի, թե մեր մեջ պետք է մղվեր դասակարգային կատաղի կռիվ, թե իրենք պարտավոր են մեզ դեմ գործածել բոլոր կեղտոտ զենքերը, մատնությունը, դավաճանությունը, զրպարտությունը և իհարկե դիմելու էին բռնի միջոցների, թե առանց դրա չէր կարելի ունենալ բորժուազիական կեղտոտ դասակարգը, որի գոյությունը անհրաժեշտ է՝ նրա դեմ հեղափոխական ազնիվ պայքարը մղելու համար։

—Մենք եղբայր ենք, մենք քրիստոնյա հայեր ենք, մենք պետք է իրար սիրենք, միաբանությամբ ապրենք,— ասում ու ասում էր այդ ապուշ արարածը։

——————————————————————————————

Համենայն դեպս, ես հաստատ մնացի կռիվի ասպարեզին վրա։ Պայքար հառաջ բերելու համար այնքան ջանքերե վերջ, չէի կրնար մի հիմար գյուղացիի խաղաղասիրական զգացումներուն զոհել մեր երեք ամսվան ամբողջ ջանքերն և գործունեությունը։ Դա շատ վատ ազդեցություն պիտի գործեր մեր շարքերուն վրա։

Վաղը ինձ մոտ կու գա Տեր Սահակ նոր բանակցություններու համար։ Վճռական քայլը կ’առնվի այն ատեն, և այդ հիմար Րես Սերգո վերջապես կը ստիպվի դիմել կառավարություն և ոստիկանական միջամտություն հրավիրել, ինչ որ անհրաժեշտ է մեր պայքարի վերջնական հաղթանակին համար։

Փոսթը եկավ, նամակներ և թերթը եկան, հրահանգներ եկան, բայց փող չկա։ Խնդրեմ ուշադրություն դարձրեք այդ կենսական հարցի վրա։

Համենայն դեպս, ես հաստատ մնացի կռվի ասպարեզում։ Պայքարն առաջ բերելու համար այնքան ջանքեր էի թափել, չէի կարող մի հիմար գյուղացու խաղաղասիրական զգացումներն զոհել մեր երեք ամսվա ամբողջ ջանքերի ու գործունեության համար։ Դա շատ վատ ազդեցություն պիտի գործեր մեր շարքերի վրա։

Վաղը ինձ մոտ նոր բանակցությունների համար կգա Տեր Սահակը։ Վճռական քայլը այդ ժամանակ կընդունվի, և այդ հիմար Ռես Սերգոն վերջապես ստիպված կլինի դիմել կառավարություն և ոստիկանական միջամտություն հրավիրել, ինչ-որ անհրաժեշտ է մեր պայքարի վերջնական հաղթանակի համար։

Փոստը եկավ, նամակներն ու թերթերը եկան, հրահանգները եկան, բայց փողը չկա։ Խնդրեմ, ուշադրություն դարձրեք այդ կենսական հարցի վրա։