Ես մի հեքիաթ գիտեմ, որն ուզում եմ քեզ նվիրել:
Լինում է, չի լինում մի փոքրիկ գյուղում մի մարդ է լինում: Նա ջրավաճառ է լինում: Այդ ժամանակներում ջուրը ծորակից չէր հոսում. այն հանում էին կամ ջրհորների խորքից, կամ էլ վերցնում էին խորը գետից: Նա, ով չէր ուզում ինքնուրույն ջուր որոնել, ստիպված էր այն առնել ջրավաճառի կավե մեծ կուժերից: Նրանք շրջում էին գյուղից գյուղ՝ հետները տանելով անգին հեղուկը:
Մի անգամ, առավոտյան կուժերից մեկը ճաք տվեց, ու ջուրը սկսեց կաթել ամբողջ ճանապարհին: Երբ ջրավաճառը հասավ գյուղ, գնորդներն ամեն անգամվա պես տասը մետաղադրամով առան աջ կուժի միջի ամբողջ ջուրը, և միայն հինգ մետաղադրամ տվեցին այն կուժի ջրին, որը լիքն էր կիսով չափ:
Նոր կուժ առնելը շատ թանկ կնստեր ջրավաճառի վրա, այդ պատճառով նա որոշեց ճանապարհն անցնել արագ՝ վնասի չափը նվազեցնելու համար:
Երկու տարի շարունակ տղամարդը ջուր էր տանում գյուղ և ստանում իր տասնհինգ մետաղադրամը:
Մի անգամ նա գիշերն արթնացավ կամացուկ ձայնից:
— Է՛յ…է՜յ:
— Ո՞վ կա այստեղ,-հարցրեց տղամարդը:
— Ես եմ:
Ձայնը գալիս էր ճաքած կուժից:
— Ինչո՞ւ դու ինձ արթնացրիր այս ժամին:
— Ինձ թվում է՝ եթե ես քեզ հետ խոսեի օրը ցերեկով, վախը քեզ կխանգարեր ինձ հետ խոսել…Իսկ ինձ հարկավոր է, որ դու ինձ լսես:
— Ի՞նչ ես ուզում:
-Ես ուզում եմ քեզնից ներողություն խնդրել: Ճաքը, որից ջուրը հոսում է, առաջացել է ոչ իմ մեղքով: Բայց ես գիտեմ, թե այն որքան է քեզ վշտացրել: Ամեն օր, երբ դու հոգնած հասնում ես գյուղ և իմ բերածի դիմաց ստանում ես ուղիղ կես գին, քիչ է մնում ես պայթեմ արցունքներից: Ես գիտեմ, որ դու կարող ես ինձ նոր կուժով փոխարինել կամ էլ շպրտել, բայց, մեկ է, դու ինձ չես շպրտում: Դրա համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել և մեկ անգամ ևս ներողություն խնդրել քեզանից:
— Զավեշտ է, որ դու ինձնից ներողություն ես խնդրում,- քրթմնջաց ջրավաճառը: Առավոտ շուտ մենք երկուսով զբոսանքի կգնանք: Ես ուզում եմ քեզ մի բան ցույց տալ:
Ջրավաճառը նորից ընկղմվեց քնի մեջ մինչև լուսաբաց: Երբ հորիզոնին երևաց արևը, նա վերցրեց ճաքած անոթն ու ուղղվեց դեպի գետը:
-Նայի՛ր,-ասաց նա հասնելով մի տեղի, որտեղից երևում էր ամբողջ քաղաքը: Ի՞նչ ես դու տեսնում:
— Քաղաք,-պատասխանեց անոթը:
— Էլ ի՞նչ ես տեսնում,- հարցրեց տղամարդը:
— Չգիտեմ…: Ճանապարհ,-կասկածելով ասաց կուժը:
-Ճի՛շտ է: Իսկ հիմա նայիր արահետին: Ի՞նչ ես տեսնում:
— Ես տեսնում եմ չոր հող և քարեր՝ ճանապարհի աջ կողմում ու ծաղիկների շարք՝ ձախ կողմի վրա,- ոչ այնքան վստահ ասաց կուժը՝ չհասկանալով, թե ինչ է իրենից ուզում իր տերը:
— Տարիներ շարունակ ես անցել եմ այս ձանձրալի, անուրախ ճանապարհով, ջուր եմ տարել գյուղ և երկու կուժի ջրի դիմաց ստացել նույն մետաղադրամները… Բայց մի անգամ ես նկատեցի, որ քեզ վրա ճաք է առաջացել, և ջուրը քչանում է: Քեզ նոր կուժով փոխարինել ես չէի կարող, բայց իմ գլխում ուրիշ գաղափար ծնվեց. ես գնեցի գույնզգույն ծաղիկների սերմեր և ցանեցի դրանք ճանապարհի երկու կողմերում: Ամեն անգամ, երբ ես անցնում էի այդ ճանապարհով, քեզնից հոսող ջուրը ոռոգում էր արահետի ձախ կողմը: Այդպես առաջացավ այս գեղեցկությունը:
