Նորանկախ հանրապետության միջազգային ճանաչումը։ Հայաստանի անկախ հանրապետությունը սկսեց միջազգային ճանաչում գտնել 1991 թվականի վերջերից։ Այդ տարվա դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունը ճանաչեցին ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Կանադան, Ռումինիան և այլ պետություններ։
1992թ․ մարտին Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ), իսկ 2001թ․՝ Եվրախորհրդի անդամ։ Այնուհետև անդամագրվեց միջազգային մի շարք կազմակերպությունների։

Հայաստանի միջազգային հարաբերությունների մեջ կարևոր տեղ են գրավում ուղղակի հարաբերությունները ԱՊՀ անդամ Ռուսաստանի Դաշնության հետ։ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը չշեղվեց Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում պատմականորեն ձևավորված մոտեցումներից։ Ռուսաստանի հետ Հայաստանի Հանրապետությունը վարում է բազմակողմանի համագործակցություն, այդ թվում՝ ռազմապաշտպանական, տնտեսական, գիտակրթական, մշակութային և այլն։
Երկու երկրների հարաբերությունները որակական նոր փուլ թևակոխեցին Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին 1997թ. օգոստոսին կնքված պայմանագրով։ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը երկու անգամ (2008թ. հոկտեմբեր և 2010թ. օգոստոս) պաշտոնական այցով եղավ ՀՀ-ում: Ստորագրվեց նոր պայմանագիր ՀՀ-ում գտնվող ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարացնելու, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ոլորտում համագործակցության վերաբերյալ: Ռուսաստանից բացի` Հայաստանը բարիդրացիական հարաբերություններ է հաստատել նաև Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի հետ։ Միջին Ասիայում Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր գործընկերը Թուրքմենստանն է, քանի որ հանրապետության տնտեսության կենսապահովումը մեծ չափով կախված է թուրքմենական գազի առաքումներից։

Հայաստանը առևտրատնտեսական և մշակութային բազմաթիվ համաձայնագրեր կնքեց Ղազախստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ։
Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս իր հարևանների, հատկապես Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը։ Թեև 1991թ. դեկտեմբերին Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը, բայց նրա հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատվեցին։ Անկարան հայկական իշխանություններին նախապայմաններ ներկայացրեց` չարծարծել 1915թ. Հայոց ցեղասպանության հարցը, հրաժարվել պահանջատիրությունից, ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հայաստանը մերժեց այս նախապայմանները։

Թուրքիան մինչև օրս չի բացել ՀՀ-ի հետ պետական սահմանը, որը փակել էր ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի օրերին1993թ. ապրիլից: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին 2008թ. հրավիրելով Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպմանը, իսկ հաջորդ տարի նա հրավիրվեց Թուրքիա:

Առայժմ Թուրքիայի հետ տարվող հարաբերություններն անարդյունք են: Հատկապես կարևոր էր Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը, որի տարածքով շրջափակման տարիներին շարունակվեց Հայաստանի կապը արտաքին աշխարհի հետ։ Վրաստանը Հայաստանի համար կարևորվում է նաև այդ երկրում բնակվող մեծաքանակ հայության, այդ թվում` Ջավախքի հայ համայնքի առկայությամբ։ Հայ-վրացական առևտրական և գիտամշակութային կապերի ընդլայնման համար կարևոր նշանակություն ունեցան 1999թ. Երևանում ստորագրված համաձայնագիրն ու 2001թ. կնքված պայմանագիրը։
Սերտ հարաբերություններ հաստատվեցին հարևան Իրանի հետ։ 1993-2011թթ. Եգիպտոսի, Սիրիայի, Լիբանանի հետ մի քանի տասնյակ համաձայնագրեր ու պայմանագրեր ստորագրվեցին։
Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև գործընկերության և համագործակցության համաձայնագիր կնքվեց 1996թ.: Այն հնարավորություն տվեց Եվրամիության հետ սերտ համագործակցություն զարգացնելու։

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունները պայմանավորված են ոչ միայն միջազգային հարաբերություններում ԱՄՆ-ի կարևոր դերակատարությամբ, այլև այնտեղի ազդեցիկ հայկական համայնքի ակտիվ գործունեությամբ։ Հարաբերությունները ԱՄՆ-ի և Հայաստանի միջև զարգանում են բնականոն ճանապարհով` ընդգրկելով քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտները։ Դժվարին տարիներին ԱՄՆ-ը Հայաստանին հատկացրել է միլիոնավոր դոլարների մարդասիրական օգնություն։






Հայաստանը հարաբերություններ հաստատեց նաև Կանադայի, Արգենտինայի, Ուրուգվայի, Չինաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի հետ։ 150-ից ավելի երկրների հետ Հայաստանի Հանրապետությունը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ, աշխարհի երեք տասնյակից ավելի երկրներում գործում են ՀՀ դեսպանությունները, ներկայացուցչություններն ու հյուպատոսությունները: Այսպիսով` անկախությունից հետո Հայաստանը միջազգային ասպարեզում վարում է ինքնուրույն արտաքին քաղաքականություն։