Ջրավաճառը դադար տվեց, նայեց իր հավատարիմ կուժին ու հարցրեց. «Եվ դո՞ւ ես ինձնից ներողություն խնդրում: Մի՞թե նշանակություն ունեն այն մի քանի ավել մետաղադրամները, երբ քո շնորհիվ, քո ճաքի շնորհիվ իմ ճանապարհը զարդարում են այս վառվռուն ծաղիկները՝ ուրախություն պարգևելով իմ աչքերին: Այդ ե՛ս պետք է քեզ շնորհակալություն հայտնեմ քո սքանչելի ճաքի համար:
Ես հուսով եմ, ավելի շուտ՝ համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզ նվիրում այս հեքիաթը:
Առաջադրանքներ
Ա. Ո՞րն է հեքիաթի գլխավոր ասելիքը: Ընտրե՛ք մտքերից մեկը և ընտրությունը հիմնավորե՛ք:
Քեզ նվիրված մարդուն պետք է հավատարիմ լինել:
Ընկերոջդ թերության նկատմամբ կարելի է ներողամիտ լինել:
Նյութական արժեքից ավելի կարևոր են գեղեցկությունն ու ուրախությունը:
Մարդու հնարամտությունը սահման չունի:
Ես ընտրեցի երկրորդ տարբերակը, քանի որ մտածեցի, որ այն լիովին համապատասխանում է պատմվածքի ասելիքի հետ։ Ընկերոջ թերությունների հանդեպ պետք է ներողամիտ լինել, չէ ո՞ր նա քո ուղեկիցն է, քո ապագայի հպարտության երաշխավորը։ Սակայն պետք է հաշվի առնել, որ ընկերների սխալներն ու թերությունները կարող են լինել շատ մեծ, որի համար իրենք պետք է պատասխան տան, բայց եթե սխալները այդքան էլ մասշտաբային չեն, ապա ներողամտությունը ելքերից մեկն է։ Ուստի պետք է ներողամիտ ու ոչ խիստ վերաբերվել ընկերների գործած սխալների նկատմամբ։ Մենք բոլորս էլ թերի ենք, կեղծ, մեր մեջ չկա այնպիսի մարդ, որը իդեալական է, ուստի պետք է ընկերոջը հասկանալ, պարզել և ի վերջո ներվել։
Բ, «Ես հուսով եմ, ավելի շուտ՝ համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզ նվիրում այս հեքիաթը»: Ինչո՞ւ է պատմող հերոսը հեքիաթը Ձեզ նվիրում: Հիմնավորե՛ք՝ ըստ ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը։
Կարծում եմ, որ հեղինակը դիմելով մեզ ցանկանում է ասել, որ պատմվածքն ու մեր իրականությունը զուգահեռներ են, այսինքն պատմվածքի իմաստը համընկնում է իրականության հետ։ Հեղինակը ցանկանում է ասել, որ օատմվածքը` իր իմաստով, նման է ու արդիական է մեր օրերին, ուստի այդպիսի դեպքեր, ըստ տրամաբանության, շատ են տեղի ունենում մեր իրականության մեջ։ Նա հույսով է ու համոզված, որ մենք կհասկանանք մեր սխալները, իսկ մեր սխալները դա այն վշտալի դեպքերն են, երբ մենք մեր ընկերների գործած չնչին սխալների համար, նրանց պատժում ենք, սկսում ենք թշնամական վերաբերմունք ցույց տալ։ Ուստի հեղինակը ցանկանում է ասել, որ ինչպես կուժը` հեքիաթում, այդպես էլ մեր ընկերները` իրական կյանքում, թերի են և պետք չէ ամեն չնչին թերության համար նրանց մոռանալ ու վիրավորել։